Ծննդոց գրքի մեկնություն 34:18

Ա. Լոպուխին

18- 24․ Եմորին ու Եմորի որդի Սյուքեմին հաճելի թվացին այս խոսքերը: [18] Երիտասարդը չհապաղեց անել այդ բանը, որովհետև շատ էր սիրում Հակոբի դստերը: Իր հոր ընտանիքի անդամները ամենից  ավելի հարգում  էին իրեն: Եմորն ու իր որդի Սյուքեմը եկան իրենց քաղաքի դարպասի մոտ և, դիմելով իրենց քաղաքի տղամարդկանց, ասացին.  «Այդ մարդիկ հաշտ ու խաղաղ են մեզ հետ: Արդ, թող բնակվեն այս երկրում և վաստակ ձեռք բերեն այստեղ, որովհետև այս ընդարձակ երկիրը փռված է նրանց առաջ: Նրանց դուստրերին մեզ կին առնենք և մեր դուստրերին տանք նրանց: Այդ մարդիկ, մեզ նման լինելով, կբնակվեն մեզ հետ, և մենք կլինենք իբրև մեկ ժողովուրդ միայն այն պայմանով, որ մեր բոլոր զավակները թլպատվեն, ինչպես որ Մի՞թե այդպես նրանց ունեցվածքը, նրանց անասունը և նրանց չորքոտանին մերը չեն լինի: Եթե նրանց այդ պայմանն ընդունենք, նրանք կբնակվեն մեզ մոտ»: Եմորի ու նրա որդի Սյուքեմի հետ համաձայնեցին բոլոր նրանք, ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով: Բոլոր տղամարդիկ, ովքեր անցնում էին այդ քաղաքի դարպասով, թլպատվեցին: (Սինոդական թարգ․)
   
   Հարսանիքի արարողությունը  կազմակերպելու ցանկությամբ համակված՝ Սյուքեմն ու Եմորը (վերջինս որդու հանդեպ ունեցած յուրահատուկ սիրուց դրդված, հ. 19) մեծ հոժարությամբ համաձայնվում են Հակոբի ընտանիքին միանալու  ծանրագույն պայմանին (հ. 18): Հատկապես Սյուքեմը, որ բուռն սիրով էր լցված Դինայի հանդեպ, պատրաստ էր անհապաղ (ըստ Աստվածաշնչյան տեքստի, կարծես թե անհապաղ կատարեց, հ. 19) թլպատության: Սակայն, համաձայն պայմանի (հ. 15), նրանց ամբողջ արական սեռը պետք է թլպատվեր: Եվ ահա նրանք,  բնակիչներին հավաքելով ժողովների և գործարքների վայրում (հմմ. Ծննդ. 19:1), քաղաքի դարպասների մոտ, դիվանագիտորեն սկսում են բանակցել նրանց հետ՝ արհեստականորեն ապացուցելով, որ  Հակոբի ընտանիքի հետ իրենց միությունը  շահավետ է: Այդ միությունը, սակայն, իրականում անհրաժեշտ էր միայն  անձնական շահերի, բայց ոչ ողջ սյուքեմական համայնքի համար: Հակոբի ընտանիքի անդամները խաղաղ մարդիկ էին և բարեկամաբար էին տրամադրված սյուքեմացիների հանդեպ, նրանք հակված էին նստակեցության և արհեստների, և նրանց` սյուքեմացիների կողքին բնակվելը  ոչ մի խնդիր չի կարող առաջացնել, քանի որ Սյուքեմի տարածքը ընդարձակ էր և չբնակեցված: Այսինքն՝ այս տարածքների բնակեցման կարևոր խնդիրը կարող է լուծվել սյուքեմացիների և Հակոբի սերնդի անդամների փոխադարձ ամուսնությունների միջոցով (հ. 21): Առաջ բերելով շահավետ միությունը՝  Եմորն ու Սյուքեմը վերջապես հիշում են  միության պայմանի՝ ամբողջ արական բնակչության անխտիր արյունալի վիրահատության մասին: Բայց այս՝ ոչ հեշտ պայմանը նրանք փորձում են ներկայացնել բավականին լավ ձևով.  և ասում են, որ դրանում ամոթալի ոչինչ չկա, քանի որ Հակոբի տան բոլոր տղամարդկանց անդամները արդեն թլպատված են (հ. 22): Ընդ որում՝ Եմորն ու Սյուքեմը շարունակում և ասում են՝ սա միակ պայմանն է,  որը ժողովրդին բազում նյութական օգուտները կտա, քանզի դրանով իրենց կանցնի Հակոբի ցեղի ողջ հարստությունը: Նրանք  մեկ անգամ ևս համոզում են իրենց ցեղակիցներին, որպեսզի նրանք համաձայնեն ընդունել թլպատությունը (հ. 23): Եվ ահա, թերևս, ոչ այնքան իշխանների պերճախոսության, որքան ժողովրդի բնական ցանկության շնորհիվ (հզորանալ Հակոբի ընտանիքի հետ միությամբ) վերջապես թլպատվելու որոշում է ընդունվում: Ավելացնենք, որ թլպատությունը արտասովոր և չլսված բան չէր այդ ժամանակների երկրներում: Թլպատության առաջարկին համաձայնեցին նրանք, «ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով», այսինքն՝ բոլորը,  ովքեր լիիրավ իրավունքներ ունեին մասնակցելու հանրային գործերին: Անխտիր թլպատվեցին ինչպես նրանք, այնպես էլ քաղաքի ողջ արական սեռի բնակիչները: Շմավոնի և Ղևիի արյունալի հաշվեհարդարի հեշտ կատարումից երևում է, որ բնակչությունը այնքան էլ մեծաթիվ չէր: Ո՞ւմ միջոցով իրականացվեց ամբողջ համայնքի թլպատությունը:  Հավանաբար Հակոբի որդիների, հատկապես Շմավոնի և Ղևիի անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև ծառաների օգնությամբ (հ. 24):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Եմորին ու Եմորի որդի Սիւքեմին հաճելի թուացին այս խօսքերը:
(Արարատ թարգ․) Նրանց խոսքը հաճելի թվաց Եմորին ու Եմորի որդի Սյուքեմին:
(Գրաբար) Եւ հաճոյ թուեցաւ բանքն առաջի Եմովրայ, եւ առաջի Սիւքեմայ որդւոյ Եմովրայ: