Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:6

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռդ և աղոթի՛ր քո Հորը, Որը ծածուկ է, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ»։
   
   Հիսուս, նախատելով կեղծավորներին իրենց աղոթքի վայրի ընտրության և անմաքուր մտադրությամբ անպատշաճ կերպով աղոթքի կանգնելու համար, ինչպես նաև ցույց տալով, թե որքան ծիծաղելի են նրանք, միաժամանակ առաջարկում է աղոթքի ավելի լավ մի եղանակ՝ ասելով. «Մտի´ր քո սենյակը» (Մատթ. 6:6), և վարձատրություն է խոստանում այդպես աղոթողներին: Այդ ի՞նչ է, - կհարցնես դու, - մի՞թե եկեղեցում չպետք է աղոթել: Իհարկե, պետք է, բայց դա կախված է նրանից, թե ի´նչ մտադրությամբ ենք աղոթում: Աստված ամենուրեք նայում է մեր գործերի վերջնանպատակին: Եթե նույնիսկ դու մտնես քո սենյակը և փակես դռները, բայց դա անես ցուցադրաբար, ապա նույնիսկ փակված դռները քեզ ոչ մի օգուտ չեն բերի: Տե՛ս, որքան ճշգրիտ սահմանում է կիրառում Փրկիչը, երբ ասում է. «…որպեսզի մարդկանց տեսանելի լինեն» (Մատթ. 6:5): Ուստի, եթե անգամ դու փակես էլ քո սենյակի դռները, Հիսուս ցանկանում է, որ նախքան դրանք փակելը քեզնից հեռու վանես հպարտությունը (փառասիրությունը) և նախևառաջ փակես քո սրտի´ դռները: Հպարտությունից զերծ լինելը միշտ էլ բարի գործ է, հատկապես դա անում ես աղոթքի ժամանակ: Եթե առանց այդ արատի էլ աղոթքի ժամանակ մենք մեր մտքերով թափառում ենք ամենուր և շեղվում ենք ճիշտ ընթացքից, ապա երբ աղոթքի մոտենանք հպարտության այդ հիվանդությամբ, այդ ժամանակ նույնիսկ մենք ինքներս չենք լսի մեր սեփական աղոթքները: Իսկ եթե նույնիսկ մենք ինքներս մենք չենք լսում մեր աղոթքներն ու խնդրանքները, ապա ինչպե՞ս կարող ենք աղաչել Աստծուն, որ Նա լսի մեզ:
   Եվ, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք, չնայած այս բոլոր հորդորներին, աղոթքի ժամանակ այնքան վատ են դրսևորում իրենց, որ թեև իրենք անտեսանելի էլ լինեն, միևնույն է, իրենց անպատշաճ աղաղակներով բոլորին տեղյակ են դարձնում, որ աղոթում են, և ինչպես իրենց տեսքով, այդպես էլ աղաղակներով իրենք իրենց ծիծաղելի են դարձնում ամենքի աչքի առաջ: Չգիտե՞ս, որ եթե ինչ-որ մեկը նույնիսկ շուկայում այս կերպ վարվի և գոռալով խնդրի, նա այդպիսով իրենից կվանի նրան, ում խնդրում է, բայց եթե հանգիստ և պատշաճ կերպով խնդրի, ապա ավելի շուտ իր կողմը կգրավի նրան, ով կարող է ողորմություն ցուցաբերել իրեն:
   Այսպիսով, եկեք աղոթենք ոչ թե մարմնի շարժումներով և բարձրագոչ ձայնով, այլ բարի և անկեղծ տրամադրվածությամբ, ոչ թե աղմուկով և աղաղակով, ոչ թե ցուցադրաբար, ինչն ընդունակ է վանել մերձավորներին, այլ ամենայն հեզությամբ, սրտի խոնարհությամբ և անկեղծ արցունքներով: Բայց դու տրտմում ես հոգով և չե՞ս կարող չողբալ: Ընդհակառակը, հենց խորապես տրտմողին է վայել աղոթել և խնդրել այնպես, ինչպես ես ասացի: Այդպես էր նաև Մովսեսը. նա երբ տրտմեց, աղոթեց այդ կերպ և լսելի եղավ, ուստի Աստված ասաց նրան. «Ինչո՞ւ ես կանչում Ինձ» (Ելք 14:15): Նմանապես նաև Աննան, թեև նրա ձայնը բարձրահունչ լսելի չէր, սակայն նա էլ ստացավ այն ամենը, ինչ խնդրում էր, քանի որ նրա սի´րտն էր աղաղակում (տե´ս Ա Թագ. 1): Իսկ ահա Աբելը ոչ միայն լռելյայն, այլև մահամերձ վիճակում էլ էր աղոթում, և նրա արյունն ավելի բարձր էր աղաղակում, քան շեփորը:
Նաև դո´ւ հառաչիր այնպես, ինչպես այդ սուրբը. ես չեմ արգելում դա: Պատռի՛ր, - ինչպես հրամայել է մարգարեն, - քո սիրտը, և ոչ թե հագուստները. խորությունների´ց կանչիր Աստծուն: «Խորություններից, - ասում է Դավիթը, - կանչում եմ Քեզ, Տե´ր» (հմմտ. Սաղմ. 129:1): Քո սրտի խորքերի՛ց հանիր ձայնդ, գաղտնի´ դարձրու աղոթքդ: Չե՞ս տեսնում, որ նույնիսկ արքայական պալատներում արգելվում է ամեն տեսակի աղմուկ բարձրացնել, և ամենուրեք մեծ լռություն է տիրում: Այդպես էլ դու, կարծես մտնելով արքայական տուն` ոչ թե երկրային, այլ ավելի սարսափելի՝ երկնային պալատ, մեծավայելուչ պարկեշտությո´ւն ցուցաբերիր: Դու գտնվում ես հրեշտակների զորքի և հրեշտակապետների ընկերակցության մեջ ու երգում ես սերովբեների հետ: Իսկ այդ բոլոր երկնային զորախմբերը մեծ պարկեշտություն են պահպանում և իրենց խորհրդավոր քաղցր երգեցողությունն ու սրբազան օրհներգերը մեծ երկյուղածությամբ ձոնում են բոլորի Թագավոր Աստծուն:
   Եվ այսպես, աղոթքի ժամանակ միացի՛ր նրանց և ընդօրինակի՛ր նրանց խորհրդավոր կարգապահությունը: Չէ՞ որ դու աղոթում ես ոչ թե մարդկանց, այլ ամենուրեք ներկա Աստծուն, Որը լսում է քեզ դեռևս քո խոսքից էլ առաջ և գիտի քո սրտի գաղտնիքները: Եթե այդպես աղոթես, մեծ վարձատրություն կստանաս: «Քո Հայրը, - ասում է Փրկիչը, - որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ» (Մատթ. 6:6): Նա չի ասում՝ կտա քեզ, այլ՝ «կհատուցի քեզ»: Այսպիսով, Աստված Ինքն Իրեն դարձնում է քո պարտապանը և դրանով իսկ դարձյալ մի մեծ պատվով է պատվում քեզ: Քանի որ Նա Ինքն անտեսանելի է, ուստի ցանկանում է, որ այդպիսին լինի նաև քո աղոթքը:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս:
   
   Այլ երբ դու աղոթես, մտիր սենյակդ, փակիր դռներդ և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ ծածուկ տեսնում է, քեզ հայտնապես կհատուցի:

   Դու, ասում է, որ աշակերտեցիր Իմ վարդապետությանը, այս գեղեցիկ պայմանո՛վ աղոթքդ մատուցիր. մտիր քո սենյա՛կը: «Սենյակ» ենք կոչում [մեր] ժամանակն անցկացնելու տունը, որում դնում ենք ինչ որ մտածում ենք պահել, կամ որում թաքնվում ենք, եթե դրա կարիքն էլ լինի՝ ըստ այսմ. «Գնա մտի՛ր քո շտեմարանները և փակի՛ր դուռդ» (հմմտ. Ես. 26:20), և այլուր՝ «Կիմանաս,- ասում է,- երբ սենյակից սենյակ փախչես» (հմմտ. Գ Թագ. 22:25): Ուրեմն՝ եթե կամենում ես աղոթքիդ գանձերը պահել կամ պատերազմողի [պատճառած] փորձանքի երեսից գանձդ թաքցնել, այսպե՛ս աղոթիր. «Մտիր,- ասում է,- քո սենյակը»: Ասացինք նախ, որ [Տերը] սա ներկայացնում է, որովհետև կամենում է մարդահաճությունից ազատել [մեզ], որպեսզի [մեր] մաքրված միտքը չակնկալի մարդկային գովեստներ, որովհետև հնարավոր է ուրիշ վայրերում էլ աղոթել և մարդկանցից փառք պահանջել մտքով՝ մտածելով շատերին տեսանելի լինելու մասին, ինչպես որ, ընդհակառակը, [հնարավոր է] դրսում աղոթել, բայց ազատ կամքով հրաժարվել այս ախտից: Ուստի քանի դեռ մեկը չի սովորել աղոթքի արվեստը, [Տերը] հրամայում է սենյակում աղոթել, իսկ երբ սովորի և միտքն ամբոխումից մաքրի՝ չնայելով մարդկանց գովեստներին, այլ միայն աղոթքն ընդունող Աստծուն՝ ըստ [հետևյալ] խոսքի. «Ինչպես ծառաների աչքերն իրենց տերերի ձեռքերին են ուղղված, այդպես էլ մեր աչքերն ուղղված են Քեզ, Տե՛ր Աստված մեր» (Սաղմ. 122:2), և՝ «Իմ աչքերն ամեն ժամ Տիրոջն են ուղղված» (Սաղմ. 14:15), այդ ժամանակ ամբողջ ժողովրդի առաջ էլ [կարող] է մատուցել՝ ըստ Դավթի. «Աղոթքներս Տիրոջը կմատուցեմ ամբողջ ժողովրդի առաջ» (Սաղմ. 115:14), և Տերն էլ [ասում է]. «Ճրագը չեն վառում ու դնում ամանի տակ, այլ աշտանակի վրա.... որպեսզի ձեր լույսն էլ լուսավորի մարդկանց առաջ, և տեսնեն ձեր բարի գործերը», այսինքն՝ [այստեղ]՝ աղոթքը, «և փառավորեն ձեր Հորը, Ով երկնքում է» (Մատթ. 5:15-16)

   «Սենյակ» է կոչում նաև մտքի ներքին աչքը, որի մեջ մտնել և աղոթել է հրամայում, և «փակել դռները»՝ զգայարանները, քանի որ ինչ-որ առումով մտքի դռներ են, ինչպես [Սուրբ] Գիրքն է ասում. «Մահը պատուհանով մտավ»: Որովհետև ինչպես որ քաղաքի դռնով զանազան մարդիկ են մտնում, և բոլորն առանց [իրար հետ] խառնվելու պարիսպներից ներս են գտնվում, այդպես էլ տեսակ-տեսակ գույներ, ձայներ, համեր ու հոտեր մարդկանց զգայարաններով ներթափանցում են միտքը և առանց շփոթության պահվում [այնտեղ]: Ուստի [Տերը] սրանք «դռներ» է կոչում, որոնք հրամայում է փակել աղոթքի ժամանակ, որպեսզի նենգավոր ոչ ոք չմտնի, քաղաքը չավերի և արքունական գանձարանը չկողոպտի, և մարմնական ցանկությունները զսպել, միայն առ Աստված ուղղվել և ոչ թե մարմնի կերպարանքով ու բարձր ձայնով բեկբեկել, այլ հանդարտ ու մեղմ խոսքով զրուցել Աստծո հետ: Ինչպես որ իշխանի հրապարակում, եթե մեկն անպատշաճ ձայնով աղմուկ բարձրացնի, իշխանին կխրտնեցնի, և նրա պաղատանքը լսելի չի լինի, իսկ եթե ավելի մեղմ ու աղաչող ձայնով խոսի, նրան կհամոզի և նրա ականջը դեպի իր աղաչանքը կխոնարհեցնի, [նույնը կլինի] նաև քեզ, եթե այսպես վարվես: Ինչպես որ Աստված է աներևույթ, այդպիսին էլ կամենում է, որ քո աղոթքը լինի՝ ըստ այսմ. «Հոգի է Աստված, և Նրան երկրպագողները հոգով ու ճշմարտությամբ պիտի երկրպագեն» (Հովհ. 4:24):

   Այլև՝ եթե սենյակ հասկանաս երկինքն ու դրախտը, որից վայր ընկար 1 26, այնտե՛ղ է թելադրում մտնել մտքով և աղոթել: Թեկուզ երկրի վրա ես մարմնով, սակայն թեթևացած մտքով այնտե՛ղ բարձրացիր, ինչպես այն անառակ որդին, որ ասաց. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ» (Ղուկ. 15:18): Եվ Ծածկագետը, տեսնելով մարդկանց համար անտեսանելի քո մտավոր աղոթքը, ինչպես Մովսեսի անմռունչ ձայնը և Եղիայի ու Աննայի սակավաթիվ խոսքերը (Ելք 4:10, Գ Թագ. 17-19, 21, Դ Թագ. 1, Ա Թագ. 1), քեզ նույնպես ընդառաջ կելնի՝ ի տես ամենքի հայտնապես հատուցելով քո աղոթքների պտուղը՝ ասելով. «Ինչո՞ւ ես գոչում դեպի Ինձ» (Ելք 14:15), և խնդրանքդ կկատարի:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս:
   
   «Այլ դու, երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածուկ աղոթի՛ր քո Հորը»:
Սենյակը և դուռը տեսանելի շինություններին չի ասում, քանի որ կան այնպիսի մարդիկ, ովքեր չունեն այդպիսի սենյակներ: Այլ սենյակ ասաց հոգու միավորմանը և աշխարհական գործերից հրաժարմանը: Այդպիսի սենյակ է հրամայում մտնել և մեկուսանալ աշխարհի զբաղմունքներից և փակել դռները՝ մարմնական զգայությունները՝ տեսանելիքն ու լսելիքը, որպեսզի տեսանելիքներով չցանկանանք մարմնական ախտերին, իսկ լսելիքով, որը նույնպես հրամայում է փակել, որպեսզի չլսենք շաղակրատանք կամ այլ չարախոսություններ: Իսկ երբ այսպես անեք և ամբողջ սրտով աղոթեք ամենքի Տիրոջը, Նա էլ, տեսնելով այդպիսի աղոթքն ու պաղատանքը, մեկուսացած և սրբված աշխարհի մեղքերի բոլոր ախտերից, կհատուցի հայտնապես հանդերձյալ աշխարհում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:1