Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:35

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որովհետև Ես եկել եմ բաժանելու որդուն իր հորից, և աղջկան՝ իր մորից, ու հարսին՝ իր սկեսրոջից»։
   

    Եվ իրոք որ, ավելի լավ է հանգստությունը գործով տեսնել, քան խոսքով։ Դրա համար էլ Հիսուս չի բավականանում միայն այդ արտահայտությամբ, այլև, բացատրելով պատերազմի բուն էությունը, ցույց է տալիս, որ այն շատ ավելի սոսկալի է լինելու նույնիսկ ներքին (քաղաքացիական) պատերազմից, և ասում է. «Ես եկել եմ բաժանելու որդուն իր հորից, և աղջկան՝ իր մորից, ու հարսին՝ իր սկեսրոջից» (Մատթ. 10:35)։ Ոչ միայն, - ասում է, - բարեկամները և հայրենակիցները, այլև ազգակիցներն իրե՛նք են ելնելու իրար դեմ, և արյունակիցների մեջ գժտություն է առաջանալու։ «Որովհետև Ես եկել եմ, - ասում է Քրիստոս, - բաժանելու որդուն իր հորից, և աղջկան՝ իր մորից, ու հարսին՝ իր սկեսրոջից», այսինքն՝ պատերազմ է լինելու ոչ թե պարզապես ընտանիքի անդամների, այլև նույնիսկ նրանց միջև, ովքեր կապված են անկեղծավոր սիրով և ամենասերտ կապերով։

    Հենց ա՛յն է հատկապես ապացուցում Քրիստոսի զորությունը, որ աշակերտները, այդպիսի խոսքեր լսելով, և՛ իրենք անձամբ էին ընդունում դրանք, և՛ ուրիշներին էին համոզում այդ խոսքերի ճշմարտացիության մեջ։ Եվ թեկուզ Քրիստոս չէր դրա պատճառը, այլ մարդկային չարությունը, այնուամենայնիվ Նա ասում է, թե Ի՛նքն իսկ է անում այդ ամենը։ Այսպիսի արտահայտչաձևը բնորոշ է Սուրբ Գրքին։ Այդ նույն կերպ նաև մեկ այլ տեղում է ասվում. «Աստված նրանց աչքեր տվեց, որ չտեսնեն․․․․» (Ես. 6:9 հմմտ․ Եզեկ. 12:2)։ Այդպես է ասում Քրիստոս նաև այստեղ, որպեսզի աշակերտները, ինչպես վերևում ասացի, նախապես ընտելանալով այդպիսի խոսելաձևին, չխռովվեն նույնիսկ նախատինքների և վիրավորանքների կիզակետում հայտնվելու ժամանակ։

    Իսկ եթե ոմանք սա ծանրակիր համարեն, թող հիշեն հին պատմությունը։ Հին ժամանակներում էլ տեղի է ունեցել այս նույնը, որով և հատկապես ցույց է տրվում Հին Կտակարանի միասնությունը Նոր Ուխտի հետ։ Դարձյալ, այստեղ խոսողը  Նույն Ինքն է, Ով այն ժամանակ տալիս էր պատվիրանները։ Եվ հրեաների պարագայում նույնպես ականատես ենք լինում նույն պատկերին․ երբ նրանք ոսկե հորթ ձուլեցին և երբ հաղորդակից դարձան Բելփեգորին (Ելք 32:28, Թվ․ 25:3), ու երբ դրան հաջորդեց այն իրադարձությունը, որ յուրաքանչյուր ոք սպանեց իր մերձավորին, ճիշտ այդժամ Աստված դադարեցրեց նրանց հանդեպ Իր բարկությունը։ Այսպիսով, որտե՞ղ են այն մարդիկ, որոնք ասում էին, թե «այն Աստված (հինկտակարանյան Աստված) չար էր, իսկ սա (Հիսուս Քրիստոս)՝ բարի»։ Չէ՞ որ այս Աստված (Հիսուս Քրիստոս) նույնպես տիեզերքը հեղեց իրար ազգակից մարդկանց արյունով։ Այդուամենայնիվ, մենք ասում ենք, որ սա ևս մեծ ողորմության գործ է։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, եւ դստերը՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից:
   
    Որովհետև եկա բաժանելու որդուն իր հորից, դստերը՝ մորից, և հարսին՝ իր սկեսուրից:  Մտքի բաժանվածության մասին է խոսում, որովհետև [բոլորը] հավատքի մեջ հավասար չեն. մեկը հեռանում է Քրիստոսից, մյուսը՝ պաշտում Նրան, քանի որ Քրիստոսի սերը ստիպում է նրան հաղթել ախտավոր սիրուն:

    [Այս խոսքով Տերը] նաև Միքիայի մարգարեությունն է կարդում նրանց ականջներին. որպեսզի չկարծեին, թե Ինքն է սկսել սա, ասում է, որ մարգարեն վաղուց է կանխագուշակել. «Որդին կանարգի հորը, դուստրը կհարձակվի մոր վրա, և հարսը՝ սկեսուրի» (Միք. 7:6): Իսկ այն, որ Օրենքում ասաց, որ որդին պիտի պատվի հորը, և դուստրը՝ մորը (Ելք 20:12), սա դրան հակառակ չէ, որովհետև [Աստված] հրամայեց հնազանդվել այնպիսի հայրերին, ովքեր աստվածպաշտությանը վնաս չեն հասցնում, իսկ եթե ջանում են ամբողջ պատիվն իրենց անձերի համար պահանջել, նրանց չպետք է անսալ: Այսպես հասկացիր նաև մոր հանդեպ դստեր և սկեսուրի հանդեպ հարսի վերաբերյալ:

    Բայց այստեղ [Մատթեոսը] վեց [հոգու] է նշում, իսկ Ղուկասն ասում է. «Մի տան մեջ հինգը կբաժանվեն. երեքը՝ երկուսից, և երկուսը՝ երեքից» (Ղուկ. 12:52): Իրար չեն հակասում. որովհետև նրան, ում [Մատթեոսը] մոր դուստրն է կոչում, նույնին էլ մի ուրիշի հարսն է անվանում:

    Այլաբանորեն՝ [Տերը] «հայր», «մայր» և «սկեսուր» է կոչում Հին ու ստվերական  (Եբր. 10:1, Կող. 2:17), տկարությամբ զառամած [ուխտի հետևորդներին]՝ ըստ առաքյալի. «Ինչ որ հնանում է, մոտ է ապականվելու» (հմմտ. Եբր. 8:13), իսկ «որդի», «դուստր» ու «հարս»՝ Նոր ու ներկա [ուխտի հետևորդներին], ովքեր բաժանվեցին ստվերականից՝ առույգանալով, Ավազանի մկրտության միջոցով երկնավոր Հորը որդիանալով, վերին Սիոնի դուստրն ու անմահ Փեսա Քրիստոսի հարսը դառնալով և ծառայելով ոչ թե գրի հնությամբ, այլ Հոգու նորոգությամբ:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

քանի որ եկա, որ բաժանեմ որդուն իր հորից, և դստերը՝ իր մորից և հարսին՝ իր կեսուրից:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:34
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, եւ դստերը՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17