Հովհաննես Ծործորեցի
Հիւանդներին բժշկեցէ՛ք , բորոտներին մաքրեցէ՛ք, դեւերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք:
Հիվանդներին բժշկե՛ք, բորոտներին մաքրե՛ք, դևերը հանե՛ք:
Ինչ որ Ինքն արեց խոսքով, նույնը նրանց է ավանդում: Եվ սկսելով հեշտերից՝ հրաշքները բարդացնում է. որովհետև հիվանդությունը հեշտությամբ է բժշկվում և շատերն են ձեռնհաս [դա անելու]. բորոտությունը դժվարբուժելի ախտ է, սակայն անհնար չէ [այն բուժել]. իսկ դիվահարությունն անբժշկելի է և Աստծո ձեռքի կարիքն ունի: Սրանց բոլորի զորություններն էլ [Տերն] առատապես շնորհեց [առաքյալներին], որովհետև գլխավորները նշելով՝ նաև մասերն է թվարկում, քանի որ հիվանդություններն ու դիվահարությունները բազմատեսակ են: Բայց հրաման տալո՛վ չի ասում թե՝ բժշկե՛ք, քանի որ այն նախապես էր տրվել, այլ որպես թե ասում է. «Կարո՛ղ եք [դա անել]»: Նաև միայն մարմնավոր ախտերի մասին չի խոսում, այլև հոգևոր, որովհետև հիվանդությունները (ինչպես և մնացած բաները) երկու տեսակ են՝ ինչպես մարմնի, այդպես և մտքի: Հոգու հիվանդություն է աստվածային նախախնամության իմաստության հանդեպ գայթակղվելն ու Նրա արդար իրավունքի վերաբերյալ մտքով տկարանալը: Իսկ մտքի բորոտությունը դիմակավորված չարությունն է, որ նեխող վերքերով բորբոսնելով՝ մորմոքում է և ներսից խայթվելով՝ դատվում խղճի կողմից: Կամ էլ հերձվածողների նշանն է, որն Օրենքը բաժանեց գլխի, մորուքի, մարմնի, մաշկի, այրված և այլ գույների սպիների, հագուստի, տան [տեսակների] և հրամայեց [դրանք] պիղծ համարել ու ըստ օրենքի սրբել 545: Օրինակ՝ գլխի բորոտություն է, որ մեկը հայհոյությամբ հերձվածողական բան է ասում Աստծո մասին, ինչպես Սաբելն ու Արիոսը 546, որոնց աղանդները թեև հակառակ էին [միմյանց], սակայն ամբարշտությունը՝ միահավասար: Այդպես [մեղանչում էին] նաև մեր Գլուխ Քրիստոսի հանդեպ, ինչպես Նեստորն ու Եվտիքեսը 547: Մորուքի բորոտությունն այն է, որ առաքյալներին կամ սրբերին են անպատվում կամ [նրանց] զրպարտելով՝ հերձվածողական բաներ ասում, որովհետև ինչպես որ մորուքը տղամարդու փառքն է, այդպես էլ սրբերը՝ Քրիստոսի մարմին Եկեղեցու: Մարմնի բորոտություն է այն, որ սուրբ Եկեղեցուն են բամբասում ու հակառակվում են նրա հրամաններին, նաև երբ կարծում են, թե հոգին մարմնից է ծնվում և մահկանացու է, ինչպես որ Արիստոտելն է ասել: Մաշկի բորոտություն է այն, որ հարությանը չեն հավատում, ինչպես սադուկեցիները 548, իսկ սպին այն է, որ հավատքն ընդունելուց հետո երևում է նախկին մոլորության նշանը կամ հնում ունեցած անհա-վատության ուսմունքն ու գործերը: Բորոտության այրվածք է այն, որ, ինչպես մանիքեցիները 549 և այլք, արգելում են ամուսնանալ և մերժում այն կերակուրները, որոնք Աստված ստեղծեց մարդկանց վայելքի համար. սա սուտ ապաշխարություն է՝ [ծնված] ասես տաքացած երկաթով խարված խղճմտանքից: Իսկ կարմիրը, սպիտակը, սևն ու խարտյաշ գույնը խորհրդանշում են մեղքերը. կարմիրը՝ սպանությունը կամ բարկությունը, սպիտակը՝ կեղծավորությունն ու սնափառությունը, սևը՝ կռապաշտությունն ու [զոհերի] ճենճերի ծուխը, իսկ խարտյաշը՝ ստախոսությունը: Տան, ամանեղենի, հագուստի, առէջի և թեզանի 550 բորոտությունն էլ [խորհրդանշում է հետևյալը]. տունը խորհրդանշում է հերձվածողների ժողովարանը, ամանը՝ մարդու հատուկ մեղքերը, հագուստը՝ մարմնից դուրս գործվող մեղքերը, առէջը՝ հոգու մեղքերը, թեզանը՝ մարմնի զգայարաններով [գործվող մեղքերը]: Սրանք մաքրվում են զոհերով, որոնք մաքուր սիրտն ու խոնարհ հոգին են 551: Յոթնօրյա մաքրությունը [Սուրբ] Հոգու յոթնարփի շնորհներն ու [Եկեղեցու] յոթ խորհուրդների զորությունն է: Բանակից արտաքսելը Եկեղեցուց զատորոշելն է խորհրդանշում, հագուստը պատռելն ու գլուխը բացելը՝ ցույց տալիս սրտի պատառումն ու [մեղքերի] բացահայտ խոստովանությունը, իսկ բերանը կապելը խորհրդանշում է մեղքերից ու հերձվածից լռելը: Եվ դիվահարություն է այն, երբ մեկը սեգ բարքով փքվում և [իր] ինչ-որ բարի գործի պատճառով սնափառությամբ ու գոռոզությամբ է լցվում՝ իր մեջ ամբողջապես կրելով ամբարտավանության դևին:
[Տերը] հրամայում է [առաքյալներին] բժշկել այս բոլորին՝ վարդապետության խոսքով փարատել մտավոր ախտը, ինչպես և արեցին, և [այդ խոսքին] հավատալու համար՝ հրաշքներ գործելով բուժել նրանց մարմինները:
Ձրի առաք, ձրի՛ տվեք:
Նախ՝ որպեսզի չհպարտանան՝ կարծելով, թե այս առաքինություններն իրենց անձերին են պատկանում, ասում է թե՝ «Փողով չեք վարձվել, այլ Իմ շնորհն Ինձնից ձրի եք ստացել, ձրի էլ տվեք ձեզ ընդունողներին», որովհետև շնորհին արժանի գտնվելու համար ոչ մի գին չկա, անբիծ հավատից բացի: Նաև խորշել է տալիս ագահությունից, որպեսզի անգամ մտքով չընկնեն ընչասիրության ախտի մեջ, որովհետև հրաշքներ գործելուց ավելի պատվական է այդպիսի բաներից մաքուր միտք ունենալը: Սրանից սովորած լինելով էր Պետրոսն ասում. «Քո արծաթը թող քեզ հետ կորստյան մատնվի» (Գործք 8։20), Պողոսն էլ թե՝ «Ա վելի լավ է՝ մեռնեմ, քան իմ պարծանքն ընդունայն համարվի» (հմմտ. Ա Կոր. 9։15): Եվ որ սա այսպես է, [Տերը] հաստատում է հաջորդ [խոսքով]:
Մաղաքիա արք. Օրմանյան
Հիւանդներին բժշկեցէ՛ք , բորոտներին մաքրեցէ՛ք, դեւերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:5

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: