Ծննդոց գրքի մեկնություն 47:7

Ա․ Լոպուխին

7-10. Հովսեփն իր հայր Հակոբին բերեց ու ներկայացրեց փարավոնին: Եվ Հակոբն օրհնեց փարավոնին: [7] Փարավոնը հարցրեց Հակոբին. «Քանի՞ տարեկան ես»: Հակոբը պատասխանեց փարավոնին. «Պանդխտության մեջ անցկացրած տարիներիս թիվը հարյուր երեսուն է: Քիչ ու ցավով են եղել իմ ապրած տարիները, և չեն հասել իմ նախինիների պանդխտության մեջ անցկացրած տարիներին»: Հակոբն օրհնեց փարավոնին և հեռացավ նրա մոտից: (Սինոդական թարգ․)
   
   Փարավոնի մոտ Հակոբի ընդունելությունը ոչ այնքան Եգիպոսի տիրակալի ազնվությամբ ու մեծահոգությամբ է բնորոշվում, որքան հատկապես Հակոբի ճշմարիտ նահապետական վեհությամբ, արժանապատվությամբ  ու հավատով: Արևելյան թագավորների արքունիքներում ընդունված էթիկայի համապատասխան (Գ Թագ. 1։31) և, անկասկած, իր ընտանիքի նկատմամբ ցուցաբերած բարության համար Եգիպտոսի թագավորի հանդեպ ունեցած անկեղծ երախտագիտության զգացումով, երկու անգամ (ժամանելիս և մեկնելիս) փարավոնին ողջունելով հանդերձ,  Հակոբը, այնուամենայնիվ, իրեն պահում է ճշմարիտ նահապետին և քահանային բնորոշ արժանապատվությամբ (փարավոնի առջև խոնարվելու մասին տեքստը ոչինչ չի ասում): Ծերունու մոտ հատկապես զորավոր է երկրային (այս կյանքը Հակոբը համարում է «պանդխտության» շրջան (Ծննդ․ 47։9) կյանքի ժամանակավոր և անցողիկ նշանակության զգացողությունը կամ գիտակցությունը, որի հետ միասին, բնականաբար, ենթադրվում է, հետմահու կյանքի հանդեպ Հակոբի ունեցած հավատն  ու ամրությունը (հմմ. Եբր. 6։19):

   Հետադարձ հայացք նետելով անցյալին՝ Հակոբն իր 130 տարիների կյանքն անվանում է «քիչ ու ցավով օրեր»․ քիչ՝ 180 տարի ապրած իր հոր և 175 տարեկան հասակում մահացած իր պապ Աբրահամի հետ համեմատած (հնարավոր է, սակայն, որ Հակոբն ի նկատի ունի նաև վաղ, անգամ անդրջրհեղեղյան շրջանի նահապետներին): Այս իրադարձությունից հետո ևս 17 տարի ապրած Հակոբը, հավանաբար իր հայր Իսահակի նման (Ծննդ. 27։1, 2), մահվան գալստից շատ ժամանակ առաջ զբաղված էր դրա մասին մտորումներով:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Յովսէփն իր հայր Յակոբին բերեց ու ներկայացրեց փարաւոնին: Եւ Յակոբն օրհնեց փարաւոնին:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն իր հայր Հակոբին բերեց և ներկայացրեց փարավոնին: Եվ Հակոբն օրհնեց փարավոնին:
(Գրաբար) Եւ ած Յովսէփ զՅակոբ զհայր իւր, եւ կացոյց առաջի փարաւոնի: Եւ աւրհնեաց Յակոբ զփարաւոն: