Ծննդոց գրքի մեկնությու 3:14

Սրբ. Եփրեմ Ասորի

14-15. Տէր Աստուած ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ: Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես: Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ այդ կնոջ միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»:

   

   Այդ պատճառով նրան առանց ոտքերի դարձրեց, որովհետև ընթացավ դեպի չարը: «Քո պորտի և որովայնի վրա գնաս դու», ասում է, որովհետև օձն իր ոտքերով եկավ: «Եվ հող ուտես ողջ կյանքումդ», որովհետև դու մարդուն հող դարձրիր, ապա թշնամություն դրեց քո և մարդկանց միջև, որովհետև դու նրանց Աստծու թշնամին դարձրիր: Նա կսպասի քո գլխին, որն արտահայտեց և խոսեց անօրենություն: «Եվ դու կխայթես նրա գարշապարը», որովհետև նա ընթացավ դեպի ծառը...

   

Ա. Լոպուխին

Եվ Տեր Աստված ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծյալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մեջ։ Քո որովայնի վրա սողաս, ողջ կյանքումդ հող ուտես»։ (Սինոդական թարգ․)[14]
   

   Եվ Տեր Աստված ասաց օձին. «...անիծյալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մեջ...»... Քանի որ օձ-գայթակղիչի մեջ միավորվեցին, ինչպես մենք տեսանք, երկու առանձին էություններ՝ չար ոգին և բնական օձը, ուստի այս ամենը միաժամանակ վերաբերում է երկուսին. օձին՝ իբրև տեսանելի գործիքին, ուղղակի և անմիջական իմաստով, իսկ սատանային՝ իբրև անտեսանելի գործչին, միջնորդավորված և նմանության իմաստով: Մասնավորապես, բնական օձի անեծքը, որ առավել էր, քան մնացյալ բոլոր կենդանիներինը որոնք նույնպես ենթարկվեցին քայքայման (Հմ. 7։20), կարծես թե արդարացի հատուցումն էր իր նկատմամբ մինչ այդ ունեցած առավելության համեմատ (Ծննդ. 3։1):

    «Քո որովայնի վրա սողաս, ողջ կյանքումդ հող ուտես»... Հեղինակնավոր մեկնիչների մեծ մասի կարծիքով՝ օձի որովայնի վրա սողալն արտասովոր կամ նոր հրաշալիք չէր, այլ համարվում է բնածին հատկություն: Սակայն այս հատկությունը, նախկինում չուներ որևէ յուրահատուկ նշանակություն, իսկ այժմ դառնում է ստորացման և արհամարհանքի խորհրդանիշ և ուղեկցվում է այն կրողի նկատմամբ նողկանքի զգացումով (Բ Օր. 32։24, Միք. 7։17): Ըստ էության, տեքստի հաջորդ բառերը հող ուտելու մասին նույն միտքն են պարունակում, այսինքն օձի այդ հատկությունները սողալու գաղափարի վերաբերյալ նույն պատկերավոր արտահայտությունն են, քանի որ այն անխուսափելիորեն տանում է հող շնչելուն և նրա տարատեսակ աղտեղություններին հպվելուն: Սատանայի պարագային էլ այս վերջին փոխաբերությունը մատնացույց է անում վերջինիս ստորացումը՝ երկնքից արդեն իսկ վայր նետված և, այսպիսով, դատապարտված երկրի վրա սողալու՝ այստեղ սնվելով մարդկային արատներով ու չարագործություններով, որոնք ուղղակի իր իսկ նենգավոր թելադրանքի հետևանքներն են:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ: Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես:
(Արարատ թարգ․) Եվ Տեր Աստված ասաց օձին. «Այդ անելու համար անիծյա՛լ լինես բոլոր անասունների և դաշտի բոլոր կենդանիների մեջ: Փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերին:
(Գրաբար) Եւ ասէ Տէր Աստուած ցօձն. Փոխանակ զի արարեր դու զայն, անիծեա՛լ լիջիր դու յամենայն անասնոց և յամենայն գազանաց երկրի. ի վերայ լանջաց և որովայնի քոյ գնասցես, և հո՛ղ կերիցես զամենայն աւուրս կենաց քոց։