Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:57

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Իսկ նրանք բռնելով Յիսուսին՝ տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր օրէնսգէտներն ու ծերերը հաւաքուել էին:
   
    Իսկ նրանք բռնեցին Հիսուսին և բերեցին Կայիափա քահանայապետի մոտ, ուր ժողովվել էին օրենսգետներն ու ծերերը:

    Քանի որ այդտեղից ուղարկվեցին, այդտեղ էլ բերեցին բռնելուց հետո: Նաև այդտեղ տարան, ուր ժողովված էին, որպեսզի քահանայապետի խրատով անեին ամեն ինչ, քանի որ [Կայիափան] էր քահանայապետը, և ամենքը նրան էին հնազանդվում, և նա էր, որ մարգարեացավ, թե «լավ է, որ մի մարդ մեռնի ամբողջ ժողովրդի համար, քան ամբողջ ազգը կորստյան մատնվի» (հմմտ. Հովհ. 11:50): Բայց դու տես, թե ինչպես էին արթուն ու գիշերապահ լինում այդ բանի համար. նույնիսկ Զատիկը չկերան մինչև այդ ժամը` ըստ Հովհաննեսի, ով ասում է, թե այգ էր, և չմտան դատավորի ապարանքը, որպեսզի չպղծվեին, այլ որ նախ Զատիկն ուտեին 1535, և Հիսուսին սպանելու ցանկությունից խախտեցին Օրենքը, որն ասում էր. «Անիծյալ է նա, ով Զատիկը չի ուտում երեկոյան» (հմմտ. Ելք 12:10, 34:25): Ապա ուրեմն ոչ թե Քրիստոսը խախտեց Զատկի ժամանակը, այլ նրանք:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իսկ նրանք բռնելով Յիսուսին՝ տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր օրէնսգէտներն ու ծերերը հաւաքուել էին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:56
   
    Սինեդրիոնն էր, որին հանձնվել էր Հիսուսի դատը եւ կանխավ որոշված վճիռը կայացնելը։ Այն հրեաների գերագույն ատյանն էր՝ բաղկացած յոթանասուն անդամներից, որոնք երեք տարբեր դասակարգերի ներկայացուցիչներն էին՝ քահանայապետեր, դպիրներ եւ ծերեր։ Քահանայապետերը՝ ղեւտական քահանայության դասակարգերի գլխավորներն էին եւ հասարակ քահանանաերից տարբերվելու համար քահանայապետեր էին կոչվում, առանց շփոթելու մեծ եւ բուն քահանայապետի հետ։ Դպիրները՝ օրենսգետներ, գիտնականներ եւ սուրբ գրքերի հմուտ մասնագետներ էին, որ անհրաժեշտ մեկնություններ էին կատարում՝ ուսուցանում եւ քարոզում։ Իսկ Ծերերը ժողովրդի ավագանուց ընտրված՝ դիրք, կարողություն եւ խոսք ունեցող անձինք էին։ Յուրաքանճյուր դասակարգի թիվը ճշտված չէր, բայց ամբողջը յոթանասունից պիտի չանցներ։ Հիսուսի ժամանակ քահանայապետերը ընդհանրապես փարիսեցիներ էին,իսկ ծերերը ոչ այնքան որեւէ դպրոցի,որքան գործին հետեւողներ էին։
    Այս ժողովի նախագահը Կայիափա քահանայապետ էր, որի մտադրությունը ծանոթ էր իր մեկ արտահայտությամբ (Հովհ. 11:45-53), թե Հիսուս արդար է, կամ ո՛չ քննելու կարիք չկա որովհետեւ խնդիրը հանրային կարեւորություն ունի ։Եվ քանի որ կարծիք էր ստեղծվել, թե Հիսուսի որդեգրած ճանապարհը իրենց օգտակար չէ եւ վնասակար ամբողջ ժողովրդին, այլեւս երկար բարակ խղճահարության կարիք չկար. պետք էր Հիսուսին սպանել, որպեսզի կասկածը փարատվի։ Թող մեկ անմեղ զոհվի, բայց ժողովուրդը չվտանգվի։ Այդ սկզբունքով ստորագրված անձնավորության նախագահությամբ տրվելիք վճռի որոշակի լինելը այլեւս երկբայության տեղիք չէր կարող տալ։
    Խնդիր է, թե ե՞րբ գումարվեց հրեական ժողովը եւ ե՞րբ իր վճիռը արձակեց։ Մատթեոսը, Մարկոսն ու Հովհաննեսը խոսում են գիշերային հավաքի մասին, մինչդեռ Ղուկասը դա չի պատմում եւ հիշատակում է միայն առավոտյան ժողովի եւ կայացված վճռի մասին։ Սակայն, քանի որ մյուս երեքն էլ հպանցիկ կերպով հիշատակում են առավոըյան ժողովի մասին, ակնառու է, որ Ղուկասը երկու ժողովներից մեկը բաց է թողել։ Բայց ժողովները երկուսն են եղել՝ մեկը գիշերը, կեսգիշերին մոտ, երվ Հիսուս Աննայի ապարանքից Կայիափայի քահանայապետը բերվեց, եւ մյուսը՝ առավոտյան՝ լուսանալիս, գործելու հարմար ժամ լինելուց հետո։
    Հրեաների ժողովական կանոններում տեսնում ենք, որ միայն դրամական խնդիրների դատավարություններն են կարող ցերեկը սկսել եւ գիշերը վերջանալ ու մեկ օրում ավարտվել։ Բայց եղեռնական դատերը պետք է ցերեկը սկսեն եւ ցերեկն էլ ավարտեն՝ վերջնական որոշումը թողնելով հաջորդ օրվան, որպեսզի հապճեպորեն սխալմունք տեղի չունենա եւ ամբաստանվածի հանդեպ եղած նպաստավոր փաստերը չանտեսվեն։ Այսպես է օրենքը Միշնայի 32 հոդվածով։ Հրեաները այդ օրենքին շատ չանդրադարձան՝ շտապելու փափագը , առիթը չկորցնելու շտապողականությունը եւ նրա պատահարների տեղիք չտալու ջանքը նրանց բծախնդիր օրինապահությունից հեռու էին պահում։ Եվ գործողությունը երկու նիստերի բաժանելն ու վերջնական որորշումը՝ առավոտյան նիստին հետաձգելը մի տեսակ վերոհիշյալ օրենքին հարմարեցնելու միտում է երեւում։

    Աննայի ապարանքում կատարված խորհրդակցության եզրակացությունը մովսիսական օրենքների դեմ հանցապարտություն ունենալու որոշումն էր եղել, որը նույն օրենքով մահապարտության վճիռ արձակելու պիտի հասներ։ Սակայն այդ վճիռը առանց հռոմեացի դատավորի հրամանի պիտի չկարողանար գործնական բնույթ կրել, որովհետեւ, թեպետ հռոմեացիները հրեաներին կատարյալ ազատություն էին տվել իրենց օրենքները պահելու եւ գործադրելու, բայց քաղաքական իշխանությունը միայն մահվան վճիռը, կամ ինչպես հռոմեացիներն են ասում Սիր իրավունքը իրեն էր վերապահել, որով հրեական օրենքով տրված մահավճիռները առանց դատավորի հաստատման գործադրելի չէին Հովհ. 18:31։ Ուրեմն սինեդրոնի որոշումը, թեպետ իրավական արժեք ունենար, իրապես գործադրելի պիտի չկարողանար լինել որովհետեւ անհրաժեշտ էր հանցավորին որոշմամբ հանդերձ դատավորին ներկայացնել ու վավերացնել տալ։

    Այստեղ կարող էր նաեւ ժամանակի խնդիրը առաջանալ ,թե ինչպես կարող էր սինեդրիոնը մի այսպիսի գործ կատարել նիսան 14-ից 15-ի նվիրական գիշերվա տոնական օրը։ Սակայն պաշտոնական գործերը, ժողովները որոշումները, հավաքները, օրենքում ծառայողական գործ չեն համարվում եւ օրենքում տոնական օրերին այդպիսի գործերի արգելք չկա։ Շաբաթի հանգստյան եւ գործերի դադարի օրենքը չէր տարածվում մինչեւ անգամ ղեւտացիների եւ քահանաների տաճարի ծառայությունների եւ զոհագործության աշխատանքների վրա Մատթ. 12:5, եւ ուրեմն չէր կարող վերաբերել նաեւ օրինական պաշտոնավարությանը։ Մանավանդ, տոնական օրերը ավելի հարմար էին նկատվում պաշտոնական գործերի համար, որոնք նրանց ավելի հանդիսավորություն եւ հրապարակայնություն էր հաղորդում, եւ մինչեւ անգամ այդ առավելություններին էր ուշադրություն դարձվում։