Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:8

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

 «Սակայն Մարդու Որդին տերն է նաև շաբաթ օրվա»։
   

    Հետո Նա նաև մեկ այլ պատճառ է մատնանշում՝ «Սակայն Մարդու Որդին տերն է նաև շաբաթ օրվա» (Մատթ. 12:8)՝ սա ասելով Իր մասին։

    Մարկոսն էլ նշում է, որ Հիսուս այս խոսքն ասաց՝ այն վերաբերելով ընդհանրապես մարդկային բնությանը. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար» (Մարկ. 2:27

    Այդ դեպքում ինչո՞ւ ուրեմն պատժվեց այն մարդը, որը շաբաթ օրը փայտ էր հավաքում (տե՛ս Թվ․ 15:32-36)։ Որովհետև այն օրենքները, որոնք սկզբում անտեսվում են՝ հետագայում դժվար թե պահպանվեն։ Շաբաթը սկզբում շատ և մեծամեծ օգուտներ էր բերում, օրինակ՝ այն մարդկանց հեզ էր դարձնում, մարդասեր՝ մերձավորի հանդեպ, մարդկանց առաջնորդում էր Աստծու նախախնամության և ամենակալության ճանաչողությանը և, ինչպես ասում է Եզեկիելը, քիչ-քիչ սովորեցնում էր չարից հեռանալ և ուղղում էր նրանց ընթացքը դեպի հոգևոր արժեքները (տե՛ս Եզեկ. 20

    Եթե շաբաթ օրվա վերաբերյալ օրենքը հաստատողը նրանց ասեր՝ «շաբաթ օրը բարին արե՛ք, չարը մի՛ գործեք», նրանք չէին զսպվի չարը գործելուց։ Դրա համար էլ ընդհանուր օրենք սահմանվեց՝ «ոչինչ մի՛ արեք»։ Այդուամենայնիվ, մարդիկ չարը գործել չդադարեցին նույնիսկ այս օրենքով։

    Այսպիսով՝ ինքը Օրենսդիրը, շաբաթ օրվա մասին օրենք սահմանելով, թաքուն ցույց էր տալիս, որ նրանք, Իր կամքին համապատասխան, գոնե միայն այդ օրը զերծ մնան չար գործերից։ «Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարեք, - ասվում է, - այլ կատարեցեք միայն այն, ինչ կապված է յուրաքանչյուր մարդու անձնական կարիքների հետ» (Ելք 12:16

    Իսկ սրբարանում ամեն ինչ կատարվում էր՝ նույնիսկ ավելի մեծ ջանասիրությամբ և կրկնակի եռանդով։ Այսպիսով Տերը նրանց բացահայտում էր ճշմարտությունը նույնիսկ ստվերի միջոցով։

    Արդյո՞ք այդքան մեծ բարիքը կործանեց Քրիստոս, - գուցե հարցնես դու։ Ո՛չ մի դեպքում, այլև շա՜տ ավելի բազմապատկեց այն։

    Նրանց համար եկել էր ժամանակը՝ ամեն ինչ սովորելու ավելի վեհ եղանակներով, և այլևս կարիք չկար կապել այն մարդու ձեռքերը, ով, չարությունից ազատված լինելով, ձգտում է դեպի ամենայն բարիք։ Այլևս անհրաժեշտ չէր օրենքով սովորել, որ Աստված է ստեղծել ամեն ինչ։ Այլևս կարիք չկար, որ Աստծու բարությունն ընդօրինակելու կոչված մարդիկ օրենքի ուժո՛վ հեզ լինեին. «Գթասի՛րտ եղեք, - ասում է Նա, - ինչպես որ ձեր երկնավոր Հայրը գթասիրտ է» (Ղուկ. 6:36

    Այլևս անհրաժեշտություն չկար միայն ու միայն մեկ օր տոնել նրա՛նց, ում հրամայված էր ամբողջ կյանքում տոնել այդ տոնը (այսինքն՝ պահել շաբաթ օրվա պատվիրանը). «Ուրեմն, տոն կատարենք ոչ թե հին խմորով և չարության ու անզգամության խմորով, այլ՝ մաքրության և ճշմարտության անթթխմոր հացով» (Ա Կորնթ. 5:8

    Այլևս անհրաժեշտություն չկար կանգնել տապանակի և ոսկե սեղանի առաջ նրա՛նց, ովքեր իրենց մեջ ունեն ամենքի Տիրոջը և ամեն կերպ հաղորդակցվում են Նրա հետ՝ և՛ աղոթքով, և՛ զոհաբերություններ (ընծաներ) մատուցելով, և՛ սրբազան գրվածքներով, և՛ ողորմությամբ, և՛ Նրան (Աստծուն) իրենց ներսում կրելու միջոցով:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

ուրեմն մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»:
   

    Որովհետև Մարդու Որդին շաբաթվա տերն է»:

    Նախ, ըստ Մարկոսի, [Տերը] բոլոր մարդկանց վերաբերյալ է ասում. «Շաբաթը մարդու համար եղավ և ոչ թե մարդը՝ շաբաթի» (Մարկ. 2։27), ուստի օրենքի խախտում չէ սեփական անձի համար ստեղծվածը սեփական կարիքի համաձայն փոփոխելը: Եվ երկրորդ՝ [Տերն] Իրե՛ն անվանեց «Մարդու որդի»՝ ըստ մարգարեի. «Մարդո՛ւ որդի, քեզ իբրև դետ կարգեցի» (Եզեկ. 3։17). ուրեմն, քանի որ Նա ամենքի տերն է, իշխանաբար ինչ կամենում է, կատարում է շաբաթ օրը, որովհետև ինչպես որ դևերն ու հիվանդություններն են Նրան հնազանդվում, այդպես էլ [Նրա հրամանով] օրերն են փոխվում անգործությունից դեպի առաքինության [գործեր], որովհետև, [ասում է], հրամայեցի չա՛ր գործեր չկատարել և ոչ թե բարի:

    Բայց եթե մեկը հարցնում է, թե ինչո՛ւ շաբաթ օրը փայտ հավաքողին [Աստված] քարկոծել թույլ տվեց (Թվեր 15։32-36), թող իմանա, որ դա Օրենքի սկիզբն էր, որով, մինչև կատարյալ օրենքը [ստանալը], մարդիկ վարժվեցին՝ երեխայի պես դաստիարակի միջոցով կրթվելով: Իսկ երբ եկավ ժամանակի լրումը, [Տերը] մանկական [դաստիարակությունը] խափանեց և հրամայեց երկնային հանգստյան մասին խոկալ, որպեսզի ամենքս փութանք մտնել այնտեղ, ինչպես որ Ինքը շաբաթ օրը, իջնելով հանգստյան գերեզմանը, [այնտեղից] հանեց հոգիները: Եվ արդարների՝ սուրբ մարտիրոսների հանգստյան հիշատակն էլ այժմ Եկեղեցին տոնում է շաբաթ օրը, և նրանց փառքի տերը [Հիսուսն] է: [Կարելի է բացատրել] նաև այլ կերպ. փայտ հավաքելը մեղք է խորհրդանշում՝ ըստ առաքյալի (Ա Կոր. 3։12), և [Աստված] շաբաթն այն պատճառով սահմանեց, որ մեղք չգործեն, իսկ «ով մեղանչում է, նա էլ պիտի մեռնի» (Եզեկ. 18։4, 20): Որովհետև Օրենքը հոգևոր է, և այնտեղ գրվածը պետք է հոգևոր իմաստով հասկանալ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

ուրեմն մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:1