Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 28:6

Հովհաննես Ծործորեցի (†1338)

այստեղ չէ նա, քանի որ յարութիւն առաւ, ինչպէս ինքն ասել էր. եկէ՛ք, տեսէ՛ք այն տեղը, ուր պառկած էր:
   
    Գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում. այստեղ չէ՛, հարությո՛ւն առավ, ինչպես ասել էր:

    Հրեշտակը որտեղի՞ց գիտեր կանանց միտքը, թե Խաչվածին էին փնտրում: Կարծում եմ` անմարմինները երկու եղանակով են իմանում մարմնավորներին վերաբերող բաները: Կամ աստվածային հայտնությամբ, քանի որ ոչ ոք չգիտի մարդկանց սիրտը, բացի Աստծուց և նրանցից, ում Նա է հայտնում, որովհետև վերիններն ամեն ինչ Աստծուց են սովորում, իսկ ներքևինները` վերիններից` ըստ իրենց կարգերի, կամ էլ մեր գործերը տեսնելով ու խոսքերը լսելով են հասկանում մեր [միտքը]: Ուստի կամ Աստված հայտնեց, կամ էլ յուղի պատրաստությունը տեսնելով ու Խաչյալին փնտրելու վերաբերյալ նրանց խոսքերը լսելով էր, որ [հրեշտակն] ասաց.

    «Գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում»:

    Նաև ասելով, որ գիտի նրանց միտքը` նրանց համոզում է այդ խոսքի մեջ. «Գիտեմ,- ասում է,- որ խաչված Հիսուսին եք փնտրում»: Ամոթ չի համարում Նրան «խաչված» կոչել, որովհետև հենց դա է հարության գլուխը, որը նաև «Իր փառքը» անվանեց Քրիստոսը 1665, և «պարծանք» է կոչում Պողոսը 1666: «Այստեղ չէ՛, հարությո՛ւն առավ, ինչպես ասել էր». երբ խոսքով, գործով ու գիտությամբ հանգստացրեց նրանց` վախը փարատելով (խոսքով` որ ասաց. «Մի՛ երկնչեք», գործով` հագուստի պայծառությամբ, և գիտությամբ` որ նրանց ցանկությունը հայտնեց թե` գիտեմ, որ Խաչվածին եք փնտրում), այնուհետև հարության ավետիսն է տալիս, թե` «Այս գերեզմանում չէ, ինչպես դուք եք կարծում, այլ հարություն առավ, ինչպես Ինքն էր ճշմարտապես սովորեցրել` [ասելով]. «Երեք օրից հարություն եմ առնելու». թե ինձ չեք հավատում, Նրա՛ խոսքը հիշեք»:

    Եկեք տեսե՛ք այն տեղը, ուր կար:

    [Հրեշտակը որպես թե ասում է]. «Սա նույնպես ապացույցի նշան է, որ [Խաչվածը] հարություն է առել: Որովհետև հենց այն բանի համար հեռացրի քարը, որ տեսնեք, որ այն տեղը, ուր դրված էր մարմինը, դատարկ է, և ձեր միտքը համոզվի»: Ցույց տվեց այդ տեղը, նաև որպեսզի [կանայք] երկուսին էլ վկա դառնային` հարությանն ու [դատարկ] գերեզմանին: Այլև «եկեք» բառը հորդորական է, որ կանչում է ո՛չ սոսկ տեսնելու տեղը, այլ ընդունելու, որովհետև [Սուրբ] Գրքին հատուկ է «տեսնել»-ը «ընդունել»-ու փոխարեն գործածել` ըստ այսմ. «Բարիքներ կտեսնես դու Երուսաղեմում» (Սաղմ. 127:5), այսինքն` կընդունես ու կժառանգես: Այդպես էլ հրեշտակի խոսքն է նույնին հորդորում` տեսնելու Հիսուսի տեղը, որը նախ չարչարանքն էր, ապա փառքը` ըստ առաքյալի 1667, [այն փառքը], որից միշտ անբաժան էր, որպեսզի Նրան հետևողները, ընդունելով իրենց մեջ Տիրոջ չարչարանքների պակասությունը 1668, նաև Հիսուսի փառքին հաղորդակցվեն` ըստ Նրա անսուտ խոսքի. «[Որպեսզի] սրանք Ինձ հետ լինեն» չարչարանքով «և տեսնեն Իմ փառքը, որն ունեի» (հմմտ. Հովհ. 17:24), ինչպես որ վկաների մեջ անդրանիկը` Ստեփանոսը, տեսավ երկինքը բացված և Մարդու Որդուն, որ կանգնած էր Աստծո աջ կողմում 1669: Սա՛ է Նրա այն տեղը, որի մասին խոսեց հրեշտակը` [որպես թե ասելով]. «Եկե՛ք [Նրա] հետևից և տեսե՛ք Հիսուսի տեղը»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

այստեղ չէ նա, քանի որ յարութիւն առաւ, ինչպէս ինքն ասել էր. եկէ՛ք, տեսէ՛ք այն տեղը, ուր պառկած էր:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 28:5