Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկուական հագուստ, ո՛չ կոշիկներ և ո՛չ էլ գավազան, քանի որ մշակն արժանի է իրեն տրվելիք կերակուրին»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:9
Հովհաննես Ծործորեցի (†1338)
ո՛չ պարկ՝ ճանապարհի համար. ո՛չ երկու զգեստ, ո՛չ կօշիկներ եւ ո՛չ էլ ցուպ. որովհետեւ մշակն արժանի է իր կերակրին:
Եվ ոչ պարկ՝ ճանապարհի համար:
Որպեսզի ոչ ոք չասի, թե դուք մուրացիկ եք կամ վաճառքի մեջ փերեզակի պես խաբող: Իսկ այլաբանորեն՝ այս կյանքի ճանապարհին ձեր մարմնի պարկը մի՛ հաստացրեք՝ ըստ առաքյալի. «Մարմնին խնամք մի՛ տարեք ցանկությունների համար» (Հռոմ. 13։14): Նաև՝ դուք, որ դեպի վերին կոչման նպատակն եք ընթանում, չարչարանքների դեմ մի՛ խնայեք ձեր մարմինը. ինչպես որ աշխարհիկ [գրողներից] մեկն էր ասում. «Խփե՛ք Անաքսարքսեսի պարկերին» [1]:
Ոչ երկու հագուստ:
Քանի որ նրանց ուղարկելու էր իբրև ամբողջ աշխարհի ուսուցիչներ, իբրև մարմնավոր հրեշտակներ է նրանց պատրաստում: Որովհետև եթե [անգամ] ընդհանուրին սա ասվեց (Ղուկ. 3։10-11), ի՞նչ կասեին ուսուցչապետերի մասին. [և սա ասվեց], որպեսզի թեթև ու ազատ լինեին բոլոր երկրային իրերից: Իսկ այլաբանորեն՝ կրկնակի կերպարանք մի՛ առեք ձեզ վրա հագուստի պես՝ մարդկանց աչքին հաճոյանալով, բայց ներսից չարությամբ լցված, այլ միայն բարի՛ն խորհեք ինչպես Աստծո, այդպես էլ մարդկանց առաջ, որովհետև [բարին ու չարն] իրար հետ չեն միաբանվում, ինչպես լույսն ու խավարը: Նաև՝ Օրենքը պատվիրում էր այլևայլ հագուստներ չկրել և բամբակն ու բուրդը չխառնել իրար (Բ Օր. 22։11, Ղևտ. 19։19), ինչը [խորհրդանշում է] աշխարհիկ գիտությունների երկրավոր ու շնչավոր իմաստությունն անմահ Գառի ճշմարիտ գիտությանը չխառնել կամ բնավ նրանց ուսումնասիրությանը չծառայել 2:
Ոչ կոշիկ:
Որպեսզի ոչ ոք ձեզ զինվոր կամ ձիու սպասավոր չհամարի: Այլ «հողաթափե՛ր հագեք»՝ [ասաց Տերն] ըստ Մարկոսի (Մարկ. 6։9), որպեսզի սրանով վարձատրություն լիներ [առաքյալներին]՝ պատվիրանների [պահպանման] դիմաց: Նաև [Տերը սրանով] աշակերտներին բարձրացնում է Մովսեսի փառքին, ինչպես որ նրան ասվեց. «Ոտքերիցդ հանի՛ր կոշիկները, քանզի այդ տեղը սուրբ է» (հմմտ. Ելք 3։5). որովհետև նա արդարի ոսկորներն էր իր հետ կրում 3, իսկ սրանք իրենց հետ կրում էին բոլոր մարմիններն արդարացնող Մարմինը [4], և ինչպես որ [Մովսեսը] երեք տների անուններով (Ելք 3։6, 15) հաշտեցրեց Աստծուն Հակոբի որդիների հետ՝ [վերջիններիս] անապատ հանելով, այդպես էլ սրանք Ադամի բոլոր սերունդներին երկինք բարձրացրին Եռանձնյա Աստվածության անվամբ:
Իսկ այլաբանորեն՝ քանի որ կոշիկը մեռած կաշվից է, ուստի [Տերը] ճշմարտության աշակերտներին սովորեցնում է ախտերի մեռելությունը չկրել, այլ մերկ ու անինչ 5 [լինել], որպեսզի ավետարանիչների ոտքերը գեղեցիկ լինեն (Ես. 52։7): Սրանով նաև կանանցից է հրաժարվել տալիս, որովհետև ովքեր անմահ Հացի սպասավորությանն են մոտենում, պետք է կնոջից հեռու մնան, որպեսզի Տիրոջ [գործի] մասին հոգան: Իսկ եթե մեկն ընդդիմաբանի, թե հապա ինչո՞ւ Պասեքի [միսն] ուտելու ժամանակ [Տերը] հրամայեց կոշիկ հագնել (Ելք 12։11), թող իմանա, որ «հինն անցավ, և այժմ ամեն ինչ նոր է» (Բ Կոր. 5։17), այլապես թող թլփատվի, շաբաթը պահի և կերակուրների մեջ խտրություն դնի 6:
[Կարելի է մեկնել] և ա՛յլ կերպ: [Տերը] նրանց, ովքեր աշխարհի «Եգիպտոսում» են շրջում և սովորական կյանքով ապրում, հրամայում է կին առնել, որպեսզի ցանկությունների օձերից չխայթվեն (Հմմտ. Թվեր 21։4-9), իսկ աստվածտեսության բարձրությանը հասած առաջնորդներին վայել չէ [կին առնել], որովհետև Հին [ուխտում] Մովսեսին խորհրդանշաբար թելադրվեց ոտքերից հանել կոշիկները՝ խոսքերում ու գործերում, և խոսքերում մեղր ու խմորյալ չմատուցել զոհասեղանին, թեպետ [դրանք] որպես ընծա ընդունելի էին (Ղևտ. 2։11-12): Սա նշանակում է, որ արդար ամուսնությունը, որ քաղցր է հաճույքի և խմորյալ՝ որդեծնության պատճառով, ընդունելի է Եկեղեցում և օրհնության է արժանացնում, սակայն [ամուսնացածն] անարժան համարվեց [սուրբ] Սեղանին մոտենալու և պատարագելու [7]: Կոշիկ չհագնելու [պատվերը] կրկնվեց Նոր [ուխտում] և սրբերի կողմից անվրեպ կատարվեց՝ սկսած Տիրոջ առաքյալներից մինչև հայոց սուրբ լուսավորիչ Գրիգորի թոռները, որովհետև ովքեր կին չունեին, [այլևս] չառան, իսկ ովքեր ունեին, [քահանայական] սպասավորության աստիճանն [ընդունելուց] հետո [կնոջից] հրաժարվեցին: Սրանից պարզ է դառնում, որ, ուրեմն, պիտի ամաչեն նրանք, ովքեր քահանայական աստիճանին են բարձրանում ու Քրիստոսին պատարագում, բայց ծառայում են կանանց ու երեխաներին:
Ո՛չ ցուպ:
Որովհետև նրանք կատաղի հոտերի մոտ չէին դուրս եկել՝ [դրանք] արածեցնելու, ինչպես Մովսեսը, այլ հեզերի, քանի որ [Քրիստոսի] զորությամբ հոտերը զգոնացան: Բայց տե՛ս, որ ուր հոտը հովվի հանդեպ մեղանչեց, ցուպը թողնվեց և սուսեր վերցվեց: Իսկ այստեղ, քանի որ հոտը խաղաղ է, ո՛չ ցուպ, այլ «գավազան» է [Տերը] հրամայում վերցնել՝ ըստ Մարկոսի (Մարկ. 6։8)՝ որպես ուղղության նշան և խոնարհության օրինակ, որպեսզի [դրանով] ոչ թե կոտրեն, այլ հովվեն ու արածեցնեն [8]: Բայց Ղուկասն ասում է. «Ո՛չ գավազան» (Ղուկ. 9։3). կամ ինչը [Մատթեոսը] «ցուպ» կոչեց, նա «գավազան» է անվանում, կամ էլ [ճշմարիտ] հավատքի գալուց հետո գավազանի կարիքն իսկ չունեն:
«Ո՛չ ցուպ»՝ նաև որպեսզի ձեզ չչարախոսեն որպես հակառակողների ու կռվողների՝ ըստ այսմ. «Տիրոջ ծառան չպիտի կռվի» (Բ Տիմ. 2։24), և՝ «Եթե մեկը հակառակում է, մենք այդպիսի սովորություն չունենք, ոչ էլ Աստծո եկեղեցիները» (Ա Կոր. 11։16):
Հապա ինչո՞ւ Զատկին ուտելու ժամանակ [Տերն] ասաց. «Ցուպ՝ ձեր ձեռքին» (Ելք 12։11), իսկ այստեղ թե՝ «ո՛չ ցուպ»: Որովհետև այնտեղ օրենք սահմանվեց ընդհանուր ժողովրդի համար, որպեսզի [հետագայում]՝ Աստծո Գառին ուտելիս, չգայթակղվեին՝ լսելով «մարմին ու արյուն»-ը, իսկ այստեղ այս պատվերն առաջնորդներին է [տրվում], ովքեր գայթակղություններից վեր են և ուրիշների գայթակղություններն են ուղղում գավազանի միջոցով, ինչ պատճառով և [Տերն] ասաց. «Ո՛չ ցուպ»:
Որովհետև մշակն արժանի է իր կերակրին:
Սրանով մխիթարում է [նրանց]: Որպեսզի չասեին, թե ինչպե՞ս ենք մեր գլխավոր կարիքները բավարարելու, ասում է, թե աշակերտածների՛ միջոցով՝ երկու կողմի էլ օգտի համար. [առաքյալների]՝ որպեսզի չմեծամտանային աշակերտածների առաջ, թե ամեն ինչ պարգևեցին, բայց նրանցից ոչինչ չառան, և նրանք էլ՝ որպեսզի չկարծեին, թե կարող են ուսուցիչներից հեռու մնալ՝ նրանց կարիքները չհոգալու պատճառով: Նաև որպեսզի [առաքյալները] չասեին. «Մեզ հրամայում ես մուրալով ապրել», և սա ամոթալի բան համարեին, ուստի [նրանց] կերակրելը [Տերն] իբրև պարտականություն է ներկայացնում. որովհետև նրանց «մշակ» է անվանում, իսկ նրանց տրվելիքը՝ «վարձ» 9: Ըստ առաքյալի՝ «Շա՞տ է, որ մենք, հոգևորը սերմանելով, ձեզնից մարմնավորն ենք հնձում» (Ա Կոր. 9։11):
Իսկ այլաբանորեն՝ ովքեր մշակում են Աստծո պատվիրանների այգին, արժանանում են հո գևոր ու երկնային շնորհների, և մարմնի հետ միասին կերակրվում է նաև հոգին:
Ստեփանոս Սյունեցի (†735)
ո՛չ պարկ՝ ճանապարհի համար. ո՛չ երկու զգեստ, ո՛չ կօշիկներ եւ ո՛չ էլ ցուպ. որովհետեւ մշակն արժանի է իր կերակրին:
«Ո՛չ կոշիկներ ձեր ոտքերին»:
Ճանապարհորդելիս առաքյալներին պատշաճ չէ մեռելություն ունենալ, որի նշանակն է կաշվից կոշիկները, այլ մանավանդ [պետք է] կենդանությամբ անցնել ճանապարհը, [համաձայն հետևյալ խոսքի] որ ասաց. «Ես եմ Ճանապարհը» (Հովհ. 14։6), և ելնել սուրբ հողի վրա՝ ոչնչից չվախենալով, քանի որ օձի ճամփան ապառաժի վրա չի երևում (Առակ. 30։19):
Որովհետև մշակն արժանի է իր վարձին»:
Դրա համար ձեզ հրամայում եմ ոչինչ չվերցնել աշխարհից, քանզի ձեր գործունեության [համար] բավական է ձեր վարձքը՝ առաքելական շնորհքը, որը պարգևեցի ձեզ:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
ո՛չ պարկ՝ ճանապարհի համար. ո՛չ երկու զգեստ, ո՛չ կօշիկներ եւ ո՛չ էլ ցուպ. որովհետեւ մշակն արժանի է իր կերակրին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:5
--------------------
[1] Այս խոսքը, մի փոքր տարբերությամբ, գտնվում է Դիոգենես Լաերտցու (Գ դ.) «Նշանավոր փիլիսոփաների կյանքի, ուսմունքների և ասացվածքների մա սին» գործում (գիրք 9, գլ. 10, «Անաքսարքսես»): Անաքսարքսեսը Ք.ա. Դ դարում ապրած հույն իմաստասեր է, Ալեքսանդր Մեծի ուղեկիցը: Հայտնի էր իր անկրքությամբ և ցավերին ու չարչարանքներին ուշադրություն չդարձնելու կարողությամբ: Նրա մասին Դիոգենեսը պատմում է, որ մի անգամ Ալեքսանդր Մեծի հետ Կիպրոսում գտնվելիս նա, տեղի սատրապին ակնարկելով, ոչ վայելուչ բան է ասել Ալեքսանդրին, և սատրապը, վրեժխնդիր լինելով, Ալեքսանդր Մեծի մահից հետո, բռնել է տալիս Անաքսարքսեսին, գցում հա վանգի մեջ և երկաթե գավազաններով ծեծել տալիս: Այդ ընթացքում Անաք սարք սեսն ասում է. «Խփի՛ր, խփի՛ր Անաքսարքսեսի մորթին. նրան չես կարող ման րաց նել»:
[4] :Խոսքն այստեղ հավանաբար հետագայի քարոզիչների մասին է, ովքեր իրենց հետ կարող էին ունենալ սբ Հաղորդություն՝ Քրիստոսի Մարմինն ու Արյունը, որոնք մեղքերի թողություն են պարգևում՝ «արդարացնում են» մեղավորին:
[7] Այս օրենքն ընդունելի և կիրառելի է միայն Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցում, որում չկան ամուսնացյալ հոգևորականներ և որի ավանդությունից ազդված էլ Ծործորեցին գրում է այս մասին: Արևելյան ուղղափառ Եկեղեցիներում (որոնց թվում և Հայոց) ամուսնացած հոգևորականներին թույլատրվում է սբ Պատարագ մատուցել, սակայն այն մատուցելուց առաջ մի որոշ ժամանակ չի թույլատրվում մոտենալ ամուսնական անկողնուն:
[8] Այս նախադասությունից և հետագա շարադրանքից պարզ երևում է, որ Ծործորեցին (հավանաբար նաև այդ շրջանի նրա գործածած հայերենը) տարբերում է ցուպն ու գավազանը՝ ցուպն առավել կոպիտ մահակ դիտելով, քան գավազանը: Հավանաբար մյուս տարբերությունը, ըստ Ծործորեցու, նաև գավազանի կորագլուխ լինելն է (ինչպես հովիվների, նաև հոգևորականների, արքաների գավազանները), իսկ ցուպի՝ ոչ (քանի որ, ըստ նրա, գավազանը «խոնարհության օրինակ» է (բնագրում՝ «տիպ խոնարհութեան»))
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: