Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
3-4. «Իսկ Նա ասաց նրանց. «Մի՞թե դուք չեք կարդացել, թե Դավիթն ի՛նչ արեց, երբ քաղցեց ինքն ու իր հետ եղողները»»։ «Ինչպե՛ս նա մտավ Աստծու տուն ու կերավ առաջավորության հացը, որ չէր թույլատրվում ուտել ո՛չ իրեն, ո՛չ էլ իր հետ եղողներին, այլ՝ միայն քահանաներին»։
Ինչպե՞ս է Հիսուս պաշտպանում Իր աշակերտներին։ «Մի՞թե դուք չեք կարդացել, թե Դավիթն ի՛նչ արեց, երբ քաղցեց ինքն ու իր հետ եղողները: Ինչպե՛ս նա մտավ Աստծու տուն ու կերավ առաջավորության հացը, որ չէր թույլատրվում ուտել ո՛չ իրեն, ո՛չ էլ իր հետ եղողներին, այլ՝ միայն քահանաներին» (Մատթ. 12:3-4)։
Այսպիսով, երբ պաշտպանում է աշակերտներին՝ Դավթին է օրինակ բերում, իսկ երբ Ինքն Իր մասին է խոսում՝ ներկայացնում է Հորը։ Եվ տե՛ս, թե որքա՜ն զորավոր է Նրա օրինակը. «Մի՞թե դուք չեք կարդացել, թե Դավիթն ի՛նչ արեց»։ Այդ մարգարեն մեծ փառք էր վայելում։ Դրա համար էլ Պետրոսը հետագայում՝ հրեաների առջև պաշտպանվելիս, ասում էր. «Պէտք է վստահությամբ ասել Դավիթ նահապետի մասին, որ և՛ մեռավ, և՛ թաղվեց» (Գործք 2:29)։ Ինչո՞ւ է որ Քրիստոս, Դավթին հիշելիս՝ ո՛չ այստեղ, ո՛չ հետագայում, չի նշում նրա արժանավորության մասին։ Հավանաբար որովհետև Ինքը նրանից էր սերել։ Եթե փարիսեցիները բարեհաճ զգացմունքներ ունենային Իր հանդեպ, ապա Հիսուս որպես պատճառ նրանց կմատնանշեր այն քաղցը, որից աշակերտները տանջվում էին։ Բայց քանի որ փարիսեցիներն ամբարիշտ և անմարդկային էին, ուստի Հիսուս նրանց հիշեցնում է վերոնշյալ պատմական իրադարձությունը։
Մարկոսը, ասելով, որ դա տեղի էր ունեցել Աբիաթար քահանայապետի ժամանակ (Մարկ. 2:26), այդպիսով չի հակասում պատմությանը, այլ միայն ցույց է տալիս, որ նա երկու անուն ուներ, ու նաև ավելացնում է, որ քահանայապետն ի՛նքը Դավթին տվեց առաջադրության հացերը՝ դրանով էլ ցույց տալով, թե ինչքա՜ն մեծ արդարացում ուներ Դավիթը, քանի որ քահանան ինքը թույլատրեց դա անել, և ոչ միայն թույլ տվեց, այլև անձնապես գործեց այդ դրվագում։ Մի՛ ասա ինձ, թե Դավիթը մարգարե էր։ Դա նրան իրավունք չէր տալիս ուտելու, որովհետև այդ արտոնությունը միայն քահանաներն ունեին։ Դրա համար էլ ասվում է՝ «միայն քահանաներին»։ Թող Դավիթը լիներ ամենափառավոր մարգարե, բայց նա քահանա չէր։ Իսկ եթե նա մարգարե էր, ապա մյուսները, որ նրա հետ էին, մարգարեներ չէին։ Եվ, այնուամենայնիվ, քահանայապետը հացերը տվեց նաև նրանց։
Արդյո՞ք առաքյալները Դավթին հավասար են։ Բայց ի՞նչ կարող ես ասել արժանավորության մասին՝ այն դեպքում, երբ խոսքը, թվում է, օրենքի խախտման մասին է, թեկուզ և դա հետևում էր բնական անհրաժեշտությունից։ Հենց սրանով էլ Տերը հատկապես պաշտպանեց Իր աշակերտներին փարիսեցիների նախատինքներից՝ օրինակ բերելով նրանցից ավելի մեծ մի մարգարեի, որն արել էր նույն բանը։
Բայց այդ ինչպե՞ս է առնչվում մեր թեմային, - կհարցնեք դուք։ Չէ՞ որ Դավիթը շաբաթը չխախտեց։ Դու ինձ առաջարկում ես շատ ավելի կարևոր մի նկատառում, որ հատկապես ցույց է տալիս Քրիստոսի իմաստությունը. հենց այն, որ Նա (Հիսուս), դադարելով խոսել շաբաթ օրվա մասին, մատնանշում է շաբաթից էլ ավելի կարևոր մի բան։ Իսկապես, օրը խախտելը և մասնակից լինելն այն սուրբ սեղանին, որին ոչ ոք չէր կարող մասնակցել՝ նույնը չեն։ Շաբաթը հաճախ խախտվում էր, և միշտ էլ խախտվում է՝ և՛ թլփատության ժամանակ, և՛ շատ այլ դեպքերում. նույնը երևում է նաև Երիքովի գրավման ժամանակ (տե՛ս Հեսու 6:4)։ Իսկ ահա սուրբ սեղանից ճաշակելը տեղի է ունեցել միայն Դավթի ժամանակ։ Այսպիսով Քրիստոս հաղթանակ է տանում՝ առավել ծանրակշիռ օրինակներ բերելով։ Ինչո՞ւ ոչ ոք չմեղադրեց Դավթին՝ այն դեպքում, երբ վերջինիս մեղադրելու մեկ այլ առիթ էլ կար՝ ավելի կարևոր, քան սա էր, ասել է թե՝ այն, որ քահանաների սպանությունը տեղի ունեցավ հենց այդ պատճառով։ Քրիստոս, սակայն, չի խոսում այդ մասին, այլ կանգ է առնում միայն տվյալ թեմայի վրա։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
3-4. Եւ նա նրանց ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց նա եւ նրանք, որ նրա հետ էին: Թէ ինչպէս մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը, որն ուտել օրէնք չէր ո՛չ նրա եւ ո՛չ էլ նրա հետ եղողների համար, այլ միայն՝ քահանաների համար:
Եվ Նա ասաց նրանց. «Չե՞ք կարդացել, թե Դավիթն ինչ արեց, երբ ինքն ու իր հետ եղածները քաղցեցին. ինչպե՛ս մտավ Աստծո տունն ու կերավ առաջավորության հացը, որն իրավունք չունեին ուտելու ոչ ինքը, ոչ էլ նրա հետ եղածները:
Նրանց խորամանկ բնավորությանը պատշաճ պատասխան է տալիս՝ վկայություն բերելով երախայրիքը կերած ո՛չ այլ մեկի, քան Դավթին՝ մի մարգարեի, ում փառքը շատ մեծ էր, և սրանով նրանց միտքը հանդարտեցնում է: Որովհետև [երախայրիքն] ուտելու պատիվը քահանաներինն էր, ինչպես գրված է Հուդիթի [գրքում]. «Սկսեցին ուտել այն, ինչը ոչ ոք իրավունք չուներ ուտելու, քահանաներից բացի» (Հուդիթ 11։12), իսկ Դավիթը, թեպետ մարգարե էր, քահանա չէր, մինչդեռ երբ քաղցեց, կերավ և չմեղադրվեց: Եվ որպեսզի ոչ ոք չասեր, թե, չնայած որ Դավիթը քահանա չէր, սակայն թագավորական, ինչպես նաև մարգարեական շնորհների օծումն ուներ, [Հիսուսն] ավելացնում է՝ «և նրա հետ եղածները», որպեսզի ասի. «Ենթադրենք՝ նա իրավունք ուներ, հապա մյուսնե՞րը: Սակայն ոչ նա իրավունք ուներ ուտելու, ոչ էլ, առավել ևս, նրա հետ եղածները: Ուրեմն՝ ձեր Օրենքի միջոցով նույն կերպ և դեռ ավելի մեծ [արդարացմամբ] հասկացեք նաև այստե՛ղ կատարվածը»:
Նաև տե՛ս, որ Դավթի թագավոր լինելը չի հիշատակում, երբ ինքն էլ էր նրա ցեղից. դրա մասին լռում է և միայն քաղցի մասին հիշատակում՝ բացատրելով գրվածի միջոցով, որպեսզի ցույց տա, որ նրանք անտեղյակ են այդ դեպքի ոչ միայն պատմությանը, այլև խորհրդին: Մարկոսն ասում է. «Աբիաթար քահանայի օրոք» (Մարկ. 2։26), որովհետև ով քահանա էր, հենց նա՛ սպասավորեց նրանց ու տվեց ուտել: Ուրեմն՝ թեկուզ սրանք (Հիսուսի աշակերտները) չեն կարող համեմատվել Դավթի հետ, բայց եթե ավելի մեծն ու անվանին բնական կարիքի պատճառով խախտել է [օրենքը], ապա սրանք մեղադրանքի ենթակա չեն: Եվ որպեսզի չասեին, թե Դավիթը շաբա՛թը չի խախտել, հաջորդիվ խոսում է հենց շաբաթի խախտման մասին:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նա նրանց ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց նա եւ նրանք, որ նրա հետ էին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: