Ա․ Լոպուխին
Եկան այցելության օրերը, եկան հատուցման օրերը, թող Իսրայելը իմանա, որ հիմար է մարգարեն, անմիտ է իրեն ներշնչյալներկայացնողը՝ քո բազմաթիվ անօրենությունների և մեծագույն թշնամանքի պատճառով։ (Սինոդական թարգ․)[7]
«Թող իմանա Իսրայելը», եբրայերենից ավելի ճիշտ կլինի թարգմանել «կիմանա Իսրայելը» ձևով․ կիմանա, որ եկել են հատուցման օրերը։ Յոթանասնիցում «Իյեդեու» բառի («իյադա»`իմանալ) փոխարեն ընթերցել են «իյերա» («իյարա»`դողալ)․ այստեղից էլ առաջացել է սլավոներեն տեքստի «կզայրանա (κακωθήσεται) Իսրայելը» տարբերակը։
«Անմիտ է իրեն ներշնչյալ ներկայացնողը»: Դժվարընկալելի ու բարդ արտահայտություն է և մեկնաբանների կողմից տարբեր կերպ է բացատրվում։ Մեր տեքստում (ենթադրաբար`ռուսերենում) եբրայերեն «հաննավի» (մարգարե) և «իշ հարուախ» բառերը (ոգու մարդ, ներշնչյալ) կեղծ մարգարեների առնչությամբ են հասկացվում։ Այդ պատճառով էլ «հաննավի»−ն թարգմանված է «մարգարե» բառով, իսկ «իշ հարուախ»−ը՝ «իրեն ներշնչյալ ներկայացնող» արտահայտությամբ։ Արտահայտությունը այսպիսի իմաստով են հասկանում նաև Հիտցիգը, Կնաբենբաուերը և այլք։ Սակայն այդպիսի ընկալման հետ չի կարելի համաձայնել․
ա) «նավի» բառը անդամի (հոդի) հետ, սովորաբար Աստվածաշնչում օգտագործվում է իրական մարգարեի մասին խոսելիս (Գ Թագ․ 18։19, Եզեկ․ 13։3, 4, Սոփ․ 3։4),
բ) «րուախ» բառը անդամի (հոդի) հետ կարող է վերաբերել միայն Աստծո Հոգուն, և անհավանական է, որ իրական մարգարեն յուրացնի Հոգու մարդ կեղծ անվանումը։ Այդ պատճառով էլ պետք է մտածել, որ 7−րդ համարում խոսքը իրական մարգարեների մասին է։ Միևնույն ժամանակ արտահայտության իմաստը տարբեր կերպ է փոխանցվում։ Որոշ մեկնաբանների կարծիքով Օսեեն այն միտքն է ցանկանում արտահայտել, որ ժողովրդին վրա հասած աղետների ծանրության և այդ աղետների կանխման անհնարինության հետևանքով մարգարեները կարծես թե խելագարվել էին, կամ էլ՝ ժողովրդի մեղքերի համար Տերը մարգարեներին խելագարությամբ էր պատժել (Շեգգ)։ Մյուսների կարծիքով (Վելհաուզեն, Նովակ)՝ Օսեեն դիտարկվող հատվածում մի դատողություն է առաջ քաշում, որը ոչ թե իրենց՝ մարգարեների մասին էր, այլ անարդար Իսրայելի, և այդ դատողության պատասխանն է տալիս։ Մարգարեն կարող է ժողովրդին ասել․ դուք ասում եք, թե մարգարեն հիմար է, խելագար է ներշնչյալը, սակայն դրա պատճառը բացառապես ձեր անօրինությունների բազմությունն է և մարգարեների հանդեպ մեծ թշնամությունը։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Հասել են քո վրէժխնդրութեան օրերը, հասել են օրերը քո հատուցման, եւ Իսրայէլը կը չարչարուի ինչպէս յիմարացած մարգարէ, ինչպէս այսահար մի մարդ. քո անիրաւութիւնների շատութեան պատճառով վրայ հասաւ մոլորութիւնը:
(Արարատ թարգ․) Եկան պատժի օրերը, եկան հատուցման օրերը, Իսրայելը պիտի իմանա. անմիտ է մարգարեն, խելագար է ներշնչված մարդը քո բազում անօրենության և մեծ հակառակության պատճառով։
(Գրաբար) Հասեա՛լ են իրաւունք վրէժխնդրութեան քոյ. հասեալ են աւուրք հատուցման քոյ. և չարչարեսցի Իսրայէլ իբրև զմարգարէ յիմարեալ, իբրև զա՛յր մի այսակիր. ի բազմութենէ անիրաւութեանց քոց յաճախեաց մոլորութիւն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: