Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ մի՛ փորձեք ասել ինքներդ ձեզ. «Մենք որպես հայր ունենք Աբրահամին», որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից զավակներ ստեղծել Աբրահամի համար»։
Ուրեմն, մի՛ մնացեք ձեր նախկին արատների մեջ, ի պաշտպանություն ձեզ մի՛ մատնանշեք ձեր նախնիների՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի վեհանձնությունը, ինչպես սովորաբար անում եք: Իր այս խոսքերով, սակայն, Հովհաննես Մկրտիչը ոչ թե արգելեց նրանց այդ հիշյալ սրբերի հետնորդները կոչվել, այլ արգելեց չափից շատ ապավինել այդ հանգամանքին՝ անտեսելով առաքինի կյանքով ապրելու անհրաժեշտությունը։
Այդպես խոսելով` Հովհաննես Մկրտիչը թե՛ բացահայտեց նրանց ներկա մտքերը, և թե՛ կանխագուշակեց գալիք մտածումները։ Իսկապես, հրեաները դրանից հետո էլ դեռ ասում էին. «Մենք Աբրահամի սերունդն ենք և երբեք որևէ մեկի ծառաները չենք եղել» (հմմտ. Հովհ. 8:33): Քանի որ այս մտածելակերպն առանձնակիորեն խթանում էր հրեաները հպարտությունն ու կործանման հանգեցնում, ուստի Հովհաննես Մկրտիչն առաջին հերթին հենց այս արատն է դատապարտում:
Եվ տե´ս, թե Հովհաննես Մկրտիչը նահապետի (պատրիարքի) նկատմամբ ինչպիսի հարգանքով է ձեռնամուխ լինում հրեաներին ուղղելու գործին` ասելով. «Մի՛ փորձեք ասել ինքներդ ձեզ. «Մենք որպես հայր ունենք Աբրահամին»»: Հովհաննես Մկրտիչը չասաց՝ «Նահապետը (պատրիարքը) ձեզ ոչ մի օգուտ չի կարող բերել», այլ որոշակի խոնարհությամբ և նրբանկատությամբ նրանց այդ մասին խորհելու մղեց իր հետևյալ խոսքերով. «Աստված կարող է այս քարերից զավակներ ստեղծել Աբրահամի համար»։ Ոմանք ասում են, որ այստեղ Հովհաննեսն ակնարկում է հեթանոսներին՝ փոխաբերական իմաստով նրանց «քարեր» անվանելով։ Իմ կարծիքով, սակայն, այս խոսքերը մեկ այլ իմաստ էլ են բովանդակում իրենց մեջ: Ո՞րն էր այդ իմաստը։ «Մի´ կարծեք, - կարծեք թե ասում է Հովհաննես Մկրտիչը, - որ եթե դուք կորստյան մատնվեք, այդժամ ձեր նահապետը (պատրիարքը) կմնա առանց զավակների։ Ո՛չ և ո՛չ։ Աստված կարող է քարերից էլ զավակներ տալ նրան (Աբրահամին) և շարունակել նրա տոհմը` ճիշտ այնպես, ինչպես սկզբից իսկ եղավ, քանի որ քարերից մարդու ստեղծվելը նույնն է, ինչ երեխայի ծնունդը` ամուլ մորից։
Այս նույն մտածումով նաև մարգարեն է մատնանշում այդ իրողությունը, երբ ասում է. «Նայեցե՛ք այն ժայռին, որից դուք կերտվել եք, այն հորի խորքերը, որից դուք փորվել եք: Նայեցե՛ք Աբրահամին` ձեր հորը, և Սառային, որ ծնեց ձեզ» (հմմտ. Ես. 51:1-2): Այսպիսով, հրեաներին այս մարգարեության մասին հիշեցնելով` Հովհաննես Մկրտիչը ցույց է տալիս, որ ինչպես Աստված ամենասկզբում Աբրահամին մի ինչ-որ հրաշքով` ասես քարից զավակ տալով, հայր դարձրեց, այդ նույն կերպ դա հնարավոր է նաև այժմ:
Նկատի´ առ, թե Հովհաննես Մկրտիչն ինչպես է և՛ վախեցնում, և՛ ապշեցնում նրանց։ Նա չասաց, թե Աստված արդեն իսկ «քարերից զավակներ է ստեղծել Աբրահամի համար», որպեսզի չլինի թե` հրեաները հուսահատության մեջ ընկնեին, այլ ասաց, թե կարո´ղ է ստեղծել։ Իմիջիայլոց, Հովհաննեսը չասաց, թե Աստված կարող է քարերից մարդկա´նց ստեղծել, այլ շատ ավելի հեռուն գնաց` խոսելով Աբրահամի հարազատ զավակնե´ր ստեղծելու մասին: Տեսնու՞մ ես, թե Հովհաննես Մկրտիչը հրեա ժողովրդին ինչպես է հեռացնում մարմնական մտքերից և միայն նախնիների վրա իրենց հույսը դնելուց, որպեսզի հրեաներն իրենց իսկ ապաշխարությամբ և խոնարհամտությամբ փրկության հույսն ունենային: Տեսնու՞մ ես, թե Հովհաննես Մկրտիչն ինչպես է մարմնավոր հարազատության միտքը հրեաների միջից դուրս բերելով` առաջնային համարում ըստ հավատքի ազգակցության գաղափարը։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
եւ մի՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել.
Եվ մի՛ համարեք, թե [կարող] եք ասել ձեր մեջ. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»: Ասո՛ւմ եմ ձեզ, Աստված կարող է այս քարերից էլ ստեղծել Աբրահամի համար որդիներ:
Սա ասում էր ո՛չ թե արգելելով նրանց լինել Աբրահամի որդիներ, այլ որպեսզի մարմնական սնապարծությամբ չծուլանային հոգևոր առաքինության մեջ: Որովհետև եթե վարքով չնմանվեք ձեր նախնիներին, ասում է, սրբերին ձեր ազգակցությունը տանջանքի՛ պատճառ է ձեզ համար և ո՛չ թե փրկության, քանի որ բարի արմատից իբրև չար ճյուղեր ընձյուղվեցիք: Առակավոր այս խոսքով ցույց է տալիս նրանց մտքի հպարտությունը, ինչպես և ասում էին. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»: [Հովհաննեսը] չասաց միայն, թե նահապետը չի կարող ձեզ օգնել, երբ դուք անպիտան եք, այլ թե Աստված կարող է մերժել ձեզ և այս քարերից ստեղծել Աբրահամի համար որդիներ, երբ կամենա: Այսինքն՝ մի՛ կարծեք, թե եթե դուք կորչեք, Աբրահամն անորդի կմնա. Աստծո համար դյուրին է քարերից [իսկ] որդիներ ստեղծել ու տալ նրան, ինչպես որ նախկինում էր արել՝ Սառայի քարացած ամլությունից տալով նրան Իսահակին, ինչպես [ասում է] մարգարեն. «Նայե՛ք այն վեմին, որից կոփվեցիք» (Ես. 51։1): Ինչպես որ այն ժամանակ նրան այդ հրաշքով դարձրեց այսքան որդիների հայր, նույնը կարող է և այժմ անել է՛լ ավելի շատ [որդիներ տալով], եթե կամենա, այսինքն՝ քարերին երկրպագող հեթանոսներին դարձնելով Աբրահամի հավատի որդիներ: Այսպիսով [Հովհաննեսը] մերժում է այսպիսի մարմնավոր ազնվականությունն ու հպարտությունը և պատվում միայն հոգու առաքինությունը: Այնուհետև է՛լ ավելի խիստ օրինակով է զարհուրեցնում:
Ստեփանոս Սյունեցի (†735)
եւ մի՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել.
«Եվ մի՛ հավակնեք ասել դուք ձեզ, թե Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել»:
[Այսպես ասաց նրանց], ովքեր ըստ մարմնի պարծենում էին Աբրահամով: [Սրանով] մարգարեանում է նրանց քարանալն ու լուծարվելը և հեթանոսների կոչումն ու քարեղեն սրտի փոխարեն հոգեղեն մարմին ստանալը, ովքեր անզգամների նման քարերին և փայտերին էին ծառայում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
եւ մի՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:7

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: