Ա․ Լոպուխին
2-4. Որքան ժամանակ, Տե՛ր, ես պիտի կանչեմ, եւ Դու չլսես, պիտի աղաղակեմ Քեզ բռնությունների մասին և դուք չփրկես: [2] Ինչո՞ւ ես ինձ անօրինություն տեսնել և աղետի նայել թույլ տալիս: Կողոպուտը և բռնությունը իմ առաջ են, և թշնամությունը ոտքի է ելնում, և հակառակությունը բարձրանում: Եվ դրանից օրենքը կորցրել է իր ուժը, և ուղիղ դատաստան չկա, այնպես որ ամբարիշտները հաղթում են արդարներին, ուստի սխալ դատաստան է լինում: (Սինոդական թարգ․)
Այստեղ պատկերված մարգարեի բողոքները, որոնք ուղղված են ուխտի Աստծուն, որոշ հրեա մեկնաբանների, ինչպես նաև Հերոնիմոսի և որոշ նոր մեկնաբանների (Ֆիլիպսոն, Մաուրեր, Ռոսենմյուլլեր, Էվալդ և այլն) կարծիքով առաջացել են սպասվող կամ արդեն փաստացի տեղի ունեցող Հուդայի վրա բաբելոնացիների կամ քաղդեացիների հարձակումների պատճառով: «Մարգարեն,− ասում է Հերոնիմոսը,− Աստծու դեմ այն բանի համար է աղաղակում, թե Նաբուգոդոնոսորը ինչո՞ւ պետք է կործանի տաճարը և Հուդան, ինչո՞ւ Երուսաղեմը պիտի կործանման մատնվի, չնայած որ այն Աստծու քաղաքն է: Ինչո՞ւ է մարգարեն կանչում, բայց Աստված չի լսում նրան: Նա, քաղդեացիների կողմից ճնշված, աղաղակում է Տիրոջը, բայց փրկություն չի ստանում» (Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր... Կիև, 1898. էջ 133): «Ամբարիշտ Նաբուգոդոնոսոր արքան կհաղթի արդար Հուդային (Դ Թագ. 24), և առաքինի Օզիա թագավորը կսպանվի Եգիպտական փարավոնի կողմից (Դ Թագ. 23), իսկ Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան ստրկության մեջ կլինեն (Դան․ 3), և [բոլորի վրա] կիշխի բաբելոնի տիրակալը (տե՛ս նույն տեղում, էջ 135): Այսպիսի ընկալման օգտին, դրա նոր կողմնակիցները նշում են, որ 2−րդ և 3−րդ համարներում հանդիպող «համաս՝ хамас՝ բռնություն», և «ամալ՝ амал՝ ճնշում» բառերը, հանդիպում են նաև 9−րդ և 13−րդ համարներում, որտեղ դրանք անվիճելիորեն մատնանշում են քաղդեացիների բռնի գործողությունները: Սակայն, բացի այդ բառերից, քննարկվող հատվածի 3−րդ համարում մարգարեի կողմից օգտագործվում են «րիվ՝ рив՝ դատ, վեճ», և «մադօն՝ мадон՝ կռիվ, երկպառակություն» բառերը: Բացի դրանից՝ 4−րդ համարում ասվում է, որ օրենքը կորցրել է իր ուժը («Թորա՝ тора»−ն, ակնհայտորեն, Մովսեսի օրենքն է), որ ճշմարտությունը չի հաղթում, և որ սխալ դատ է արվում: Առանց որևէ կասկածի՝ այս բոլոր հատկանիշները կիրառելի են միայն հրեա ժողովրդի՝ որպես դրական−բարոյական օրենքի՝ թորայի ստացող ժողովրդի ներքին կյանքի համար, որը, ընդ որում, մեղք է գործել վերջինից հաճախակի շեղումների հետևանքով. և, ընդհակառակը, բոլորովին կիրառելի չէ քաղդեացիների համար, քանզի սա մի ժողովուրդ է, որը չի ճանաչում որևէ այլ օրենք, բացի սեփական կամքը (համար 7) և դրանով աստվածացված սեփական ուժը (համար 11 և 16): Միևնույն ժամանակ, եթե համաձայնենք էլ մեր կողմից հերքված 2−4 համարների մեկնաբանության հետ, ապա հաջորդող 5−10 համարների՝ քաղդեացիների ներխուժման մասին հայտարարությունը, որպես բոլորովին նոր և անհավատալի իրադարձություն, և դրա մանրամասն նկարագրությունը իմաստ չի ունենա և ամբողջությամբ անհասկանալի կմնա: Ընդհակառակը, 2−4 համարների՝ որպես մարգարեին ժամանակակից հրեաների կյանքի կրոնական, բարոյական և իրավական կողմերի ներքին դասավորման վերաբերյալ բացատրության պարագայում՝ ամբողջությամբ հասկանալի է դառնում, առաջին հերթին, այս հատվածի կապը հաջորդող 5−10 համարների հետ: Դա պատճառի և հետևանքի, այսինքն՝ հանցանքի և պատժի կապն է: Մասնավորապես, հրեաների հանցանքների և քաղդեացիների գործողությունների պատկերների համար նշված («համաս՝ хамас», «ամալ՝ амал») միանման անվանումների կիրառումը խորապես հիմնված է Աստվածային պատիժ և մեղք համապատասխանության գաղափարի վրա՝ ըստ Իմաստունի խոսքերի. «Ինչով որ մեղանչում է մարդը, նույն բանով էլ պիտի պատժվի» (Իմաստ. 11:17)։ Հրեաների մեղքը ճնշումների, տարբեր ձևերով օրենքի ոտնահարման մեջ էր (2−4 համարներ), ուստի նույնատիպ էլ, քաղդեացիների ներխուժման և բռնության տեսքով, Աստծո պատիժն է (5−11 համարներ)։ Նույն կերպ էլ, Աստծո ժողովրդի անօրեն ճնշման համար (12 համար և այլն), այս վերջիններիս է, ըստ Աստծո վճռի, նույնպիսի աղետալի ճակատագիր սպասվում (գլուխ 2) (տե՛ս պրոֆ. Գոլուբեև, Ամբակում մարգարեի գիրքը, էջ 699−701): Այսպիսով՝ Ամբակում մարգարեն 2−4 համարներում Միքիա մարգարեի նմանողությամբ (գլուխ 7) իր խոր ցավն է արտահայտում իր ժողովրդի հասարակական կյանքում գերիշխող անօրինության համար: Որպես աստվածապետական հասարակության խորապես հավատացող անդամ և, ավելին, որպես աստվածապետության Աստվածադիր պահապան ( Ամբակում. 2:1)՝ մարգարեն «թմրած» («տաֆուգ՝ тафуг») օրենքի և Աստծո ոտնահարված ճշմարտության (համար 4) համար է սրբազան նախանձախնդրությամբ և համարձակ աղոթքով (սաղմոսերգուի նման, ինչպես, օրինակ, Սաղմ. 21:2, 137:15 և այլն) աղաղակում Տիրոջն իր հայրենակիցների, Աստվածային օրենքին չհամապատասխանող, կյանքում երկար սպասված աստվածային միջամտության համար: Իհարկե, մարգարեն դժգոհ է կյանքի ընդհանուր ուղղությունից և ոչ թե առանձին բացասական երևույթներից կամ էլ իրեն անձնապես ճնշողներից:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, աղօթեմ, բայց դու չլսես, զրկուած՝ ձայն տամ քեզ, եւ դու չփրկես:
(Արարատ թարգ․) Ո՛վ Տեր, մինչև ե՞րբ պիտի աղաղակեմ, և դու չպիտի լսես, աղաղակեմ բռնության մասին, բայց դու չպիտի ազատես։
(Գրաբար) Մինչեւ յե՞րբ, Տէր, աղաղակիցեմ, եւ ոչ լուիցես. գոչիցեմ առ քեզ զրկեալ, եւ ոչ փրկիցես։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: