Ա. Լոպուխին
7-9․ «Եվ ինձ տարավ գավթի մուտքի մոտ, և ես նայեցի, և ահա մի ծակ կար պատի վրա»։ [7] «Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, փորի՛ր պատը». և ես փորեցի պատը, և ահա մի դուռ կար»»։ «Եվ ասաց ինձ. «Մտի՛ր և տե՛ս այդ գարշելի պղծություններին, որ նրանք անում են այստեղ»»։ (Սինոդական թարգ․)
«Եվ ինձ տարավ» - Ենթական միտումնավոր բաց է թողնված, ինչպես 2:1-ին համարում (տե՛ս այդ համարը) և սույն գլխի 3-րդ, 5-րդ, 6-րդ համարներում (հմմտ․ 9:4-րդ համարի բացատրությունը)։
«Գավթի մուտքի մոտ» - այսինքն՝ առհասարակ դեպի գավիթ, դեպի տաճարի գավիթ, բայց կա՛մ քաղաքից՝ հրապարակից, կա՛մ ներքին գավթից դեպի արտաքինը՝ ներքին հյուսիսային դարպասի միջով, միայն այն ուղով, որով մարգարեն տարվել է. այն ժամանակաշրջանը։ Առաջին դեպքում ստորև նշված պատը եղել է տաճարի արտաքին պատը, երկրորդ պարագայում՝ ներքին գավթի միջնապատը։ Այս պատի մեջ մարգարեն տեսնում է մի ծակ և, ինչպես երևում է հաջորդող նկարագրությունից, դա ոչ թե մի պատահական և մի փոքրիկ փոս կամ ճեղք էր, այլ այնպիսի մեծ փոս, որ թեթևակիորեն ընդարձակելով այն՝ մարդ կարող էր մտնել դրա մեջ (կռացած վիճակով) և պատի խորին անկյուններում հասնել մի գաղտնի դռան: Մարգարեն, հավանաբար, կկարողանար անցնել անցքի միջով (եթե նույնիսկ այդ անցքն իր սկբնական վիճակում գտնվեր՝ առանց այն լայնացնելու) և հասնել գաղտնի դռանն ու դրա միջով մուտք գործել սենյակ, ինչպես որ, ըստ երևույթին, սենյակ էին մտնում այն մարդիկ, որոնք գտնվում էին այնտեղ։ Սակայն Աստված մարգարեին հրամայում է ընդլայնել պատի խորշը՝ քանդելով դրա մեջ գտնվող աղյուսի մի մասը («փորի՛ր պատը»)՝ բացահայտելու համար թաքնված դուռը և դրանով իսկ ջրի երես հանելու համար սենյակ մտնողների գաղտնիքը: Այն սենյակը, դեպի ուր տանում էր այս դուռը, ակնհայտորեն գտնվում էր տաճարի պատի մեջ՝ տեղ զբաղեցնելով թերևս միայն դրա հաստության մեջ։ Եվ քանի որ մարգարեն կանգնած էր տաճարի դարպասներից մեկի մոտ, ապա այս նկարագրության մեջ մարգարեի մտքի առջև, հավանաբար, ներկայանում էր մեկն այն մի ամբողջ շարք կազմող սենյակներից, որոնք գտնվում էին տաճարի դարպասներից յուրաքանչյուրի հսկայական կառույցների մեջ և ծայրահեղ դեպքում Եզեկիելի տաճարում՝ աչքի ընկնելով իրենց զգալիորեն մեծ չափերով (Եզեկ․ 40:44)։ Սենյակն իր կառուցվածքով (գաղտնի մուտքով) արդեն իսկ մատնացույց էր անում իր գործածության նպատակը՝ ծառայել ինչ-որ խորհրդավոր կրոնական հավաքների, որոնք պետք էր ջանասիրաբար (գաղտնիքները նախանձախնդրորեն պահպանելու համար կամ էլ կատարվող ծիսակատարությունների ակնհայտ անմտության պատճառով առաջացող ակամա ամոթից ելնելով) թաքցնել ամենքից, այսինքն՝ այդ սենյակներն ակնհայտորեն ծառայել են ինչ-որ առեղծվածների համար (Բերթոլետ):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Եւ ինձ տարաւ գաւթի դռների առաջ. ահա պատի մէջ մի ծակ տեսայ:
(Արարատ թարգ․) Եվ ինձ տարավ գավթի դարպասը, և ես նայեցի. ահա մի ծակ կար պատի վրա։
(Գրաբար) Եւ եմո՛յծ զիս առաջի դրաց սրահին. և տեսի և ահա ծա՛կ մի յորմն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: