Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Հիսուս գթաց, նրանց աչքերին դիպավ, և նրանց տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու նրանք գնացին Նրա հետևից»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:29
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ գթալով՝ Յիսուս դիպաւ նրանց աչքերին, եւ նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետեւից:
Հիսուսը գթալով` դիպավ նրանց աչքերին, և իսկույն տեսան ու հետևեցին Նրան:
Գթությունը դարձավ բժշկության պատճառը, ինչի համար էլ [Հիսուսն] աշխարհ էր եկել: Բայց թեպետ գթած է, ինչպես գրված է (Սաղմ. 77։38, 85։15, 111։4, Ղուկ. 6։36 ևն) , սակայն նաև արդար է` արժանիք է փնտրում, և որ [կույրերն] արժանի էին, երևում է [վերևում] ասածներիցս: Իսկ ի՞նչ է այն թե` «իսկույն տեսան»: [Այս խոսքը] ցույց է տալիս, որ Նա է մեր բնության արարիչը, Ով առանց աշխատանքի` խոսքով պայծառացրեց երկինքը երկու լուսատուներով և մարդուն դրանք տեսնող դարձրեց, Նա էլ նրանց խանգարված աչքերը լուսավորեց միայն խոսքով ու աչքերին հպմամբ, և նրանք տեսան ոչ միայն էակներին, այլև Նրան և«հետևեցին Նրան»:Որովհետև ապերախտ չեղան, ինչպես շատերը, մանավանդ հրեաները, այլ ինչպես որ նախքան պարգև [ստանալն] էին ժուժկալ, այդպես էլ պարգևը [ստանալուց] հետո: Ուստի Նրա հետևից գնացին, որպեսզի բարեբանեն [Նրան]: Նրա հետևից ընթանալը նաև [Նրան] աշակերտելն է ցույց տալիս:
Իսկ հոգևոր մեկնաբանությունը հետևյալն է: Հիսուսի մարդեղության պատճառն ուրիշ բան չէր, քան արարչական գութը, որ ստիպեց մերձենալ ու խառնվել մարդկանց բնությանը և բնակվել մեր մեջ` ըստ առաքյալի. «Որ Քրիստոսը բնակվի ձեր ներքին մարդու մեջ` բանալու և լուսավորելու [ձեր] սրտի աչքերն անձեռագործ թլփատությամբ» (հմմտ. Կող. 2։11): [Եվ բնակվեց նրանց մեջ], ովքեր արագ հավատացին Նրան ու Նրա Հորը` սիրով բևեռվելով [Նրան], ընթանալով Նրա յուղերի բույրի հետևից (Երգ 1։2-3) դեպի մահ ու չարչարանք և երկինք, թե՛ հրեաները և թե՛ հեթանոսները, ովքեր վաղուց մերժվել էին Նրանից: [Եվ սա կատարվեց], որպեսզի սրանով հասկանաս օգուտը Խոսքի մարմնառության, որով արարածն Արարչին ճանաչեց:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ գթալով՝ Յիսուս դիպաւ նրանց աչքերին, եւ նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետեւից:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:29
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: