Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Հիվանդներին բժշկե՛ք, բորոտներին մաքրե՛ք, մեռելներին հարությո՛ւն տվեք, դևերին հանե՛ք. ձրի ստացել եք, ձրի էլ տվե՛ք»։
Իր քարոզությամբ առաքյալներին էլ ավելի ամրացնելու համար հավատքի մեջ՝ Հիսուս ասում է. «Հիվանդներին բժշկե՛ք, բորոտներին մաքրե՛ք, մեռելներին հարությո՛ւն տվեք, դևերին հանե՛ք. ձրի ստացել եք, ձրի էլ տվե՛ք»։ Ուշադրություն դարձրեք, թե Քրիստոս ինչպես է հոգ տանում առաքյալների իրավունքների մասին. ոչ պակաս, քան հրաշքների մասին՝ նրանց ցույց տալով, որ առանց բարոյական նկարագիր ունենալու հրաշքներ գործելն անիմաստ է։ Ասելով՝ «ձրի ստացել եք, ձրի էլ տվե՛ք»՝ Հիսուս խոնարհեցնում է նրանց մեծամտությունը և զգուշացնում է հեռու մնալ արծաթասիրությունից։
Եվ որպեսզի առաքյալները չմտածեին, որ իրենց գործած հրաշքներն իրենց առաքինությունների պտուղն էին ու որպեսզի այդ մտքի պատճառով չգոռոզանային, Քրիստոս ասում է. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվե՛ք։ Դուք ձեր սեփականությունը եղող ոչինչ չեք տալիս նրանց, ովքեր ընդունում են ձեզ. դուք այս պարգևները չեք ստացել ո՛չ որպես պարգև, ո՛չ էլ որպես փոխհատուցում ձեր աշխատանքի համար. դրանք Ի՛մ պարգևած շնորհներն են։ Այսպիսով, ձրիաբար տվե՛ք ուրիշներին, քանի որ ոչ մի գին չի կարող արժանապես սահմանել այս պարգևների արժեքը»։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Հիւանդներին բժշկեցէ՛ք , բորոտներին մաքրեցէ՛ք, դեւերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք:
Հիվանդներին բժշկե՛ք, բորոտներին մաքրե՛ք, դևերը հանե՛ք:
Ինչ որ Ինքն արեց խոսքով, նույնը նրանց է ավանդում: Եվ սկսելով հեշտերից՝ հրաշքները բարդացնում է. որովհետև հիվանդությունը հեշտությամբ է բժշկվում և շատերն են ձեռնհաս [դա անելու]. բորոտությունը դժվարբուժելի ախտ է, սակայն անհնար չէ [այն բուժել]. իսկ դիվահարությունն անբժշկելի է և Աստծո ձեռքի կարիքն ունի: Սրանց բոլորի զորություններն էլ [Տերն] առատապես շնորհեց [առաքյալներին], որովհետև գլխավորները նշելով՝ նաև մասերն է թվարկում, քանի որ հիվանդություններն ու դիվահարությունները բազմատեսակ են: Բայց հրաման տալո՛վ չի ասում թե՝ բժշկե՛ք, քանի որ այն նախապես էր տրվել, այլ որպես թե ասում է. «Կարո՛ղ եք [դա անել]»: Նաև միայն մարմնավոր ախտերի մասին չի խոսում, այլև հոգևոր, որովհետև հիվանդությունները (ինչպես և մնացած բաները) երկու տեսակ են՝ ինչպես մարմնի, այդպես և մտքի: Հոգու հիվանդություն է աստվածային նախախնամության իմաստության հանդեպ գայթակղվելն ու Նրա արդար իրավունքի վերաբերյալ մտքով տկարանալը: Իսկ մտքի բորոտությունը դիմակավորված չարությունն է, որ նեխող վերքերով բորբոսնելով՝ մորմոքում է և ներսից խայթվելով՝ դատվում խղճի կողմից: Կամ էլ հերձվածողների նշանն է, որն Օրենքը բաժանեց գլխի, մորուքի, մարմնի, մաշկի, այրված և այլ գույների սպիների, հագուստի, տան [տեսակների] և հրամայեց [դրանք] պիղծ համարել ու ըստ օրենքի սրբել (Ղևտ. 13-14): Օրինակ՝ գլխի բորոտություն է, որ մեկը հայհոյությամբ հերձվածողական բան է ասում Աստծո մասին, ինչպես Սաբելն ու Արիոսը [1], որոնց աղանդները թեև հակառակ էին [միմյանց], սակայն ամբարշտությունը՝ միահավասար: Այդպես [մեղանչում էին] նաև մեր Գլուխ Քրիստոսի հանդեպ, ինչպես Նեստորն ու Եվտիքեսը [2]: Մորուքի բորոտությունն այն է, որ առաքյալներին կամ սրբերին են անպատվում կամ [նրանց] զրպարտելով՝ հերձվածողական բաներ ասում, որովհետև ինչպես որ մորուքը տղամարդու փառքն է, այդպես էլ սրբերը՝ Քրիստոսի մարմին Եկեղեցու: Մարմնի բորոտություն է այն, որ սուրբ Եկեղեցուն են բամբասում ու հակառակվում են նրա հրամաններին, նաև երբ կարծում են, թե հոգին մարմնից է ծնվում և մահկանացու է, ինչպես որ Արիստոտելն է ասել: Մաշկի բորոտություն է այն, որ հարությանը չեն հավատում, ինչպես սադուկեցիները [3], իսկ սպին այն է, որ հավատքն ընդունելուց հետո երևում է նախկին մոլորության նշանը կամ հնում ունեցած անհա-վատության ուսմունքն ու գործերը: Բորոտության այրվածք է այն, որ, ինչպես մանիքեցիները 4 և այլք, արգելում են ամուսնանալ և մերժում այն կերակուրները, որոնք Աստված ստեղծեց մարդկանց վայելքի համար. սա սուտ ապաշխարություն է՝ [ծնված] ասես տաքացած երկաթով խարված խղճմտանքից: Իսկ կարմիրը, սպիտակը, սևն ու խարտյաշ գույնը խորհրդանշում են մեղքերը. կարմիրը՝ սպանությունը կամ բարկությունը, սպիտակը՝ կեղծավորությունն ու սնափառությունը, սևը՝ կռապաշտությունն ու [զոհերի] ճենճերի ծուխը, իսկ խարտյաշը՝ ստախոսությունը: Տան, ամանեղենի, հագուստի, առէջի և թեզանի 5 բորոտությունն էլ [խորհրդանշում է հետևյալը]. տունը խորհրդանշում է հերձվածողների ժողովարանը, ամանը՝ մարդու հատուկ մեղքերը, հագուստը՝ մարմնից դուրս գործվող մեղքերը, առէջը՝ հոգու մեղքերը, թեզանը՝ մարմնի զգայարաններով [գործվող մեղքերը]: Սրանք մաքրվում են զոհերով, որոնք մաքուր սիրտն ու խոնարհ հոգին են (Սաղմ. 50։19): Յոթնօրյա մաքրությունը [Սուրբ] Հոգու յոթնարփի շնորհներն ու [Եկեղեցու] յոթ խորհուրդների զորությունն է: Բանակից արտաքսելը Եկեղեցուց զատորոշելն է խորհրդանշում, հագուստը պատռելն ու գլուխը բացելը՝ ցույց տալիս սրտի պատառումն ու [մեղքերի] բացահայտ խոստովանությունը, իսկ բերանը կապելը խորհրդանշում է մեղքերից ու հերձվածից լռելը: Եվ դիվահարություն է այն, երբ մեկը սեգ բարքով փքվում և [իր] ինչ-որ բարի գործի պատճառով սնափառությամբ ու գոռոզությամբ է լցվում՝ իր մեջ ամբողջապես կրելով ամբարտավանության դևին:
[Տերը] հրամայում է [առաքյալներին] բժշկել այս բոլորին՝ վարդապետության խոսքով փարատել մտավոր ախտը, ինչպես և արեցին, և [այդ խոսքին] հավատալու համար՝ հրաշքներ գործելով բուժել նրանց մարմինները:
Ձրի առաք, ձրի՛ տվեք:
Նախ՝ որպեսզի չհպարտանան՝ կարծելով, թե այս առաքինություններն իրենց անձերին են պատկանում, ասում է թե՝ «Փողով չեք վարձվել, այլ Իմ շնորհն Ինձնից ձրի եք ստացել, ձրի էլ տվեք ձեզ ընդունողներին», որովհետև շնորհին արժանի գտնվելու համար ոչ մի գին չկա, անբիծ հավատից բացի: Նաև խորշել է տալիս ագահությունից, որպեսզի անգամ մտքով չընկնեն ընչասիրության ախտի մեջ, որովհետև հրաշքներ գործելուց ավելի պատվական է այդպիսի բաներից մաքուր միտք ունենալը: Սրանից սովորած լինելով էր Պետրոսն ասում. «Քո արծաթը թող քեզ հետ կորստյան մատնվի» (Գործք 8։20), Պողոսն էլ թե՝ «Ա վելի լավ է՝ մեռնեմ, քան իմ պարծանքն ընդունայն համարվի» (հմմտ. Ա Կոր. 9։15): Եվ որ սա այսպես է, [Տերը] հաստատում է հաջորդ [խոսքով]:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Հիւանդներին բժշկեցէ՛ք , բորոտներին մաքրեցէ՛ք, դեւերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:5
-------------------
[1] Սաբելը Գ դարում Հռոմի Եկեղեցուն պատկանած, սակայն Կալլիստոս պապի կողմից Եկեղեցուց վտարված հոգևորական էր, ով սովորեցնում էր, թե Սուրբ Երրորդության Անձերը միևնույն ժամանակ Հայր, Որդի և Սուրբ Հոգի չեն, այլ Աստված գործում է իրար հաջորդող երեք զորություններով. նախ` իբրև Հայր` արարիչն ամեն ինչի և օրենսդիրը, ապա` իբրև Որդի` Փրկիչը, ով ծնվեց և ում գործունեությունը Նրա համբարձմամբ ավարտվեց, և վերջում` իբրև Սուրբ Հոգի, ով Իր շնորհներով գործում է մինչ այսօր: Իսկ Արիոսը Դ դարի հերձվածող է, Ալեքսանդրիայի քահանա, ում ուսմունքը` արիոսականությունը, դատապարտվել է Նիկիայի տիեզերական ժողովում 325թ.-ին: Արիոսը չէր ընդունում, որ Քրիստոսն Աստված է՝ համագո Հայր Աստծուն, ըստ Արիոսի՝ միայն Հայրն է բնությամբ Աստված, իսկ Քրիստոսն արարած է, որ շնորհով է աստվածացել:
[2] Նեստորը (4-5 դդ.) եղել է Կոստանդնուպոլսի պատրիարք, որպես հերետիկոս նզովվել երրորդ տիեզերական ժողովում (Եփեսոսի, 431թ.), քանի որ չէր ընդունում «Աստվածածին» եզրը այն պատճառով, որ համարում էր, թե Մարիամը ոչ թե Աստծուն է ծնել, այլ մարդ Քրիստոսին, ում մեջ՝ իբրև տաճարում, բնակվել է Աստվածությունը: Նա ուսուցանում էր Քրիստոսի մեջ երկու բնություն և երկու անձ՝ ի հակադրություն սբ Կյուրեղ Ալեքսանդրացու և այլ հայրերի կողմից այն ժամանակ ընդունված «Մեկն է Աստծո մարմնացած Խոսքի բնությունը» հավատամքի: Եվտիքեսը եղել է Կոստանդնուպոլսի վանքերից մեկի վանական, ապրել Ե դարում: Պայքարելով նեստորականության դեմ՝ ընկել է մյուս ծայրահեղության մեջ՝ ուսուցանելով, թե Քրիստոսի մեջ մարդկային բնությունն այնպես է միացել աստվածային բնությանը, որ մարդկայինը տարրալուծվել է աստվածության մեջ, և ուրեմն Քրիստոսը միայն Աստված է, իսկ մարդ է միայն երևութապես: Եվտիքականությունը ևս իբրև հերետիկոսություն դատապարտվել է Եկեղեցու կողմից:
[3] Սադուկեցիները Քրիստոսի ժամանակ տարածված կրոնական խմբավորման անդամներ էին՝ քահանայական ընտանիքներին պատկանող: Նրանք, ի տարբերություն փարիսեցիների, չէին ընդունում բանավոր ավանդության օրենքները, հիմնվում էին բացառապես Սուրբ Գրքում գրի առնվածի վրա, ուստիև չէին ընդունում մեռելների հարությունը, հոգու անմահությունը ևն, քանի որ այս մասին հստակ գրված չէ Հին Կտակարանում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: