Ծննդոց գրքի մեկնություն 46:31

Ա․ Լոպուխին

31-34. Հովսեփն իր եղբայրներին ու իր հոր ընտանիքին  ասաց. «Գնամ հայտնեմ փարավոնին, որ Քանանի երկրում բնակվող իմ եղբայրներն ու հորս ընտանիքը եկել են ինձ մոտ: [31] Այս մարդիկ ոչխարների հովիվներ են, քանի որ խաշնարածներ են, ուստի իրենց անասունները, արջառներն ու ողջ ունեցվածքը բերել են այստեղ: Արդ, եթե փարավոնը կանչի ձեզ ու հարցնի, թե` «Ինչո՞վ եք դուք զբաղվում», կասեք, որ «Մենք` քո ծառաները, մանուկ հասակից մինչև այժմ խաշնարածներ ենք, մենք և մեր հայրը», որպեսզի ձեզ բնակեցնեն Գեսեմի Երկրում։ Քանի որ եգիպտացիների համար զազրելի է յուրաքանչյուր հովիվ: (Սինոդական թարգ․)
   
   Եղբայրներին փարավոնի մոտ առաջիկա ընդունելությանը պատրաստելով՝ Հովսեփը համառորեն խորհուրդ է տալիս նրանց փարավոնին ասել, որ իրենք բնածին քոչվորներ են, քանզի այսպիսով նա կարծես նրանց զգուշացնում է եգիպտական ​​մշակութային կյանքի օգուտներով տարվելու և իրենց հայրերի հովվական զբաղմունքներից հրաժարվելու գայթակղությունից: Փարավոնի առաջ հայրերի զբաղմունքի մասին հիշատակությունը յուրահատուկ ուժ ուներ, քանի որ հին եգիպտական կաստայական հասարակության մեջ յուրաքանչյուր զբաղմունք ժառանգական բնույթ ուներ և հորից անցնում էր որդուն: Ինչպես հայտնի է Հերոդոտոսից, Ստրաբոնից և Դիոդորոսից (փարավոնները հոտեր ունեին, Ծննդ․ 47։6,  11) այստեղ նաև հովիվների դասակարգ կար։ Սակայն եգիպտացիները հակակրանքով և արգահատանքով էին մոտենում հովվությամբ զբաղվող ցեղերին (հովիվները զբաղեցնում էին բնակչության 7 կաստաներից ամենաստորինը, ընդ որում՝ առավել արհամարհված էին խոզարածները, տե՛ս Հերոդոտոս. 2, 47, 164), քանի որ.

   նրանք իրենց գլխավոր զբաղմունքը համարում էին հողագործությունը, որն անասնապահության հետ համեմատած ներկայացնում էր մշակույթի բարձրագույն աստիճանը,
   հյուքսոսների խաշնարած ցեղի տիրապության հետևանքով ձևավորված եգիպտացիների ատելությունը վերափոխվում է ընդհանրապես Ասիայի խաշնարած ցեղերի հանդեպ ատելության,
   Ասիայի քոչվորների մոտ զոհաբերվում էին այն կենդանիները, որոնց եգիպտացիները աստվածացնում էին:
   Հովսեփն ամեն կերպ համոզում է եղբայրներին, որ չթաքցնեն իրենց զբաղմունքը, որպեսզի նրանց տրվի հատկապես անասնապահության համար հարմար արոտավայրեր ունեցող Գեսեմ երկիրը (Վադի−Թումալիտ), և նրանք չբնակեցվեն զանազան քաղաքներում:
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Յովսէփն ասաց իր եղբայրներին ու իր հօր ընտանիքին. «Գնամ յայտնեմ փարաւոնին, որ Քանանացիների երկրում բնակուող իմ եղբայրներն ու հօրս ընտանիքը եկել են ինձ մօտ:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն իր եղբայրներին և իր հոր տան անդամներին ասաց. «Գնամ փարավոնին հայտնեմ, որ իմ եղբայրները և իմ հոր ընտանիքը, որ Քանանի երկրում էին, ինձ մոտ եկան:
(Գրաբար) Եւ ասէ Յովսէփ ցեղբարսն իւր` եւ ցտուն հաւր իւրոյ. Երթայց պատմեցից փարաւոնի, եթէ եղբարք իմ եւ տուն հաւր իմոյ որ էին յերկիրն Քանանացւոց, եկին առ իս: