Ամբակումի մարգարեության մեկնություն 1։2

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

2-4. Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի աղաղակեմ, և Դու չլսես, բողոքեմ Քեզ բռնության համար, և Դու չփրկես: [2] Ինչո՞ւ ես թույլ տալիս, որ չարիք տեսնեմ և նայեմ թշվառությանը։ Իմ առջև կողոպուտ և բռնություն է, թշնամությունը ոտքի է ելնում, և խռովություն է բարձրանում։ Դրա պատճառով օրենքը կորցրել է իր ուժը, և արդար դատաստան չկա, քանի որ անօրենը հաղթում է արդարին, ուստի սխալ դատաստան է լինում: (Սինոդական թարգ․)
   
    Այստեղ պատկերված մարգարեի գանգատները, որոնք ուղղված են ուխտի Աստծուն, ըստ որոշ հրեա մեկնիչների, ինչպես նաև երանելի Հերոնիմոսի և մի շարք նոր մեկնիչների (Ֆիլիպսոն, Մաուրեր, Ռոզենմյուլլեր, Էվալդ և այլն), պայմանավորված էին Հուդայում բաբելոնացիների կամ քաղդեացիների կողմից սպասվող կամ արդեն փաստացի տեղի ունեցող բռնություններով: «Մարգարեն,− ասում է  Հերոնիմոսը,− աղաղակում է առ Աստված այն մասին, թե ինչո՞ւ պիտի Նաբուգոդոնոսորը կործանի տաճարը և Հուդան,  ինչո՞ւ պիտի Երուսաղեմը ենթարկվի ավերածության, թեև այն Աստծու քաղաքն է: Ինչո՞ւ է մարգարեն կանչում, բայց Աստված չի լսում նրան: Նա, քաղդեացիների կողմից ճնշված, աղաղակում է Տիրոջը, բայց փրկություն չի ստանում» («Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր», Կիև, 1898. էջ 133): «Անօրեն Նաբուգոդոնոսոր թագավորը հաղթանակ տարավ արդար Հուդայի հանդեպ (Դ Թագ. 24:1), արդար Հովսիա թագավորը կսպանվի Եգիպտոսի թագավորի կողմից (Դ Թագ. 23:29), Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան կհայտնվեն գերության մեջ (Դան. 3), իսկ Բաբելոնի իշխանը տիրակալ կդառնա» (էջ 135): Այսպիսի ընկալման օգտին  դրա նոր կողմնակիցները մատնանշում են, որ 2−րդ և 3−րդ համարներում հանդիպող «համաս»՝ բռնություն, և «ամալ»՝ ճնշում բառերը, գործածվում են նաև 9−րդ և 13−րդ համարներում, որտեղ դրանք անվիճելիորեն մատնանշում են քաղդեացիների բռնի գործողությունները: Սակայն, բացի այդ բառերից, քննարկվող հատվածի 3−րդ համարում մարգարեի կողմից գործածվում են «րիվ»՝ դատ, վեճ, և «մադոն»՝  կռիվ, երկպառակություն բառերը: Նաև՝ 4−րդ համարում ասվում է, որ Թորան՝ Օրենքը, կորցրել է իր ուժը («Թորա»−ն, ակնհայտորեն, Մովսեսի Օրենքն է), որ ճշմարտությունը չի հաղթում, և որ սխալ դատաստան է արվում: Անկասկած, այս բոլոր հատկանիշները կիրառելի են միայն Հուդայի ժողովրդի՝ որպես դրական−բարոյական օրենքը (Թորան) ստացած ժողովրդի ներքին կյանքի համար, որը, ընդ որում, մեղանչում էր վերջինից հաճախակի շեղումների հետևանքով: Եվ հակառակը, դրանք բոլորովին կիրառելի չեն քաղդեացիների համար, որովհետև սա մի ժողովուրդ է, որը չէր ճանաչում որևէ այլ օրենք, բացի իր կողմից աստվածացրած սեփական կամքից (7-րդ համար) և ուժից (11 և 16-րդ համարներ): Միևնույն ժամանակ, եթե նույնիսկ համաձայնենք մեր կողմից հերքվող 2−4-րդ  համարների այդ մեկնությանը, ապա հաջորդող 5−10-րդ համարների հայտարարությունը քաղդեացիների ներխուժման մասին՝ որպես միանգամայն նոր և անհավատալի իրադարձության, ինչպես և դրա մանրամասն նկարագրությունը, կկորցնի իր իմաստը և լիովին անհասկանալի կմնա: Ընդհակառակը, երբ 2−4-րդ համարները բացատրում ենք որպես մարգարեի ժամանակակից հրեաների կյանքի կրոնա-բարոյական և իրավական կողմերի ներքին քայքայում, միանգամայն հասկանալի է դառնում այս հատվածի ընդհանուր կապը հաջորդող՝ 5−11-րդ համարների հետ: Դա պատճառի և հետևանքի, այսինքն՝ հանցանքի և պատժի կապն է: Մասնավորապես, հրեաների հանցանքների և քաղդեացիների գործողությունների պատկերների համար նշված (համաս, ամալ) միանման անվանումների կիրառումը խորապես հիմնված է աստվածային հատուցման և այն հարուցած մեղքի համապատասխանության գաղափարի վրա՝ ըստ Իմաստունի խոսքի. «Ինչով որ մեղանչում է մարդը, նույն բանով էլ պիտի պատժվի» (Իմաստ. 11:17)։ Հրեաների մեղքը ճնշումների և օրենքի ոտնահարման տարբեր ձևերի մեջ էր (2−4-րդ համարներ), ուստի նույնատիպ էլ՝ քաղդեացիների ներխուժման և բռնության տեսքով, Աստծու պատիժն է (5−11-րդ համարներ)։ Նույն կերպ էլ, Աստծու ժողովրդի նկատմամբ անօրեն բռնությունների համար (12-րդ համար և այլն), այս վերջիններիս՝ քաղդեացիներին, Աստծու դատաստանով նույնպիսի աղետալի ճակատագիր սպասվում (գլուխ 2) (տե՛ս պրոֆ. Գոլուբեև. «Ամբակում մարգարեի գիրքը», էջ. 699−701): Այսպիսով, Ամբակում մարգարեն 2−4-րդ համարներում Միքիա մարգարեի նմանողությամբ (գլուխ 7)  խոր  ցավ է արտահայտում իր ժողովրդի հասարակական կյանքում գերիշխող անօրենության համար: Որպես աստվածապետական հասարակության խոր հավատացյալ անդամ, ավելին՝ որպես աստվածապետության աստվածադիր  պահապան ( Ամբ. 2:1)՝ մարգարեն «թմրած» (եբր.՝ pug) օրենքի և Աստծու ոտնահարված ճշմարտության համար (4-րդ համար)  սրբազան նախանձախնդրությամբ և համարձակ աղոթքով (սաղմոսերգուի նման, ինչպես, օրինակ, Սաղմ. 21:2, 85:2 և այլն) աղաղակում է Տիրոջը՝ իր հայրենակիցների կյանքում երկար սպասված աստվածային միջամտության համար, որը չի համապատասխանում աստվածային օրենքին: Մարգարեն, իհարկե, բողոքում է կյանքի ընդհանուր ուղղության և ոչ թե առանձին անօրենների կամ էլ իրեն անձնապես ճնշողների դեմ:

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, աղօթեմ, բայց դու չլսես, զրկուած՝ ձայն տամ քեզ, եւ դու չփրկես:
(Արարատ թարգ․) Ո՛վ Տեր, մինչև ե՞րբ պիտի աղաղակեմ, և դու չպիտի լսես, աղաղակեմ բռնության մասին, բայց դու չպիտի ազատես։
(Գրաբար) Մինչեւ յե՞րբ, Տէր, աղաղակիցեմ, եւ ոչ լուիցես. գոչիցեմ առ քեզ զրկեալ, եւ ոչ փրկիցես։