Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը:
Ես եմ, որ հաստատեցի լույսը ու ստեղծեցի խավարը։
Այսպես է ասում, քանի որ լուսատուների մայր մտնելիս խավար է լինում, և խավարը լույսի պակասությունից է: Արդ, լուսատուների շարժը Նա հաստատեց, ըստ այն խոսքի. «Ես եմ հրաման տալիս բոլոր աստղերին» (45։12): Դարձյալ, Եգիպտոսում եղած հրաշագործությունները՝ իսրայելացիների լույսն ու եգիպտացիների խավարը Նա հաստատեց (Ելք 10): Նույնպես և մեր Տիրոջ խաչելության ժամանակ խավարեցրեց ու լուսավորեց արեգակը, քանզի նրանց Արարիչն է: Դարձյալ, լույսը Իսրայելի ազատությունն է, իսկ խավարը՝ բաբելացիների գերությունը, լույսը Զորաբաբելով եղած փրկությունն է, իսկ խավարը՝ Գոգի կորուստը: Նույնը իմացիր նաև Եզեկիայի ու Հռափսակի, Հեսուի ու քանանացիների պարագաներում:
Ես եմ, որ խաղաղություն եմ անում ու հաստատում չարը։
Սա ասում է, քանի որ խաղաղություն հաստատողն Ինքն է, և ոչ որևէ մի մարդ։Նա Ինքն է Արարիչն ու Տերը,և ոչ թե այլ մեկը, քանզի Ինքն է տանում գերության և Ինքն է ազատում, երբ որ կամենում է, կամ մեկին ազատում է, իսկ մյուսին՝ չարչարում, ինչպես ասվեց լույսի ու խավարի վերաբերյալ: Սակայն Աստված բնությամբ չար բան չի ստեղծել և չար բան չի անում, այլ Աստծուց առաջացած բաները բարի են, ըստ այն խոսքի, թե՝ «Աստված տեսավ, թե ահա շատ բարի են» (Ծննդ. 1։25): Բայց բոլորին պատուհասելը, որ Աստված անում է և որի օրինակ է մեղքի համար պատուհասելը, ասենք, հիվանդության միջոցով, կամ մահվամբ վրեժխնդիր լինելը, կամ էլ մնացյալ բաները, դրանք չար է անվանում: Սակայն սրանք ոչ թե չար են, այլ՝ Աստծո արդար հատուցումը կամ ուղղադատ խրատը։ Եվ ինչպես հայրն է խրատում խռովարար մանկանը և նրան ճիշտ ճանապարհի վրա է դնում, այդպես էլ կամենում է անել Աստված: Այլև գիտելի է, որ Կյուրոսը օծյալ կոչվեց հոմանունը լինելով ճշմարիտ օծյալ Քրիստոսի, քանի որ բազում հարցերում համեմատվում է Նրա հետ: Եվ դա Աստծո մարդասիրությունից է, որ ոչ միայն այլազգիներին, այլև ժամանակի ընթացքում նաև անսուրբ կենդանիներին է Իր նման [սուրբ] դարձնում. առյուծին, ընձառյուծին կամ արջին (հմմտ.Եսայի 31։4, 11։6,7): Արդ, նախ Կյուրոսն է օծյալ կոչվում, իսկ մեր Տերն իսկապես «Օծյալ է Դավթի քաղաքում» (Ղուկ. 2։11), ինչպես ասում է հրեշտակը:
Երկրորդ՝ «ավարառու» է կոչվում, և մի թարգմանության մեջ ասվում է. «Եվ մեր Տերը ավար վերցրեց ու պարգևներ բաշխեց»:
Երրորդ՝ «հովիվ» է կոչվում, որովհետև բարությամբ առաջնորդեց, և մեր Տերը՝ «քաջ հովիվ» (Հովհ. 10։14):
Չորրորդ՝ Կյուրոսը կատարեց Աստծո կամքը, նաև մեր Տերը կատարեց Իր առաքիչ Հոր կամքը:
Հինգերոդ՝ Կյուրոսը խորտակեց քաղդեացիների բռնավորին, և մեր Տերը՝ հոգեղեն քաղդեացիների [բռնավորին], որ հզորացել էր խառնակություններով լեցուն տան մեջ:
Վեցերորդ՝ Կյուրոսը [տեղահան արեց] պողպատի դռներն ու աներևույթ գանձեր հանեց, իսկ մեր Տերը, խորտակելով դխոխքի դռները, հանեց հոգիների գանձերը, քանզի [դրանք] Աստծո պատկերն ունեն:
Յոթերորդ՝ ինչպեսԿյուրոսն արդարությամբ թագավորեց, այդպես էլ մեր Տերը թագավորեց արդարությամբ, և ոչ թե բռնությամբ, բայց չնայած դրան ազգերը հոժարությամբ են հնազանդվում Նրան:
Ութերորդ՝ Կյուրոսը տաճարը կառուցեց, իսկ մեր Տերը վերականգնեց Դավթի խորտակված հարկը (հմմտ. Գործք 15։16), որ նոր Եկեղեցին է:
Իններորդ՝ նա ազատեց գերյալներին, իսկ մեր Տերը՝ հեթանոսներին՝ կուռքերից:
Տասներորդ՝ նա նվերներ ընծայեց, իսկ մեր Տերը՝ Իր մարմինը: Կան ուրիշ համեմատություններ ևս, եթե մեկը փափագում է լսել՝ դրանք հետևյալներն են. Կյուրոսը հեզ էր, խաղաղարար, անկաշառ և այլն՝ ի փառս Քրիստոս Աստծո:
Ա. Լոպուխին
«Ես եմ կազմում լույսը և ստեղծում խավարը, խաղաղություն եմ հաստատում ու աղետներ եմ առաջ բերում. Ես՝ Տերս եմ անում եմ այս ամենը»: [7] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 45:6
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը:
(Արարատ թարգ․) Ես եմ կազմում լույսը և ստեղծում խավարը, բերում եմ բարօրությունը և ստեղծում դժբախտությունը. ես եմ Տերը, որ անում է այս բոլորը։
(Գրաբար) Ես եմ որ հաստատեցի զլոյս` եւ արարի զխաւար. ես եմ որ առնեմ զխաղաղութիւն` եւ հաստատեմ զչար: ես եմ Տէր Աստուած` որ առնեմ զայս ամենայն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: