Ծննդոց գրքի մեկնություն 44:1

Ա․ Լոպուխին

1-3. Հովսեփն իր տան կառավարչին հրաման տվեց և ասաց. «Այս մարդկանց պարկերը կլցնես պարենով այնքան, որ կարողանան տանել և ամեն մեկի դրամն իր պարկի բերանին կդնես:  [1] Իսկ իմ արծաթե սկիհը դրե՛ք կրտսեր եղբորս պարկի մեջ իր գնած հացի արծաթի հետ միասին:» Եվ նա արեց այնպես, ինչպես որ պատվիրեց Հովսեփը: Առավոտյան, երբ լույսը բացվեց, թույլ տվեցին, մարդիկ իրենց էշերով ճանապարհ գնան: (Սինոդական թարգ․)
   
   Ընկերական զրույցից և եղբայրների հետ հանդիսավոր ընդհանուր խնջույքից հետո  Հովսեփը նրանց համար ծանր փորձություն է պատրաստում։ Առաջին հայացքից անհասկանալի թվացող դրդապատճառներով  Հովսեփը տան կառավարչին իր արծաթյա գավաթը իր կրտսեր եղբոր պարկի մեջ դնել է հրամայում։ Սա այն բանի համար է անում, որպեսզի առիթ ունենա պահանջելու, որ եղբայրները Բենիամինին որպես ստրուկ թողնեն ( Ծննդ․ 44:10), իսկ հետո զգալու իր արգանդակից եղբոր հետ մյուս եղբայրների կապվածության աստիճանը: Միևնույն ժամանակ  Հովսեփը նախկինի պես հրամայում է եղբայրներից յուրաքանչյուրին (նաև Բենիամինին) վերադարձնել հացի վճարը: Վերջինս, ինչպես նշում են հրեա մեկնիչները, պետք է ցրեր եղբայրների կասկածները, որ Բենիամինն իսկապես մեղավոր էր գավաթը գողանալու հարցում: Այժմ վերջինիս հայտնվելը Բենիամինի պարկի մեջ  ամբողջապես նման էր Հովսեփի եղբայրներից յուրաքանչյուրին հացի դիմաց վճարված արծաթի առեղծվածային (կրկնակի) վերադարձին:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յովսէփն իր պալատի կառավարչին հրաման տուեց եւ ասաց. «Այդ մարդկանց պարկերը լցրէ՛ք պարէնով այնքան, որքան կարող են տանել, եւ իւրաքանչիւրի արծաթը դրէ՛ք իր պարկի բերանին:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն իր տան վերակացուին հրամայեց՝ ասելով. «Այս մարդկանց պարկերը կլցնես պարենով այնքան, որ կարողանան տանել և ամեն մեկի դրամն իր պարկի բերանին կդնես:
(Գրաբար) Եւ հրաման ետ Յովսէփ հազարապետին իւրում` եւ ասէ. Լցէք զամանս արանցն կերակրով որչափ եւ կարիցեն բառնալ. եւ դիք զարծաթն իւրաքանչիւր ի բերան ամանոյ իւրոյ: