Այսօր մանկունք սուրբ Եկեղեցւոյ տօնեն
զխաչակրօն քո սուրբ զյիշատակս,
ո՜վ սուրբ հայր Ոնոփրիոս,
զի ընկալցին զանապական պարգեւս
ի Քրիստոսէ Աստուծոյ մերմէ.
օրհնե՜մք միշտ սուրբ զԵրրորդութիւնն:
(Շարակնոց)
Սուրբ հայր Ոնոփրիոսը՝ ագարակում ծածկուած գանձն ու լեռան վրայ արտափայլող քաղաքը, ծնուել է Եգիպտոսում եւ մանկուց կրօնաւորել Երիմոպոլիս քաղաքի մօտ գտնուող մօտ հարիւր հոգուց բաղկացած միաբանների ընդհանուր վանքում: Սուրբի վարքագրութիւնը մեզ է հասել հայր Պափնուտիոսի միջոցով հետեւեալ կերպ: Երբ մերձեցել էին Ոնոփրիոսի՝ մարմնից ելնելու օրերը, Աստուած Իր ծառայ Պափնուտիոսի սրտում միտք դրեց գնալ անապատի խորքերը՝ տեսնելու, թէ ովքե՛ր կան այնտեղ առանձնացած, եւ իրենից զատ ո՛վ է յանուն Աստուծոյ հեռացել մարդկանց հետ բնակութիւնից: Նա եգիպտացի անապատականներից ու սուրբ հայրերից մէկն էր, ով, փափագելով տեսնել աստուածահաճոյ մենակեացին, Տիրոջ ազդմամբ դուրս եկաւ եւ ուղղուեց դէպի անապատի խորքերը:
Նա պատմում է. «Ես քայլում էի անապատի անկոխ ճանապարհներով ու անդադար մտածում էի, թէ կա՞յ արդեօք անապատի խորքերում Աստուծոյ ծառաներից մէկը, ում կարժանանամ տեսնել: Բռնելով այդ ճանապարհը՝ ես առաջ շարժուեցի: Ինձ հետ վերցրել էի ջուր եւ սակաւ հաց, որոնք մի քանի օրից սպառուեցին, ու ես յոյժ տրտմեցի, սակայն մահն աչքիս առջեւ ունենալով՝ դարձեալ զօրացայ եւ չորս օր ու գիշեր առանց հացի ու ջրի շարունակեցի ճանապարհս: Դարձեալ նեղսրտեցի ճանապարհի յոգնութիւնից, ուժասպառ ընկայ սաստիկ քաղցից ու չարչարանքներից, եւ ինձ թուաց, թէ մեռնում եմ: Այնժամ մի փառաւոր այր տեսայ, ով մօտենում էր ինձ: Նա իր ձեռքը դրեց իմ շուրթերին եւ ինչպէս մի հմուտ բժիշկ, ով սպեղանի է տալիս, բացեց իմ աչքերը, ու ես անմիջապէս զօրացայ: Այդ մեծ սքանչելիքից վերացաւ իմ քաղցի զգացումը, ահաւոր զօրութեան ներգործութիւնից ես ոտքի կանգնեցի եւ մեծ ուրախութեամբ շարունակեցի ճանապարհս:
Գնացի եւս չորս օր, բայց յոգնութիւնից դարձեալ տկարացայ, որի համար ձեռքերս երկինք բարձրացրի ու աղօթեցի Աստծուն: Եւ ահա տեսայ, որ դէպի ինձ էր գալիս այն նոյն փառաւոր այրը: Նա մօտեցաւ ինձ, մատներով օծեց իմ շուրթերն ու դարձեալ ինձ զօրացրեց այնքան, որ կարողացայ եւս տասնհինգ օր ճանապարհ գնալ:
Եւ ահա հեռւում տեսայ մի զարհուրելի կերպարանքով մարդու: Նա մերկ էր, սակայն մազերի երկարութիւնը ծածկել էր ողջ մարմինը, իսկ մէջքին բանջարի տերեւներ էր կապել: Երբ տեսայ, որ նա դէպի ինձ է գալիս, սաստիկ վախեցայ ու ճողոպրելով փախայ դէպի վեր՝ դիմացի լեռան ստորոտը: Սարսափ էր պատել ինձ, որովհետեւ կարծում էի, թէ նա մի մարդակերպ գազան է: Նա, հասնելով լեռան մօտ գտնուող քարափին, ուժասպառ նստեց լեռան հովանու տակ, որովհետեւ տկարացել էր խոր ծերութիւնից, քաղցից, տօթից եւ խորշակից, որոնք կրել էր անապատում ապրած ճգնողական խստակրօն կեանքի ընթացքում: Հայեացքը դէպի վեր` լեռան կողմը դարձնելով՝ նայեց ինձ ու ձայն տուեց. «Իջի՛ր ինձ մօտ, ո՛վ սրբասուն այր, ես էլ քեզ նման մարդ եմ եւ բնակւում եմ այս անապատում մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար»:
Երբ սուրբ ծերունուց լսեցի այս խօսքերը, փարատուեց երկիւղս, յօժարութեամբ իջայ եւ ընկայ նրա ոտքերը: Նա ինձ ասաց. «Արի՛ ինձ մօտ, որդեա՛կ, քանզի դու եւս Աստուծոյ ծառան ես եւ սուրբերի սիրելին»: Ես մօտեցայ նրան, արժանացայ նստելու նրա դիմաց եւ խօսելու նրա հետ: Ապա սկսեց հարցնել աշխարհի վիճակի ու եղբայրների մասին: Ես հակիրճ պատասխաններ էի տալիս նրան եւ խնդրում, որ ինքը խօսի մինչեւ գնալս, քանզի ծարաւ էի լսելու նրա սուրբ վարքի մասին, կամենում էի յագեցնել իմ փափագը ու ճանապարհի յոգնութիւնից մխիթարութիւն ստանալ:
Երբ շատ խնդրեցի յայտնել իր անունը եւ խօսել իր մասին, նա պատմեց իր կեանքի այս պատմութիւնը. «Ուրեմն, լսի՛ր ինձ, որդեա՛կ, ու ես ամէն ինչ կը պատմեմ քեզ: Անունս Ոնոփրիոս է, եւ ահա արդէն վաթսուն տարի է, ինչ բնակւում եմ այստեղ: Շրջում եմ այս անապատով ու կերակրւում Աստուծոյ շնորհներով: Այստեղ գալուց յետոյ ես որեւէ մարդու բնաւ չեմ տեսել, բացի քեզանից, իսկ մինչ այդ ես բնակւում էի եռմիպօղիտացիների անուանի վանքում, ուր կային թուով մօտ հարիւր եղբայրներ, ովքեր համախոհ եւ համակրօն էին միմեանց: Նրանք բոլորը, պարսպուած մեր Տէր Յիսուս Քրիստոսի կատարեալ խաղաղութեամբ, լի էին Աստուծոյ սիրով ու ճգնում էին մեծ ջանքերով՝ փառաւորելով Աստծուն: Այնտեղ խրատուելով սուրբ հայրերի աստուածիմաստ խօսքերով` սովորեցի աստուածսիրութիւն, ուսանեցի ճշմարիտ հաւատի ճանապարհը եւ կրօնաւորութեան հաստատուած կարգը: Բարեպաշտութեան ու ճգնութեան ողջ կարգն ուսանելուց յետոյ, երբ արդէն մօտեցել էի հոգեւոր եւ մարմնաւոր կատարելութեան, լսեցի, որ տեղի սուրբ հայրերն ասում էին, թէ մեզնից՝ ընդհանուր վանքում ապրող միաբաններիցս, աւելի բարձր են անապատներում մենակեցութեամբ առանձնացած անապատականներն ու ճգնաւորները, ովքեր հեռացել են մարդկանցից, ինչպէս Եղիա մարգարէն, ով երկինք փոխադրուեց՝ իր անապատական կեանքով հաճելի լինելով Աստծուն, կամ էլ Յովհաննէս Մկրտչի նմանութեամբ, ով մանկութիւնից մեծացաւ անապատում եւ ով կանանցից ծնուածների մէջ չունի իրեն հաւասարը: Իսկ ես առարկում էի նրանց ու ասում, թէ ինչպէ՞ս կարող են անապատում հանդարտութեամբ առանձնացած կրօնաւորներն աւելի բարձր լինել, քան վանականները, քանզի քաջ գիտէի, որ մեծ խոնարհութիւն, կատարեալ համբերութիւն եւ անձի մեռելութիւն է պէտք, որ հնարաւոր լինի անտրտունջ բնակուել եղբայրների հետ եւ սիրով ծառայել բոլորին: Իսկ նրանք պատասխանում էին ինձ՝ ասելով. «Այո՛, որդեա՛կ, նրանք բարձր են մեզնից, որովհետեւ անապատականների պատերազմն աներեւոյթ թշնամու գաղտնորոգայթ հնարքների դէմ առաւել մեծ է, եւ նրանց համար չկայ եղբայրական որեւէ մխիթարութիւն հոգեւոր կամ մարմնաւոր կարիքների համար: Մենք, ամէն ժամ տեսնելով միմեանց, մխիթարւում ենք մէկս միւսով. երբ միասին աղօթում ենք, ուրախանում ենք, երբ քաղցում ենք, պատրաստի կերակուր ենք ստանում, երբ ծարաւում ենք, ունենք մեր ջուրը, երբ մեզանից մէկը տկարանում է, մխիթարութիւն է ստանում եղբայրներից մէկից, եւ եթէ մեզանից մէկն առաւել կերակրի կարիք է զգում, պատրաստում ենք Քրիստոսի սիրոյ համար: Իսկ անապատում բնակուողներն այս ամէնից զուրկ են, որովհետեւ երբ նրանք նեղութիւնների կամ թշնամու դէմ պատերազմից որոգայթի մէջ են ընկնում, չունեն մէկին, ով քաջալերի ու մխիթարի իրենց Աստուծոյ սիրով եւ զօրացնի: Անհրաժեշտ կերակուրը ձեռք են բերում դժուարութեամբ եւ եթէ ծարաւում են, չունեն ջուր՝ փոքր-ինչ զովանալու համար: Յատկապէս առաւել մեծ ջանքեր են պէտք սկզբում, երբ որոշում են ապրել անապատում: Նրանք յանձն են առնում Աստուծոյ ծառայութիւնը՝ կրելով ճգնութիւններ, համբերութեամբ տանում են քաղցն ու ծարաւը, յաղթող են լինում բանսարկուի գաղտնի պատերազմներում եւ քայլում դէպի Տէրը նեղ ու անձուկ ճանապարհով: Իսկ բարիատեաց թշնամին հանապազ գործում է ընդդէմ նրանց, ովքեր փափագում են քայլել այս ճանապարհով, որպէսզի արգելի եւ խափանի նրանց ընթացքը: Փորձում է նրանց ամէն հնարքներով, որպէսզի յետ դարձնի նրանց բարու ճանապարհից, ջանում է հեռացնել ու զրկել ճգնութեան վաստակներից եւ Աստուծոյ մեծամեծ պարգեւներից: Իսկ ովքեր յանուն Աստուծոյ իմաստութեամբ համբերում են ճգնութեան նեղութիւններին, նրանց վրայ իջնում է մեր բարերար Տիրոջ մեծ գթութիւնը եւ ըստ վաստակի՝ հատուցումը: Նա Իր սուրբ հրեշտակների ձեռքով հոգում է նրանց բոլոր կարիքները ու վէմից ջուր բխեցնում, ինչպէս որ Եսայի մարգարէն է ասում, թէ ովքեր համբերում են յանուն Տիրոջ, կը լցուեն բարիքներով, թեւեր կÿառնեն եւ կը սլանան ինչպէս արծիւներ. նրանք կը գնան ու չեն քաղցի, կÿընթանան եւ չեն յոգնի: Եւ դարձեալ ասում է, թէ ծարաւներին արբեցրէք Վէմի ջրից, եւ անապատի բոյսերը նրանց քիմքում ու կոկորդներում կը դառնան մեղրախորսխի պէս: Երբ փորձութեան մէջ են ընկնում, կամ թշնամու կողմից պատերազմ է սկսւում, նոյն պահին իրենց ձեռքերը վեր բարձրացնելով՝ աղաղակում են Տիրոջը եւ երկնքից շուտ օգնութիւն են ստանում, ու իրենց ճշմարիտ հաւատի եւ սուրբ սրտի համար ցրւում ու փարատւում են բոլոր փորձութիւնները: Եւ չե՞ս լսել, որդեա՛կ, որ նրանց համար գրուած է, թէ` «Աստուած իսպառ չի մոռանում տնանկներին, իսկ աղքատների համբերութիւնը չի կորչում յաւիտեան»: Դարձեալ գրուած է, թէ` «Տէրը կատարում է Իրենից երկիւղածների կամքը, լսում է նրանց աղօթքներն ու փրկում նրանց բոլոր նեղութիւններից»: Քանզի Աստուած է, որ ըստ գործերի եւ վաստակի՝ հատուցում է բոլոր նրանց, ովքեր համբերում են Իր անուան համար: Արդ, երանի նրանց, ովքեր երկրի վրայ կատարում են Աստուծոյ կամքը, քանզի մինչ մարմնի մէջ են, հրեշտակներն ուրախութեամբ սպասաւորում են նրանց ու ամէն ժամ զօրացնում: Իսկ եթէ կարողանում են իմաստութեամբ համբերել ճգնութիւնների նեղութիւններին, ապա ամէն այցելութիւն նրանց Բարձունքներից է լինում: Եւ ասում էին. «Երանի նրան, ով կը հասնի այդ չափին»:
Այս ամէնը լսելով՝ ես՝ Ոնոփրիոսս, բորբոքւում էի նախանձախնդրութեամբ, ինձ զգում էի ինչպէս նրանցից մէկը եւ իմ անձում ճաշակում մեղրախորսխից առաւել քաղցր հոգեւոր բերկրանք, որի համար ամէն առիթի դէպքում աւելի ու աւելի էի հետաքրքրւում եւ տեղեկանում նրանցից: Ապա մի գիշեր վեր կացայ, ինձ հետ վերցրի մօտ չորս օրուայ սակաւ հաց ու ջուր եւ դիմեցի դէպի անապատ, ուր որ Աստուած կÿառաջնորդէր: Երբ այնքան էի գնացել, որ ծածկուել էի մարդկանց տեսադաշտից, մտայ անշէն անապատ, ու գիշերուայ մէջ իմ առջեւ մեծ լոյս ծագեց, որից խիստ զարհուրեցի եւ մի պահ որոշեցի վերադառնալ իմ նախկին տեղը, սակայն Աստծուն ապաւինելով՝ զօրացայ ու առաջ շարժուեցի: Եւ մինչ երկիւղի մէջ էի, ինձ երեւաց մի յոյժ փառաւոր այր ու ասաց. «Մի՛ երկնչիր, քանզի ես ամենակալ Տիրոջ հրեշտակն եմ եւ քեզ պահպանում եմ քո մանկութիւնից սկսած: Դու Տիրոջ կողմից արժանացար այն պարգեւին, որ ընթացակից լինեմ քեզ այս ճանապարհին»:
Ապա նրա առաջնորդութեամբ վեց կամ եօթ մղոն ճանապարհ անցնելուց յետոյ հասայ անապատի խորքերն ու այնտեղ տեսայ մի փոքր քարայր: Բախեցի դուռը եւ ըստ քրիստոսասէր եղբայրների սովորութեան՝ ձայնեցի. «Օրհնի՛ր, տէ՛ր», քանզի մտածում էի, որ միգուցէ ներսում բնակուող լինի: Եւ ահա այրից դուրս եկաւ մի պատուական ծեր, ով պատկառելի տեսք ունէր, իսկ դէմքը պայծառացած էր Աստուծոյ շնորհներով: Ես ընկայ նրա ոտքերը, իսկ նա բարձրացրեց ինձ ու ողջունելով ասաց. «Դո՞ւ ես, Ոնոփրիո՛ս, եղբա՛յր իմ եւ ի Տէր գործակի՛ց իմ: Նե՛րս մտիր, որդեա՛կ, ու թող քեզ օգնական լինի Աստուած, Ով քեզ արժանացրեց այս սուրբ կոչմանը»:
Ես մի քանի օր մնացի այդ ծերի մօտ եւ մեծ ջանասիրութեամբ նրանից սովորեցի կրօնաւորութեան սուրբ կարգը: Երբ ծերը տեսաւ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի սուրբ հաւատի բարեպաշտ կարգն ուսանելուց լուսաւորուեց իմ հոգին, եւ կարող եմ ընդդիմանալ բանսարկուի գաղտնի պատերազմին ու անապատի երկիւղին, ասաց ինձ. «Եղբայր իմ Ոնոփրիո՛ս, կը տանեմ քեզ աւելի խորը անապատ, որպէսզի այնտեղ բնակուես մի այրի մէջ ու առանձին ճգնութիւններ կրես, քանզի ըստ նախախնամութեան՝ Աստուծոյ կողմից դրա համար ես առաքուել»:
Ապա միասին չորս օր եւ չորս գիշեր խորացանք անապատի մէջ ու հասանք մի փոքրիկ խցի, որի մօտ արմաւենի կար: Պատուական ծերն ինձ ասաց. «Ահա սա է այն տեղը, որն Աստուծոյ մարդասիրութեամբ նախատեսուեց քեզ համար»: Եւ այդ խցում, երեսուն օր մնալով ինձ հետ, սովորեցրեց անապատական կեանքի ողջ կարգն ու հեռացաւ, սակայն տարին մէկ անգամ հանդիպում էինք միմեանց մինչեւ երանելու այս կեանքից փոխուելը, որի նշխարներն ամփոփեցի իմ բնակութեան մօտ գտնուող մի տեղում»:
Երբ սուրբ հայր Ոնոփրիոսը պատմեց այս ամէնը, ես՝ տառապեալ Պափնուտիոսս, հարցրի նրան. «Ո՛վ հայր պատուական, շա՞տ նեղութիւններ կրեցիր առաջին տարիներին»: Երանելի ծերն ասաց. «Հաւատա՛ ինձ, սիրելի՛ եղբայր, որ երկար ժամանակ քաղցից ու ծարաւից, տօթից եւ խորշակից, ցրտից ու սառնամանիքից այնքան նեղութիւններ կրեցի, որ շատ անգամներ յուսահատուեցի կեանքից եւ մօտեցայ մահուան դռներին: Սակայն բարերարն Աստուած, տեսնելով իմ համբերութիւնը, պահեցողութիւնները, աղօթքներն ու ճգնութիւնները, հրամայեց Իր սուրբ հրեշտակին ամէն օր չափաւոր կերակուր եւ ջուր բերել ինձ, իսկ քարայրի մօտ գտնուող արմաւենին ամէն տարի տասներկու ոստեր էր տալիս իր ողկոյզներով, որոնցից իւրաքանչիւրը` անապատի բանջարներով հանդերձ, ամէն ամիս բաւարարում էր ինձ: Արդ, ո՛վ եղբայր Պափնուտիոս, եթէ կատարես մեր Տիրոջ կամքը, կը ստանաս Նրա օգնականութիւնը, քանզի Իր սուրբ Աւետարանում ասում է. «Մի՛ հոգացէք, թէ ինչ էք ուտելու կամ խմելու, քանզի ձեր Տէրն ու երկնաւոր Հայրը գիտի ձեր պէտքերն ու կարիքները, այլ խնդրէ՛ք նախ Աստուծոյ արքայութիւնը եւ արդարութիւնը, ու այդ ամէնն աւելիով կը տրուի ձեզ» [Մատթ. Զ 31−34]: Լսելով երանելի ծերի այս խօսքերը՝ յոյժ զարմացայ եւ ապա հարցրի. «Ո՛վ հայր պատուական, ասա՛ նաեւ՝ որտեղի՞ց ես հաղորդութիւն ստանում շաբաթ եւ կիրակի օրերին»: Եւ նա պատասխանեց. «Դա եւս կÿասեմ, որդեա՛կ: Բարերար Տիրոջ հրեշտակն աստուածային խորհրդով սպասաւորում է ոչ միայն ինձ, այլեւ հաղորդեցնում է բոլոր նրանց, ովքեր Տիրոջ համար բնակւում են այս անապատում եւ չեն տեսնում որեւէ մարդու, սակայն լի են ուրախութեամբ: Իսկ եթէ նրանցից մէկը կամենում է տեսնել որեւէ մէկին, նրան բարձրացնում են երկինք, ուր տեսնում է բոլոր սուրբերին եւ ողջունում նրանց: Լոյսի պէս պայծառանում է նրա հոգին, յոյժ բերկրում եւ ցնծում է, քանզի արժանացաւ այդ անվախճան յաւիտենական Բարիքներին եւ մոռանում է այն բոլոր չարչարանքներն ու նեղութիւնները, որ կրում էր անապատում: Եւ ապա վերադարձնում է նրան իր տեղը, ուր մնում է ուրախութեամբ ու չի էլ զգում, որ ապրում է երկրի վրայ: Իր կեանքի բոլոր օրերին ճգնում է մեծ յօժարութեամբ, քանզի միշտ մտքում է պահում, որ պիտի փոխուի այն աշխարհ եւ ընդունի այնպիսի պարգեւներ, որոնք տեսաւ իր աչքով»:
Լսելով այս ամէնը՝ լցուեցի անպատմելի ուրախութեամբ, եւ իսպառ վերացաւ ճանապարհից կրած յոգնութիւնս, յոյժ զօրացայ հոգով ու մարմնով եւ մոռացայ քաղցն ու ծարաւը: Լի մեծ ցնծութեամբ՝ ես ասացի նրան. «Ո՛վ պատուական սուրբ հայր, երանի է ինձ, որ արժանացայ տեսնել քեզ, եւ քեզանից լսել այսպիսի բարի ու քաղցր խօսքեր, որոնք զօրութեան եւ փրկութեան առիթներ են ինձ»: Իսկ նա ասաց ինձ. «Ե՛լ, որդեա՛կ, գնանք միասին»: Նա վեր կացաւ, իսկ ես, մեծ հիացմունքով նայելով երանելի սուրբ հօրը, սքանում էի նրա փառաւոր տեսքով: Երբ միասին երկու կամ երեք մղոն ճանապարհ անցանք, հասանք մի փոքր խցի, որի մօտ մի արմաւենի կար: Այդտեղ միասին աղօթելուց յետոյ նստեցինք եւ ողջ օրն անցկացրինք՝ խօսելով Աստուծոյ բարերարութիւնների մասին: Օրուայ վերջում, երբ արեւը մայր էր մտնում, մտանք խուց եւ տեսանք դրուած մի նկանակ հաց ու սակաւ ջուր: Երանելի ծերն ասաց. «Արի՛, որդեա՛կ, ճաշակի՛ր այս հացն ու ջուրը, որ դրուած են քո առջեւ, քանզի տեսնում եմ, որ նուաղել ես քաղցից ու ճանապարհի յոգնութիւնից»: Ես ասացի նրան. «Կենդանի է մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս, որ չեմ ճաշակի ու չեմ ըմպի, եթէ միասին չճաշակենք»: Երկար խնդրելուց յետոյ մի կերպ համոզեցի եւ միասին կիսելով հացը՝ ճաշակեցինք, ապա գոհանալով Աստծուց՝ ողջ գիշեր աղօթեցինք:
Լուսադէմին աղօթքի ժամանակ տեսայ, որ նրա դէմքը պայծառացել էր արեգակի պէս, այլափոխուել եւ Աստուծոյ հրեշտակի կերպարանք ընդունել: Այս տեսնելով՝ յոյժ զարհուրեցի ու վախեցայ, իսկ նա ասաց ինձ. «Մի՛ երկնչիր, եղբա՛յր Պափնուտիէ, քանզի Նա, Ով գթառատ եւ մարդասէր Աստուած է, քեզ ուղարկեց ինձ մօտ, որպէսզի ամփոփես մարմնիս նշխարները: Ահաւասիկ այսօր պիտի աւարտեմ իմ ճգնութիւնը եւ գնամ դէպի յաւիտենական հանգիստն ի Տէր»: Դարձեալ պատուիրեց ինձ ու ասաց. «Եղբա՛յր Պափնուտիէ, եթէ գնաս Եգիպտոս, այնտեղ եղբայրների ու բոլոր հաւատացեալների մէջ որպէս անուշահոտ խունկ քարոզի՛ր իմ յիշատակը, որպէսզի եթէ մէկն իմ անունով պատարագ մատուցի Աստծուն, Տէրը նրան ընդունի առաջինների հետ, քանզի այս եմ խնդրում Տիրոջից: Եւ եթէ մէկն իմ անունով կերակրի մի եղբօր, ես էլ նրան կը յիշեմ Տիրոջ առջեւ»: Ես հարցրի. «Եթէ մէկն աղքատ լինի եւ չկարողանայ քո յիշատակի օրը պատարագ մատուցել կամ մի եղբօր կերակրել, նա չի՞ լինի առաջինների հետ»: Եւ նա ասաց ինձ. «Եթէ մէկն իմ անունով սակաւ-ինչ խունկ մատուցի Տիրոջը որպէս անուշահոտութիւն, կÿարժանանայ նոյն երանութեանը»: Ես համարձակուեցի նաեւ այս հարցը տալ. «Եթէ մէկը բնակւում է անապատում եւ չի կարող խունկ գտնել ու Տիրոջն անուշահոտութիւն մատուցել, նա առաջինների հետ չի՞ ընդունուի: Հա՛յր պատուական, աղաչում եմ, որ քո արդար աղօթքները հասնեն բոլորին, քանզի գիտեմ, որ ինչ էլ խնդրես Աստծուց, Նա կը տայ քեզ: Եւ գիտեմ, որ ընդունայն չեն լինի քո խնդրանքները՝ քո հանապազօրեայ ու անդադար աղօթքների եւ Տիրոջը քո անզբաղ ծառայութեան համար, որը վաթսուն տարի տարար համբերութամբ՝ բնակուելով այս անապատում»: Նա պատասխանեց. «Եթէ մէկն աղքատ է, բնակւում է անապատում ու չի կարող պատարագ կամ խունկ մատուցել, թող կանգնի եւ իմ անունով Տիրոջը «Հայր մեր» աղօթքը մատուցի: Ես կը յիշեմ նրան Տիրոջ առջեւ՝ աղօթելով նրա համար, որպէսզի առաջինների հետ արժանանայ Տիրոջ ողորմութեանն ու ժառանգի արդարների կենցաղավարութիւնը»: Ասացի նրան. «Բարի՛ հայր, քո մարմնից ելնելուց յետոյ արժանացրո՛ւ ինձ բնակուել այստեղ»: Եւ նա պատասխանեց ինձ. «Դու չեկար այստեղ բնակուելու, այլ Աստուած քեզ ուղարկեց այստեղ, որպէսզի փառաւորես այս անապատում բնակուող Իր սուրբերին եւ աստուածասէր եղբայրների մէջ տարածես նրանց վաստակների բուրմունքը: Արդ, որդեա՛կ, գնա՛ Եգիպտոս ու մնա՛ այնտեղ՝ բարի գործերով ծառայելով Տիրոջը եւ քարոզիր այն ամէնը, ինչ տեսար այս անապատում»:
Սուրբի այս խօսքերը լսելուց յետոյ ես ընկայ նրա ոտքերն ու ասացի. «Աղաչում եմ քեզ, հա՛յր պատուական, օրհնի՛ր ինձ, որպէսզի ողորմութիւն գտնեմ Տիրոջ առջեւ: Եւ ինչպէս իմ Փրկիչը՝ Քրիստոս, արժանացրեց ինձ այս աշխարհում տեսնելու քեզ, նոյնպէս էլ թող արժանացնի ինձ հանդիպել քեզ հանդերձեալում»: Եւ նա ասաց ինձ. «Որդեա՛կ Պափնուտիէ, Տէրը չի անտեսի քո խնդրանքները: Նա կÿօրհնի քեզ ու կը հաստատի Իր սիրոյ մէջ, կը լուսաւորի քո միտքը Իր աստուածութեան Լոյսով եւ կը փրկի քեզ ապականութիւնից ու թշնամու որոգայթներից: Կÿառաջնորդի քո ընթացքը դէպի բարին, կը պահպանի քեզ Իր հրեշտակներով՝ օգնական լինելով թշնամու դէմ բոլոր պատերազմներում եւ այն ահեղ ժամին ոչինչ չի գտնի՝ քեզ յանդիմանելու համար»: Այս ասելուց յետոյ երանելին արտասուքներով ու հեծեծանքներով աղօթեց Աստծուն, ապա փոքր-ինչ դադար առնելուց յետոյ խոնարհեցրեց իր սուրբ մարմինը եւ մեծ ուրախութեամբ իր սուրբ հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը: Նոյն պահին լսելի եղաւ սուրբ հրեշտակների քաղցրաձայն երգը. նրանք օրհնում էին Աստծուն ու առաջնորդում երանելի Ոնոփրիոսի հոգուն: Եւ երկնքում մեծ ուրախութիւն եղաւ Աստուծոյ ու նրա հոգու հանդիպման պահին: Իսկ ես վեր կացայ, հանեցի իմ աղաբողոնը 1, այն բաժանեցի երկու մասի. մի մասով ծածկեցի նրա սուրբ մարմինը եւ պատանեցի, իսկ միւս մասը գցեցի վրաս, որ մերկ չմնամ: Ապա գտայ ժայռափոր գերեզմանի պէս մի տեղ, ուր ամփոփեցի Աստուծոյ սուրբի մարմինն ու մեծ-մեծ քարեր հաւաքելով՝ ծածկեցի նրա սուրբ նշխարները: Սկսեցի աղօթել եւ աղաչել Աստծուն, որ թոյլ տայ բնակուեմ այդտեղ, բայց նոյն պահին տեսայ, որ աւերուեց սուրբի խուցը, իսկ արմաւենին, որից նա կերակրւում էր, տապալուեց: Լցուած ահով ու զարմանքով՝ յոյժ սքանչացայ եւ հասկացայ, որ Աստուած չի կամենում, որ բնակուեմ այդտեղ: Այնժամ խորապէս զգացի Աստուծոյ սուրբի հեռանալն ինձնից, ում տեսքն ու լուսաւոր խօսքերն ինձ մոռացնել էին տուել ճանապարհի իմ չարչարանքները: Սաղմոսներով, օրհնութեամբ եւ արտասուքներով ձեռքերս երկինք բարձրացրի ու աղօթեցի Տիրոջը:
Մինչ աղօթում էի եւ մեծ տրտմութեան մէջ էի սուրբից բաժանուելու համար, տեսայ այն նոյն փառաւոր մարդուն, ում հանդիպեցի անապատ գալու ճանապարհին: Նա մօտեցաւ ինձ, զօրացրեց, մխիթարեց ու ասաց. «Առաւել երանելի եղար, քանզի արժանացար ներկայ լինելու սուրբ Ոնոփրիոսի փոխմանը»: Ես լցուեցի ուրախութեամբ, քանզի օրհնութեան արժանացայ նրա սուրբ բերանից:
Ապա նրա առաջնորդութեամբ չորս օր ճանապարհ անցայ եւ եկայ հասայ մի խցի, որ շինուած էր մի բարձրաւէտ տեղում: Ներս մտնելով՝ ոչ ոքի չգտայ ու փոքր-ինչ նստեցի խցի դռան մօտ: Վարանած խորհում էի, թէ արդեօք այստեղ մարդ է բնակւում, որ նա ինձ այստեղ բերեց: Եւ մինչ այս մտորումների մէջ էի, ահա եկաւ մի սուրբ ու պատուական մարդ՝ յոյժ սքանչելի եւ վայելուչ տեսքով: Նա կրում էր արմաւենու տերեւներից հիւսուած հանդերձ, որով ծածկել էր իր ողջ մարմինը: Երբ տեսաւ ինձ, անմիջապէս մօտեցաւ ու հարցրեց. «Դո՞ւ ես եղբայր Պափնուտիոսը, ով ամփոփեց մեր երանելի հօր՝ Ոնոփրիոսի մարմինը»: Երբ լսեցի այս խօսքերը, հասկացայ, որ նրան Ոնոփրիոսի մասին յայտնել էր Աստուծոյ հրեշտակը: Խոնարհուեցի նրա առջեւ եւ ընկայ նրա ոտքերը, իսկ նա ինձ ասաց. «Վե՛ր կաց, եղբա՛յր Պափնուտիէ: Աստուած քեզ արժանացրեց լինել Իր սուրբերի ու ծառաների բարեկամը: Ահաւասիկ Աստուծոյ նախախնամութեամբ ինձ ծանուցուեց քո այսօրուայ գալստեան մասին, որպէսզի քեզ յայտնեմ մեր գործերի մասին: Արդ, ահա վաթսուն տարի է, ինչ մենք ապրում ենք այս անապատում ու բնաւ որեւէ մարդու չենք տեսել, բացի այստեղ բնակուողներից»: Եւ մինչ խօսում էինք, մեզ մօտեցան անապատում վաղուց բնակուող սուրբ ու պատուական երեք անձինք: Նրանք դիմեցին ինձ՝ ասելով. «Օրհնի՛ր, եղբա՛յր, դո՞ւ ես Պափնուտիոսը եւ ի Տէր մեր գործակիցը, ով ամփոփեց սուրբ Ոնոփրիոսի պատուական մարմինը: Թողութի՛ւն շնորհիր, եղբա՛յր, քանզի դու մեծամեծ շնորհների ու փառքի արժանացար: Տէրն Իր ողորմութեամբ յայտնեց մեզ քո գալստեան մասին եւ քեզ հրամայեց մէկ օր մնալ այստեղ: Արդ, այս վաթսուն տարիներին, ինչ բնակւում ենք այս անապատում, քեզնից բացի ոչ ոքի չենք տեսել»: Եւ մօտ երկու ժամ սկսեցինք խօսել երանելի սուրբ հայր Ոնոփրիոսի ու այլ սուրբ հայրերի մասին: Ապա ինձ ասացին. «Արի՛, եղբա՛յր, ճաշակիր մեզ հետ, որպէսզի ամրանայ սիրտդ, քանզի հեռու տեղից ես եկել: Պէտք է այսօր յոյժ ուրախ լինենք քեզ հետ»:
Երբ սկսեցինք աղօթել, մեր առջեւ տեսանք ասես նոր թխուած փափուկ հացեր եւ դրանց հետ միասին անապատի պտուղներից ու բանջարներից պատրաստուած կերակուրներ: Միասին նստեցինք եւ ճաշակեցինք, իսկ նրանք ասացին. «Անապատում բնակութեան այս վաթսուն տարիների ընթացքում Տիրոջ հրամանով երկնքից մեզ ամէն օր չորս նկանակ է տրւում, բայց այժմ քո գալստեան առթիւ աւելացաւ նկանակների թիւը: Եւ չգիտենք, թէ ինչպէս են դրանք յայտնւում, այլ երբ խուց ենք մտնում, տեսնում ենք դրանք՝ պատրաստուած Տիրոջ կողմից, ճաշակում ենք եւ գոհանում Աստծուց»:
Ապա ողջ գիշեր, երբ պիտի լուսանար կիրակին, մինչեւ լուսաբաց կատարեցինք աղօթքի կարգը: Առաւօտեան խնդրեցի նրանց, որ թոյլ տան ինձ մնալ այդտեղ մինչեւ իմ կեանքի վերջը, սակայն ինձ ասացին. «Աստծուց հրաման չկայ, որ դու բնակուես այս անապատում եւ կամ մեզ հետ լինես: Այլ դու պէտք է գնաս Եգիպտոս եւ քրիստոսասէր եղբայրներին մեր եւ երիցս երանելի հայր Ոնոփրիոսի յիշատակի համար յօգուտ լսողների պատմես այն ամէնը, ինչ տեսար այստեղ»: Ապա խնդրեցի նրանց, որ գոնէ յայտնեն իրենց անունները, սակայն նրանք հրաժարուեցին՝ հակառակ իմ բազում թախանձանքներին, այլ միայն ասացին. «Նա, Ով գիտի ամէն ինչ, գիտի նաեւ մեր անունները: Իսկ դո՛ւ, ո՛վ եղբայր, յիշի՛ր մեզ, որ արժանի լինենք տեսնել միմեանց կենդանի Աստուծոյ գաւթում: Փութա՛ փախչել այս կեանքի փորձութիւններից եւ ծաղրի չենթարկուել չարի կողմից, որը պատրեց մենակեացներից շատերին»: Այս լսելով՝ ես ընկայ նրանց ոտքերը, ստացայ նրանց օրհնութիւնն ու Աստուծոյ խաղաղութեամբ բաժանուեցի նրանցից:
Մէկ օրուայ անցնելիք ճանապարհով խորացայ անապատի մէջ եւ հասայ մի քարայրի, որից յորդաբուխ ջուր էր բխում: Ճանապարհից յոգնած՝ նստեցի, որպէսզի փոքր-ինչ հանգստանամ ու հիանամ տարածքի գեղեցկութեամբ: Իմ առջեւ հիասքանչ տեսարան էր, կային բազմատեսակ պտղատու ծառեր: Քիչ անց վեր կացայ եւ սկսեցի շրջել այգու միջով: Մտածում էի, թէ ով է սրանք տնկել այս անապատում, եւ յոյժ զարմանում էի դրանց առատ պտղաբերութիւնից ու բազմազանութիւնից: Կային արմաւ եւ թուրինջ, նուռ ու թութ, դեղձ եւ յունապ ու մեղրի պէս քաղցրահամ պտուղներով լի ծառեր, դրանց մէջ նաեւ մրտենի եւ այլ բազում զանազան տնկիներ: Այնպիսի անպատմելի անուշահոտութիւն էր բուրում, որ թւում էր, թէ դա Աստուծոյ դրախտն է: Ողջ այգին ոռոգւում էր քարայրից բխող աղբիւրով: Եւ մինչ հիանում էի տեղանքի գեղեցկութեամբ, ահա հեռւում տեսայ, որ չորս գեղեցիկ եւ վայելչատես մանուկներ գալիս են դէպի ինձ: Նրանք կրում էին ոչխարի մորթուց հանդերձներ ու այնքան փառաւոր տեսք ունէին, որ թուաց, թէ նրանք երկնքից իջած հրեշտակներ են: Երբ մօտեցան ինձ, ասացին. «Ո՛ղջ եղիր, եղբա՛յր Պափնուտիոս», իսկ ես, երեսիս վրայ ընկնելով, խոնարհուեցի նրանց առջեւ: Նրանք մօտենալով բարձրացրին ինձ, ապա միասին նստեցինք եւ սկսեցինք խօսել: Մեծ ցնծութեամբ ուրախացան ինձ հետ ու այգու ծառի պտուղներից բերելով՝ դրեցին իմ առջեւ, որպէսզի ճաշակեմ: Յոյժ բերկրեց սիրտս իմ հանդէպ նրանց աստուածային սիրոյ եւ հոգածութեան համար: Եօթ օր մնացի նրանց մօտ՝ կերակրուելով այդ ծառերի պտուղներից: Ես հարցրի նրանց. «Ինչպէ՞ս եղաւ ձեր գալուստն այստեղ, եւ ո՞ր երկրից էք»: Նրանք պատասխանեցին ինձ. «Եղբա՛յր, քանի որ քեզ Աստուած ուղարկեց մեզ մօտ, ապա ամէն ինչ կը պատմենք մեր մասին: Մենք Օքսերենքոս քաղաքից էինք, իսկ մեր ծնողներն այդ քաղաքում խորհրդականներ էին: Նրանց մտահոգութիւնն էր մեզ կրթել իրենց գիտութեամբ, որի համար մեզ յանձնելով մի գիտնականի՝ ստացանք այս կեանքի իմաստութեան սնոտի ու ունայն կրթութիւնը, որն աւարտելուց յետոյ սկսեցինք ուսանել Քրիստոս Աստուծոյ բարձրագոյն Իմաստութիւնը: Մենք համախոհ էինք միմեանց, եւ Տէրն օգնական էր մեզ ամէն բանում: Ապա խորհեցինք ուսանել նաեւ կրօնաւորութեան կարգը, որից յետոյ մեր սրտի խորհուրդներն անդադար մեզ նոյնն էին յորդորում: Բարի խորհուրդներով լցուած` գնացինք անապատ, մեզ տեղ գտանք ու մի քանի օր լռութեամբ մնացինք այնտեղ, մինչեւ տեսնէինք, թէ Աստուած ինչպէս կÿառաջնորդէր մէզ: Մեզ հետ վերցնելով չափաւոր հաց, արմաւ ու ջուր, որոնք կը բաւարարէին մի քանի օր, մտանք անապատի խորքերը եւ յանկարծ, ինչպէս տեսիլքի մէջ, մեր առջեւ տեսանք մի փառաւոր մարդու: Նա մօտեցաւ մեզ, բռնեց մեր ձեռքից, բերեց հասցրեց այստեղ եւ յանձնեց մի ծերի՝ Աստուծոյ ծառայի: Եւ ահաւասիկ վեց տարի է, ինչ մենք ապրում ենք այստեղ: Մէկ տարի մնացինք այդ ծերի մօտ եւ նրանից սովորեցինք աստուածպաշտութեան ողջ կարգը: Տարուայ վերջում ծերը բարի վարքով փոխուեց ի Քրիստոս, ու նրանից յետոյ մենք մնացինք մենակ: Ահա, սիրելի՛ եղբայր, վեց տարի է՝ այստեղ ենք եւ բացի այգու ծառերի պտուղներից չենք ճաշակել հաց կամ այլ կերակուր: Միմեանց տեսնում ենք շաբաթը մէկ անգամ՝ շաբաթ ու սուրբ կիրակի օրերին: Այդ երկու օրերից յետոյ իւրաքանչիւրս գնում ենք մեր առանձին տեղը, ուր կատարելով մեր կարգը՝ փառաւորում ենք Աստծուն»: Ես հարցրի նրանց. «Իսկ որտեղի՞ց էք հաղորդութիւն վերցնում շաբաթ եւ կիրակի օրերին»: Նրանք պատասխանեցին. «Դրա համար այդ երկու օրերին գալիս ենք այստեղ, որպէսզի լուսոյ հրեշտակը հաղորդեցնի մեզ սուրբ Խորհրդի հետ»: Այս խօսքերից անպատմելի ուրախութեամբ բերկրեց իմ սիրտը, եւ ես եւս յոյժ փափագեցի ընդունել այդ Սրբութիւնը: Եւ եօթ օր անց, երբ եկաւ շաբաթ օրը, երանելիներն ասացին ինձ. «Պատրաստի՛ր քո անձը, ո՛վ սիրելի եղբայր, քանզի այսօր պիտի գայ մեր Տէր Աստուծոյ հրեշտակը, որպէսզի մեզ հաղորդեցնի անապական եւ կենդանարար Խորհրդին: Իսկ ով ընդունի Այն հրեշտակի ձեռքից, կը պահպանուի թշնամուց, կը ներուեն նրա բոլոր մեղքերը, եւ այնուհետեւ թշնամին չի կարող փորձել նրան իր խաբէութիւններով»: Ու մինչ նրանք խօսում էին, անուշահոտ խնկերի մի այնպիսի բուրմունք տարածուեց, որը երբեւէ չէի առել:
Մենք իսկոյն ոտքի կանգնեցինք եւ մինչեւ օրուայ իններորդ ժամը սաղմոսներով ու աղօթքներով բարեբանեցինք մեր Քրիստոս Արքային: Եւ ահա եկաւ Տիրոջ հրեշտակը ու արժանացրեց մեզ ընդունելու մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի Մարմնի եւ Արեան կենարար սուրբ Խորհուրդը: Հաղորդութիւնից յետոյ փառաւոր հրեշտակն օրհնեց մեզ եւ մեր աչքերի առջեւ երկինք համբարձուեց: Այդպիսի մեծ շնորհի արժանանալուց ես յոյժ զարհուրեցի ու թմրութիւնից երկար ժամանակ նիրհի մէջ ընկայ: Իսկ նրանք, մօտենալով ինձ, ձայն տուեցին եւ ասացին. «Վե՛ր կաց, եղբա՛յր, զօրացի՛ր ու եղի՛ր զօրաւոր այր ի Տէր»: Մի կերպ ուշքի եկայ թմրութիւնից եւ երկիւղից, որոնք պատել էին ինձ անուշահոտ խունկերի արբեցնող բուրմունքից, ու լոյս կիրակի գիշերը՝ մինչեւ լուսաբաց, անցկացրինք աղօթքներով, սաղմոսերգութեամբ եւ Աստծուն փառաբանելով:
Առաւօտեան դարձեալ բուրեց խունկերի նոյն անուշ բուրմունքը, որից յոյժ ուրախացան մեր սրտերը, ու մեզ թուաց, թէ ապրում ենք ոչ թէ այս աշխարհում, այլ՝ կեանքի լոյսի մէջ: Ապա մեզ մօտեցաւ Տիրոջ հրեշտակը, ինչպէս նախորդ օրը, եւ նրանց հաղորդեցրեց Սուրբ Խորհրդին: Ես եւս, նրանց հետ զօրանալով հոգով, ընդունեցի ահաւոր օրհնութիւնն ու Սուրբ Խորհուրդը: Նա օրհնեց իւրաքանչիւրիս եւ ասաց. «Տէր Յիսուս Քրիստոսի այս Մարմինն ու Արիւնը թող լինի ձեզ կենդանութեան եւ փրկութեան անապական Կերակուր յաւիտենական կեանքի համար»: Մենք երկիւղով ասացինք՝ ամէն, իսկ այսպիսի փառքի արժանանալու համար մեր սրտերը լցուեցին անպատմելի ուրախութեամբ: Ապա հրեշտակը դարձաւ ինձ ու ասաց. «Այս անապատից խաղաղութեամբ կը գնաս դէպի Եգիպտոս եւ քրիստոսասէր եղբայրներին կը քարոզես այն ամէնը, ինչ տեսար այստեղ, որպէսզի նրանք եւս սիրեն անապատում բնակուողների կենցաղավարութիւնն ու Տիրոջ անուան համար փառաւորեն նրանց: Յատկապէս կը կատարես սուրբ Ոնոփրիոսից քեզ հրամայուածը, ում Տէրը արժանացրեց քեզ տեսնելու եւ ամփոփելու նրա սուրբ մարմինը: Ահա դրա համար կանչուեցիր Տիրոջից, օրհնութիւն ստացար Նրանից ու Նրա սուրբերից եւ դասուեցիր նրանց շարքում»:
Երբ հրեշտակն աւարտեց իր խօսքը, ես աղաչեցի նրան, որ թոյլ տայ ինձ մինչեւ կեանքիս վերջը բնակուել նրանց հետ: Իսկ նա պատասխանեց ինձ ու ասաց. «Լաւ չէ միայն իր անձի համար խնդրել, այլ նաեւ՝ մերձաւորի համար: Ինչպէս ասացի, դու այստեղ կանչուեցիր նրա համար, որպէսզի աստուածասէր եղբայրներին պատմես Աստուծոյ սուրբերի մասին: Ինչպէս որ Աստուած կամենում է, այնպէս էլ իւրաքանչիւրին հրամայում բնակուել իր տեղում: Եւ արդ, ամէն գործ, որ հրամայուած է Տիրոջից, յոյժ բարի է ու ընդունելի: Իսկ սրանց նմանները կը մտնեն Տէր Աստուծոյ գաւիթը եւ իրենց վաստակի դիմաց փոխարէնը կը ստանան հարիւրապատիկը: Արդ, դու գնա՛ Եգիպտոս, քանզի Տէրն ինձ այսպէս հրամայեց ասել քեզ»:
Այս ասելով՝ հրեշտակն օրհնեց մեզ ու մեր աչքերի առջեւ մեծ փառքով եւ զօրութեամբ երկինք համբարձուեց: Իսկ այն մանուկները դարձեալ բերեցին այգու պտուղներից, որոնք ճաշակեցինք, ու միասին վեց մղոն ճանապարհ գնացինք: Երբ պիտի բաժանուէինք, խնդրեցի նրանց յայտնել իրենց անունները: Աւագագոյն եղբօր անունը Յովհաննէս էր, երկրորդինը՝ Անդրէաս, երրորդինը՝ Եռակլամոն, իսկ չորրորդինը՝ Փիլոթէոս: Նրանք ինձ պատուիրեցին, որ իրենց յիշատակի համար իրենց մասին եղբայրներին պատմեմ: Ես նրանցից օրհնութեան հոգեւոր պաշար խնդրեցի՝ ինձ եւ իրենց պատմութիւնը սիրով ու յօժարութեամբ լսողների համար, ապա նրանց սուրբ բերանից օրհնութիւն ստանալով՝ հեռացանք միմեանցից: Երբ հեռացան իմ տեսադաշտից, յոյժ տրտմեցի նրանցից բաժանուելու համար եւ արտասուքներով շարունակեցի ճանապարհս: Մտայոյզ խորհում ու հիանում էի իմ աչքով տեսած սքանչելիքների վրայ եւ դարձեալ լցւում մեծ ուրախութեամբ այն ամէնի համար, որոնց արժանացայ: Միտս էի բերում ու զարմանում, թէ ինչպէս արժանի գտնուեցի այն օրհնութիւններին, որոնք ստացայ անապատի սուրբ հայրերի եւ Աստուծոյ հրեշտակի կողմից:
Երեք օր ճանապարհ անցնելուց յետոյ հասայ Եգիպտոս, գնացի աստուածասէր եղբայրների մօտ, ովքեր սուրբ մենակեացներ ու ողջ սրտով եւ զօրութեամբ Աստծուց երկիւղած այրեր էին: Ես տասը օր մնացի այնտեղ ու պատմեցի այն ամէնը, ինչ տեսայ եւ լսեցի անապատում: Իսկ նրանք, սուրբ հայրերի պատմութիւնները լսելով, ամէն ինչ փութով ու յօժարութեամբ գրի առան, տարան սկիւթների մօտ եւ բոլոր հաւատացեալ լսողների օգտի ու ուրախութեան համար կարդացին այն ամէնը, ինչ որ գրել էին:
Ամէն անգամ սիրով ընթերցելով՝ կարդացողները փառաւորում են Աստծուն եւ Նրա բոլոր սուրբերին, քանզի այդ պատմութիւնը յոյժ լի է հաւատով, որը ես՝ տառապեալ Պափնուտիոսս, Աստուծոյ ողորմութեամբ արժանացայ տեսնելու ու պատմելու այն, որը ցնծութեամբ եւ ուրախութեամբ է լցնում հոգիներն ու լսողների սիրտը յորդորում դէպի բարին:
Եւ թող Աստծուն հաճոյացած սուրբերի ու երանելի սուրբ ճգնաւոր հայրերի աղօթքներով եւ բարեխօսութեամբ մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաղաղութիւնն ու ողորմութիւնը լինի այս պատմութիւնը յօժարութեամբ եւ սիրով լսողների վրայ. ամէն:
Արդ, յիշէ՛ք ի Քրիստոս այս սուրբ պատմութեան նորոգողին ու թարգմանչին՝ Հայոց Գրիգոր կաթողիկոսին:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 316:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: