ՍՈՒՐԲ ԹԷՈԴՈՍ ԹԱԳԱՒՈՐԻ ՎԱՐՔԸ

   Ո՜վ երանելի եւ բարեպաշտ Թէոդոս մեծ թագաւոր.

բարեխօս լեր վասն մեր առ Թագաւորն երկնաւոր թողուլ մեզ զմեղս մեր:

Որ երկրպագողդ ես Քրիստոսի եւ հիմնադիր սուրբ հաւատոյս.

բարեխօս լեր վասն մեր առ Թագաւորն երկնաւոր թողուլ մեզ զմեղս մեր:

Որ թագաւորաց ես ի յերկրի պարծանք եւ ի յերկինս պսակեալ.

բարեխօս լեր վասն մեր առ Թագաւորն երկնաւոր թողուլ մեզ զմեղս մեր:

(Շարակնոց)

   

   Քրիստոսապսակ արքայ Թէոդոսը, որ մեր լեզուով նշանակում է Աստուածատուր, իբրեւ մի երկրորդ Կոստանդիանոս` իրապէս շնորհուած էր Աստծուց` եկեղեցիների շինութեան եւ ուղղափառութեան հաստատութեան համար: Ազգութեամբ իս­պանացի էր` Իտալիկէս քաղաքից, ու որդին էր Թէոդոս Ոնորիոս անունով մի պատուական մարդու: Նա զի­նուո­րագրուած էր կայսեր մօտ եւ առաջադէմ էր ամէն բանում, որի համար Վաղէս ու Վաղենտիանոս կայսրերի օրօք հասաւ ստրա­­տելատութեան, այսինքն՝ զօրավար ընտրուեց:

   Տիրոջ օգնականութեամբ այլեւայլ տե­ղե­րում մեծամեծ քաջագործութիւններ էր անում, որովհետեւ բարեպաշտ եւ Աստ­ծուց երկիւղած մի այր էր՝ արդարակորով ու զօրաւոր ուժով: Նա իր զօրավարութեան շրջանում թէպէտ երկու անգամ զօրքով ուղարկուեց ասպատակելու Հայոց աշ­խար­հը` ընդդէմ կայսրերի դէմ ըմբոստացած Արշակ արքայի, սակայն խոնարհուելով մեր սուրբ Ներ­սէս Մեծ հայրապետի խնդրանքներին՝ մարդասիրութեամբ եւ խաղաղութեամբ դադարեցրեց բոլոր գործողութիւնները` առանց հեղելու որեւէ մէկի արիւնը: Իսկ երկ­րորդ անգամ, երբ հայերից պատանդներ էր տանում, յորդորեց Ներսէս Մեծին` Վաղէսի հետ հաշտուելու համար գալ Կոստանդնուպոլիս: Սակայն  գոր­ծը վատ վերջաբան ունեցաւ, որովհետեւ Վաղէսը, լինելով արիոսական ու թշնամի հայերին, 378 թուա­­կանին աքսորել տուեց սուրբ հայրապետին:

   Շատ չանցած՝ Վաղէսը մեռաւ դաժան մահով, եւ արեւմտեան ու արեւելեան բովանդակ կայսրու­թեա­նը տիրեց նրա եղբօր՝ Վաղենտիանոսի որդին՝ բարեպաշտ Գրատիանոսը՝ գահակից ունենալով իր փոքր եղբայր Վաղենտիանոսին: Սրանց օրօք քաջ զօ­րավար Թէոդոսն աւելի ու աւելի էր աչքի ընկնում իր սխրագործութիւններով թէ՛ արքունիքում եւ թէ՛ պատե­րազ­մական գործողութիւններում, որի համար աւա­գա­նուց շատերը նախանձեցին նրա առաջադիմու­թեա­նը ու նրա դէմ լցուեցին չարութեամբ: Ուստի առա­քինի զօրավարը որոշեց միառժամանակ հեռանալ իր երկիրը` Իսպանիա, որպէսզի իր պատճառով խռո­վութիւններ չառաջանան, եւ իր դէմ նեն­գու­թեամբ դաւեր չնիւթուեն:

   Այդ օրերին զօրացել էին գոթացիներն ու հռո­մէա­ցիների այլ բարբարոս թշնա­միները, ովքեր Թրա­կիայի կողմերում աւերածութիւններով, կոտո­րա­ծով եւ գերութիւններով մեծամեծ վնասներ էին պատճառում: Չհան­դուր­ժե­լով այս ամէնը՝ Գրատիա­նո­սը որոշեց մեծ զօրքով յարձակուել նրանց վրայ, բայց չգտնելով ընտիր զօրագլուխ՝ հրամայեց. «Այս­տեղ բերէ՛ք քաջ Թէոդոսին, որովհետեւ միայն նա կարող է նուաճել թշնամիներին»: Ապա մեծ պատուով կանչել տուեց նրան ու նրա ձեռքը յանձնելով ընդ­հա­նուր սպարապետութեան ողջ իշխանութիւնը՝ ուղար­կեց բարբարոսների դէմ: Թէոդոսը յարձակուելով կործանեց թշնամու ողջ զօրութիւնը եւ այնպիսի ահ ու սարսափ գցեց նրանց բանակի մէջ, որ նրանք սկսեցին միմեանց կոտորել: Եւ մեծ յաղթանակ շահելով՝ շտապեց նախ­քան բանակի գալը անձամբ ողջոյն տանել ինքնա­կա­լին ու յայտնել Տիրոջ օգնականութեամբ պատերազմի բարեյաջող աւարտի մա­սին: Իսկ նա­խանձ բանսարկուներն սկսեցին գրգռել թագաւորին եւ ասել. «Մի՞թէ Թէոդոսի այդ անակնկալ գա­լուս­տը ցոյց չի տալիս, որ նա փախել է թշնա­­միների առ­ջե­ւից»: Իսկ Գրատիանոսը, թէպէտ ականջ չէր դնում չարախօսներին, սակայն երկմտում էր ու մտա­ծում, թէ ինչպէ՞ս նա կարողացաւ այդպէս արագ յաղթանակ տանել: Այնժամ Թէոդոսն իր հաւա­տա­րիմ մարդկանց հետ մարտի դաշտ ուղարկեց այդ չարախօսներին, որպէսզի հաշուեն ընկած թշնամիներին եւ տեսնեն այն աւարը, որը ժողովել էր արքունի զօրքը:

   Երբ նրանք գնացին, նոյն օրը Թէոդոս սպարապետը երազով մի տեսիլք տեսաւ. Անտիոքի երանելի Մելիտոս հայրապետը, ով դեռեւս ողջ էր, բայց ում չէր տեսել, իր վրայ արքունական քղամիդ գցեց ու գլխին կայսերական պսակ դրեց: Եւ երբ այն պատմեց իր ծանօթներին, նրանք միաբերան ասացին. «Աստուածային է այդ տեսիլքը, ու շուտով դու թագաւոր պիտի դառնաս»: Սակայն Թէո­դոսը չէր ձգտում թագաւորութեան, որովհետեւ նա չէր փնտ­րում անցաւոր փառք եւ հարստութիւն:

   Երբ վերա­դար­ձան մարտադաշտ ուղարկուած մարդիկ, յայտնեցին, որ հազարաւոր թշնամիներ են ըն­կել, ու Թէոդոսի ահն է պատել բոլոր բարբարոսներին, որի համար Գրատիանոսն անչափ ուրախ եղաւ: Ապա տեսնելով, որ ինքը միայնակ անկարող է վարել ամբողջ կայսրութեան լայնատարած իշխանութեան գործերը, արեւելեան սահմաններում թա­գաւոր կարգեց Թէոդոս սպարապետին եւ 379 թուա­կանին Վաղէսի տեղը նրան կայսր հռչակեց:

   Իսկ բարեպաշտ Թէոդոսը նախքան գործի անց­նե­լը կամեցաւ Գրատիանոսի հա­­ւանութեամբ վերադարձնել Վաղէսի կողմից աքսորուած բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, նրանց թւում նաեւ՝ Ներսէս Մե­ծին, ում, աքսորավայրից Կոստանդ­նուպոլսի թա­գա­ւո­րանիստ քաղաք բերելով, մեծապէս պատուի արժանացրեց:  Նմանապէս Եկեղեցու բոլոր հովիւների հան­դէպ սէր ու մեծ հպատակութիւն ցոյց տալով եւ նրանց որպէս Աստուծոյ փոխանորդներ ընդունելով՝ իր անձը համարում էր որպէս նրանց ծառան: Սակայն նա յոյժ նեղսրտում ու ցաւ էր ապրում ժամանակի բազմադիմի հերձուածողների, յատկապէս արիո­սականների ե­րեսից Եկեղեցու պառակտման հա­մար եւ այն շտկելու ու բարեկարգելու հնարներ էր որո­նում:

   Ապա Թէոդոսն իր թագաւորութեան առաջին տա­րում` 380 թուականին, սկիւթա­ցիների դէմ մեծ յաղ­թանակ տանելուց յետոյ, երբ գնում էր Կոստանդնուպոլիս, Մակեդոնիայի Թեսաղոնիկէ քաղա­քի մօտ հիւանդացաւ: Իրեն վտանգուած տես­նելով՝ շտապ կանչել տուեց քաղաքի ուղղափառ Աքիւղաս եպիսկոպոսին, ով կա­պադովկեան Կեսարիայից էր, մի երե­ւելի այր եւ բարեկամ Մեծն Բարսեղին: Նրա­նից խն­դրեց սուրբ մկրտութիւն, որը դեռեւս չէր ստա­ցել` շատերի կողմից ժա­­մանակի դժպատեհ սովորո­ւ­թեան պատճառով, ովքեր փրկութեան Դեղը թողնում էին վերջին օրուան: Երբ մկրտուեց, քիչ օրեր անց կատարելապէս ապաքինուեց ու իր ամբողջ տէրութեան մէջ տարածեց մի հրովարտակ, ըստ որի՝ բոլոր վայ­րերում պէտք է քարոզուէր միայն նիկիա­կան հաւատքը, եւ ուղղափառ կոչուէին միայն նրանք, ովքեր դաւանում են այդ Հանգանակը, իսկ հրաժարուողները համարուէին հերձուածողներ:

   Ապա վերադարձաւ իր թագաւորա­նիստ քաղաքը, ուր քաղաքից դուրս նրան ընդառաջ եկաւ ու մեծ փառքով ընդունեց սուրբ Գրիգոր Աստուածաբանը, ով նոր էր նստել Կոստանդնուպոլսի պատրիարքութեան Աթոռին: Աստուածասէր թագաւո­րը մեծապէս պատուեց սուրբ հայ­րապետին եւ նրա խորհրդով ձեռնարկեց քաղա­քը մաք­րել արիոսականներից: Դարձեալ հրաման ար­ձա­կեց, ըստ որի՝ ովքեր կամենում են բնակուել թա­գա­ւորանիստ քաղաքում, պէտք է ընդունէին նիկիական դաւանանքը, ապա թէ ոչ՝ պէտք է հե­ռա­նային: Այնժամ շատերը հեռացան, նրանց թւում՝ նաեւ եպիսկոպոսներ, ովքեր քառասուն տարուց ի վեր Եկեղեցին պահում էին Արիոսի չար աղանդի մէջ, իսկ նրանց փոխարէն կարգուեցին ուղղափառ եպիս­կոպոսներ: Եւ այս ամէնի համար Թէոդոս թագաւորն ու Գրի­գոր Աստուածաբանը արիոսականներից մեծ նեղութիւններ կրեցին:

   Սակայն քաղաքում դեռեւս կային շատ հոգե­մարտ­ներ, ովքեր Մակեդոնի համախոհներն էին, ինչպէս նաեւ եւնոմէականներ եւ Ապողինարի կուսակիցներ: Այդ պատճա­ռով բարեպաշտ կայսրը որոշեց եպիսկոպոսական մեծ ժողով գումարել ու մոլորեալներին ճշմարտութեան ճանապարհին դարձնել: Նա կամեցաւ ժողովի միջոցով միանգամայն դադարեցնել թե­մերի եւ աստիճանների համար հովիւների միջեւ եղած բոլոր տարաձայնութիւններն ու վէճերը եւ յատկապէս վճռել Կոստանդնուպոլսի Աթոռի հարցը, որի համար ոմանց կողմից Աստուածաբանի փոխարէն առաջադրուել էր Մաքսիմոս անունով անարժան մէկը:

   Եւ այդպէս 381 թուականին Կոստանդնուպոլսում գումարուեց սուրբ ժողով: Մասնակցում էին 150 հայրապետներ, որոնց մէջ երեւե­լի էր Անտիոքի սուրբ Մելիտոս հայրապետը: Մինչ ժո­ղովն սկսելը, թագաւորին ողջու­նելու համար եպիս­կոպոսները հաւաքուեցին արքունի պալատում: Արքան պա­տուիրել էր, որ իրեն ոչ ոք չյայտնի, թէ նրանցից ով է Անտիոքի Մելիտոս անունով պատրիարքը, «քանզի,- ասում էր,- թերեւս ես ինքս ճանաչեմ», որովհետեւ չէր մոռանում նրան, ում նախ­քան թագաւորելը տեսել էր տեսիլքով: Երբ բո­լորին աչ­քի անցկացրեց, իսկոյն ճանաչեց երանելի Մելիտոսին` ճիշտ նոյն այն տեսքով, ինչպէս որ տեսել էր: Անմիջապէս մօտեցաւ նրան, ընկաւ պարանոցով ու անյագ փափագմամբ համբուրեց նրա սուրբ աջը: Ապա պատ­մեց նրան, թէ ինչպէս է մինչ թագաւորելը նախապէս տեսել իրեն եւ թէ ինչ­­պէս է պսակուել իր ձեռքով:

   Ժողովն սկսուելուց շատ չանցած՝ հիւանդացաւ երանելի Մելիտոսը, ով արդէն ծերացել էր, ու փոխուեց առ Աստուած:

   Արդ, այս ժողովում հաստատուեց նիկիական հա­ւատ­քը, եւ հերքուեց հոգեմարտ մակեդոնեանների մո­լո­րութիւնը, Կոստանդնուպոլսի Աթոռից մերժուեց նաեւ Մաքսիմոս Ալեքսանդրացին, ով շնական կո­չուող իմաստասէրների աղան­դի հետեւորդ էր: Բայց որոշ չար մարդկանց պատճառով Գրիգոր Աստուածաբա­նը հրաժարուեց այդ պատուից, ու Աթո­ռին պատրիարք կարգուեց Նեքտարիոս Կոս­տանդ­նու­պոլսեցին: Ուրախ եղաւ Մեծն Թէոդոսը այդ կարե­ւոր ժողովի բարեյա­ջող աւարտի համար եւ հայ­րերից իւրաքանչիւրին պատուով արձակեց իր տեղը, այդ թւում նաեւ սուրբ Ներսէսին` Հայաստան:

   Սրանից յետոյ բարեպաշտ արքան չէր դադարում առան­ձին ժողովների միջոցով հնարներ գտնել ուղ­ղա­փառ Եկեղեցուց հեռացած եպիսկոպոսներին շահելու համար: Մէկ առ մէկ քննել էր տալիս իւրա­քան­չիւ­րի դաւանաբանական թղթերն ու ստէպ-ստէպ աղօթում Եկեղեցու բարեկարգութեան համար: Այս կերպով նա շատերին շահեց, իսկ յամառողներին հե­ռաց­րեց, որպէսզի Քրիստոսի հօտի մէջ գայ­լեր չգտնուեն: Նրանցից մէկն էր անօրէն Եւնոմէոս աղան­­դա­պետը, որին աքսո­րելով հեռացրեց սահման­նե­րից, որտեղ էլ վախճանուեց, իսկ ուղղափառութեան ջատագովներին նա մեծապէս պատւում էր սիրով ու արժանաւոր կարգով մեծարում ճշմարիտ հաւատի խոստովանութեան համար նահա­տա­կուածներին: Այդ օրերին Անկիւրիայից (Անկարա) Կոստանդնուպոլիս փոխադրեց սուրբ Պօղոս Խոս­տովանողի մարմինը, ով աքսորուած էր եղել փոքր Հայքի Կոկիսոն քա­ղաք եւ Կոստանդ թագաւորի օրօք նահատա­կուել արիոսականների կողմից: Նա սուրբի մար­մինն ընդունեց մեծաշուք պատուով ու զետեղեց վկա­յա­րանում, որը յետոյ կոչուեց նրա անունով:

   383 թուականին Թէոդոս ինքնակալը, ըստ թա­գա­ւորական օրէնքի, իրեն գահա­կից դարձրեց իր աւագ որդուն` Արկադէոսին, որն այդ ժամանակ վեց տարեկան էր: Կամենալով նրան կրթել բարե­պաշ­տու­թեամբ եւ իմաստութեամբ՝ որդու դաստիարակութեան համար Հռոմի Գրատիանոս արքային խնդրեց իր մօտ ուղար­կել իմաստուն մէկին: Իսկ նա Դամա­սոս պապի ձեռքով ընտրեց ու ուղարկեց Հռո­մի եկե­ղե­ցու Արսէնիոս սարկաւագին, ով նախկինում փա­ռա­ւոր իշխան էր, բայց յետոյ եղաւ սքանչելի անա­պա­տական եւ կոչուեց հայր Արսէն: Թագաւորն իր որ­դուն յանձնեց նրան ու ասաց. «Այսուհետեւ ինձ­նից առաւել դու կը լինես սրա հայրը»:

   Մի օր, երբ թագաւորը եկաւ՝ տեսնելու իր որդու դաստիարակութեան ընթացքը, տեսաւ, որ Արսէնը կանգ­նած էր, իսկ մանուկ Արկադէոսը, զարդարուած արքայական պսակով եւ շուքով բազմած, ուսուցչից դաս էր առնում: Զայրացաւ հայ­րն ու ասաց. «Ինչո՞ւ է աշակերտը նստած, իսկ ուսուցիչը` կանգնած»: Իսկ Ար­­սէնը պատասխանեց. «Մի՛ նեղուիր, տէ՛ր իմ արքայ, որովհետեւ ինձ համար անհնար է նստած ուսուցանել ինքնակալի որդուն` իր հօր աթոռակցին»: Այնժամ թագաւորը, երկարելով ձեռքը, Արկադէոսի գլխից հա­նեց պսակը եւ նրան հրամայեց բաց գլխով կանգնել ուսուց­չի առջեւ, իսկ Արսէնին հարկադրեց, որ նստի: «Քանզի,- ասաց,- իմ որդին ինքնակալութեան ար­ժանի կը լինի այն ժամանակ, երբ գիտութեան հետ միաժամանակ կրթուի ու գերազանց լինի նաեւ աստուածպաշտութեան եւ քաղաքավարութեան մէջ»: Յետագայում սոյն օրինակով դաստիարակուեց նաեւ Թէոդոսի կրտսեր որդին` Ոնորիոսը, որն այդ ժամանակ նորածին մա­նուկ էր:

   Ապա թագաւորական քաղաքում դարձեալ հակա­ռա­կութիւններ ծագեցին ուղղափառների, արիո­սա­կանների եւ պէս-պէս հերձուածողների միջեւ: Որոշ սուտ եպիսկոպոսներ իրենց չար որոմները տա­րա­ծելու համար դեգերում էին Բիւ­զանդիայի սահ­ման­ների շրջակայքում եւ կամենում կամաց-կամաց սո­­ղոս­կել թագաւորանիստ քաղաք, այնտեղ ժո­ղով­ներ գումարել ու բանավիճել ուղղափառների հետ: Մտա­ծում էին կեղծապատիր հնարքներով համոզել արքային, որ թոյլ տայ ունենան իրենց առանձին եկե­ղեցին եւ ապրեն խաղաղութեամբ: Իսկ բարեպաշտ Թէոդոսը թէպէտ չզիջեց նրանց, բայց նաեւ հնազանդութիւն ունե­նալով եկեղեցականների հանդէպ՝ չկամեցաւ բռնութիւն գործադրել նրանց վրայ կամ հալածել, այլ կամեցաւ սիրով վարուել նրանց հետ եւ առանձին ժողով գումարելով՝ խաղաղութեամբ լու­ծել բոլոր հարցերը:

   Այս տեսնելով՝ ուղղափառ եպիսկոպոսներն ու սուրբ այրերը, վախենալով, որ ա­րիոսականները դար­ձեալ կը զօրանան, յաճախակի գնում էին թագա­ւո­րի մօտ, որ­պէսզի նա յանկարծ չարափառներին արտօնութիւն չտայ: Մի օր նրանց հետ թագաւորի մօտ եկաւ Իկո­նիայի սուրբ Ամփիլոքիոս եպիսկոպոսը` Բարսեղ Կեսարացու աշակերտը: Երբ բոլոր եպիսկոպոսները խո­նարհուեցին արքայի եւ նրա մօտ բազմած գա­հա­կից արքայորդի Արկադէոսի առջեւ, Ամփիլոքիոսը պաշտօնապէս միայն ար­քային ողջունեց, իսկ նրա որ­դուն` ոչ: Դեռ աւելին` սկսեց կատակել, ծաղ­­րել ու նեղացնել մանկանը: Այս վարմունքը խիստ ծանր թուաց Թէոդոսին եւ ասաց եպիս­կո­պոսին. «Հա՛յր սուրբ, օրհնի՛ր ու ողջունի՛ր նաեւ իմ թագադրուած որդուն»: Եպիսկոպոսը նրան ասաց. «Դու` որպէս թագաւոր, բաւական ես մեզ, իսկ դրան կը պատուենք արքայի ծառաների շարքում»:

   Այս խօսքերից առա­ւել բարկանալով՝ Թէոդոսն իր մարդ­­կանց նշանացի ակնարկեց եպիսկո­­պո­սին հեռացնել իր առջեւից: Այնժամ Ամփիլոքիոսն ասաց. «Արդարացի է քո ցա­սումը, ո՛վ բարեպաշտ ինք­­նակալ: Սակայն իմացի՛ր, որ նոյն կերպով Երկնաւոր Հայրն է բարկանում, երբ տեսնում է Իր Միածին Որդուն` անարգուած չարափառների կողմից: Եւ եթէ դու, որ մահկանացու ես, չես հանդուր­ժում քո որդու անպատւութիւնն ու նրան ծառաներին հաւասարեցնելը, ապա անմահ Աստուած եւ ամե­նակալ Բարձրեալը ինչպէ՞ս կարող է հան­դուր­ժել Իր Միածնին արարած կոչելը»:

   Եպիսկոպոսի խօս­քերից թագաւորը երկիւղեց ու խորապէս զղջաց: Թողութիւն խնդրեց նրանից եւ այնուհետեւ առաւել մեծ զգուշութիւն պա­հեց: Քաղաքից ու նրա սահ­ման­­ներից հալածեց բոլոր արիոսականներին եւ նրանց համախոհներին ու խիստ հրաման արձակեց, որ որեւէ մէկը ժողովրդի մէջ չվիճաբանի աստուածութեան խորին խորհրդի շուրջ եւ պատճառ չդառնայ անգէտների կործանմանը:

   Իսկ Թէոդոսի կինը` Արկադէոսի ու Ոնորիոսի մայ­րը եւ թագուհի Փլակիղէն, իր առաքինազարդ վար­քով ու աղքատների եւ հիւանդների հանդէպ մարդասիրու­թեամբ բարի օրինակ էր իր ամուսնու հա­մար: Շրջելով հիւանդանոցնե­րով՝ անձամբ սպա­սաւորում էր ցաւագարներին ու հոգում նրանց կարիքները, իր ձեռքերով կերակրում եւ յագեց­նում նրանց, ու այդպէս ծառայում էր իբրեւ մի աղախին: Եւ այսպիսի գովելի վար­քով 385 թուականին իր հոգին աւանդեց Տիրոջը` սուգի մատ­նելով բարեպաշտ Թէոդոսին ու իր որդիներին:

   Երեք տարի անց` 388 թուականին, Անտիոք քաղաքի բնակչութիւնն ըմբոստացաւ արքունիքի դէմ: Պատ­ճառը հարկերի ծանրութիւնն էր, որ գանձւում էին յաճախադէպ պատե­րազմ­նե­րի ծախսերի համար: Քաղաքում մեծ աղմուկ եւ խռո­­վութիւն բարձրացաւ, ու քիչ անկարգութիւն­ներ չեղան յատկապէս խառնիճաղանջ ամբոխի կող­մից: Նրանք թագաւորի հանդէպ ատելութիւնից տա­պա­լեցին Փլակիղէ թագուհու պղնձաձոյլ արձանը, որ կանգնեցուած էր մի երեւացող բարձր տեղում, եւ անարգանքներով քարշ տուեցին հրապարակների մի­ջով: Երբ թագաւորն իմացաւ այս յանդգնութեան մա­սին, լցուեց անասելի բար­կութեամբ ու սպառնաց սրի քաշել ողջ քաղաքը, յետ վերցրեց Անտիոք քաղա­­քին ընձեռած «քաղաքների մայր» կոչուող պա­տի­ւը եւ այն շնորհեց Լաւոդիկէ քա­ղաքին:

   Սակայն Անտիոքի իշխանները, կամենալով հաճոյանալ թագաւորին, սպանեցին գլխաւոր ապս­տամբներին, սուսերամերկ յարձակուեցին քաղաքացինե­րի վրայ եւ նրանցից շատերին կոտորե­ցին: Մինչ այս ամէնին տեղեակ լինելը, թա­գաւորն իր երկու երեւելի զօրապետերին` Եղիբիկոսին ու Կեսարիոսին, մեծ սպառնալիքներով ուղարկեց Ան­տիոք: Երբ նրանք քաղաք մտան, բոլոր բնակիչնե­րը խուճապահար տագնապեցին: Այդ ժամանակ քառասնորդական պահքի օրերն էին: Սքանչելի Յովհաննէս նորընծայ ընտրեալ քահանան, ով յետոյ Ոսկեբերան կոչուեց, ողջ օրը քարոզում էր Անտիոքի Եկեղեցում, յանդիմանում էր ժողովրդին գործած չարիքների համար եւ անդադար յորդորում էր աղօթել Աստծուն, որպէսզի մարի թագաւորի ու նրա ծառա­նե­րի ցասումը: Նոյնն էր անում նաեւ քաղաքի Փլա­բիա­նոս պատրիարքը, ով, իր անձը դնելով հօտի համար, գնաց Թէոդոս ինքնակալի մօտ` յուսալով հաշտեցնել նրան: Փլաբիանոսին գործակից եղան նաեւ անապատի մենակեացները, ովքեր, իջնելով քա­ղաք, աղաչում էին Թէոդոսի ծառաներին խնայել ժո­ղովրդին:

   Մենակեացների մէջ կար Ապողոն կամ Մակեդոն անու­նով մի սուրբ ծեր: Սա, ճա­նապարհին հանդիպե­լով Թէոդոսի երկու զօրապետերին, ովքեր գնում էին երիվարներին հեծած, բռնեց նրանցից մէկի հանդերձի քղանցքից եւ խնդրեց, որ ցած իջնի: Զօ­րապետերը խոժոռուեցին, բայց շուրջը գտնուող­նե­րը նրանց ասացին. «Այս ծերունին Աստուծոյ մարդն է, լսէ՛ք նրան, թէ ինչ է ասում»: Այնժամ անմ­ի­ջա­պէս իջան երիվարներից ու խոնարհուեցին սուրբ ծե­րունու առջեւ, իսկ նա զօրապետերին պատուի­րեց բարեխօսել արքայի մօտ եւ մեղմել նրա ցասու­մը: Եւ նոյն բովանդակութեամբ նրանց հետ նա­մակ ուղարկեց թագաւորին, որում գրուած էր. «Իմա­ցի՛ր, ո՛վ թագաւոր, որ մենք, հանապազ մեղանչելով, մեր մարմիններում անարգում ենք մեր հո­գի­ներին, որ ունեն Աստուծոյ պատկերը, իսկ մեր պատուիրանազանցութեամբ անարգում ենք անձամբ Աստծուն, որի համար դու չես ցաւում եւ չես բար­կանում: Թագուհու պղնձէ պատկերի՝ ասես թէ քո պատկերի անարգանքի համար լցուել ես սաստիկ բարկութեամբ ու սպանում ես Աստուծոյ պատկերն ունե­ցող մարդկանց: Իմացի՛ր, որ պղնձէ պատ­կեր­ներ շատ կարող ես ստեղծել, բայց Աստուծոյ պատկերով մարդ` ո՛չ երբէք, եւ ոչ էլ կարող ես գլխից մի մազ սպիտակեցնել կամ սեւացնել»:

   Թագաւորը, կարդալով նամակը ու միաժամանակ լսելով Փլաբիանոս հայրապետի աղերսները, պատկառեց նրանից եւ հանդարտուեց: Հաշտուեց քաղաքի հետ ու Փլաբիանոսին խաղաղութեամբ ճա­նա­­պարհելուց յետոյ սուրհանդակներ ուղար­կեց` ժողովրդին հաշտութիւն աւետելու հա­մար: Մեծ ուրախութեամբ լցուեցին անտիոքացի­նե­րը, եւ նրանց սուգը փոխուեց ուրախութեան, իսկ երանելի Յովհան Ոսկեբերանը մեծ գովասանական քարոզ կարդաց քրիստոսասէր թագաւորի մարդա­սի­րու­թեան համար:

   Սրանից յետոյ Թէոդոսը պատերազմ սկսեց բրիտանացիների Մաքսիմոս բռնաւորի դէմ, ով դաւադրութեամբ սպանել էր ինքնակալ Գրատիանոսին ու բռնու­թեամբ տիրել Արեւմուտքին: Զօրագնդով շտապ հասաւ արեւմտեան սահման­ները եւ երկու-երեք անգամ յարձակուելով՝ հարուածեց նրա զօր­քե­րին ու իս­պառ ոչնչացրեց, իսկ Մաքսիմոսին բռնե­ցին եւ կապուած յանձնեցին Թէոդոսին: Այս­պէս արքան հեշտութեամբ գլուխ բերեց կատա­րեալ յաղթանակ, որը նախապէս կանխատեսել էր սուրբ մենակեաց, իմաստուն Յովհաննէս Եգիպտացին:

   Երբ Մաքսիմոսին կապուած բերեցին Թէոդոսի առ­ջեւ, կայսրը, տեսնելով նրա ողորմելի վիճակը, գթաց նրան ու սկսեց մեղմօրէն խօսել նրա հետ: Այն­ժամ ար­քունի զինուորներն արքայի մօտից շտապ հեռացրին բռնա­ւորին եւ ջախջախեցին նրա գլուխը, որպէսզի արքայից ներում չգտնէր: Ապա Թէո­դոսը Վաղենտիա­նոս կայսեր հետ գնաց Հռոմ ու նրան հաստատեց իր եղբօր` Գրատիանոսի Ա­թո­ռին: Մեծ տօնակատարութիւնից յետոյ վերացրեց այդ քաղաքում հեթանոսութիւնից մնացած անկարգ սովորութիւնները եւ ապա խաղաղութեամբ վերադարձաւ Կոստանդնուպոլիս:

   Այդ ժամանակներում` 390 թուականին, Թե­սա­ղո­նի­կէ քաղաքում մեծ խռովու­թիւն ծագեց. տեղի քաղաքացիները սպանեցին լիւրիկեցիների զօրքի Բոտերիկոս իշխանին, իսկ զօրապետերից ոմանց քար­կոծեցին: Երբ լուրը, չարախօսութիւն­ներով հան­դերձ, բանսարկու մարդկանց միջոցով հասաւ Թէո­դոս ինքնակալին, նա, բարկութեամբ լցուած, զօրք ուղարկեց Թեսաղոնիկէի վրայ, որը, գա­զա­նաբար ու անխտիր կերպով յարձակուելով մեծե­րի եւ փոքրերի, տղամարդկանց ու կանանց, ծերերի եւ մանուկների, օտարականների ու տեղաբնակների, մեղաւորների եւ անմեղների վրայ, 7000 (ըստ ոմանց էլ` 15000) հոգի դիաթաւալ արեց քաղաքով մէկ, շատ-շատերին վիրաւորեց ու խեղանդամ դարձրեց: Եւ մեծ սուգ պատեց ամբողջ քաղաքին:

   Այս արիւնալի դէպքերից ժամանակ անց, երբ թագաւորը, անցնելով Իտալիայի Միգուլէ (Միլան) քաղաքով, կամեցաւ ըստ իր սովորութեան եկեղեցի մտնել, այնժամ նրա առջեւ ելաւ քաղաքի եպիս­կոպոս եւ քաջ հովիւ, Աստուծոյ այր Ամբ­րո­սիո­սը: Նա, բռնելով արքայի ծիրանուց, նրան կանգնեց­րեց տաճարի մուտ­քի սրահում, արգելեց ոտք դնել Աստուծոյ տան շեմին ու ասաց. «Ո՞ւր ես գալիս, ա՛յր արիւնարբու: Չե՞ս ամաչում ար­դեօք, ինչպէ՞ս կարող ես արեամբ շաղախուած մտնել Տիրոջ տաճարը եւ ոտք դնել սուրբ եկեղեցու գաւիթ: Մի՞թէ մոռացար այն չարիքները, որոնք գոր­ծե­ցիր, կամ թէ արքունի փա՞ռքդ է կուրացրել հո­գուդ աչքերը, որ չերկնչես արդարադատ Աստուծոյ վերին դատաստանից: Ի՞նչ աչքերով պիտի նայես Տիրոջ սուրբ խորանին, կամ ինչպէ՞ս կարող ես անմեղների արեամբ շաղախուած ձեռքերդ բարձրացնել աղօթելու ու պղծուած ձեռքերով ընդունել Տիրոջ պատուական Մարմինը: Ինչպէ՞ս պիտի բերանդ մօտեցնես Աստուծոյ Որդու Արեանը, երբ անգթութեամբ այդքան անմեղ արիւն հեղեցիր: Դարձի՛ր, շուտ յե՛տ դարձիր, եւ թող քեզ վրայ ընկնի այն կապանքը, որն Աստուած տալիս է իմ բերա­նով, մինչեւ Երկնաւոր Բժշ­կի ձեռքով կÿառողջանայ հոգիդ թարախալից վէրքերից»: Սարսեց թագաւորը Աստուծոյ մարդու բերանից ելնող այս հրաբուխ խօսքերից, յոյժ ամօ­թա­հար յետ դարձաւ ու դառն արտասուքներով եւ հեծեծանքներով ասաց. «Ո՛վ սուրբ հայրապետ, հնազանդ եմ քո աստուածա­դիր հրամաններին, ինձ ապաշ­խարութեան ժամանակ տուր»: Զարմացան բոլոր ներկայ գտնուողները ու չիմացան, թէ ինչի վրայ առաւել հիանային՝ սուրբ հայրապետի աներկիւղ համարձակութեա՞ն, թէ՞ աստուածասէր թագաւորի խոնարհ հպատակութեան:

   Անցաւ ութ ամիս, եւ մօտեցաւ Քրիստոսի հրա­շա­փառ Ծննդեան մեծ տօնի օրը: Հաւատացեալները հոծ բազմութեամբ գնում էին դէպի Աստուծոյ Եկեղեցին, իսկ Թէոդոս արքան, փակուած պալատի իր սենեակում, դառնապէս լաց էր լինում: Ներս մտաւ Ռուփինոս զօրապետը ու տեսնելով թա­գա­ւո­րին ողբալիս՝ հարցրեց. «Ինչո՞ւ ես լալիս, իմ տէ՛ր ար­քայ»: Թագաւորը, սրտի խորքերից հառաչելով, ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում դառնացած հոգուս, մի՞թէ անտեղեակ ես իմ անտանելի ցաւե­րին: Ահա իմ ծառաներն ու երկրի մուրացիկներն ազատ են ամէն տեղ, իսկ ես` թագաւորս, կա­պուած եմ երկնքում ու երկրի վրայ, քանզի քաջ գի­տեմ տէրունական հրամանը, որն ասում է. «Ում կապէք երկրի վրայ, թող կապուած լինի երկնքում»: Այդ պատ­ճառով երկնքի դռները փակուած եմ տեսնում իմ առջեւ, ինչպէս որ երկ­րի վրայ՝ Աստուծոյ տան դռները: Այսօր տեսնում եմ, որ ահա իւրա­քանչիւր ոք Աստուծոյ տուն է մտնում, որ վայելի այսօրուայ տօնի երկնաւոր պարգեւները, եւ միայն ես եմ զրկուած»: Ռու­փի­նոսն ասաց. «Արքա՛յ իմ, ես շտապ հայրապետի մօտ կը գնամ ու կÿաղաչեմ նրան, որ արձակի քեզ: Չէ՞ որ արդէն քո ապաշխարութեան ութերորդ ամիսն է»: Թագաւորն ասաց. «Չե՛մ հաւատում, թէ նա կը լսի քեզ, կամ քեզանից պատկառելով՝ կÿանտեսի իր Աստուծոյ Օրէնքը, մինչեւ չտեսնի, որ լրա­ցել է ապաշխարութեան ժա­մա­նա­կը: Ամբրոսիո­սը չի ակնածում երկրաւոր արքայի ծիրանուց, այլ նա Երկնաւոր Թագաւորի հաւատարիմ ծառան է»:

   Սակայն Ռուփինոսը, վստահ լինելով, որ կը համոզի հայրապետին, շտապ գնաց նրա մօտ, իսկ թա­գա­ւորը ճանապարհ ընկաւ նրա յետեւից՝ յոյս ունե­նա­լով, որ թերեւս Ռուփինոսը կÿօգնի իրեն:

   Երբ եպիսկոպոսը տեսաւ Ռուփինոսին եւ իմացաւ նրա գալստեան պատճառը, ա­սաց. «Չա­րիքների յորդորիչնե՛ր ու անօրէնութեան խրատատունե՛ր, դուք, որ գլխո­վին կցորդ էք նրա մեղքերին, ո՞ւմ հա­մար էք եկել բարեխօսելու»: Ռուփինոսը լալագին ըն­կաւ եպիսկոպոսի ոտքերն ու ասաց. «Ահա թագա­ւո­րը գալիս է քո ոտքը՝ բարեխօս ունենալով այս տօ­նի խորհուրդը»: Իսկ սքանչելի Ամբրոսիոսը, վա­ռուե­լով աստուածային նախանձախնդրութեամբ, ասաց. «Ասե՛մ քեզ, Ռուփինոս, ոչ մի կերպ չեմ կա­րող յանձն առնել ընդունելու նրան Աստուծոյ տան յար­­կում: Նա պէտք է սպասի տաճարի գաւթում այն­քան ժամանակ, մինչեւ որ նրա վրայ կը տեսնեմ կա­տա­րեալ ապաշխարողի նշանները: Իսկ եթէ նա, ինքնակալութիւ­նը բռնակալութեան փոխարկելով, կա­մե­նայ ինձ եւս սպանել, յօ­ժա­րու­թեամբ պատրաստ եմ մահուան, բայց չապաշխարած արիւնարբուին եկեղե­ցուց ներս չե՛մ թողնի»:

   Այնժամ Ռու­փի­նոսը շտապ մարդիկ ուղարկեց արքային ընդա­ռաջ, որպէսզի զուր չգայ այդտեղ, այլ վերադառնայ պա­լատ, որովհետեւ եպիսկո­պոսը չի ընդունի իրեն: Երբ ճանապարհին Թէոդոսը լսեց այդ մասին, ասաց. «Այդ­­պէս չի՛ լինի, ես ինքս կը գնամ իմ հովուի ու իմ հոգու տեսչի մօտ եւ անձամբ նրանից կÿառնեմ իմ յանցանքների արժանի նախատինքը»:

   Հասնելով եկեղե­ցի՝ թագաւորը ներս չմտաւ, այլ կանգնեց մուտքի մօտ ու աղաղակելով՝ իրեն կա­պանք­ներից արձակում խնդրեց: Իսկ սուրբ հայրապետը, որ նստել էր եկեղեցու բեմի առջեւ, լսելով թա­գաւորի ձայնը, դուրս եկաւ եւ ասաց նրան. «Չյան­դգնե՛ս ու չհամարձակուե՛ս բռնութեամբ Աստուծոյ եկեղեցի մտնել եւ ոտքի տակ գցել Տիրոջ Օրէն­քը»: Թագաւորն ասաց. «Ո՛չ, հա՛յր սուրբ, առանց քո կամ­քի ոչինչ չեմ անի, միայն արձակի՛ր ինձ իմ մեղքերի կապանքներից, աղաչում եմ քեզ, ու մի՛ փակիր տաճարի դուռն իմ առջեւ, որն Աստուած բաց է պահում բոլոր ապաշխարողների համար»: Ամբրոսիոսն ասաց. «Դու ինչպէ՞ս ապաշխարեցիր, որ քեզ թոյլ տամ եկեղեցի մտնել, կամ յոյժ խոցոտուած վէրքերիդ հա­մար ի՞նչ բժշկութեան դեղ ըն­դունեցիր»: Թագաւորը պատասխանեց. «Հա՛յր սուրբ, դու պէտք է տաս դեղամիջոցները եւ դու պէտք է սպեղանիներ դնես իմ վէրքերին, իսկ ես հնազանդ կամքով կÿընդունեմ դրանք: Կատարել եմ այն ամէ­­նը, ինչ որ պատուիրել ես անել ութ ամսուայ մէջ` պահք, աղօթք ու ողորմութիւն: Եւ այժմ էլ ինչ որ կը հրամայի սրբութիւնդ, ահաւասիկ քո առջեւ եմ»: Այն­ժամ սուրբ հայրապետն ասաց. «Բարկասիրտ ու խիստ ես յանցաւորների հանդէպ, դիւրագայթ` չա­րա­խօսների եւ զրպարտիչների խօսքերից, իսկ դատաստանի իրաւունքը պահում ես ցասման թելադ­րան­քի ներքոյ, ուր վճռատու է լինում ոչ թէ բանա­կա­նութիւնդ, այլ բարկութիւնդ: Արդ, այժմ քո ձեռ­քով գրի՛ր մի արքունի հրաման, ըստ որի՝ թող երեք օրուայ մէջ քննութեան ենթարկուեն բոլոր զրպար­­տիչների չարախօսութիւնները, որոնք ասուել են քո առջեւ: Թող մահուան արժանի յանցաւորները պահուեն երեսունից քառասուն օր, մինչեւ որ ամէն ինչ բացայայտուի: Իսկ եթէ այդքան օրեր անց այլ համոզում ունենաս, թող քեզ ծանր չթուայ ունայնացնել նախկին հրամանդ կամ մա­հուան դա­տակնիքը, որ գրեցիր: Թող այս օրէն­քը գործադրուի ու հաստատութեամբ պա­հուի քո իշ­խա­նութեան տակ գտնուող բոլոր դատաւորների եւ իշ­խանների կող­մից»: Այս լսելով՝ Թէոդոս արքան խիստ զարմացաւ սուրբ եպիսկոպոսի իմաստուն խրատից ու անմիջապէս յօժարութեամբ գոր­ծա­դրեց նրա պատուէրը. գրել տուեց հրովարտակներ եւ իր ձեռքով հաստատելուց յետոյ ուղարկեց բո­լոր դատաւորներին: Այնժամ եպիսկոպոսը թագաւորին արձա­կեց կապանքներից ու թոյլ տուեց եկե­ղե­ցի մտնել:

   Արքան ահուդողով ներս մտաւ եկեղեցու գաւիթ եւ ընկնելով երեսի վրայ՝ տա­ճարի յատակը թրջեց յոր­դ­առատ արտասուքներով: Աղօթում էր երեսը գետնին հպած ու ասում. «Իմ անձը հողին մերձեցաւ, Տէ՜ր, ապրեցրո՛ւ ինձ ըստ Քո Խօս­քի»: Այս ասելով՝ բա­խում էր կուրծքը եւ խփում իր գլխին, փետում էր մազե­րն ու Աստծուց թողութիւն խնդրում: Ժողո­վուր­դը, այս տեսարանից զգացուած, նրա հետ ող­բա­լով, դառնապէս լաց էր լինում:

   Հասաւ ընծայաբերման ժամը, երբ հաւատա­ցեալ­նե­րը, ըստ օրէնքի, պէտք է սուրբ Սեղանին մատու­ցէին իրենց ընծաները: Թէոդոս արքան եւս մօ­տե­ցաւ բեմին,  մատուցեց իր ընծաներն ու կանգ առաւ դա­սի վանդակապատ հատուածի ներք­նակողմում, ինչ­պէս որ օրէնք էր Կոստանդնուպոլսի թագա­դրուած թագաւոր­ների համար: Այս անգամ եւս երա­նե­լի Ամբրոսիոսը դարձեալ նրան խոնարհեց­նելու հա­մար ասաց. «Ըստ կանոնների՝ սովորութիւն չկայ, որ թագաւորները նստեն վանդակի ներքնակողմում:  Ին­չո՞ւ ես այստեղ կանգնել»: Արքան ասաց. «Սպա­սում եմ, մինչեւ որ ընդունեմ աստուածային Խոր­հուր­դը»: Հայրապետն իր սար­կաւագի միջոցով թա­գա­ւորին հաղորդեց. «Ներքնակողմը միայն քահանաների հա­­մար է, իսկ ժողովրդի համար՝ լինի թագաւոր թէ ծա­ռայ, այդ տեղն անմերձենա­լի է: Այդ պատճառով լաւ կը լինի, որ յետ գնալով՝ հաւասարուես ժողովրդին, քա­նի որ արքունական ծիրանիդ ցոյց է տա­լիս, որ դու արքայ ես եւ ոչ թէ քահանայ: Ու բացի դրա­նից`  պէտք է, որ դու խոնարհաբար կանգնես ժողովրդից յետ, մին­չեւ որ իսպառ սրբուես քո բո­լոր արիւնոտ գործերից: Յիշի՛ր, թէ որքան մայ­րեր որ­դե­կորոյս եղան, որքան հայրեր` անզաւակ, որքան եղբայրներ՝ առանց եղ­բօր եւ որքան քոյրեր` առանց հարազատների»:

   Թէոդոսն այս խօսքերը եւս ընդունեց խոնարհութեամբ ու յօժարութեամբ կատարեց եպիս­կոպոսի հրամանը, միայն սար­կաւագի միջոցով նրան փոխանցեց, թէ՝ «Ոչ թէ յանդգնութեամբ համարձակուեցի կանգնել վանդակի ներքնակողմում, այլ ինչպէս որ գիտէի Կոստանդ­նուպոլսի օրէնքներից, կամեցայ այդպէս վարուել: Շնորհակալ եմ սուրբ հայրապետից այս խրատի համար եւս»: Ապա թա­գաւորը խոնարհամտութեամբ եւ զուարթ դէմ­քով դուրս եկաւ ու յօժարակամ կանգնեց ապաշխարողների շարքում: Ահա թէ առ Աստուած ինչպիսի հա­ւատ եւ երկիւղ ունէր թագաւորը ու ինչպիսի սէր եւ հնազանդութիւն` Նրա քահանաների հանդէպ:

   Եւ բարեպաշտութեան այս կարգը, որ Մեծն Թէոդոսը սո­­վորեց Մեծն Ամբրոսիոսից, անփոփոխ պահեց նաեւ իր թագաւորանիստ քաղաքում, քանզի երբ վերադար­ձաւ Կոստանդնուպոլիս, տօնա­խմբու­թեան օրը պէտք է եկեղեցուն ընծաներ մատուցէր: Նա իր ընծան դրեց Սեղանին ու անմիջա­պէս շտապեց վանդակից դուրս գալ, իսկ քաղաքի Նեքտարիոս պատրիարքը, չհասկանալով նրա այդ վար­մունքի պատճառը, ստիպում եւ խնդրում էր ինքնակալին, որպէսզի ներքնակողմում զբաղեցնի իր սովորական տեղը: Այնժամ երանելի Թէոդոսը հառա­չելով ասաց. «Հազիւ եմ սովորել, թէ ինչ խտրու­թիւն կայ քահանայի ու արքայի միջեւ, որովհետեւ ուշ գտայ ճշմարտութեան իմ վարդապետին, ուս­տի ինչպէ՞ս անտեսեմ նրա խրատը: Եւ ես միայն նրան (Ամբրոսիոսին) տեսայ արժանի եպիսկոպոսական կոչման»:

   Այնքան հոգեշահ եղաւ Թէոդոսի համար քաջ հո­վուի աստուածային նախանձա­խնդրութիւնը, որ նրան­ցից յետոյ եկող իմաստուններն առակով ասում էին. «Հեշտ կը գտնուէին թէոդոսներ, եթէ գտնուէին ամբ­րոսիոսներ», որը հակառակ ի­մաստով եւս կա­րե­լի է ճշմարիտ ընդունել, այսինքն եթէ աստուածասէր թագաւորները նման լինէին Թէոդոսին, հեշտու­թեամբ կը գտնուէին նաեւ Ամբրոսիոսին հետեւող քաջ հովիւներ:

   Թէոդոսի օրօք Հռոմի կայսրերի մօտ օրէնք դարձաւ, որ թագաւորը պէտք է նստէր դասի վանդակից դուրս` քահանաների ու ժողովրդի միջեւ:

   Բարեպաշտ Թէոդոս արքան եկեղեցու շինութեան համար ձեռնամուխ եղաւ բազմաթիւ բարեկարգութիւնների նախաձեռնմանը, ամենուր ծաղկեցրեց ճշմարիտ աստուածպաշտութիւնը, բնաջնջելով վե­րաց­րեց տեղ-տեղ գործող մեհեաննե­րի եւ հեթա­նո­սա­կան պաշտամունքների մնացուկները, քանզի Մեծն Կոստանդիանոսի օրօք որոշ կռատներ քան­դուել էին, որոշներն էլ միայն փակուել, բայց պահ­­պանուել էին դրանց արձանները: Սրանք բացել տուեց ուրացող Յուլիանոսը, իսկ նրանից յետոյ եկող կայսրերը դարձեալ փակեցին: Բայց անօրէն Վաղէսը հեթանոսների համար վերստին բացել տուեց, իսկ աստուածասէր Թէոդոսն իր թագաւորութիւնից իսպառ վերացրեց ու անհետացրեց հեթանոսական պաշտամունքը` իր բոլոր մնացուկներով հանդերձ:

   Իսկ Արեւմուտքից Եւգինէոս անուամբ ոմն բռնաւոր, ով կայս­րերից իշխանութիւն ստա­նալու նպատակով կռապաշտութիւնից առ­ե­րես քրիստոնէութեան էր դար­ձել, ստամբակ մարդկանց իրեն օգնական դարձ­նելով՝ դաւադրութեամբ սպանեց մանկահասակ Վա­ղենտիանոս կայսրին: Նա շատ հեթանոս համա­խոհ­ներ ունենա­լով՝ յոյժ զօրացաւ, նշանակեց հեթանոս զօրագլուխներ, ովքեր իրեն յայտնում էին իրենց չաս­­տուածների գուշակութիւնները, ըստ որոնց՝ նա պի­­տի դառնար ողջ ինքնակալութեան տիրակալը: Այն­­ժամ Մեծն Թէոդոսն աճապարեց արշաւել դէպի Արեւմուտք եւ, խորհուրդ հարցնելով մարգա­րէա­­կան շնորհ ունեցող մենակեաց Յովհաննէս Եգիպ­տացուց, իմացաւ, որ ոչ թէ հեշտութեամբ պի­տի յաղթի, այլ մեծ ճիգերով եւ իր զօրքին վտանգի ենթարկելով: Սակայն նա, ապաւինելով Աստծուն, սպառազինուեց պատերազմի համար աւելի շատ պահեցողութեամբ ու աղօթքներով, քան թէ զօրքերով եւ զինամթերքներով, ու աներկիւղ առաջ շարժուեց:

   Բիւզանդիայից եօթ մղոն անցնելով եւ հասնելով սուրբ Յովհաննէս Մկրտչի վկա­յարանին, որն ինքն էր կառուցել, աղօթեց եւ սուրբ Կարապետի բարեխօսութեամբ Տիրոջից առաջիկայ մարտում յաջողութիւն խնդրեց:

   Երբ Թէոդոսը հասաւ Գաղղիայի սահմաններին, լուր ստացաւ, որ թշնամին ան­համար բազմութեամբ պատ­րաստւում էր պատերազմել հեթանոսական օրէնքներով, ու իրենց առջեւից տանում էին Վա­հագ­նի, այսինքն Հերակլէսի արձանը: Թէո­դոսն իր զօրքերով ճակատ կազմեց նրանց բանակի դէմ: Երբ սկսուեց պատերազմը, թագաւորը, հա­մարձակ առաջ նետուելով, մեծ կոտորած արեց թշնամու զօրքում, թէպէտ իր զօրքից էլ շատերին կորցրեց եւ վտան­գի ենթարկեց արքունի բանակը: Այդ պատճառով երեկոյեան արքայի զօրագլուխները խորհուրդ տուեցին նահանջել, յետ քա­շուել մի ապահով տեղ ու ձմե­ռել այնտեղ, մինչեւ որ նոր զօրք հաւաքեն: Սակայն Թէոդոսն ականջ չդրեց նրանց խօսքերին եւ ասաց. «Մեր առջեւից ամենայաղթ սուրբ Նշանն է ընթանում, իսկ մեր թշնա­միներն իրենց առջեւից Հերակլէսի արձանն են բարձրացրած տանում: Ուրեմն ինչպէ՞ս կարող ենք ամօթահար անել Քրիստոսի ամենազօր Խաչին»:

   Ապա իւրայիններին յորդորեց ողջ գիշեր աղօթել Աստծուն: Իսկ ինքը, մտնելով մի քարայր, ուր գտնւում էր սուրբ Յովհաննէս աւետարանչի ու Փիլիպպոս ա­­ռաքեալի մատուռը, դէմքը հպելով գետ­նին, ողջ գիշեր օգնութեան համար ջերմագին աղօթք­ներով եւ արտասուքներով աղաղակեց Տիրոջը: Իսկ լուսաբացին, երբ փոքր-ինչ նիր­հեց, անուրջի մէջ տեսաւ սպիտակ ձիեր հեծած երկու սպի­տակազգեստ մարդկանց: Երբ հարցրեց, թէ նրանք ովքեր են, իմացաւ, որ Քրիս­տոսի Յով­հան­նէս ու Փիլիպպոս աշակերտներն էին: Նրանք թագաւորին ասացին. «Ահաւասիկ Տէրը մեզ ուղարկեց` քեզ օգնելու համար: Մի՛ զարհուրիր թշնամու բազ­մութիւնից եւ այլ օգնութեան մի՛ սպասիր, քան­զի վաղը քո յաղթութեան օրն է»: Նոյն տեսիլքը տե­սաւ նաեւ զինուորներից մէկը ու արթնանալով` պատ­մեց զօրագլուխներին, ովքեր, գալով արքայի մօտ, յայտնեցին այդ աւե­տաւոր յայտնութեան մա­սին: Թագաւորը յոյժ ուրախացաւ եւ ուրախացրեց նաեւ բոլորին՝ ասելով, որ նոյն յայտնութիւնը եղել է նաեւ իրեն: Այսպէս բոլորը՝ սրտապնդուած եւ կազմ-պատ­րաստ, սպասում էին արեւի ծագելուն, որպէսզի թագաւորի հետ սկսէին պատերազմը:

   Իսկ բռնաւոր Եւգինէոսն անձամբ ճակատ չմտաւ, այլ մի բարձունքի վրայ կանգ­նած՝ յանդգ­նա­բար սկսեց սպառնալիքներ թափել Թէոդոսի վրայ` ասելով. «Նա իր մա՛հն է կամենում, իր փոքրաթիւ զօր­քով ինչպէ՞ս է համարձակւում մարտի մէջ մտնել մեր մեծաթիւ զօրքի հետ»: Իսկ իւրայիններին արիացնե­լով` ասում էր. «Յարձակուէ՛ք նրանց վրայ, ձերբակալէ՛ք թագաւորին ու կա­պուած իմ առ­ջեւ բերէ՛ք»:

   Սկսուեց պատերազմը: Երկուստէք յար­ձակուեցին միմեանց վրայ, եւ երկու կողմերում մեծ կոտորած եղաւ: Երբ արքունի զօր­քը տկա­րացաւ, սկսեց թիկունք դարձնել ու շտապ փա­խուս­տի դիմել: Այս տեսնելով՝ քրիստոսասէր արքայ Թէոդոսն իջաւ երիվարից, բանակից փոքր-ինչ ա­ռաջ անց­նելով՝ կանգնեց մի բարձր քարի վրայ, որից հնա­րաւոր կը լինէր երեւալ ողջ զօրքին, ցած դրեց զէնքը, ընկաւ երեսի վրայ, տարածեց իր անձը Տի­րոջ առջեւ եւ աղօթեց. «Դո՛ւ, Տէ՛ր Ամենակալ, գի­տես, որ Քո Որդու` Քրիստոսի անուամբ եմ մարտի մէջ մտել այս հեթանոսների մեծ բանակի հետ, որպէսզի վրէժխնդիր լինեմ արդարութեան համար: Արդ, եթէ առաջիկայ գործս անօրէն է, թող ձախո­ղուի, իսկ եթէ Քո կամքով է, ապա կարկառի՛ր Քո ամենազօր Աջն ու օգ­նի՛ր ինձ, քանզի, Տէ՜ր, Քեզ եմ յու­սացել եւ Քեզ ապաւինելով եմ եկել այս մար­տին: Թող երբէք հեթանոսները չասեն, թէ ո՞ւր է նրանց Աստուածը»:

   Այս խօսքերով թագաւորը սթա­փեց­րեց ու գաղափարապէս սպառազինեց բոլորին` թէ՛ տարէցներին եւ թէ՛ երիտասարդներին: Տիրոջ այցելութեամբ զօրացաւ ար­քու­նի գնդի սիրտն ու ձեռ­քերը եւ նոր հոգի առնելով՝ յարձակուեց թշնամու վրայ: Զօրապետերի մէջ կար Բակուր անու­նով մէկը, ով լի էր հաւատով ու անպարտելի ուժով: Նա, քաջութեամբ մտնելով թշնամու բանակի մէջ, կոտորեց շատերին եւ շատ-շատերին էլ փախստական դարձրեց: Նոյնպէս եւ միւս զինուորները, զօ­րա­ցած երկնային ուժերի կողմից, ի­րենց առջեւից հալածեցին թշնամիներին: Բայց որպէսզի բո­լորն իմանային, որ այդ յաղթանակն ի վերուստ տրուեց, հրաշք կատարուեց. յանկարծակի սաստիկ հողմ փչեց թշնամու բա­նակի վրայ ու յետ դարձրեց նրանց արձակած նետերը, որոնք խոցոտեցին իրենց: Դրա հետ մէկտեղ արքունի բանակի արձակած նետերը սաստիկ սլացմամբ տեղացրեց նրանց վրայ, ցած գցեց, ցիրուցան արեց նրանց զէնքերն ու վահաննե­­րը եւ հողմափոշով կուրացրեց նրանց աչքերը: Այն­պիսի մեծ կոտորած եղաւ բռնաւորի զօրքի մէջ, որ ամէնքն սկսեցին աղաղակել ինքնակալ Թէոդոսին, որ խնայի իրենց ու դադա­րեց­նի անողորմ հարուածները: Եւ արքան գթաց նրանց՝ ասելով. «Միայն թէ ձեր բռնաւորին ողջ-ողջ իմ ձեռքը յանձնէք»:

   Այնժամ նրանց զօրապետ­ե­րը գնացին դէպի բլուրը, ուր նստած էր Եւգինէոսը: Սա կարծելով, թէ իրեն յաղթանակի աւետիս են բերում, ասաց. «Արդեօք կարողացա՞ք Թէոդոսին ողջ բռնել»: Նրանք ասացին. «Ոչ թէ Թէոդո­սին պէտք է քո ոտքը բերենք, այլ քե՛զ պէտք է տանենք նրա մօտ, որովհետեւ երկնքի ու երկրի Տէրը մարտի ըն­թացքն այսպէս առաջնորդեց»: Այս ասելով՝ բռնե­ցին բռնաւորին եւ կապուած բերեցին թագաւորի մօտ: Այնժամ Եւգինէոսը լա­լագին ընկաւ Թէոդոսի ոտքերն ու աղաչեց, որ գոնէ խնայի իր կեանքը: Թագաւորն ասաց. «Յիշի՛ր այն անօրէնութիւնները, որոնք գործեցիր եւ որքան մեծամեծ չարիքների պատ­ճառ եղար, որովհետեւ դու քո բոլոր գործերում քեզ առաջնորդ ընտրեցիր Հերակլէս կուռքին՝ կարծելով, թէ նրանով կը յաղթես կեն­դանարար սուրբ Խաչի նշանին»:

   Իսկ բռնաւորը, իր անձն ամօթապարտ խոս­տո­վանելով ու յուսալով ինքնակալի նե­րո­ղամտութեանը, պաղատագին ո­ղոր­մու­թիւն էր խնդրում: Եւ մինչ խօսքը բերանում էր, արքունի զինուորները, վախենալով, թէ միգուցէ արքան կը խնայի նրան, չսպասեցին Թէոդոսի հրամանին ու նրա ոտքերի առջեւ խողխողեցին բռնաւորին: Եւ այդպէս, 393 թուականին արքունի զօրքը յաղթանակով ու մեծ աւարով վերադարձաւ պատերազմից:

   Այնուհետեւ արքան մեծ փափագով գնաց Երու­սա­ղէմ եւ երեկոյեան ժամին մտաւ սուրբ Յարու­թեան եկեղեցի, որպէսզի աղօթի Քրիստոսի գերեզ­մա­նի մօտ: Եւ երբ մթութեան մէջ թագաւորն իր երեք մարդկանց հետ մօտեցաւ գերեզմանին, նոյն պահին բոլոր խորանների մարած կանթեղներն անմիջապէս իրենք իրենց վառուեցին: Այս տեսնե­լով՝ բարեպաշտ կայսրը մեծ բերկրանքով ցնծաց իր հոգում եւ հասկացաւ, որ Աստուած Իր գթութեամբ թողութիւն է տուել իր մեղքերին:

   Իսկ դրանից յետոյ երանելի Թէոդոսը, թէպէտ միա­հեծան կայսր եղաւ Արեւմուտքի ու Արեւելքի վրայ, սակայն պատերազմի մեծ դժուարութիւն­նե­րից եւ ճանապարհի յոգնութիւններից լարուելով, ջրգողութեան ծանր հիւանդութիւն ստացաւ: Եկաւ Միգուլէ, ուր բերել տուեց նաեւ իր երկու որդիներին, որոնցից կրտսե­րին` Ոնորիոսին, կայսր կար­գեց Արեւմուտքի վրայ, իսկ անդրանիկը մնաց իր տե­ղում` Արեւելքում: Նրանց տուեց իր վերջին պատուէրները, խրատեց նախանձախնդիր լինել ճշմա­րիտ աստուածպաշտութեան համար, հաստատուն մնալ ուղղափառ հաւատի մէջ, ապրել անպարսաւելի վարքով, ամենուր օգնական ունենալ Աստծուն, Ով մերձ է Իրենից երկիւղածներին, ու արդարութեամբ վա­րել թագաւորութեան բոլոր գործերը: Նոյնպէս եւ բարեպաշտութեան յոր­դորներ տուեց իր իշխան­նե­րին ու զօրագլուխներին: Պատգամեց առատօրէն բաշ­­խել եւ ողորմութիւններ անել աղքատներին, ինչ­պէս որ ինքն էր անում իր բո­լոր օրերում, ու ամէն բան կարգաւորեց` յօգուտ հաւատացեալների եւ ի պայծառութիւն սուրբ Եկեղեցու: Ապա հաղոր­դուե­լով Տիրոջ պատուական Մարմնին ու Արեանը՝ պատ­րաստուեց մահուան՝ անվախճան Կեանք փո­խա­դրուե­լու ակնկալութեամբ: Եւ Ոնորիոսի կայսրու­թեան տօնախմբութեան նոյն օրը, երբ աստուածասէր թագաւորին թւում էր, թէ փոքր-ինչ թեթեւացել է իր հիւանդութիւնը, յան­կարծակի նորոգուե­ցին ցաւերը, ու վաթսուն տարեկան հասակում` 395 թուա­­կանին, տասնվեց տարի թագաւորելուց յետոյ աւան­դեց իր հոգին Աստուծոյ ձեռ­քը:

   Կոստանդիանոսից յետոյ չկար նրա նման մէկը Հռո­մի կայսրերի մէջ, քանզի նա փայլում էր բարե­պաշ­տութեամբ եւ առաքինութեամբ, հաստատուն էր ուղղափառութեան մէջ ու պարիսպ էր սուրբ Եկեղե­ցուն, հնազանդ էր առաջնորդներին եւ երկիւղած՝ ամէն բանում: Չխօսենք նրա արիութեան, քաջութեան ու թագաւորու­թեան գերազանց պաշտօնա­տա­րու­թեան մասին, որի մասին վկայում էին նաեւ օտար­ները` ասելով, թէ Թէոդոսը ոտքի կանգնեցրեց հռոմէական ինքնակալութիւ­նը, որը պաշարած թշնա­միների երեսից մօտ էր կործանման, որովհետեւ Աս­տուած նրա հետ էր: Երանելի Թէոդոսն ար­քու­նական ծիրանու տակ ունէր իր ծա­ծուկ, մարդ­կան­ցից անյայտ մարմնաւոր ճգնութիւնները: Ապ­րե­լով իբրեւ անցա­ւոր պանդուխտ՝ ամէն բանում ճնշում էր իրեն` ամէն օր մեռնելով աշխարհի համար: Քրիստոսասէր թագաւորն արքունական թագի վրայ միշտ կրում էր սուրբ Խաչի նշանը, իսկ պատերազմների ժամանակ այն կրում էր իր սաղաւարտի վրայ: Այս բարի սովորոյթը պահեցին նաեւ նրա որդիները եւ նրանցից յետոյ եկողները:

   Մեծ Թէոդոսի վախճանի օրը, ինչպէս նաեւ նրան յա­­ջորդող սգոյ քառասուն օ­րերին, երանելի Ամբ­րո­սիո­­սը դամբանական ճառ կարդաց բարեպաշտ ինքնակալի համար` արժանաւոր կերպով դրուատելով նրա առաքինութիւնները: Իսկ նրա մար­մինը Ար­կա­դէո­սի ու Ոնորիոսի հրամանով մեծ շուքով տարան Կոստանդնուպոլիս եւ պատուով թաղեցին սուրբ առա­քեալների տաճարում:

   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 19: