Ծննդոց գրքի մեկնություն 38:13

Ա. Լոպուխին

13-16. Այդ մասին իմացավ նրա հարս Թամարը, որովհետև նրան հայտնել էին. «Ահա քո սկեսրայրը գալիս է Թամնա` իր ոչխարները խուզելու»: [13] Թամարն իր վրայից հանեց այրիության զգեստները, քող նետեց երեսին, զարդարվեց ու նստեց Ենանի դարպասի մոտ՝ Թամնա տանող ճանապարհի վրա, որովհետև տեսավ, որ Սելոմը մեծացել է, բայց Հուդան իրեն կնության չի տալիս նրան: Երբ Հուդան տեսավ նրան, կարծեց, թե բոզ է, որովհետև նա երեսը ծածկել էր (չճանաչեց նրան): Իր Ճանապարհը թեքելով` Հուդան գնաց դեպի նա և ասաց. «Թո՛ւյլ տուր՝ մտնեմ ծոցդ»: Նա չգիտեր, որ  իր հարսն է: Սա ասաց. «Ի՞նչ կտաս ինձ, եթե մտնես ծոցս»: (Սինոդական թարգ․)
   
   Իմանալով այդ մասին՝  Թամարը որոշում է խաբեությամբ անկողին կիսել սկեսրայրի հետ և նրանից երեխաներ լույս աշխարհ բերել՝ ոչ թե մարմնական հաճույքի, այլ անհետ չկորչելու համար: Այնուամենայնիվ, այս գործում կար նաև Աստծո նախախնամությունը, ինչի շնորհիվ էլ նրա մտադրությունը իրականացավ (Հովհան Ոսկեբերան, զր. 62): Այս ամենից ելնելով՝ Սուրբ Գիրքը չի գովաբանում և  չի էլ արդարացնում Թամարի արարքը (անձնուրաց վտանգի ենթարկելով սեփական կյանքն ու պատիվը): Այն տեղը, որտեղ Թամարը նստած Հուդային էր սպասում (հ. 14 և 21–ում), կոչվում է Enaim, որը, ըստ Թարգումի, Միդրաշի, շատ հրեական մեկնիչների և Վուլգ.ի («in bivio itineris») ընկալվում է  հասարակ անվան իմաստով` «2 աղբյուրներ», «2 ճանապարհներ» և այլն: Բայց Յոթանասնիցի փոխանցումը` «πρὸς ταῖς πόλαις Αιναν»` Ենանիմ կամ էլ Գենան կարող էր լինել  հուդայական ցեղին պատկանող քաղաքի անուն (Հեսու, 15:34), որը Ոդողոմի և Թամնայի միջև էր:  Անառակ կնոջ նման, որը դուրս է գալիս բանուկ փողոցներ (Առակ. 7:12, Եր., 3:2),  Թամարը նստում է ճանապարհի վրա (գուցե 2 ճամփաբաժանին, ինչպես ցույց է տալիս Enaim (Ենաիմ) բառի երկիմաստությունը և հ. 16–ի նշումը՝ «ճանապարհը թեքելով»), նախապես երեսը ծածկում է քողով, որպեսզի չճանաչեն իրեն: Երեսի փակելը, այնուամենայնիվ, անառակ կանանց դասին պատկանելու նշան չէր (Ռեբեկան առաջին անգամ, երբ հանդիպում է Իսահակին,   ինքն էլ է երեսը քողով ծածկում, Ծննդ.  24:65): Եվ երեսը քողով ծածկելը չէր պատճառը, որ Հուդան (հ. 15) Թամարին պոռնիկի տեղ դրեց, այլ ավելի շուտ պատճառը Թամարի գտնվելու տեղն էր, քանի որ բանուկ տեղ էր, և նաև կար մեկ այլ հանգամանք, որը Հուդային դրդեց՝ Թամարին դիտելու իբրև Աստարտովին և բաբելական Մելիտին ծառայողի` qedeschah–ի (հ. 21): Այս բաբելոնյան պաշտամունքի մասին խոսում է Հերոդոտոսը (գիրք 2, 199):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Այդ մասին իմացաւ նրա հարս Թամարը, որովհետեւ նրան յայտնել էին, թէ՝ «Ահա քո սկեսրայրը գալիս է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»:
(Արարատ թարգ․) Եվ հայտնեցին Թամարին. «Ահա քո սկեսրայրը դեպի Թամնա է գնում՝ իր ոչխարները խուզելու»:
(Գրաբար) Ազդ եղեւ Թամարայ նուոյ նորա եւ ասեն. Ահա սկեսրայր քո ելանէ ի Թամնա` կտրել զխաշինս իւր: