Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:9

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

9-16. «Եվ, հեռանալով այնտեղից, Նա եկավ նրանց ժողովարանը»։ «Եվ ահա, այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։ Եվ հարցրին Հիսուսին՝ Նրան ամբաստանելու համար. «Թույլատրվո՞ւմ է բժշկություն անել շաբաթ օրը»»։ «Իսկ Նա պատասխանեց նրանց. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ եթե ունենա մի ոչխար, և այն շաբաթ օրը փոսն ընկնի, նրան չի բռնի ու վեր հանի»»։ «Արդ, որքա՜ն առավել է մարդը՝ ոչխարից։ Ուստի թույլատրելի է շաբաթ օրը բարիք գործելը»։ «Այդ ժամանակ ասաց այդ մարդուն. «Մեկնի՛ր ձեռքդ»։ Եվ նա մեկնեց չորացած ձեռքը, ու այն մյուսի նման առողջ դարձավ»։ «Իսկ փարիսեցիները, դուրս գալով, խորհրդակցություն ունեցան Նրա դեմ, թե ինչպե՛ս կորստյան մատնեն Նրան։ Բայց Հիսուս, իմանալով, հեռացավ այնտեղից»։ «Եվ Նրա հետևից գնաց ժողովրդի մեծ բազմություն, ու Նա բժշկեց նրանց բոլորին»։ «Եվ նրանց արգելեց հայտնել Իր մասին»։

   
    Քրիստոս կրկին բժշկում է շաբաթ օրը և դրանով իսկ արդարացնում է Իր աշակերտների արարքները։

    Մյուս ավետարանիչներն ասում են, որ Նա մի մարդու կանգնեցրեց մեջտեղում և հարցրեց հրեաներին՝ «արդյոք թույլատրելի է շաբաթ օրը բարիք գործել» (տե՛ս Մարկ. 3:4 հմմտ․ Ղուկ. 6:9)։ Նայի՛ր Տիրոջ ողորմությանը։ Նա այդ մարդուն մեջտեղ բերեց, որպեսզի ականատեսներին մեղմացնի նրա կերպարով և որպեսզի հրեաները, այդ տեսարանից հուզված, մի կողմ թողնեն իրենց չարությունը և, ամաչելով այդ մարդուց, դադարեցնեն իրենց կատաղությունը։ Բայց անզսպելի և անմարդկային անձինք ավելի շուտ նախընտրում են մթագնել Քրիստոսի փառքը, քան թե տեսնել հիվանդի բժշկությունը։ Նրանք կրկնակի ձևով ցույց են տալիս իրենց չարությունը՝ և՛ Քրիստոսի նկատմամբ թշնամությամբ ու ընդդիմությամբ, և՛ Նրա նկատմամբ ցուցաբերվող այնպիսի համառությամբ, որ վատաբանում էին նույնիսկ Հիսուսի՝ ուրիշների հանդեպ գործած բարերարությունները։

    Մյուս ավետարանիչներն ասում են, որ Քրիստոսն Ինքն էր հարցնում, իսկ Մատթեոսն ասում է, որ Նրա՛ն էին հարցնում. «Եվ հարցրին Հիսուսին, - ասում է, - Նրան ամբաստանելու համար. «Թույլատրվո՞ւմ է բժշկություն անել շաբաթ օրը»»։ (Մատթ. 12:10)։ Հավանաբար և՛ մեկը, և՛ մյուսը եղել է։ Հրեաները, ամբարիշտ լինելով և իմանալով, որ Հիսուս անպայման կսկսի բժշկել, շտապում էին հարցով կանխել Նրան՝ հույս ունենալով դրանով խոչընդոտել Փրկչին։ Դրա համար էլ հարցնում էին՝ «Թույլատրվո՞ւմ է բժշկություն անել շաբաթ օրը»՝ ոչ թե Հիսուսից սովորելու նպատակով, այլ Նրան մեղադրելո՛ւ համար։ Թեև գործն ինքնին բավական էր մեղադրանքի համար, բայց հրեաները ջանում էին Նրան Իր խոսքերով էլ որսալ, որպեսզի ավելի շատ պատրվակներ ունենան մեղադրանքի համար։

    Բայց Մարդասերը և՛ բժշկությունն է կատարում, և՛ պատասխանում է՝ մեզ սովորեցնելով խոնարհություն ու հեզություն ունենալ, և՛ ամեն ինչ ուղղում է Իրեն ամբաստանողների դեմ՝ ցույց տալով նրանց անմարդկայնությունը։ Հիսուս այն մարդուն մեջտեղ է բերում ո՛չ թե նրանցից վախենալու պատճառով, այլ օգուտ տալու և նրանց մեջ գթասրտություն առաջացնելու ցանկությամբ։ Իսկ երբ նույնիսկ դրանով չի կարողանում մեղմացնել նրանց, այդ ժամանակ, - ասում է ավետարանիչը, - «Հիսուս տրտմում է նրանց սրտի կարծրության համար» (հմմտ․ Մարկ. 3:5), և բարկանում է նրանց վրա՝ ասելով. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ եթե ունենա մի ոչխար, և այն շաբաթ օրը փոսն ընկնի, նրան չի բռնի ու վեր հանի։ Արդ, որքա՜ն առավել է մարդը՝ ոչխարից։ Ուստի թույլատրելի է շաբաթ օրը բարիք գործելը» (Մատթ. 12:11-12

    Այս օրինակով Հիսուս նրանց խրատում է, որ մի կողմ թողնեն իրենց անամոթությունը և այլևս Իրեն չմեղադրեն մեղսագործության։ Բայց տե՛ս, թե ինչպե՜ս է տարատեսակ կերպերով և հավուր պատշաճի Քրիստոս ամեն անգամ պաշտպանում շաբաթի խախտումը։ Այնժամ, երբ կույրի համար կավ պատրաստեց, Հիսուս ընդհանրապես չպաշտպանվեց հրեաների առջև, թեև նույնիսկ այդ ժամանակ էլ Նրան մեղադրում էին, որովհետև հրաշքի ձևն ինքնին Քրիստոսին ըստ ամենայնի ներկայացնում էր որպես օրենքի Տիրոջ։ Երբ հրեաները Հիսուսիս մեղադրեցին ա՛յն անդամալույծի բժշկության համար, որը վերցրեց իր անկողինը և հեռացավ, այդ ժամանակ Նա արդարացավ և՛ որպես Աստված, և՛ որպես մարդ։ Նա արդարացրեց Իրեն որպես մարդ, երբ ասաց. «Իսկ արդ, եթե մարդը շաբաթ օրով թլփատվում է, որպեսզի Մովսեսի Օրենքը չխախտվի (չասաց՝ որ մարդը օգուտ քաղի), Իմ վրա՞ եք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի» (Հովհ. 7:23)։ Նա արդարացրեց Իրեն որպես Աստված՝ ասելով. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն Ես ևս գործում եմ» (Հովհ. 5:17

    Իսկ երբ մեղադրվեց աշակերտների պատճառով, պատասխանեց. «Մի՞թե դուք չեք կարդացել, թե Դավիթն ի՛նչ արեց, երբ քաղցեց ինքն ու իր հետ եղողները։ Ինչպե՛ս նա մտավ Աստծու տուն ու կերավ առաջավորության հացը…» (Մատթ. 12:3-4)։ Եվ որպես օրինակ է բերում քահանաներին։ Այստեղ էլ Հիսուս ասում է՝ «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինավոր անել. բարի գո՞րծ գործել, թե՞ չարիք անել» (Մարկ. 3:4

    Քրիստոս գիտեր, որ նրանք ավելի շատ ագահ են, քան մարդասեր։ Մեկ այլ ավետարանիչ էլ ասում է, որ Քրիստոս, այս հարցը տալով, նայեց նրանց վրա, որ մինչև իսկ Իր հայացքով փափկացնի նրանց։ Բայց դա ևս չնպաստեց, որ նրանք ավելի լավը դառնան։ Այստեղ Հիսուս հրաշք է գործում միայն խոսքով, իսկ շատ այլ դեպքերում՝ նաև ձեռք դնելով է բժշկում։ Այդուամենայնիվ՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը նրանց հեզ չդարձրեց, այլ, ընդհակառակը, երբ այն անդամալույծն առողջանում էր, նրա բժշկությունը միայն վատթարացնում էր հրեաների վիճակը։

    Հիսուս չորացած ձեռքով մարդուն բժշկելուց առաջ ուզում էր բժշկել հրեաներին և այդ նպատակով անթիվ միջոցներ էր գործադրել՝ և՛ նախկինում կատարած գործերը, և՛ ուսուցանված խոսքերը, բայց քանի որ նրանց հիվանդությունն անբուժելի էր, Քրիստոս անցավ գործի։ Այդ ժամանակ Նա ասաց անդամալույծին. «Մեկնի՛ր ձեռքդ»։ Եվ նա մեկնեց չորացած ձեռքը, ու այն մյուսի նման առողջ դարձավ» (Մատթ. 12:13

    Իսկ հրեանե՞րն ինչ արեցին։ Նրանք «դուրս գալով, խորհրդակցություն ունեցան Նրա դեմ, - ասում է ավետարանիչը, - թե ինչպե՛ս կորստյան մատնեն Նրան։ Բայց Հիսուս, իմանալով, հեռացավ այնտեղից» (Մատթ. 12:14)։ Չնայած նրանք ոչ մի վիրավորանքի չէին արժանացել, սակայն ուզում էին սպանել Նրան։

    Ահա թե ի՛նչ չարիք է նախանձը։ Այն միշտ թշնամանում է ոչ միայն օտարների, այլև յուրայինների դեմ։ Մարկոսն ասում է, որ փարիսեցիները դավադրություն կազմակերպեցին հերովդեսականների հետ (տե՛ս Մարկ. 3:6

    Իսկ հեզ և խոնարհ Հիսուս ի՞նչ արեց։ Իմանալով այդ մասին՝ հեռացավ այնտեղից. «Բայց Հիսուս, իմանալով նրանց մտածումները, հեռացավ այնտեղից» (հմմտ․ Մատթ. 12:15

    Արդյոք որտե՞ղ են այն ասողները, թե «նշաններ էին հարկավոր»։ Հիսուս այսպիսով ցույց տվեց, որ կարծրասիրտ մարդուն նշաններն էլ չեն համոզում, և միաժամանակ հստակեցրեց, որ իզուր էին մեղադրում նաև Իր աշակերտներին։

    Բայց ուշադրության է արժանի, որ հրեաները հատկապես կատաղում էին իրենց մերձավորին ցույց տրված բարերարություններից և ավելի էին մեղադրում ու բարկանում Քրիստոսի վրա, երբ տեսնում էին, որ որևէ մեկն ազատվում է հիվանդությունից կամ մեղքից։ Այդպես հայհոյում էին Փրկչին, երբ Նա ուզում էր փրկել պոռնիկ կնոջը, երբ ճաշում էր մաքսավորների հետ, և նաև այս դեպքում, երբ տեսան բժշկված ձեռքը։

    Բայց տե՛ս, թե Հիսուս ինչպե՜ս չի դադարում հոգ տանել տկարների մասին, և միաժամանակ զսպում է հրեաների նախանձը. «Եվ Նրա հետևից գնաց ժողովրդի մեծ բազմություն, ու Նա բժշկեց նրանց բոլորին։ Եվ նրանց արգելեց հայտնել Իր մասին» (Մատթ. 12:15-16)։ Ժողովուրդն ամենուրեք հիանում է Հիսուսով և հետևում Նրան, իսկ ահա փարիսեցիները չեն հրաժարվում իրենց չարությունից։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

9-10. Յիսուս այստեղից մեկնելով՝ եկաւ նրանց ժողովարանը: Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գօսացած էր: Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն:
   

    Այդտեղից հեռանալով՝ Հիսուսը եկավ նրանց ժողովարան: Այնտեղ մի մարդ կար, ում ձեռքը չորացած էր:Այսինքն՝ արտերից գնաց Կափառնաում քաղաքի ժողովարանը՝ կամ նույն օրը, կամ մի ուրիշ շաբաթ [օր]՝ ըստ Ղուկասի , որպեսզի այդ տառապյալ [մարդու] բժշկության հրաշքով Իր սովորեցրածը հաստատի և աշակերտներին արդարացնի: Ուստիև այդ մարդու [բժշկությունը] տնօրինեց այնտեղ: Մյուս ավետարանիչներն ասում են, որ [Հիսուսն] այդ մարդուն մեջտեղում կանգնեցրեց (Մարկ. 3։3, Ղուկ. 6։8): [Սա արեց], որպեսզի նրա դեմքը տեսնելով՝ ակնածեին և իրենց չար գործերից հրաժարվեին: Բայց քանի որ մարդատյաց էին, միաժամանակ և աստվածատյաց, ավելի լավ էին համարում, որ Քրիստոսի փառքը պակասեր, քան որ այդ մարդուն բժշկված տեսնեին, [նախընտրում էին] Քրիստոսին հակառա կել և ուրիշների լավին դժկամակ լինել:

    Հարցրին Նրան և ասացին. «Պե՞տք է շաբաթ օրը բժշկել», որպեսզի չարախոսեին Նրանից:

    Հարցրին, ո՛չ որպեսզի սովորեին, այլ որ նենգ հարցի միջոցով թույլ չտային բժշկել, կամ էլ, եթե բժշկեր, չարախոսեին, թե օրինախախտ են ոչ միայն աշակերտները, այլև հենց Նա: Իսկ Մարդասերն ու Ներողամիտը և՛ գործը կատարեց, և՛ հարցին պատասխանեց, որպեսզի ցույց տար Իր հեզությունն ու նրանց տմարդությունը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

9-14․ Յիսուս այստեղից մեկնելով՝ եկաւ նրանց ժողովարանը: Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գօսացած էր: Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն: Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենայ, եւ դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, միթէ չի՞ բռնի ու վեր հանի այն: Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»: Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը: Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան:
   
    Հասկ քաղելու խնդրից մեկ շաբաթ հետո, ինչպես ճշտում է Ղուկասը, Հիսուս գալիս է Կափառնայում սովորական պաշտամունք կատարելու և ժողովրդի հետ խոսելու։ Դպիրներն ու փարիսեցիներնէլ այստեղ հավաքված սպասում էին Հիսուսի դեմ հակառակության նոր փաստ գտնելուն` ի նկատի ունենալով Շաբաթվա հանգիստն անարգելը։ Հիսուս Շաբաթ օրվա հանգստի վերաբերյալ Իր տեսակետը համարձակորեն արդեն հայտնել էր և այդ կարծիքից ետ կանգնողը չէր։ Ուրեմն բավական էր Հիսուսի առջև մի հիվանդ դուրս բերել և խնդրել բժշկություն տալ, որ Հիսուս բժշկությունը կատարեր և Շաբաթը խախտված դիտվեր։
    Կափառնայումի ժողովարանսւմ կար աջ ձեռքը գոսացած անկար մեկը, որ գուցե նույնիսկ դպիրների ու փարիսեցիների հորդորմամբ էր եկել այստեղ և Հիսուսի առջև կանգնել էր աղերսարկու կերպով։ Հիսուս տեսավ ու հասկացավ դպիրների ու փարիսեցիների չարամտությունը և թե ինչպես են չարախոսելու առիթ փնտրում։ Հետևաբար, բժշկությունը չկատարած Շաբաթի խնդիրը մեջտեղ բերեցին, որպեսզի այս անգամ լուծումը նախորդի գործին։ Գոսացյալին հրամայեց դուրս գալ և փարիսեցիներին ու դպիրների դառնալով հարցրեց. «Ինչպե՞ս պետք է հասկանալ Շաբաթի հանգստի օրենքը։ Օրինավոր չէ՞ արդյոք մի բարեգործություն անել, թե պետք է բարի գործը զանց առնել և չարություն արած լինելու առջև հայտնվել։ Պետք չէ՞ արդյոք մեկին վնասից ու վտանգից ազատել, թե պետք է թողնել, որ վնասն ու վտանգը պատահեն, և այդ մարդը կորչի»։ Փարիսեցիները և դպիրները ոչ կարող էին ասել, թե լավ է չարություն անել, քան թե խախտել Շաբաթը և ոչ էլ ուզում էին խոստովանել, թե բարություն անելով Շաբաթը չի խախտվում, և լուռ ու մունջ կանգնել էին Հիսուսի հարցումի առջև։ Հիսուս Իր խոսքը ազդեցիկ դարձնելու և ժողովրդի ըմբռնմանը հարմարեցնելու համար շարունակում է․ «Եթե դու մի ոչխար ունենաս և Շաբաթ օրը ոչխարը փոսն ընկնի, արդյո՞ք անմիջապես չես աշխատի փոսից հանել այն և ոչ թե մինչև Կիրակի կթողնես փոսի մեջ։ Արդ՝ եթե մի ոչխար ազատելու համար Շաբաթ օրը աշխատելը արդարանում է, որքան առավել ևս մի մարդու վնասից ազատելու աշատանքը պետք է օրինավոր համարվի, քանի որ մարդը շատ ավելի կարևոր է, քան ոչխարը։ Մեկ խոսքով, պետք է ընդունենք, թե Շաբաթի օրենքը բարիք գործելու արգելք չի կարող լինել»։ Փարիսեցիներն ու դպիրները դարձյալ լռում են, չեն ուզում ճշմարտությունը խոստովանել, բայց համարձակություն էլ չունեն իրենց կարծիքը պաշտպանել։ Այս վիճակն է, որ Ավետարանը սրտի կուրութիւն է կոչում, որ է չճանաչել ճշմարտության լույսը և մտքի աչքը փակել, որպեսզի այդ լույսը չտեսնի։ Այս է չարության ամենասաստիկ աստիճանը, որ հեզ և ներողամիտ Հիսուսին էլ է զայրույթի և ցասումի հասցնում։ Հիսուս փարիսեցիների բերանից ճշմարտության խոստովանությունը լսելուց հուսահատ, գոնե հավաքված բազմության հավատքն ամրացնելու և Իր վարդապետության ճշմարտությունը հաստատելու համար, դառնում և գոսացյալին հրամայում է․ «Ձգեա զձեռն քո»՝ թևդ երկարի´ր։ Հիվանդը հնազանդվում և գոսացած աջ ձեռքը տարածվում, առաղջանում և մյուս ձեռքին հավասար շարժում է ստանում։ Փարիսեցիներն ու դպիրները տեսնում են հրաշքը, բայց դրանով էլ չեն համոզվում, ժողովարանից դուրս են գալիս և սկսում են խորհրդակցել։ Հիսուսի հաջողությունը մեծ է, բայց վարդապետությունը իրենց ուզածին հակառակ է։ Նրան լռեցնլեը անհնար է, որովհետև Նա դժվարություններից փախչող ու վհատվող չէ, ուրեմն Նրան խաչի դատապարտելուց կամ դատապարտել տալուց բացի այլ եղանակ չկա։ Այս է լինում նրանց խորհրդակցության եզրակացությունը։ Ղուկասը շատ լավ է գնահատում փարիսեցիների անխորհուրդ ընթացքը․ «Նոքա լցան յիմարութեամբ», որովհետև այսպիսի գաղափարները իրենց վիճակը կամ մտադրությունը զորացնելուն չէին կարող ծառայել, այլ միայն իրենց կույր կիրքը հագեցնելուն։