Ա. Լոպուխին
7-8. «Որովհետև նրա արյունն իր մեջ է. նա մերկ ապառաժի վրա է թողել այն, գետնի վրա չի թափել այն, որտեղ այն կարող էր ծածկվել հողով»։ [7] «Որպեսզի զայրույթ բորբոքվի՝ վրեժն առնելու համար, Ես նրա արյունը թողեցի մերկ ապառաժի վրա, որպեսզի այն չծածկվի»։ (Սինոդական թարգ․)
Սա 22:2-րդ համարին արված լրացում է, որն ավելի է զորեղացնում այնտեղ արտահայտված միտքը։ Մարգարեն Աստծո կողմից իրեն տրված հոգևոր սրատեսության միջոցով ներթափանցում է արյունահեղության խորհրդավոր էության խորքերը՝ այն բացահայտելով որպես մեղք։ Չնայած որ այս հատվածը կարելի է բացատրել նաև այնպես, որ երուսաղեմացիների կողմից արյուն հեղվեց չափազանց պարզ ձևով, լկտիաբար և անամոթաբար՝ առանց այն բնական «գաղտնապահության», որը պետք է որ հատուկ լիներ նմանատիպ ստվերային գործողությունների կատարման ժամանակ և որը կարող էր, եթե ոչ թաքցնել, ապա գոնե մասամբ ծածկել մեղքը Տիրոջ աչքերից, սակայն սույն հատվածի ուղղակի միտքն (ինչքան էլ որ այն բոլորովին անբացատրելի և անհասկանալի է մեզ համար) այն է, որ երկիրը, իր մեջ ներծծելով թափված արյունը, ինչ-որ կերպ ծածկում է հանցագործությունը (համեմատությամբ դիտարկի՛ր զոհաբերության ժամանակ գետնին թափվող արյան դրվագները Բ Օրինաց 12։16-րդ և Ղևտացվող 17։13-րդ համարներում։ Յոթանասնից թարգմանության մեջ 7-րդ համարում նույնպես գործածված է 1-ին դեմքը. ոչ թե՝ «նա», այլ՝ «Ես», այսինքն՝ Աստված:
«Մերկ ապառաժի վրա» արտահայտությունը դիտվում է որպես մարգարեություն Գողգոթայի մասին։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) որովհետեւ նրա արիւնը դեռ նրա մէջ է: Սալաքարի վրայ եմ դրել այն, այլ ոչ թէ գետին թափել՝ հողով ծածկելու համար,
(Արարատ թարգ․) Որովհետև նրա թափած արյունն իր մեջ է. չոր ապառաժի վրա է դրել այն, գետնի վրա չի թափել այն, որ հողով ծածկի։
(Գրաբար) զի արիւն նորա 'ի միջի նորա է. 'ի սալաքարի՛ վերայ եդի զնա, և ո՛չ հեղի զնա յերկիր ծածկել զնա հողով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: