Ծննդոց գրքի մեկնություն 35:2

Ա. Լոպուխին

2-3․ Հակոբն իր տնեցիներին ու իր հետ եղած բոլոր մարդկանց ասաց. «Վերացրե՛ք ձեզ մոտ եղած օտար աստվածները, մաքրվեցե՛ք, փոխեցե՛ք ձեր զգեստները, [2] որ վեր կենանք գնանք Բեթել, այնտեղ զոհասեղան կառուցենք Աստծուն, որը լսեց ինձ նեղ օրերին, ինձ հետ եղավ և ինձ պահպանեց իմ ուղևորության ընթացքում»: (Սինոդական թարգ․)
   
   Աստծո հայտնությունը և  սուրբ Բեթել գնալու բուռն ցանկությունը մղում են Հակոբին՝  (Ծննդ. 28:19)  ընտանիքի բոլոր անդամներից պահանջելու, որ նրանք (ինչպես Մովսեսը ժողովրդից պահանջեց Սինայական օրենսդրությամբ, Ելք. 19:10, 14)  ամբողջովին   մաքրվեն՝ մերժելով հեթանոսական կռապաշտությունը (հրաժարվեն թերափիմների և հավանաբար մյուս կուռքերի  ծառայությունից,  որոնք Հակոբի ընտանիք էին մտել  միջագետքի ծառաների միջոցով, ինչպես նաև սյուքեմացիների հետ մերձենալու հետևանքով):  Որպես այդ ամենի ապացույց՝ Հակոբը ստիպում է լվացվել և փոխել կռապաշտությունից ապականված հագուստը: Սա կարծես մաքրագործում էր (հմմտ. Ելք. 19:10, 15, Բ Թագ. 12։20): Հակոբն այս ամենով իր երախտագիտությունն էր հայտնում Աստծուն, Ով օգնեց նրան փախուստի ճանապարհին:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Յակոբն ասաց իր տնեցիներին ու իր հետ եղած բոլոր մարդկանց. «Վերացրէ՛ք ձեր միջից ձեզ մօտ եղած օտար աստուածները, մաքրուեցէ՛ք, փոխեցէ՛ք ձեր զգեստները,
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն իր ընտանիքին ու իր հետ եղող բոլոր մարդկանց ասաց. «Հեռացրե՛ք ձեր մեջ եղած օտար աստվածներին, մաքրվե՛ք ու փոխե՛ք ձեր հանդերձները:
(Գրաբար) Եւ ասէ Յակոբ ցընտանիսն իւր, եւ ցամենասին որ ընդ նմա էին. ի բաց առէք զաստուածսդ աւտարոտիս որ ընդ ձեզ են ի միջոյ ձերմէ, եւ սրբեցարուք. եւ փոխեցէք զպատմուճանս ձեր: