Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:9

Հովհաննես Ծործորեցի

9-10. Յիսուս այստեղից մեկնելով՝ եկաւ նրանց ժողովարանը: Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գօսացած էր: Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն:

 

    Այդտեղից հեռանալով՝ Հիսուսը եկավ նրանց ժողովարան: Այնտեղ մի մարդ կար, ում ձեռքը չորացած էր:Այսինքն՝ արտերից գնաց Կափառնաում քաղաքի ժողովարանը՝ կամ նույն օրը, կամ մի ուրիշ շաբաթ [օր]՝ ըստ Ղուկասի , որպեսզի այդ տառապյալ [մարդու] բժշկության հրաշքով Իր սովորեցրածը հաստատի և աշակերտներին արդարացնի: Ուստիև այդ մարդու [բժշկությունը] տնօրինեց այնտեղ: Մյուս ավետարանիչներն ասում են, որ [Հիսուսն] այդ մարդուն մեջտեղում կանգնեցրեց 639: [Սա արեց], որպեսզի նրա դեմքը տեսնելով՝ ակնածեին և իրենց չար գործերից հրաժարվեին: Բայց քանի որ մարդատյաց էին, միաժամանակ և աստվածատյաց, ավելի լավ էին համարում, որ Քրիստոսի փառքը պակասեր, քան որ այդ մարդուն բժշկված տեսնեին, [նախընտրում էին] Քրիստոսին հակառա կել և ուրիշների լավին դժկամակ լինել:

    Հարցրին Նրան և ասացին. «Պե՞տք է շաբաթ օրը բժշկել», որպեսզի չարախոսեին Նրանից:

    Հարցրին, ո՛չ որպեսզի սովորեին, այլ որ նենգ հարցի միջոցով թույլ չտային բժշկել, կամ էլ, եթե բժշկեր, չարախոսեին, թե օրինախախտ են ոչ միայն աշակերտները, այլև հենց Նա: Իսկ Մարդասերն ու Ներողամիտը և՛ գործը կատարեց, և՛ հարցին պատասխանեց, որպեսզի ցույց տար Իր հեզությունն ու նրանց տմարդությունը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

9-14․ Յիսուս այստեղից մեկնելով՝ եկաւ նրանց ժողովարանը: Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գօսացած էր: Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն: Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենայ, եւ դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, միթէ չի՞ բռնի ու վեր հանի այն: Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»: Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը: Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան:
   
   Հասկ քաղելու խնդրից մեկ շաբաթ հետո, ինչպես ճշտում է Ղուկասը, Հիսուս գալիս է Կափառնայում սովորական պաշտամունք կատարելու և ժողովրդի հետ խոսելու։ Դպիրներն ու փարիսեցիներնէլ այստեղ հավաքված սպասում էին Հիսուսի դեմ հակառակության նոր փաստ գտնելուն` ի նկատի ունենալով Շաբաթվա հանգիստն անարգելը։ Հիսուս Շաբաթ օրվա հանգստի վերաբերյալ Իր տեսակետը համարձակորեն արդեն հայտնել էր և այդ կարծիքից ետ կանգնողը չէր։ Ուրեմն բավական էր Հիսուսի առջև մի հիվանդ դուրս բերել և խնդրել բժշկություն տալ, որ Հիսուս բժշկությունը կատարեր և Շաբաթը խախտված դիտվեր։
   Կափառնայումի ժողովարանսւմ կար աջ ձեռքը գոսացած անկար մեկը, որ գուցե նույնիսկ դպիրների ու փարիսեցիների հորդորմամբ էր եկել այստեղ և Հիսուսի առջև կանգնել էր աղերսարկու կերպով։ Հիսուս տեսավ ու հասկացավ դպիրների ու փարիսեցիների չարամտությունը և թե ինչպես են չարախոսելու առիթ փնտրում։ Հետևաբար, բժշկությունը չկատարած Շաբաթի խնդիրը մեջտեղ բերեցին, որպեսզի այս անգամ լուծումը նախորդի գործին։ Գոսացյալին հրամայեց դուրս գալ և փարիսեցիներին ու դպիրների դառնալով հարցրեց. «Ինչպե՞ս պետք է հասկանալ Շաբաթի հանգստի օրենքը։ Օրինավոր չէ՞ արդյոք մի բարեգործություն անել, թե պետք է բարի գործը զանց առնել և չարություն արած լինելու առջև հայտնվել։ Պետք չէ՞ արդյոք մեկին վնասից ու վտանգից ազատել, թե պետք է թողնել, որ վնասն ու վտանգը պատահեն, և այդ մարդը կորչի»։ Փարիսեցիները և դպիրները ոչ կարող էին ասել, թե լավ է չարություն անել, քան թե խախտել Շաբաթը և ոչ էլ ուզում էին խոստովանել, թե բարություն անելով Շաբաթը չի խախտվում, և լուռ ու մունջ կանգնել էին Հիսուսի հարցումի առջև։ Հիսուս Իր խոսքը ազդեցիկ դարձնելու և ժողովրդի ըմբռնմանը հարմարեցնելու համար շարունակում է․ «Եթե դու մի ոչխար ունենաս և Շաբաթ օրը ոչխարը փոսն ընկնի, արդյո՞ք անմիջապես չես աշխատի փոսից հանել այն և ոչ թե մինչև Կիրակի կթողնես փոսի մեջ։ Արդ՝ եթե մի ոչխար ազատելու համար Շաբաթ օրը աշխատելը արդարանում է, որքան առավել ևս մի մարդու վնասից ազատելու աշատանքը պետք է օրինավոր համարվի, քանի որ մարդը շատ ավելի կարևոր է, քան ոչխարը։ Մեկ խոսքով, պետք է ընդունենք, թե Շաբաթի օրենքը բարիք գործելու արգելք չի կարող լինել»։ Փարիսեցիներն ու դպիրները դարձյալ լռում են, չեն ուզում ճշմարտությունը խոստովանել, բայց համարձակություն էլ չունեն իրենց կարծիքը պաշտպանել։ Այս վիճակն է, որ Ավետարանը սրտի կուրութիւն է կոչում, որ է չճանաչել ճշմարտության լույսը և մտքի աչքը փակել, որպեսզի այդ լույսը չտեսնի։ Այս է չարության ամենասաստիկ աստիճանը, որ հեզ և ներողամիտ Հիսուսին էլ է զայրույթի և ցասումի հասցնում։ Հիսուս փարիսեցիների բերանից ճշմարտության խոստովանությունը լսելուց հուսահատ, գոնե հավաքված բազմության հավատքն ամրացնելու և Իր վարդապետության ճշմարտությունը հաստատելու համար, դառնում և գոսացյալին հրամայում է․ «Ձգեա զձեռն քո»՝ թևդ երկարի´ր։ Հիվանդը հնազանդվում և գոսացած աջ ձեռքը տարածվում, առաղջանում և մյուս ձեռքին հավասար շարժում է ստանում։ Փարիսեցիներն ու դպիրները տեսնում են հրաշքը, բայց դրանով էլ չեն համոզվում, ժողովարանից դուրս են գալիս և սկսում են խորհրդակցել։ Հիսուսի հաջողությունը մեծ է, բայց վարդապետությունը իրենց ուզածին հակառակ է։ Նրան լռեցնլեը անհնար է, որովհետև Նա դժվարություններից փախչող ու վհատվող չէ, ուրեմն Նրան խաչի դատապարտելուց կամ դատապարտել տալուց բացի այլ եղանակ չկա։ Այս է լինում նրանց խորհրդակցության եզրակացությունը։ Ղուկասը շատ լավ է գնահատում փարիսեցիների անխորհուրդ ընթացքը․ «Նոքա լցան յիմարութեամբ», որովհետև այսպիսի գաղափարները իրենց վիճակը կամ մտադրությունը զորացնելուն չէին կարող ծառայել, այլ միայն իրենց կույր կիրքը հագեցնելուն։