Ծննդոց գրքի մեկնությու 3:15

Սրբ. Եփրեմ Ասորի

Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ այդ կնոջ միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»:

   

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնությու գլուխ 3:14

   

Ա. Լոպուխին

«Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։ (Սինոդական թարգ․)[15]

   
   Թշնամություն պիտի դնեմ... Տվյալ հատվածը չափազանց կարևոր է: Նրա մեջ պարփակված է համաշխարհային ողջ պատմության միջով անցնող մարգարեություն, մինչև անգամ աշխարհի վախճանը, որն իրագործվում է վերոնշյալ պատմության յուրաքանչյուր էջում: Այստեղ նշված խորը թշնամությունն այն ներքին ընդդիմությունն է, որն առկա է չարի և բարու, լույսի ու խավարի միջև (Հովհ. 3։19–20, 7։7, Ա Հովհ. 2։15): Այս թշնամությունն իր արտացոլանքն է գտնում նաև բարձրագույն ոգիների ոլորտում (Հայտ․ 12:7–9): «Աշխարհում առաջին կինն առաջինն է ընկնում չարի որոգայթի մեջ, սակայն հենց ինքն էլ իր զղջմամբ (նկատի է առնվում այն զղջումը որ շարունակվում է դրախտից դուրս՝ հետագա ողջ կյանքի ընթացքում) առաջինն է թոթափում իր վրա ունեցած նրա իշխանությունը (Վեսարիոն)»: Եկեղեցու շատ հայրեր, (Հուստինոս, Իրինեոս, Կիպրիանոս, Հովհան Ոսկեբերան, Հերոնիմոս և այլք) հիմք ընդունելով սուրբգրային տարբեր հատվածներ, տվյալ ակնարկը վերագրում են ոչ այնքան Եվային, որքան այն մեծագույն կնոջը (իմա՝ Մարիամ Աստվածածին), ով ուրիշ կանանցից շատ ավելին իր մեջ անձնավորեց «թշնամությունն» ընդդեմ սատանայի թագավորության՝ ծառայելով մարդեղացման խորհուրդին (Հայտ. 12։13-17, Գաղտ. 4։4, Ես. 7։14, Ղուկ. 2։7, Երեմ. 31։22): Կնոջ և օձի մահաբեր բարեկամության փոխարեն նրանց միջև հաստատվում է փրկարար թշնամությունը, քանի որ առաջին Ադամի կինը դարձավ անկման պատճառ, իսկ երկրորդ Ադամի մայրը դառնում է փրկության գործիք:

   Քո սերնդի ու նրա սերնդի միջև... Ավելի հարազատ, բառացի իմաստով օձի սերունդ ասելով՝ պետք է հասկանալ իրական օձի սերունդը, այսինքն՝ դրա ապագա բոլոր տարատեսակները, որոնց դեմ կնոջ սերունդը, այսինքն՝ ողջ մարդկությունը, մղում է դարավոր և կատաղի պատերազմ: Սակայն հետագայում որոշակի իմաստով այս նմանության ճանապարհով խորհրդանշվում է օձ-գայթակղիչի սերունդը, այսինքն՝ հոգով սատանայի հետևորդները, որոնք սուրբգրային լեզվով անվանվում են կա՛մ «իժերի ծնունդներ» (Մատթ. 3։7, 12։34, 23։33), կա՛մ «Աստծո արտի չար որոմներ» (Մատթ. 13։38–40), կա՛մ ուղիղ ձևով` «կորուստի, անհնազանդության, սատանայի որդիներ» (Հովհ. 8։44, Գործք. 13։10): Աստվածաշունչը սատանայի հետևորդների այս միջավայրից հատկապես առանձնացնում է մեկին՝ «մեծ հակառակորդին», «անօրենության մարդուն և կորստյան որդուն», այսինքն՝ հակաքրիստոսին (Բ Թեսաղ. 2։3-4): Դրան զուգահեռ սահմանվում է նաև կնոջ սերնդի մեկնությունը. այստեղ դարձյալ ամենից առաջ ընկալվում է նրա ողջ ժառանգությունը՝ ողջ մարդկային ցեղը: Հետագայում խոսքի ենթատեքստում դրա ներքո հասկացվում են մարդկության բարեպաշտ ներկայացուցիչները, որոնք ակտիվորեն պայքարում էին երկրի վրա իշխող չարիքի դեմ: Ի վերջո, Սուրբ Գիրքը նրանց միջավայրից առանձնացնում է կնոջից ծնվող մի մեծագույն Ժառանգի (Գաղտ. 4։4, Ծննդ. 17։7-19)՝ որպես նեռի հաղթական հակառակորդ, իբրև օձի նկատմամբ տարած հաղթանակի գլխավոր պատճառ:

   Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը... Վերոհիշյալ թշնամության բուն գործընթացն ու բնույթն ակնառու կերպով նկարագրվում է երկու պատերազմող կողմերի մեծ պայքարի գեղարվեստական պատկերի միջոցով՝ դրանցից մեկի մահվան ելքով (գլխի ջաջախմամբ) և համեմատաբար աննշան վնասով մյուսի համար (գարշապարի խայթմամբ): Այս պատկերին շատ մոտ նմանություններ ենք գտնում Սուրբ Գրքի այլ տեղերում ևս (Հռոմ. 16:20 և այլն): Այստեղ կնոջ, օձի և նրանց սերունդների, գլխի ջախջախման ու գարշապարի խայթման մասին հիշատակությունները ոչ ավել, քան գեղարվեստական պատկերներ են, որոնք, սակայն, լի են խոր իմաստով: Դրանցում ամփոփված է լույսի թագավորության, ճշմարտության և բարու ու խավարի տիրույթի, կեղծիքի և ամեն տեսակի չարիքի միջև ընթացող պայքարի գաղափարը: Այս չափազանց դրամատիկ պայքարը, սկսված մեր նախածնողների մեղքի մեջ անկման պահից, անցնում է համաշխարհային ողջ պատմության միջով և կավարտվի միայն փառքի թագավորության մեջ բարու կատարյալ հաղթանակով, երբ Աստվածաշնչի խոսքով, Աստված լինի ամեն ինչ ամենքի մեջ (Ա Կորն. 15։28, հմմ. Հովհ. 12։32): Այդ պայքարի վախճանը կլինի այն հոգևոր մենամարտը, որի մասին այստեղ խոսվում է, երբ «Նա» (autos (հուն.)—արական սեռի դերանուն), այսինքն՝ մեծագույն Ժառանգը, կպատերազմի հենց օձի կամ նրա գլխավոր ծնունդի՝ հակաքրիստոսի դեմ և վերջինիս գլխովին կջախջախի (Բ Թեսաղ. 2։8–9, Հայտ. 20։10): Ուշագրավ է, որ հեթանոսական ավանդությունը պահպանել է բավականին վառ հիշողություն այս կարևոր փաստի վերաբերյալ և տարբեր գեղարվեստական հուշակոթողների վրա դրոշմել նույնիսկ այդ պայքարի պատկերը: Եթե սատանայի նկատմամբ տարած հաղթանակի մասին այս աստվածային խոստումը մեզ համար ծառայում է որպես մխիթարության և ուրախության կենդանի աղբյուր, ապա այն ինչպիսի՞ կենդանարար հույսի շող էր անկյալ նախածնողների համար, որոնք առաջինը հենց Աստծո շուրթերից լսել էին այդ բարի լուրը: Ուստի, հիշյալ խոստումն արժանիորեն անվանվում է «առաջին ավետարան», այսինքն՝ առաջին բարի լուրը սատանայի ստրկությունից գալիք Փրկողի մասին:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ այդ կնոջ միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»:
(Արարատ թարգ․) Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև: Նա կջախջախի քո գլուխը, և դու կխայթես նրա գարշապարը»:
(Գրաբար) Եւ եդից թշնամութիւն ի մէջ քո և ի մէջ կնոջդ, և ի մէջ զաւակի քոյ և ի մէջ զաւակի դորա. նա սպասեսցէ քո՛ւմ գլխոյ, և դու սպասեսցես նորա՛ գարշապարի։