Հովհաննես Ծործորեցի
Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց:
Երբ նրանք Երիքովից դուրս եկան, Նրա հետևից շատ ժողովուրդ գնաց:
Արժե քննել, թե որտեղից եկավ Երիքով, ինչպես ասում է Մարկոսը. «Գալիս են Երիքով» (Մարկ. 10։46), կամ ինչո՞ւ եկավ: Հրեաներից խույս տալով` գալիլեացիների մոտ էր շրջում և այնտեղ գնալիս Երիքովով չանցավ, այլ Սամարիայով, որպեսզի սամարուհուն աշակերտ դարձներ ջրհորի մոտ 1058` որպես Եկեղեցու նախօրինակի` Ավազանի մկրտությամբ: Իսկ երբ մոտեցավ չարչարանքի ժամանակը, և գնում էր Երուսաղեմ, նախ եկավ Երիքով, որպեսզի ավազակների ձեռքն ընկածին առողջացներ 1059: Զակքեոսի դեպքի միջոցով կանչեց շատերին ու տանջանքի մատնեց անհավատներին, ովքեր Նրա թագավորելը չէին կամենում, և ապա հավատացյալ ժողովրդի մեծ բազմությամբ ելավ այնտեղից:
Բայց պետք է գիտենալ նաև, թե ում կողմից է կառուցվել Երիքովը, ուր մեր Տերը ելումուտ արեց: [Երիքովի] մասին պատմում են, թե Քամի որդիներից մեկը` Քուակ անունով, ծնեց երեք որդի` Գայիին, Գաղային և Երիքոյին, ովքեր կառուցելով քաղաքներ` իրենց անունով կոչեցին Գայի ու Գաղգաղա 1060, իսկ հետո Երիքոյը կառուցեց Երիքովը ամուր մեքենաներով, յոթնպարսպյան, երկաթից չխազվող քարերով, դյուրամուտ, դժվարելանելի, իր անունով կոչեց Երիքով և այն լցրեց ամեն տեսակ չարությամբ` չար սպասավորներով և չարիքների մեջ գործակիցներով: Ուստի այլաբանորեն` Երիքովը դժոխքն է նշանակում, և Հեսուն այն քանդեց ու անիծեց այն վերստին կառուցողին: Այս կարգադրությունն արհամարհելով` բեթելացի Ազանն իր անդրանիկ Աբիրոնի հետ դրեց նրա հիմքերը և ազատվելով` կրտսերի հետ կանգնեցրեց նրա դռները 1061, ինչպես որ սատանան էլ իր երկու չար ծնունդներով` հպարտությամբ ու պոռնկությամբ, կառուցեց դժոխքը, որովհետև հպարտությունն իբրև դժոխքի հիմք դրեց, իսկ պոռնկությունը` նրա մուտքի դուռ: Եվ ինչպես որ քահանաների շեփորահարությունից միանգամից կործանվեցին Երիքովի պարիսպները, այդպես խաչի վրա Փրկչի արձակած ձայնից, խոնարհությամբ ու կուսությամբ, խախտվեց դժոխքի հիմքը և փշրվեցին նրա դռները: Բանական հոգով այնտեղ իջնելով` Նա բանտարկված հոգիներին դեպի Իրեն ձգեց և երեք օրից բազմաքանակ ժողովրդով դուրս գալով այնտեղից` նրանց դեպի կյանք բարձրացրեց` ոմանց մարմնով հարություն տալով Իրենից հետո` ըստ այսմ. «Ննջեցյալ սրբերի շատ մարմիններ հարություն առան» (Մատթ. 27։52), ոմանց էլ Բանսարկուի ծառայությունից ազատելով: Սա՛ է ասելը. «Երբ նրանք Երիքովից դուրս եկան, Նրա հետևից շատ ժողովուրդ գնաց»:
Մաղաքիա արք. Օրմանյան
29-34. Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց: Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին: Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»: Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն: Իսկ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»: Յիսուս տեղում կանգ առաւ, կանչեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ ձեզ անեմ»: Նրան ասացին. «Որ մեր աչքերը բացուեն, Տէ՛ր»: Եւ գթալով՝ Յիսուս դիպաւ նրանց աչքերին, եւ նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետեւից:
Հիսուս գիշերն անցակացրեց Երիքովում` Զաքեոսի տանը: Մյուս օրը շարունակեց ուղևորությունը դեպի Երուսաղեմ: Երիքովից դուրս գալը նորից հանդիսավոր տեսք ստացավ: Բացի աշակերտներից, Նրան հետևում էր ժողովրդի խուռն բազմությունը: Այդ խանդավառությունը բացահայտ ցույց է տալիս, որ Երիքովում բազմաթիվ բժշկություններ եղան:Մենք գիտենք, որ որտեղ Հիսուս չցանկացավ Իր ցույց տված շնորհքները շատացնել, այնտեղ ժողովուրդը նրա հանդեպ ցուցաբերած պատվասիրության և խանդավառության մեջ ժլատ գտնվեց: Հետևաբար բոլորովին խնդրի տեղիք չի կարող տալ այն, որ Երքովից դուրս եկած ժամանակ մի կույր ևս բժշկվեց` նման Երիքով մտնելիս բժշկված կույրի պարագաներին: Առաջինը պատմել էր Ղուկասը: Այս երկրորդն էլ պատմում է Մարկոսը: Այն տեղի ունեցավ ի մօտելն նորա յԵրիքով, իսկ սա կատարվեց ընդ ելանելն նորա յԵրիքովէ: Որքան էլ մնացյալ պարագաները ըստ ամենայնի նույնը լինեն, դա պատճառ չէ, որ երկուսը միմյանց խառնելով, ավետարանիչների պատմության մեջ օրվա և տեղի շփոթություն կարծենք: Մանավանդ, որ Երիքովում բժշկված կույրերի թվով երկուսը լինելը հստակորեն է հիշատակում Մատթեոսը. «Ահա կոյրք երկու նստէին առ ճանապարհաւն»: Թեպետ չի առանձնացնում, որ մեկը առաջին օրը` ներս մտնելիս, իսկ մյուսը հաջորդ առավոտյան` դուրս գալիս բժշկվեցին: Մարկոսն այս երկրորդ կույրի անունն էլ է տալիս: Բարտիմեոս էր կոչվում, որ նշանակում է Տիմեի Որդի: Բար եբրայերեն նշնակում է որդի: Հրեաների մոտ հաճախ է հանդիպում այսպիսի հայրանունով, կամ ուրիշ նշանակալից իմաստով կազմված անուններ: Օրինակ` Բարաքիա, Բարաբբա, Բարսաբա, Բարթողիմեոս, Բառնաբաս, Բարեհեսու, և ու մեր թարգմանությունն ունի` Սիմոն որդի Յովհանու Մատթ. 16:17, ուրիշ թարգամանություններ ունեն Սիմոն Բարյովնան:
Գալով Բարտիմեոսի բժշկության պարագաներին` ասենք, որ գրեթե ճշտությամբ կրկնվում են մյուս երիքովցի կույրի համար պատմածները (Ղուկ. 18:35-43): Սա ևս նստած է ճանապարհի վրա` մուրալու, լսում է ժողովրդի խռնվելը, Հիսուսի անցնելը և աղաղակով գոչում է. «Որդի՛ Դաւթի Յիսուս, ողորմեաց ինձ»: Շատերը սաստում են,որ լռի: Նա շարունակում է նույն աղաղակն այնքան, մինչև Հիսուսը կանգ է առնում և Իր մոտ կանչում: Կողքինները շնորհավորում են կույրին, որ ի վերջո հասավ փափագին. «Քաջալերեա՛ց, արի, կոչէ զքեզ»: Բարտիմեոսը դեն է նետում վրայի ձորձերը, կանգնում է Հիսուսի առջև, և, Նրա հարցերին պատասխանելով, աչքերի բացվելն է խնդրում: Հիսուս գովում է նրա հավատքը և մի հրամանով բացում աչքերը: Բժշկված կույրը, Աստծուն փառաբանելով, սկսում է գնալ Հիսուսի հետևից: Երկու կույրերի բժշկությունը նույն ձևով է պատմում նաև Մատթեոսը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: