Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 12:20

Մաղաքիա արք. Օրմանյան

20-22. Այնտեղ կային նաեւ որոշ թուով հեթանոսներ՝ նրանց մէջ, որ Երուսաղէմ էին եկել, որպէսզի տօնի ժամանակ երկրպագութիւն անեն: Նրանք մօտեցան Փիլիպպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. աղաչում էին նրան ու ասում. «Տէ՛ր, ուզում ենք Յիսուսին տեսնել»: Փիլիպպոսը եկաւ եւ Անդրէասին ասաց: Անդրէասը եւ Փիլիպպոսն էլ Յիսուսին ասացին:
   
    Հովհաննեսը հիշատակում է միջանկյալ մի դեպք, որը թեպետ պատահական է թվում, բայց խորհրդավոր նշանակություն ունի։ Տաճարում հավաքվածների մեջ էին նաև Զատիկի առիթով հրեական Աստծուն ուխտ անելու և Աստծո տաճարին երկրպագելու համար Երուսաղեմ եկած հեթանոսներ։ Նրանք էլ էին տարվել և հիացել Հիսուսի այդ օրվա արածներով և ասածներով, այնպես որ ցանկացան մոտենալ հրաշագործ մարգարեին և անզուգական վարդապետին իրենց վերաբերող խրատներ լսելու, և օգտվելու նրա չնաշխարիկ կարողությունից։ Բայց նրանք տաճարի արտաքին գավիթից, որ Հեթանոս Գավիթ է կոչվում, ներս անցնելու իրավունք չունեին, այնինչ Հիսուս խոսում էր տաճարի ներքին գավթում, ուստի պետք էր լուր տալ, որ իրենց մոտ էլ գա։ Այդ առաջարկը Հիսուսին հասցնելու համար դիմում են Տասներկուսից մեկին, Բեթսայիդացի Փիլիպպոսին, աղաչելով. «Տէ՛ր, կամիմք զՅիսուս տեսանել, աղաչում ենք, տեր, մենք էլ ենք փափագում քո Վարդապետին մոտենալ, ասածները լսել, աղոթքը վայելել, մեր կողմից խոսիր նրա հետ, մեզ մոտ էլ գա»։ Փիլիպպոսը, չհամարձակվելով մենակ նման խնդրանքով Հիսուսին դիմել, որոշեց նախապես այն հաղորդել Հիսուսին ավելի մոտ և նրա մտադրություններին ավելի տեղյակ իր ընկերոջը՝ համաքաղաքացի Անդրեասին։ Խորհրդակցելուց հետո երկուսով ներկայանում են Հիսուսին և հայտնում հեթանոս ուխտավորների խնդրանքը, թե դրսում հեթանոս ուխտավորներից ոմանք խնդրում են, որ տեսնեն Քեզ և իրենց հետ խոսես։ Ավետարանի պատմածը այսքան է, բայց, քանի որ այս միջադեպի առիթով բազմադիմի պատմական հարցեր են ծագել, մենք նույնպես հարկ ենք համարում համառոտակի անդրադառնալ դրանց։
    Հարց է,թե ե՞րբ տեղի ունեցավ այդ միջադեպը։ Հովհաննեսն է միայն հիշատակում այն՝ անմիջապես Հիսուսի Երուսաղեմ հանդիսավոր մուտքից հետո, որ կիրակի տեղի ունեցավ, և աշակերտների ոտքերը լվալուց անմիջապես առաջ, որ հինգշաբթի երեկոյան կատարվեց և լրացուցիչ ժամանակագրական մանրամասներ չի ավելացնում։ Այդ պատճառով Ավետարանի մեկնիչներից ոմանք համարում են, որ հեթանոսների հետ կապված միջադեպը տեղի է ունեցել կիրակի, ոմանք էլ՝ երկուշաբթի, ոմանք էլ՝ երեքշաբթի երեկոյան։ Մենք հակված ենք ընդունելու վերջին տեսակետը, որովհետև կիրակի երեկո, երբ Հիսուս տաճար հասավ, արդեն «Է երեկոյացեալ ժամն» Մարկ. 11:11, և ժամանակ չկար նոր գործ ձեռնարկելու (Մատթ. 21:17)։ Երկուշաբթի օրվա համար հավանականության նշան չկա, մինչ երեքշաբթի օրվա համար տեսնում ենք, որ Հովհաննեսը այդ միջադեպի հետ կապված մանրամասներ պատմելուց հետո, բացահայտորեն ավելացնում է, թե «չոգաւ թաքեաւ ի նոցանէ» Հովհ. 12:36: Այս պարագան պատշաճ է երեքշաբթի երեկոյի համար, երբ Հիսուս վերջին անգամ ժողովրդի հետ էր և այլևս ժողովրդի մեջ չմտավ։
    Թե ինչո՞ւ սկզբում մոտեցան Փիլիպպոսին և ոչ թե մեկ ուրիշի, մի մեծ հարց չէ. թերևս պատահաբար տեսան Հեթանոսաց Գավիթով անցնելիս, կամ էլ մինչև այդ արդեն ծանոթ էին, կամ գուցե Փիլիպպոսը վարում էր օտարների հետ տեսակցելու կամ միջնորդելու պաշտոնը, ինչպես Հուդան՝ դրամարկղը կրելու պաշտոնը Հովհ. 12:6: Ուշադրությանը ավելի արժանի է այն փաստը, որ Փիլիպպոսը չհամարձակվեց մենակ մոտենալ, այլ դիմեց Անդրեասին։ Շատ անգամ ենք համոզվել, որ Հովնանյան և Զեբեդյան եղբայրները կազմում էին Հիսուսի առավել մտերիմների քառյակը, մյուսներից ավելի համարձակություն ունեին, և Հիսուս երբեմն առանձնանում էր նրանց հետ։ Իսկ Փիլիպպոսը երկրորդ քառյակից էր, և առանց առաջին քառյակից մեկի հետ խորհրդակցելու և ընկերակցելու, չհամարձակվեց այսպիսի տարօրինակ առաջարկով Հիսուսին դիմելու։ Տասներկուսի երեք քառյակների մասին գրել ենք իր տեղում(Մատթ. 10:2-4
    Մեկ այլ հարց է, թե ո՞ր ազգից էին այդ հեթանոսները։ Ավետարանի մեջ ուրիշ հեթանոսների մասին հիշատակություն չկա, և ավետարանիչը որևէ հատկանիշ չի նշում հավանական մեկնությունը տալու համար, զանազան ազգեր հավակնել են այդ հեթանոսներին ազգակից կարծել իրենց։ Նախ հույները հիմնվելով հունարեն բնագրում «Հեթանոս» բառի փոխարեն «Էին անդ ոմանք եւ Հելլենք» գրածի վրա։ Սակայն բոլոր թարգմանություններում անխտիր «Հելլենք» բառը հասկացված է իր ընդարձակ իմաստով և թարգմանված է «Հեթանոսք, այլ ոչ թե սեղմ իմաստով` ազգությամբ հույն։ Սրանց հարում են Արևելցիները, որոնք այդ հեթանոսներին համարում են Եդեսիայից ուղարկված պատվիրակներ։ Ասորիներն ու հայերն էլ իրենց հերթին ավետարանի հեթանոսներին որպես իրենց ազգակից են ընդունում։ Իսկ արևմտյանները կարծում են, թե Պաղեստինը պաշտպանող Իտալական լեգեոնից էին, որի մեջ շատերը հարգում էին Հրեական կրոնը, ինչպես Կափառնայումի հարյուրապետը, որ անգամ ժողովարան էր կառուցել Ղուկ. 7:5 և Կոռնելիոս հայրապետը «բարեպաշտօն եւ երկիւղած յԱստուածոյ» Գործ. 10:2։ Իտալացիներն էլ կարծում են, թե այդ հեթանոսները հռոմեացիներ են, քանի որ Պաղեստնում այդ ժամանակ գտնվում էր Իտալիկյան կոչվող լեգեոնը, իսկ իսպանացիները պնդում են, որ նրանք իսպանացիներ են Իտալիկիա քաղաքից։
    Եթե մենք հիմնվենք Ավետարանի, այլ ոչ թե զանազան ազգերի կամայական ենթադրությունների վրա, ապա կարող ենք հետևյալ կերպ բացատրել եղելությունը։ Հեթանոսներից շատերն էին այն ժամանակ ամեն տարի Զատիկի առթիվ գալիս ուխտ անելու` «Յելելոցն անդր զի երկիր պագանիցեն ի տօնին»։ Քանի որ հրեաների Աստծո զորավոր ներգործությունները լսելով ու տեսած լինելով, այդպիսինները հատուկ պատկառանք և երկյուղ էին դավանում նրա հանդեպ և հորդորում էին նրան հատուկ պաշտոն մատուցել։ Այս տեսակ հեթանոսներ այն ժամանակ շատ էին Պաղեստինի շուրջ բնակվող զանազան ազգերի միջից ինչպիսին էին եդոմայեցիները, մովաբացիները, փյունիքցիները, ասորիները, ովքեր բազմաստվածություն դավանելով` չէին դժվարանա իրենց աստվածների վրա Տիրոջ պաշտամունքն էլ ավելացնել, հետևաբար բազմաթիվ էին նրանք, որոնք և տարեցտարի գալու սովորություն ունեին և ոչ թե բացառաբար այս անգամ այդտեղ հանդիպողներից էին, և այդ բազմությունից քչերն էին, որոնք Փիլիպպոսին մոտեցան, հավանաբար բազմության կողմից, և ոչ թե լոկ իրենց կողմից խոսելու։ «Ոմանք հեթանոսք յելելոցն անդր»։
    Մեզ հայտնի չէ, թե ինչով ավարտվեց Փիլիպպոսի և Անդրեասի միջնորդությունը, Ավետարանն այդ մասին լռում է, իսկ Հիսուսի բերանից անմիջապես հետո լսված պատասխանը իր աշակերտներին ուղղած լինելու իմաստ ու բնություն ունի, այլ ոչ թե հեթանոսներին ուղղված խոսքեր են։ Նրա խոսքի ընթացքից էլ հասկացվում է, որ ունկնդրողները հրեաներ են, քանի որ Հիսուս դեռ գտնվում էր ներքին բակում` հրեաների մեջ, այլ ոչ թե արտաքին բակում` հեթանոսների հետ։ սակայն անհավանական չէ, որ Հիսուս ներքին բակում իր խոսքն ու գործը ավարտելուց հետո, դուրս գալիս նաև այդ բարեպաշտ ու երկյուղած հեթանոսների ցանկությունն էլ կատարեր, պատշաճ խրատներ ուղղելով նրանց։
    Մանավանդ, որ ավետարանիչը հեթանոսներին հիշելով` խորին ու խորհրդավոր նպատակ ուներ։ Հիսուս արդեն բացահայտ և համարձակորեն հռչակել էր Հին Ուխտի դադարումը, հրեական ընտրյալ ժողովրդի անկումը, ամբողջ աշխարհին Նոր Ուխտի բացված լինելը և հեթանոսների ավետարանական կոչումը։ Այն վարդապետության եզրակացությունն ու գործնական հաստատությունն է հեթանոսների` Հիսուսին մոտենալու հիշատակությունը, բացեիբաց հայտնելու համար, որ եթե Հրեաները հեռանում են Հիսուսի ավետարանից, ապա հեթանոսները մոտենում են, եթե Հրեաները մերժում են Երկնքի Արքայության հրավերը, հեթանոսները սիրով ընդունում են այն։