Սրբ. Եփրեմ Ասորի
Տէր Աստուած հարցրեց Կայէնին. «Ո՞ւր է քո եղբայր Աբէլը»: Սա պատասխանեց. «Չգիտեմ, մի՞թէ ես իմ եղբօր պահակն եմ»:
«Հարցրեց նրան Տերը, ասում է, - Ո՞ւր է քո եղբայր Աբելը»: Իսկ նա, քանի որ արդեն նախանձի չարությունից արբեցած էր, սուտ պատասխան տվեց Աստծուն. թերևս նա սպառնում էր Նրան ևս, քանի որ իր մատուցած զոհը չընդունեց, նենգություն գործեց եղբոր հանդեպ և դիմադարձ եղավ Աստծուն և ասեց՝ չգիտեմ: Եվ արդարև, նա չգիտեր, քանի որ չիմացավ, որ իր կատարած սպանության դատաստանը նրա արյան միջոցով Աստծուն էր հասնում:
«Մի՞թե ես իմ եղբոր պահապանն եմ», ասում է նա, և երանի թե եղբոր պահապանը լիներ և ոչ թե նրան սպանողը: Աստված նրան հարցնում է քաղցրությամբ, որպեսզի զղջա իր գործած արարքի համար, իսկ նա ցասմամբ է պատասխան տալիս. նրան բավական չէր այն, որ ասեց՝ Չգիտեմ, այլև ավելացրեց՝ «Մի՞թե ես նրա պահապանն եմ» ...
«Արի գնանք դաշտում զբոսնելու» (Ծննդ. 4:9): Եվ ոչ դարձյալ նույն օրը, երբ Կայենն իր եղբայր Աբելին սպանեց, այդ օրը չէր, որ Աստված նրան հարցրեց, որպեսզի, եթե Աստված չգիտի, թաքցնի նրան: Իր մեղքը Կայենն ամբողջապես գործեց, քանի որ մարդ սպանեց, և արհամարհեց Աստծուն, նրան Աստված հատուցեց կատարյալ պատժով, քանի որ նա անարգվեց իր զավակներով հանդերձ: Ամենայնի գիտակը հարցնում էր մի անգետի նման, որպեսզի իմանա նա, ով ստում է, թե ում է ստում: Դու չգիտե՞ս, - հարցնում էր գիտակը գիտակին, մինչդեռ Աստված գիտեր, սակայն հարցրեց այնպես, իբրև թե չգիտի. չնայած մարդասպանը գիտեր, սակայն ուրացավ այնպես, կարծես թե չգիտեր: Հենց Աստված Իր գիտենալը ցույց տվեց, այդժամ նոր միայն մարդասպանը նույնպես խոստովանեց իր գիտենալը:
Ա. Լոպուխին
Եվ Տեր Աստված ասաց Կայեին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»։ Սա պատասխանեց. «Չգիտեմ, մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»։ (Սինոդական թարգ․)[9]
Ո՞ւր է քո եղբայր Աբելը: Բարեգութ Աստված պատվիրանազանց նախածնողներին դատելու օրինակով (Ծննդ. 3։9) նրանց հանցագործ որդու դատը ևս սկսում է ապաշխարության կոչով: Իր հարցումով Աստված կամենում է արթնացնել եղբայրասպանի խիղճը, նրան մղել անկեղծ սրտով խոստովանության և ներման խնդրանքի:
Մինչդեռ Կայենը բոլորովին հակառակ տրամադրության մեջ էր: Մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ: Դաժանացած մեղսագործի համառությամբ՝ նա ոչ միայն չի խոստովանում իր հանցագործությունը, այլև հանդուգն պատասխան է տալիս Աստծուն՝ կարծես նույնիսկ մեղադրելով Նրան այդքան անպատեհ հարցի համար:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած հարցրեց Կայէնին. «Ո՞ւր է քո եղբայր Աբէլը»: Սա պատասխանեց. «Չգիտեմ, մի՞թէ ես իմ եղբօր պահակն եմ»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայրը՝ Աբելըե: Եվ նա ասաց. «Չգիտե՛մ, մի՞թե ես եղբորս պահապանն եմե:
(Գրաբար) Եւ ասէ Տէր Աստուած ցԿային. Ո՞ւր է Հաբէլ եղբայր քո։Եւ նա ասէ. Չգիտե՛մ. միթէ պահապա՞ն իցեմ եղբօրն իմոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: