Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»
5-6․ «Լեռները դողում են Նրա առաջ, և բլուրները հալչում են. երկիրը սասանվում է Նրա երեսի առաջ՝ նաև տիեզերքն ու նրա բոլոր բնակիչները»։ [5] «Ո՞վ կարող է կանգնել Նրա զայրույթի առջև, և ո՞վ կարող է դիմանալ Նրա բարկության կրակին։ Նրա բարկությունը թափվում է կրակի պես, և ժայռերը խորտակվում են Նրա առաջ»։ (Սինոդական թարգ․)
Մինչ այժմ նշված Աստծու բարկության դրսևորումներին մարգարեն նորն է ավելացնում (5-րդ համար): Աստծու բարկության ներգործությունից սասանվում և հիմքից դողում են ոչ միայն լեռներն ու բլուրները, այլև ողջ տիեզերքն իր բնակիչներով (պատկերներ, որոնք շատ տարածված են Հին Կտակարանի բանաստեղծական ու մարգարեական սուրբ գրքերում (Սաղմ․ 17։8, 96։4−6, Ամոս 8։8, Միք․ 1։4 և այլն))։ Նախորդ երեք համարներում (3−5) ասվածի հիման վրա 6−րդ համարում եզրահանգում է արվում։ Ընդ որում՝ մարգարեն կտրուկ ժխտողական խոսքի փոխարեն հարցական խոսքի ձև է գործածում․ «Ո՞վ կարող է կանգնել ամենակարող Աստծու բարկության և ցասման առջև, ո՞վ կարող է դիմանալ Աստծու դատաստանի ամենակուլ կրակին»։ Ինչպես Աստծու դատաստանի՝ ամենակուլ կրակի տեսքով պատկերումը (Ծննդ․ 19։24, Թվ․ 11։1−3, 16։35, Դ Թագ․ 1։10, 12, Հոբ 1։16), այնպես էլ Աստծուն «խժռող կրակ» անվանելը (Բ Օր․ 4։24) շատ ծանոթ էին Իսրայելին։ Այդ պատճառով Աստծու բարկության այս նկարագրությունից ինքնին բխում էր Ասորեստանի անխուսափելի ապագա կործանումը։ Այս երկիրը չար ու ամբարտավան էր և իր անօրինություններով գերազանցել էր Աստծու երկայնամտության չափը և հարուցել Տիրոջ դատաստանի ներգործության անհրաժեշտությունը։ «Եթե Աստված առանց դժվարության կործանում և փոշիացնում է իրենց իշխանությամբ հպարտացողներին և իրենց ամուր ժայռի պես կարծողներին, ապա ո՞վ կարող է դիմադրել Նրա կողմից ուղարկված պատժին» (Երանելի Թեոդորետոս. «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, գիրք 3, էջ 8)։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Լեռները դողացին նրանից, բլուրները սասանուեցին, խախտուեց երկիրը նրա առաջ, ինչպէս նաեւ նրա բոլոր բնակիչները:
(Արարատ թարգ․) Սարերը դողում են նրանից, և բլուրները հալվում են, երկիրը հևում է նրա առաջ, աշխարհն ու նրանում բոլոր բնակվողները։
(Գրաբար) Լերինք շարժեցան ի նմանէ, եւ բլուրք սասանեցան. խախտեցաւ երկիր յերեսաց նորա, եւ համաւրէն ամենայն բնակիչք նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: