Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ ճանապարհին մի թզենի տեսնելով՝ մոտեցավ նրան, բայց վրան ոչինչ չգտավ, բացի տերևից։ Եվ թզենուն ասաց. «Թող քեզանից հավիտյան պտուղ չլինի», ու թզենին իսկույն չորացավ»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:17
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ: Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»: Եւ նոյն պահին թզենին չորացաւ:
Ճանապարհի վրա մի թզենի տեսնելով` եկավ նրա մոտ և վրան ոչինչ չգտավ, տերևից բացի: Մարկոսն ասում է, որ պտղի ժամանակը չէր (Մարկ. 11։13), որովհետև մարտ ամսին ծառը պտուղ չի ունենում, մանավանդ թզենին, այլ [ունենում է] հոկտեմբերին: Այդ դեպքում [Հիսուսն] ինչո՞ւ մոտեցավ [թզենուն]: Անգիտությամբ չէ, որ Ամենատեսը գնաց ծառի մոտ, այլ ինչպես որ Ադամին ասվեց. «Որտե՞ղ ես» (Ծննդ. 3։9), և Կայենին` «Որտե՞ղ է եղբայրդ» (հմմտ. Ծննդ. 4։9), Ղազարոսի քույրերին` «Որտե՞ղ դրեցիք նրան» (Հովհ. 11։34), այդ պես էլ այստեղ [է ասում], որպեսզի ճշմարտապես ցույց տա Ադամից Իր վերցրած անգիտությունը, միևնույն ժամանակ հրաշագործության համար ճանապարհ հարթի: Բայց ոմանք այլաբանորեն ասում են, որ թզենին խորհրդանշում է հրեաներին, ովքեր Օրենքի ճանապարհի վրա էին տնկված, և Քրիստոսը եկավ նրանց մոտ` պտուղ գտնելու` Օրենքի պահանջած գործերը, բայց ոչինչ չգտավ, «տերևից բացի», այսինքն` համայն կեղծավորությունից ու ծերերի բարեձև ավանդությունից, կերակուրների խտրանքից, մարմնի լվացումներից, շաբաթապահությունից, այլև Աբրահամի որդիությունից և Իսրայել անունից, որից ոչ մի օգուտ չունեցան, քանի որ [Տերն այն] վերցրեց նրանցից և արտաքսեց նրանց:
Նաև մարդն է իբրև թզենի տնկվել այս կյանքի ճանապարհին, որպեսզի Աստծուն տա ճշմարիտ հավատ ու մաքուր գործեր: Իսկ եթե գործերի պտուղներ չտա իրեն Տնկողին, ապա երբ [Վերջինս] գա երկնքից և ասածներիցս ոչինչ չգտնի նրա մեջ, սին հույսի տերևից բացի (քանի որ [մարդը] կարծում է, թե Աստված ողորմած լինելով` չի տանջելու), և քանի որ [այդ ժամանակը] պտղի ժամանակը չէ, ինչպես ասաց Մարկոսը, որովհետև այդ ժամանակ խոսքերն ու գործերը դադարելու են` ըստ [Սուրբ] Գրքի, ապա կփակվի ողորմության դուռը, ինչպես հիմար կույսերի առաջ (Մատթ. 25։1-13), և հույսի տերևը նրանց չի ազատի պատիժներից, այլ կլսեն ահավոր անեծքը թե` «Հեռացե՛ք Ինձնից, անիծյալնե՛ր, չգիտե՛մ ձեզ» (հմմտ. Մատթ. 25։41), ինչպես ասում է [ավետարանական] հաջորդ [խոսքը]:
Եվ ասաց նրան. «Այսուհետ թող քեզնից պտուղ չլինի՛ հավիտյան», և թզենին իսկույն չորացավ: Քննելու կարիք կա, թե ինչո՛ւ անիծեց թզենուն: [Նախ]` հավանաբար աշակերտների համար, որպեսզի քաջալերվեին և հաստատվեին Նրա խոսքով, իսկ օտարները զարմանային Նրա զորության վրա: Քանի որ ամեն ինչ բարվոք գործեց և ոչ ոքի չպատժեց, պետք էր, որ նաև Իր զորության պատժիչ կողմը ցույց տար, մանավանդ խաչելությանը մերձակա [ժամանակում], որպեսզի չասեին, ինչպես և կարծվեց, թե Նա զորություն չուներ, այդ պատճառով բռնվեց: Կանխապես հայտնեց Իր զորությունը ո՛չ այլ ծառի, քան թզենու վրա, որն ավելի շատ կանաչություն ուներ, որպեսզի ցույց տար, որ կարող էր նաև խաչ հանողներին սատակեցնել խոսքով, եթե կամենար: Ուստիև [ավետարանիչն] ասում է. «Երբ աշակերտները տեսան, զարմացան»: Երկրորդ` Նա եկավ` մարդկությունից վերցնելու ծածուկ տույժերը. երեք հայտնի տեղերում [պատժի] ենթարկեց նրան` գերեզմանները քանդեց ու փշրեց (Մատթ. 27։51-52), խոզերը ծովի մեջ խեղդեց (Մատթ. 8։30-32) և թզենին արմատից չորացրեց, որպեսզի գերեզմանների քանդվելու հետ անհավատների սրտերը պատռվեին, երամակների խեղդվելու հետ ապստամբների մոլորությունը խեղդվեր, և անհանցանք թզենու չորացման հետ Երուսաղեմն ավերվեր իր հանցանքների պատճառով, ինչը տեղի ունեցավ Տիտոսի և Վեսպասիանոսի ձեռքով. [Երուսաղեմը] բնաջինջ արվեց ու ամայացավ, և նրա շինություններն ավերվեցին: Երրորդ` այն պատճառով անիծեց, որ գրված էր Օրենքում. «Երբ քո հունձն անես, ափնիքը 1 թող աղքատներին, և երբ այգիդ ու թզենիներդ քաղես, նույն կերպ վարվիր» (հմմտ. Ղևտ. 19։9-10), իսկ թզենու տերն ունկնդիր չեղավ Օրենքին, այլ արհամարհեց, ուստի Օրենքի Տերը եկավ ու անիծեց [թզենին], որպեսզի նրա տերը չուտեր նրանից, քանի որ որբերին ու այրիներին [պտուղ] չէր թողնում:
Չորրորդ` ինչպես որ երբ գերգեսացիները որոշեցին չգնալ [Քրիստոսի] մոտ, խեղդեց նրանց խոզերը, որպեսզի արթնացներ նրանց միտքը և ստիպված դուրս գային Նրա մոտ, այդպես էլ թզենու տերն էր որոշել չելնել Նրա մոտ. ուստի [Քրիստոսը] չորացրեց նրա թզենին, որպեսզի նա ստիպված դուրս գար [Քրիստոսի] մոտ, որովհետև [Վերջինս] կամենում էր ամենուր մարդկության փրկության համար ա ռիթներ [ստեղծել]: Հինգերորդ` այն ժամին, երբ Ադամը մեղանչեց, մերկացավ իր ունեցած փառքից և թզենու տերևից սփածանելի պատրաստեց իր համար, մեր Տերը մարմնով եկավ երկիր, անիծեց թզենին` որպես Ադամի մեղքի խորհրդանիշ, և բևեռվեց խաչին, որպեսզի հայտներ, որ այդուհետև թզենու տերևի` որպես Ադամի հագուստի կարիքը չկար, քանի որ նա դարձյալ հագավ իր նախկին փառքը: Վեցերորդ` Փրկիչը եկավ երկնքից` գտնելու մարդկանց կյանքը, ինչն [այստեղ] քաղցով է խորհրդանշվում, և գտավ լայն ու ընդարձակ ճանապարհը հայտնի դարձած, գնաց նրա մոտ և տեսավ նրան սաղարթապատ, այսինքն` մեղքերով ու մոլորություններով ծաղկած, բայց անպտուղ, քանի որ [պտղի] ժամանակը չէր, որովհետև Քրիստոսի գալստյան ժամանակ ինչպե՞ս կարող էր մահը պտղաբերել, որ թագավորում էր Ադամից մինչև Մովսես, այսինքն` մինչև Օրենք, որին էլ ասվեց թե` «Այսուհետ թող քեզնից պտուղ չլինի՛ հավիտյան»: Այսինքն` նախքան Իմ գալուստը մահ պտղաբերեցիր, ահա եկա Ես` Հարությունս, ուստի Իմ գալստյամբ թող այսուհետ քեզնից պտուղ չլինի հավիտյան: Եվ իսկույն չորացավ թզենին, և իրականացավ գրվածը թե` «Ընկղմվեց, մա՛հ, քո հաղթությունը» (հմմտ. Ա Կոր. 15։54, Ես. 25։8):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ: Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»: Եւ նոյն պահին թզենին չորացաւ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:18
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: