Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:34

Հովհաննես Ծործորեցի

«Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր.
   
   Մի՛ համարեք, թե եկել եմ խաղաղություն հաստատելու երկրի վրա. խաղաղություն հաստատելու համար չեմ եկել, այլ սո՛ւր:

   Քանի որ մեր մարդկային բնությունը երկու [մասից է կազմված]՝ հոգուց ու մարմնից, երկու կյանքով սխալ գործեցինք՝ նախ խորհրդով մեղանչեցինք, ապա մարմնով անօրինություն գործեցինք, որով Արարչի դեմ պատերազմի ելանք: Իսկ երբ մեր բնության խաղաղարարը՝ Աստծո Որդին, եկավ, ըստ կարգի վերստին ուղղեց [մեր բնությունը]. նախ հոգին հավատով Աստծուն մոտեցրեց, հետո մարմնին հարություն տվեց: Ուստի ասում է. «Մի՛ կարծեք, թե մարմնավոր ու երկրային խաղաղություն եմ հաստատում, որը լինում է այս աշխարհի զբաղմունքների հանդեպ սիրուց և որն ունեն ավազակներն ու շնացողները միմյանց հանդեպ, քանի որ հենց դա՛ խանգարեց երկնային [խաղաղությունը]: Այդ խաղաղությո՛ւնը չեմ հաստատում, այլ Իմը», ինչպես ասում էր. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, Իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ» (Հովհ. 14:27), Պողոսն էլ [ասում է]. «Նա է մեր խաղաղությունը, որ խաչի արյամբ խաղաղություն հաստատեց երկնքում ու երկրում՝ ցանկապատի միջնորմը քանդելով» (հմմտ. Եփես. 2:14): Ինչպես Նրա ծննդյան ժամանակ հրեշտակները գոչում էին. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում և երկրում՝ խաղաղություն» (Ղուկ. 2:14): «Եվ ի հաստատություն այս խաղաղության՝ երկրի վրա սուր եմ գցում,- [ասում է Տերը],- որո՛վ [կարող են] մարդիկ խաղաղություն հաստատել Աստծո հետ»:

   Բայց թերևս մեկը հարցնի, թե սրով ինչպե՞ս կարող է խաղաղություն լինել: Պատասխանենք, որ ինչպես որ թագավորը, երբ նրա հպատակներն ապստամբում են և իրենց տերերի վրա հարձակվել ջանում՝ յուրաքանչյուրը կամենալով իր կամքը կատարել, սուր է գործածում, որով խռովությունը դադարեցվում է և ապստամբները հնազանդությամբ նվաճվում են միահեծան իշխանության ներքո, այդպես էլ Բանսարկուի խաբեության միջոցով ճշմարիտ Թագավորից հեռացածներին և զանազան պաշտամունքների ու չար գործերի մեջ բռնվածներին, ովքեր մարմնի խորհուրդներով ու այս աշխարհի հանդեպ սիրով թշնամի են դարձել Աստծուն, [Վերջինս] Իր խոսքի սրով, որը լավը վատից բաժանում է, աստվածպաշտության մեկ հավատքի մեջ է ժողովում, որով արդարանալով՝ նրանք խաղաղություն են հաստատում Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Որովհետև բժիշկն այն ժամանակ է բուժում մարմինը, երբ փտած մասը հեռացնում է. և երբ զորավարը ցրում է իզուր հավաքվածներին, ինչպես աշտարակաշինության ժամանակ  588, խոր խաղաղություն է հաստատվում անհավատների փտության հեռացումից հետո:

   [Այս խոսքով] Տերը նաև մխիթարում է աշակերտներին. որպեսզի չկարծեին, թե իրենք են խռովության պատճառը, ասում է՝ Ե՛ս եմ, որ անում եմ այդպես, քանի որ հարկադրված եմ դա անելու. [այլև] որպեսզի, երբ դա կատարվեր, [աշակերտները] հանկարծակի իմանալով՝ չխռովվեին: Եվ որպեսզի ոչ ոք չասեր, թե հրապուրելով համոզեց նրանց՝ ծանր բաները թաքցնելով, ահավոր բաների մասին է խոսում, որովհետև ոչ միայն բարեկամներն ու գավառակիցներն էին կռվելու և որոշ ազգակցություն ունեցողները՝ միմյանց դեմ ելնելու, այլև մոտ հարազատները, ազգականներն ու հենց ընտանիքի անդամները, ինչով Նրա զորությունն առավել էր հայտնի դառնալու: Որովհետև ինչպես որ այլ բաներում է հակառակի միջոցով հակառակն իրագործում, այդպես էլ այստեղ պատերազմի միջոցով է խաղաղություն հաստատում, ինչպես և ասում է.
   

Ստեփանոս Սյունեցի

34-36. «Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր. քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, եւ դստերը՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից: Մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն:
   
   «Մի՛ կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա. չեկա հաստատելու խաղաղություն, այլ՝ սուր, քանի որ եկա, որ բաժանեմ որդուն իր հորից, և դստերը՝ իր մորից և հարսին՝ իր կեսուրից: Մարդու թշնամիները իր տնեցիները կլինեն»:

   Աստծու Որդին չեկավ երկրային խաղաղություն հաստատելու համար, որը սերն է այս աշխարհի զբաղմունքների նկատմամբ, և որով արժանի չես լինի Նրան, այլ ով կվերցնի իր խաչը և կգնա Նրա ետևից, նա արժանի կլինի Նրան, ինչպես երանելի Պողոսն է ասում. «Աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի» (Գաղ. 6:14), այսինքն՝ ինձ համար աշխարհի գործերը մեռած են, և ես էլ մեռած ու ազատված եմ աշխարհից և մարմնական ցանկություններից:

   Նաև հրամայում է մեկուսանալ որդուն հորից ու դստերը՝ մորից, ինչպես քրիստոսյան գնդից շատերը [այդպես] արեցին այն սիրո համար, որ ունեին Աստծու հանդեպ, իրենց բաժանեցին որդիներից ու դստրերից, հայրերից ու մայրերից, և այս՝ միմյանցից բաժանվելու, մեկուսանալու և Աստծուն մերձենալու պատճառով, մարդու թշնամիներն իր տնեցիներն են լինում, երկրային [արարածներիս] թշնամության նման:

   Ապա ուրեմն Նա չեկավ երկրի վրա այս խաղաղությունը հաստատելու, այլ այն երկնային խաղաղությունը, որ խոստացավ առաքյալներին. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ» (Հովհ. 14:27): Այն խաղաղությունը, որով հաշտեցրեց երկնայիններին երկրայիններիս հետ՝ քանդելով բաժանող միջնորմը: Ինչպես և հրեշտակների գնդերը, Փրկչի ծնվելու ժամանակ գոչում էին՝ ասելով. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ երկնայինների հետ» (հմմտ. Ղուկ. 2:14):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

«Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17