Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:2

Հովհաննես Ծործորեցի

Փարիսեցիները երբ այս տեսան, Յիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինաւոր չէ»:

   

   Երբ փարիսեցիները տեսան, ասացին Նրան. «Ահա Քո աշակերտներն անում են այն, ինչ չի կարելի անել շաբաթ օրը»:

   Ինչո՞ւ այստեղ չզայրացան, այլ թեթևակի մեղադրեցին, մինչդեռ երբ [հիվանդը] չորացած ձեռքը պարզեց, խիստ կատաղեցին 631: Ինձ թվում է՝ այնտեղ, ուր [Հիսուսն] Ինքը չէր գործում կամ մեծամեծ հրաշքներ ցույց չէր տալիս, փոքր-ինչ ավելի հանդարտ էին լինում, իսկ ուր տեսնում էին, որ Նա մեծամեծ բաներ է գործում, առավել էին խռովվում ու մտածում սպանել [Նրան], որովհետև մարդկանց փրկության թշնամի էին: Բայց այստեղ երկու պատճառով մեղադրեցին աշակերտներին: Նախ՝ որովհետև շաբաթ էր, իսկ Օրենքը հրամայում էր գործ չանել [այդ օրը] 632, մինչդեռ նրանք հասկ էին պոկում և ափի մեջ շփելով ուտում: Եվ երկրորդ՝ Օրենքը պահանջում էր, որ նախ քահանաներին մատուցեին արմտիքներից և ապա՛ ժողովուրդը մոտենար [դրանց], որպեսզի չպղծվեր 633, իսկ այստեղ [բերքը] դեռ չէին ընծայել քահանաներին, ուստիև համարում են, որ աշակերտներն անվայել բան են անում: Այսպես հասկացիր նաև նոր փարիսեցիների՝ սուտ առաքյալների ու հերձվածողների հակառակությունը, ովքեր ջանում էին բազմաթիվ հավատացյալների խանգարել. ըստ առաքյալի՝ «Աղեքսանդրոս դարբինը շատ խանգարեց ինձ» (Բ Տիմ. 4։14):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Փարիսեցիները երբ այս տեսան, Յիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինաւոր չէ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:1