Եզեկիելի մարգարեության մեկնություն 34։3

Ա. Լոպուխին

«Դուք կերաք ճարպը և բուրդը հագաք, պարարտ ոչխարներին մորթեցիք, բայց հոտը չարածեցրիք»։ [3] (Սինոդական թարգ․)
   

   «Ճարպը» - Յոթանասնից թարգմանությունը «գալավ» բառը տարընթերցում է «գելեվ» բառով, որ նշանակում է «կաթ», ինչն այս պարագայում ավելի տեղին կլիներ, քանի որ «ճարպ»-ի մասին (ի դեպ, բոլոր անասունները չէ, որ ճարպ ունեին) առավել մանրամասնորեն խոսվում է հաջորդիվ (ինչպես նաև՝ Զաք․ 11:16-րդ համարում):
   «Եվ բուրդը հագաք» - ասել է թե՝ «ձեր պահանջները հոգում եք հոտի հաշվին՝ նրանից ուտելիք (ըստ Յոթանասնից թարգմանության՝ «կաթ») և հագուստ ստանալով, սակայն նույն այդ հոտի նկատմամբ ձեր ունեցած պարտականությունները չեք կատարում»։
   «Պարարտ ոչխարներին մորթեցիք» - նույնն է թե՝ «ձեր օրինական իրավունքներով չբավարարվելով (միայն կաթից և բրդից օգտվելը)՝ դուք ոչնչի առաջ կանգ չեք առնում հանուն ձեր սեփական շահերի, այդ թվում՝ սպանություն եք գործում» (գուցե խոսքը հարուստների ունեցվածքի բռնագրավման նպատակով նրանց մահապատժի ենթարկելու մասի՞ն է):
«Հոտը չարածեցրիք» - այս միտքը բացատրվում է հաջորդ համարում։

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ահա կաթը խմում էք, բուրդը հագնում, պարարտներին մորթում: Բայց իմ հօտերը չէք արածացնում.
(Արարատ թարգ․) Յուղն ուտում եք, բուրդը հագնում եք և պարարտին մորթում եք, իսկ հոտը չեք արածեցնում։
(Գրաբար) Արդ՝ աւասիկ զկաթնդ ուտէք, և զասրդ ագանիք. զպարարտսն զենուք. և զխաշն իմ ո՛չ արածէք: