Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
29-34․ «Եվ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, նրանց ժողովրդի մեծ բազմություն հետևեց»։ «Եվ ահա ճանապարհին երկու կույրեր էին նստած, որոնք լսեցին, որ Հիսուս անցնում է, և աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»»։ «Իսկ մարդիկ նրանց սաստում էին, որ լռեն։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»»։ «Հիսուս կանգնեց, նրանց կանչեց ու ասաց. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»»։ «Նրանք ասացին Նրան. «Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն»»։ «Հիսուս գթաց, նրանց աչքերին դիպավ, և նրանց տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու նրանք գնացին Նրա հետևից»։
Տե՛ս, թե Փրկիչը որտեղից է Երուսաղեմ գալիս, և որտեղ էր գտնվում դրանից առաջ։ Այս հանգամանքը, իմ կարծիքով, առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Իսկապես, ինչո՞ւ Նա ավելի վաղ այնտեղից ուղիղ Գալիլիա չգնաց, այլ Սամարիայի անցավ միջով։ Բայց այս հարցը թողնենք հետաքրքրասերներին։ Եթե մեկը ցանկանա մանրակրկիտ քննել, կտեսնի, որ Հովհաննես ավետարանիչը դրա մասին բավականաչափ ակնարկում է և նշում է պատճառը։ Ինչ վերաբերում է մեզ, մենք կխոսենք անհրաժեշտի մասին և կլսենք վերևում հիշատակված կույրերին, որոնք ավելի լավն էին, քան տեսողություն ունեցող շատերը։ Նրանք, ուղեկցող չունենալով և չկարողանալով տեսնել մոտեցող Տիրոջը, այդուհանդերձ, ուժգին փափագ ունեին հասնել Նրա մոտ, ուստի և սկսեցին աղաղակել։ Ու մինչդեռ շրջապատողները նրանց արգելում էին դա անել, նրանք էլ ավելի էին ուժեղացնում իրենց աղաղակը։ Ահա թե ինչ է նշանակում զորավոր հոգի ունենալ։ Խոչընդոտներն իսկ այդպիսիններին հասցնում են իրենց նպատակին։ Եվ Քրիստոս չէր արգելում փակել նրանց բերանը, որպեսզի սրանով ևս ավելի բացահայտվի նրանց ջանասիրությունը, ու որպեսզի դու իմանաս, որ նրանք իսկապես արժանի էին բժշկություն ստանալուն։ Դրա համար էլ Հիսուս նրանց չհարցրեց՝ «հավատո՞ւմ եք», ինչպես որ սովորաբար վարվում էր ուրիշների հետ։ Հենց աղաղակն ու Փրկչի մոտ գնալու ջանասեր ցանկությունն արդեն իսկ շատ պարզորոշ բոլորին ցույց էին տալիս նրանց հավատը։ Այստեղից սովորի՛ր, սիրելի՛ս, որ որքան էլ մենք աննշան ու մերժված լինենք, բայց եթե ճշմարիտ ջանասիրությամբ դեպի Աստված գնանք, ինքներս էլ անձամբ Նրանից կարող ենք խնդրել այն ամենը, ինչը հարկավոր է մեզ։ Տե՛ս, թե ինչպես այս կույրերը ևս, որևէ առաքյալի աջակցությունը չունենալով, և դեռ շատերից էլ արգելող խոսքեր լսելով, հաղթահարեցին այդ բոլոր խոչընդոտները և եկան հենց Հիսուսի մոտ։ Ու թեև ավետարանիչը չի վկայում, թե նրանք իրենց ապրելակերպով ինչ-որ չափով արժանացել էին իրենց այդ համարձակությանը, բայց ամեն ինչի փոխարեն նրանց համար բավական էր միայն իրենց ջանասիրությունը։ Մենք նույնպես նախանձախնդի՛ր լինենք այս կույրերի նման ջանասեր լինելուն։ Թող որ Աստված ուշացնի Իր պարգևները մեզ առաքելը, թող որ շատերը մեզ շեղեն աղոթքի ուղուց, այդուհանդերձ, մենք կշարունակենք մեր աղոթքը, քանի որ հատկապես հենց այդպես ենք մենք Աստծուն հաշտեցնում մեզ հետ։ Այստեղ նաև տե՛ս, թե ինչպես ո՛չ չքավորությունը, ո՛չ կուրությունը, ո՛չ կույրերի մտածումն առ այն, որ իրենք լսելի չեն լինի, և ո՛չ էլ ժողովրդի արգելքը՝ ոչինչ չկանգնեցրեց նրանց։ Ահա թե ինչպիսին է բոցաշունչ ու համբերատար հոգին։ Իսկ ի՞նչ արեց Քրիստոս․ «Նրանց կանչեց ու ասաց. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։ Նրանք ասացին Նրան. «Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն» (Մատթ. 20:32, 33)։ Ինչո՞ւ Հիսուս այսպիսի հարց տվեց կույրերին։ Ա՛յն բանի համար, որպեսզի ոչ ոք չմտածի, թե Նա տալիս է բոլորովին այլ բան, քան նրանք ցանկանում են։ Քրիստոս սովորաբար ամենուր բոլորի առջև նախապես բացահայտում էր բժշկություն խնդրողների բարի տրամադրվածությունը, և ապա միայն բժշկություն էր շնորհում՝ մի կողմից, որպեսզի մյուսների մեջ ևս նման նախանձախնդրություն արթնացնի, մյուս կողմից՝ ցույց տալու համար պարգև ստացողների արժանավորությունը։ Հիսուս այսպես վարվեց քանանացի կնոջ հետ, այսպես վարվեց հարյուրապետի հետ, այսպես վարվեց նաև արյունահոսություն ունեցող կնոջ հետ, չնայած որ այս վերջին պարագայում ավելի ճիշտ կլինի ասել, թե այս մեծահավատ կինն ինքը կանխեց Տիրոջ հարցը, սակայն, այդուհանդերձ, Քրիստոս այս դեպքում նույնպես նրան առանց ուշադրության չթողեց, այլ բժշկելով՝ ամենքին բացահայտեց կնոջ սիրտը։ Այսպիսով, Փրկիչն ամենուր փորձում էր նախ բացահայտել Իրեն մոտեցողների կատարելությունը, և նույնիսկ նրանց շատ ավելի մեծ ներկայացնել, քան նրանք իրականում կային։ Նա այսպես վարվեց նաև այստեղ՝ կույրերի հետ։ Ապա, երբ նրանք արտահայտեցին իրենց ցանկությունը, Հիսուս, նրանց հանդեպ ողորմություն ցուցաբերելով, դիպավ նրանց։ Այս ողորմությունն էր ամեն մի բժշկության միակ պատճառը. հենց դրա՛ համար էր Քրիստոս աշխարհ եկել։ Այնուամենայնիվ, թեև Քրիստոս մարմնավորված ողորմություն ու շնորհ էր, Նա փնտրում էր արժանիներին։ Իսկ որ կույրերն արժանի էին, սա երևում է թե՛ նրանց առավել ուժգնացող աղաղակից, թե՛ այն իրողությունից, որ նրանք, բժշկություն ստանալով, չհեռացան Քրիստոսից, ինչպես անում էին շատ շատերը, որոնք որևէ երախտագիտություն չէին ցուցաբերում Աստվածորդու բարերարությունների հանդեպ։ Մինչդեռ այս կույրերն այդպիսին չէին. նրանք և՛ ընծայից առաջ էին հաստատուն, և՛ դրանից հետո՝ երախտապարտ, ու այդ իսկ պատճառով էլ սկսեցին հետևել Հիսուսին։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց:
Երբ նրանք Երիքովից դուրս եկան, Նրա հետևից շատ ժողովուրդ գնաց:
Արժե քննել, թե որտեղից եկավ Երիքով, ինչպես ասում է Մարկոսը. «Գալիս են Երիքով» (Մարկ. 10։46), կամ ինչո՞ւ եկավ: Հրեաներից խույս տալով` գալիլեացիների մոտ էր շրջում և այնտեղ գնալիս Երիքովով չանցավ, այլ Սամարիայով, որպեսզի սամարուհուն աշակերտ դարձներ ջրհորի մոտ (Հովհ. 4։4-30)` որպես Եկեղեցու նախօրինակի` Ավազանի մկրտությամբ: Իսկ երբ մոտեցավ չարչարանքի ժամանակը, և գնում էր Երուսաղեմ, նախ եկավ Երիքով, որպեսզի ավազակների ձեռքն ընկածին առողջացներ (Ղուկ. 10։30-37): Զակքեոսի դեպքի միջոցով կանչեց շատերին ու տանջանքի մատնեց անհավատներին, ովքեր Նրա թագավորելը չէին կամենում, և ապա հավատացյալ ժողովրդի մեծ բազմությամբ ելավ այնտեղից:
Բայց պետք է գիտենալ նաև, թե ում կողմից է կառուցվել Երիքովը, ուր մեր Տերը ելումուտ արեց: [Երիքովի] մասին պատմում են, թե Քամի որդիներից մեկը` Քուակ անունով, ծնեց երեք որդի` Գայիին, Գաղային և Երիքոյին, ովքեր կառուցելով քաղաքներ` իրենց անունով կոչեցին Գայի ու Գաղգաղա 1, իսկ հետո Երիքոյը կառուցեց Երիքովը ամուր մեքենաներով, յոթնպարսպյան, երկաթից չխազվող քարերով, դյուրամուտ, դժվարելանելի, իր անունով կոչեց Երիքով և այն լցրեց ամեն տեսակ չարությամբ` չար սպասավորներով և չարիքների մեջ գործակիցներով: Ուստի այլաբանորեն` Երիքովը դժոխքն է նշանակում, և Հեսուն այն քանդեց ու անիծեց այն վերստին կառուցողին: Այս կարգադրությունն արհամարհելով` բեթելացի Ազանն իր անդրանիկ Աբիրոնի հետ դրեց նրա հիմքերը և ազատվելով` կրտսերի հետ կանգնեցրեց նրա դռները (Հեսու 6։26, Գ Թագ. 16։34, 2 ), ինչպես որ սատանան էլ իր երկու չար ծնունդներով` հպարտությամբ ու պոռնկությամբ, կառուցեց դժոխքը, որովհետև հպարտությունն իբրև դժոխքի հիմք դրեց, իսկ պոռնկությունը` նրա մուտքի դուռ: Եվ ինչպես որ քահանաների շեփորահարությունից միանգամից կործանվեցին Երիքովի պարիսպները, այդպես խաչի վրա Փրկչի արձակած ձայնից, խոնարհությամբ ու կուսությամբ, խախտվեց դժոխքի հիմքը և փշրվեցին նրա դռները: Բանական հոգով այնտեղ իջնելով` Նա բանտարկված հոգիներին դեպի Իրեն ձգեց և երեք օրից բազմաքանակ ժողովրդով դուրս գալով այնտեղից` նրանց դեպի կյանք բարձրացրեց` ոմանց մարմնով հարություն տալով Իրենից հետո` ըստ այսմ. «Ննջեցյալ սրբերի շատ մարմիններ հարություն առան» (Մատթ. 27։52), ոմանց էլ Բանսարկուի ծառայությունից ազատելով: Սա՛ է ասելը. «Երբ նրանք Երիքովից դուրս եկան, Նրա հետևից շատ ժողովուրդ գնաց»:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
29-34. Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց: Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին: Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»: Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն: Իսկ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»: Յիսուս տեղում կանգ առաւ, կանչեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ ձեզ անեմ»: Նրան ասացին. «Որ մեր աչքերը բացուեն, Տէ՛ր»: Եւ գթալով՝ Յիսուս դիպաւ նրանց աչքերին, եւ նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետեւից:
Հիսուս գիշերն անցակացրեց Երիքովում` Զաքեոսի տանը: Մյուս օրը շարունակեց ուղևորությունը դեպի Երուսաղեմ: Երիքովից դուրս գալը նորից հանդիսավոր տեսք ստացավ: Բացի աշակերտներից, Նրան հետևում էր ժողովրդի խուռն բազմությունը: Այդ խանդավառությունը բացահայտ ցույց է տալիս, որ Երիքովում բազմաթիվ բժշկություններ եղան:Մենք գիտենք, որ որտեղ Հիսուս չցանկացավ Իր ցույց տված շնորհքները շատացնել, այնտեղ ժողովուրդը նրա հանդեպ ցուցաբերած պատվասիրության և խանդավառության մեջ ժլատ գտնվեց: Հետևաբար բոլորովին խնդրի տեղիք չի կարող տալ այն, որ Երքովից դուրս եկած ժամանակ մի կույր ևս բժշկվեց` նման Երիքով մտնելիս բժշկված կույրի պարագաներին: Առաջինը պատմել էր Ղուկասը: Այս երկրորդն էլ պատմում է Մարկոսը: Այն տեղի ունեցավ ի մօտելն նորա յԵրիքով, իսկ սա կատարվեց ընդ ելանելն նորա յԵրիքովէ: Որքան էլ մնացյալ պարագաները ըստ ամենայնի նույնը լինեն, դա պատճառ չէ, որ երկուսը միմյանց խառնելով, ավետարանիչների պատմության մեջ օրվա և տեղի շփոթություն կարծենք: Մանավանդ, որ Երիքովում բժշկված կույրերի թվով երկուսը լինելը հստակորեն է հիշատակում Մատթեոսը. «Ահա կոյրք երկու նստէին առ ճանապարհաւն»: Թեպետ չի առանձնացնում, որ մեկը առաջին օրը` ներս մտնելիս, իսկ մյուսը հաջորդ առավոտյան` դուրս գալիս բժշկվեցին: Մարկոսն այս երկրորդ կույրի անունն էլ է տալիս: Բարտիմեոս էր կոչվում, որ նշանակում է Տիմեի Որդի: Բար եբրայերեն նշնակում է որդի: Հրեաների մոտ հաճախ է հանդիպում այսպիսի հայրանունով, կամ ուրիշ նշանակալից իմաստով կազմված անուններ: Օրինակ` Բարաքիա, Բարաբբա, Բարսաբա, Բարթողիմեոս, Բառնաբաս, Բարեհեսու, և ու մեր թարգմանությունն ունի` Սիմոն որդի Յովհանու (Մատթ. 16:17), ուրիշ թարգամանություններ ունեն Սիմոն Բարյովնան:
Գալով Բարտիմեոսի բժշկության պարագաներին` ասենք, որ գրեթե ճշտությամբ կրկնվում են մյուս երիքովցի կույրի համար պատմածները (Ղուկ. 18:35-43): Սա ևս նստած է ճանապարհի վրա` մուրալու, լսում է ժողովրդի խռնվելը, Հիսուսի անցնելը և աղաղակով գոչում է. «Որդի՛ Դաւթի Յիսուս, ողորմեաց ինձ»: Շատերը սաստում են,որ լռի: Նա շարունակում է նույն աղաղակն այնքան, մինչև Հիսուսը կանգ է առնում և Իր մոտ կանչում: Կողքինները շնորհավորում են կույրին, որ ի վերջո հասավ փափագին. «Քաջալերեա՛ց, արի, կոչէ զքեզ»: Բարտիմեոսը դեն է նետում վրայի ձորձերը, կանգնում է Հիսուսի առջև, և, Նրա հարցերին պատասխանելով, աչքերի բացվելն է խնդրում: Հիսուս գովում է նրա հավատքը և մի հրամանով բացում աչքերը: Բժշկված կույրը, Աստծուն փառաբանելով, սկսում է գնալ Հիսուսի հետևից: Երկու կույրերի բժշկությունը նույն ձևով է պատմում նաև Մատթեոսը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: