Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Մի՛ կարծեք, թե Ես երկրի վրա խաղաղություն բերելու եմ եկել. Ես չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր»։
Փրկիչը նորից կանխագուշակում է մեծ տառապանքներ, որոնք նաև շատ ավելի մեծաթիվ են լինելու, — և այն, ինչը որպես առարկություն աշակերտները կարող էին ուղղել Հիսուսին, Հիսուս Ինքն է առաջինը ասում նրանց։ Եվ Քրիստոս դա անում է հենց այն պատճառով, որպեսզի լսելով Իր խոսքերը՝ աշակերտները չասեին. «Ուրեմն Դու եկել ես մեզ ու մեր հետևորդներին կործանելու և երկրի վրա համընդհանուր պատերազմ բորբոքելու համա՞ր»։ Ահա թե ինչու Հիսուս Ինքն է նախազգուշացնում նրանց՝ ասելով. «Ես չեմ եկել խաղաղություն բերելու երկրին» (հմմտ․ Մատթ. 10:34)։ Այդ դեպքում ինչպե՞ս էր, ուրեմն, Նա Ինքը պատվիրել Իր աշակերտներին՝ ամեն տուն մտնելիս խաղաղությամբ ողջունել ներկաներին։ Նաև ինչո՞ւ էին հրեշտակները երգում. «Փառք Աստծուն բարձունքներում, և երկրի վրա խաղաղություն» (Ղուկ. 2:14)։ Ինչո՞ւ էին նաև բոլոր մարգարեները նույնը ավետում։
Որովհետև հենց ա՛յն ժամանակ է հաստատվում խաղաղությունը, երբ հիվանդությամբ վարակված հատվածը կտրվում է, երբ թշնամանքը մերժվում է։ Միայն այդպես է հնարավոր, որ երկինքը միանա երկրին։ Չէ՞ որ բժիշկը նույնպես միայն ա՛յն ժամանակ է փրկում մարմնի մյուս մասերը, երբ կտրում է անբուժելի անդամ։ Այդպես նաև զորապետը վերականգնում է խաղաղությունը միայն ա՛յն ժամանակ, երբ խափանում է դավադիրների համաձայնությունը։ Այդպես էր նաև աշտարակաշինության ժամանակ։ Չարամիտ «խաղաղությունը» կորստյան մատնվեց բարի անհամաձայնությամբ, և հաստատվեց իրական խաղաղությունը։ Այդպես նաև Պողոսը գժտություն սերմանեց նրա՛նց մեջ, ովքեր միաբանվել էին իր դեմ (Գործք. 23:6)։ Իսկ ահա Նաբոթի դեմ համաձայնությունը ցանկացած պատերազմից էլ առավել վատթար էր (Գ Թագ. 21)։
Միաբանությունը միշտ չէ, որ լավ է. չէ՞ որ ավազակները նույնպես միաձայն են լինում։ Այսպիսով, պատերազմը եղել է ոչ թե Քրիստոսի «որոշմամբ», այլ մարդկանց սեփական կամքի գործադրումով։ Ինքը Քրիստոս ուզում էր, որ բոլորը միաբան լինեին աստվածապաշտությա՛ն հարցում, բայց քանի որ մարդիկ իրարից բաժանվեցին, ուստի և առաջացավ պատերազմը։ Այդուամենայնիվ, Հիսուս այդպես չարտահայտվեց։ Իսկ ի՞նչ ասաց Նա. «Ես չեմ եկել խաղաղություն բերելու», — որով և մխիթարում է նրանց (Իր աշակերտներին)։ Մի՛ կարծեք, - կարծես ասի Նա, - թե դուք եք մեղավոր դրա համար. Ե՛ս եմ սա անում, որովհետև մարդիկ այդպիսի տրամադրվածություն ունեն։ Այսպիսով, մի՛ խռովվեք, կարծես այդ պատերազմն անսպասելիորեն է վրա հասել։ Հենց ա՛յն բանի համար եմ եկել, որպեսզի պատերազմ բերեմ. այդպիսին է բուն Իմ կամքը։
Այսպիսով, մի՛ խռովվեք այն պատճառով, որ երկրի վրա պատերազմներ և չար խորհուրդներ են լինում։ Երբ ամենավատը վերանա, այն ժամանակ երկինքը կմիավորվի ավենալավի հետ։ Քրիստոս այսպես է խոսում, որպեսզի ամրացնի աշակերտներին՝ ի դիմաց ժողովրդի մեջ իրենց մասին հնչող բացասական տեսակետների։ Միաժամանակ, Հիսուս չի ասում «պատերազմ», այլ այն, ինչը շատ ավելի սոսկալի է՝ «սուր»։ Եթե ասվածը չափազանց ծանր և սպառնալի է, մի՛ զարմացիր։ Նա ուզում էր Իր աշակերտների լսողությունն ընտելացնել դաժան խոսքերի, որպեսզի դժվարին իրապայմաններում նրանք չսասանվեն։ Դրա համար էլ Քրիստոս գործածում է այսպիսի խոսելաձև, որպեսզի ոչ ոք չասի, թե Ինքը շողոքորթությամբ էր համոզում աշակերտներին՝ դժվարությունները թաքցնելով նրանիցից։ Այդ իսկ պատճառով էլ նույնիսկ այն, ինչը կարելի էր ավելի մեղմ եղանակով արտահայտել, Քրիստոս ներկայացնում էր առավել սարսափելի և սպառնալի խոսելակերպով։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
«Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր.
Մի՛ համարեք, թե եկել եմ խաղաղություն հաստատելու երկրի վրա. խաղաղություն հաստատելու համար չեմ եկել, այլ սո՛ւր:
Քանի որ մեր մարդկային բնությունը երկու [մասից է կազմված]՝ հոգուց ու մարմնից, երկու կյանքով սխալ գործեցինք՝ նախ խորհրդով մեղանչեցինք, ապա մարմնով անօրինություն գործեցինք, որով Արարչի դեմ պատերազմի ելանք: Իսկ երբ մեր բնության խաղաղարարը՝ Աստծո Որդին, եկավ, ըստ կարգի վերստին ուղղեց [մեր բնությունը]. նախ հոգին հավատով Աստծուն մոտեցրեց, հետո մարմնին հարություն տվեց: Ուստի ասում է. «Մի՛ կարծեք, թե մարմնավոր ու երկրային խաղաղություն եմ հաստատում, որը լինում է այս աշխարհի զբաղմունքների հանդեպ սիրուց և որն ունեն ավազակներն ու շնացողները միմյանց հանդեպ, քանի որ հենց դա՛ խանգարեց երկնային [խաղաղությունը]: Այդ խաղաղությո՛ւնը չեմ հաստատում, այլ Իմը», ինչպես ասում էր. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, Իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ» (Հովհ. 14:27), Պողոսն էլ [ասում է]. «Նա է մեր խաղաղությունը, որ խաչի արյամբ խաղաղություն հաստատեց երկնքում ու երկրում՝ ցանկապատի միջնորմը քանդելով» (հմմտ. Եփես. 2:14): Ինչպես Նրա ծննդյան ժամանակ հրեշտակները գոչում էին. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում և երկրում՝ խաղաղություն» (Ղուկ. 2:14): «Եվ ի հաստատություն այս խաղաղության՝ երկրի վրա սուր եմ գցում,- [ասում է Տերը],- որո՛վ [կարող են] մարդիկ խաղաղություն հաստատել Աստծո հետ»:
Բայց թերևս մեկը հարցնի, թե սրով ինչպե՞ս կարող է խաղաղություն լինել: Պատասխանենք, որ ինչպես որ թագավորը, երբ նրա հպատակներն ապստամբում են և իրենց տերերի վրա հարձակվել ջանում՝ յուրաքանչյուրը կամենալով իր կամքը կատարել, սուր է գործածում, որով խռովությունը դադարեցվում է և ապստամբները հնազանդությամբ նվաճվում են միահեծան իշխանության ներքո, այդպես էլ Բանսարկուի խաբեության միջոցով ճշմարիտ Թագավորից հեռացածներին և զանազան պաշտամունքների ու չար գործերի մեջ բռնվածներին, ովքեր մարմնի խորհուրդներով ու այս աշխարհի հանդեպ սիրով թշնամի են դարձել Աստծուն, [Վերջինս] Իր խոսքի սրով, որը լավը վատից բաժանում է, աստվածպաշտության մեկ հավատքի մեջ է ժողովում, որով արդարանալով՝ նրանք խաղաղություն են հաստատում Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Որովհետև բժիշկն այն ժամանակ է բուժում մարմինը, երբ փտած մասը հեռացնում է. և երբ զորավարը ցրում է իզուր հավաքվածներին, ինչպես աշտարակաշինության ժամանակ (Ծննդ. 11:8), խոր խաղաղություն է հաստատվում անհավատների փտության հեռացումից հետո:
[Այս խոսքով] Տերը նաև մխիթարում է աշակերտներին. որպեսզի չկարծեին, թե իրենք են խռովության պատճառը, ասում է՝ Ե՛ս եմ, որ անում եմ այդպես, քանի որ հարկադրված եմ դա անելու. [այլև] որպեսզի, երբ դա կատարվեր, [աշակերտները] հանկարծակի իմանալով՝ չխռովվեին: Եվ որպեսզի ոչ ոք չասեր, թե հրապուրելով համոզեց նրանց՝ ծանր բաները թաքցնելով, ահավոր բաների մասին է խոսում, որովհետև ոչ միայն բարեկամներն ու գավառակիցներն էին կռվելու և որոշ ազգակցություն ունեցողները՝ միմյանց դեմ ելնելու, այլև մոտ հարազատները, ազգականներն ու հենց ընտանիքի անդամները, ինչով Նրա զորությունն առավել էր հայտնի դառնալու: Որովհետև ինչպես որ այլ բաներում է հակառակի միջոցով հակառակն իրագործում, այդպես էլ այստեղ պատերազմի միջոցով է խաղաղություն հաստատում, ինչպես և ասում է.
Ստեփանոս Սյունեցի (†735)
34-36. «Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր. քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, եւ դստերը՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից: Մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն:
«Մի՛ կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա. չեկա հաստատելու խաղաղություն, այլ՝ սուր, քանի որ եկա, որ բաժանեմ որդուն իր հորից, և դստերը՝ իր մորից և հարսին՝ իր կեսուրից: Մարդու թշնամիները իր տնեցիները կլինեն»:
Աստծու Որդին չեկավ երկրային խաղաղություն հաստատելու համար, որը սերն է այս աշխարհի զբաղմունքների նկատմամբ, և որով արժանի չես լինի Նրան, այլ ով կվերցնի իր խաչը և կգնա Նրա ետևից, նա արժանի կլինի Նրան, ինչպես երանելի Պողոսն է ասում. «Աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի» (Գաղ. 6:14), այսինքն՝ ինձ համար աշխարհի գործերը մեռած են, և ես էլ մեռած ու ազատված եմ աշխարհից և մարմնական ցանկություններից:
Նաև հրամայում է մեկուսանալ որդուն հորից ու դստերը՝ մորից, ինչպես քրիստոսյան գնդից շատերը [այդպես] արեցին այն սիրո համար, որ ունեին Աստծու հանդեպ, իրենց բաժանեցին որդիներից ու դստրերից, հայրերից ու մայրերից, և այս՝ միմյանցից բաժանվելու, մեկուսանալու և Աստծուն մերձենալու պատճառով, մարդու թշնամիներն իր տնեցիներն են լինում, երկրային [արարածներիս] թշնամության նման:
Ապա ուրեմն Նա չեկավ երկրի վրա այս խաղաղությունը հաստատելու, այլ այն երկնային խաղաղությունը, որ խոստացավ առաքյալներին. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ» : Այն խաղաղությունը, որով հաշտեցրեց երկնայիններին երկրայիններիս հետ՝ քանդելով բաժանող միջնորմը: Ինչպես և հրեշտակների գնդերը, Փրկչի ծնվելու ժամանակ գոչում էին՝ ասելով. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ երկնայինների հետ» (հմմտ. Ղուկ. 2:14):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
«Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: