Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
23-24. «Արդ, եթե դու քո ընծան մատուցելիս լինես զոհասեղանին և այնտեղ հիշես, որ քո եղբայրը ինչ-որ բան ունի քո դեմ»: «Թո՛ղ քո ընծան այնտեղ` զոհասեղանի առաջ, և նախ գնա հաշտվիր քո եղբոր հետ, և ապա արի՛ ու մատուցի´ր քո ընծան»։
Տերն ասված խոսքերին ավելացնում է նոր հրահանգներ, որոնցից ակնհայտ երևում է, թե Նա որքան է հոգ տանում սիրո մասին: Նախ Նա սպառնում էր ատյանով, դատաստանով և գեհենով, իսկ այժմ առաջարկում է նոր կանոններ, որոնք համահունչ են նախորդներին:
Օ՜, ինչպիսի բարություն: Օ՜, ինչպիսի անպատմելի մարդասիրություն: Տերը հրամայում է, որ Իրեն մատուցվող երկրպագությունը մի կողմ թողնվի հանուն մերձավորի հանդեպ սիրո, և դրանով իսկ ցույց է տալիս, որ Իր նախկին սպառնալիքները բխում էին ոչ թե թշնամանքից կամ պատժելու ցանկությունից, այլ սիրո առատությունից: Ո՞ր մեղմությունը կարող է համեմատվել այս խոսքերում արտահայտվող մեղմության հետ: «Թող ընդհատվի, - ասում է Նա, - Ինձ մատուցվող ծառայությունը (զոհաբերություն կատարելը), միայն թե պահպանվի քո սերը, որովհետև դա էլ է զոհաբերություն, երբ ինչ-որ մեկը հաշտվում է իր եղբոր հետ»: Այդ պատճառով էլ Հիսուս չի ասում՝ «հաշտվի´ր ընծան մատուցելուց հետո կամ մինչև ընծան մատուցելը», այլ հրամայում է հաշտվել եղբոր հետ այն ժամանակ, երբ զոհաբերվող ընծան արդեն իսկ դրված է զոհասեղանի առջև, և զոհաբերության գործողությունն արդեն սկսված է: Չի հրամայում վերցնել մատուցված ընծան, չի ասում՝ հաշտվիր, նախքան այն մատուցես, այլ հրամայում է վազել եղբոր մոտ՝ ընծան զոհասեղանի առջև թողնելով:
Ինչո՞ւ է Քրիստոս այդպես հրամայում: Ինչպես ինձ է թվում, Նա կրկնակի նպատակ ուներ. նախ, ինչպես արդեն ասացի, Հիսուս ցանկանում էր ցույց տալ, որ բարձր է գնահատում սերը և այն համարում է մեծագույն զոհաբերությունը, և չի ընդունում առանց սիրո մատուցվող նյութական զոհաբերությունը: Երկրորդ՝ Քրիստոս ցանկանում էր մերձավորի հետ հաշտությունը դարձնել անհրաժեշտ պարտականություն: Իրոք որ, նա, ում հրամայված է ընծան մատուցել միայն հաշտվելուց հետո, անշուշտ կշտապի գնալ վիրավորվածի մոտ և վերջ դնել թշնամությանը, ու դա եթե ոչ մերձավորի հանդեպ սիրուց, ապա գոնե ա´յն բանի համար, որ զոհաբերությունը չմնա ապարդյուն: Այդ պատճառով էլ Տերն ամեն խոսքին տալիս է առանձնահատուկ արտահայտչականություն՝ վախեցնելով և խրախուսելով ընծայաբերություն մատուցողին: Բոլոր դեպքերում, Հիսուս չասաց միայն՝ «Թո՛ղ քո ընծան այնտեղ», այլ ավելացրեց՝ «զոհասեղանի առաջ», որպեսզի այդ սրբազան վայրի հիշատակմամբ երկյուղ ներշնչի: Չասաց միայն՝ «գնա», այլ ավելացրեց՝ «նախ…և ապա արի՛ ու մատուցի´ր քո ընծան»:
Այս ամենով Հիսուս ցույց է տալիս, որ Տիրոջ զոհասեղանը չի ընդունում միմյանց դեմ թշնամացողներին: Թող սա լսեն մանավանդ նրանք, ովքեր թեպետ սպասավորում են սրբազան խորհուրդներին (խոսքը Աստծու ձեռնադրյալ սպասավորների մասին է), բայց թշնամանքով են մոտենում զոհասեղանին: Սակայն այս խոսքին թող ունկնդիր լինեն նաև նրանք, ովքեր անմիջականորեն չեն սպասավորում սրբազան խորհուրդներին, որովհետև այս խոսքը նաև նրա´նց է վերաբերում: Չէ՞ որ նրանք էլ են ընծաներ և զոհաբերություններ մատուցում, այսինքն՝ աղոթք և ողորմություն «ընծայում» Աստծուն: Իսկ այն մասին, որ դա նույնպես է զոհաբերություն է, լսի´ր, թե ինչ է ասում մարգարեն. «Ով որպես զոհաբերություն գովասանք է մատուցում, նա է Ինձ պատվում»: Եվ դարձյալ՝ «Աստծուն գովաբանությո´ւն մատուցիր որպես զոհաբերություն» (հմմտ. Սաղմ. 49:23, 14): Եվ մի ուրիշ տեղում՝ «Իմ ձեռքերի կարկառումը երեկոյան զոհաբերություն է» (հմմտ. Սաղմ. 140:2):
Ուրեմն, եթե դու աղոթք ես մատուցում որևէ մեկի հանդեպ թշնամական տրամադրությամբ, ապա ավելի լավ է կիսատ թողնես այն, գնաս հաշտվես այդ եղբորդ հետ և ապա մատուցես աղոթքդ: Չէ՞ որ հենց այդ նպատակով է ամեն ինչ նախասահմանվել, այդ նպատակով է Աստված մարդացել և իրականացրել փրկության ողջ տօրինությունը` մեզ ի մի ժողովելու համար: Այստեղ Քրիստոս վիրավորողին ուղարկում է վիրավորվածի մոտ, իսկ աղոթել սովորեցնելիս՝ վիրավորվածին է տանում վիրավորողի մոտ և հաշտեցնում նրանց: Այստեղ ասում է. «Եթե եղբայրդ ինչ-որ բան ունի քո դեմ, գնա նախ հաշտվի´ր եղբորդ հետ», իսկ այնտեղ ասում է. «Պետք է մարդկանց ներեք իրենց մեղքերը» (հմմտ. Մատթ. 6:14):
Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ ինչ-որ իմաստով այստեղ նույնպես Աստված վիրավորվածի´ն է ուղարկում վիրավորողի մոտ, որովհետև չի ասում՝ «խնդրիր եղբորդ, որ հաշտվի քեզ հետ», այլ պարզապես՝ «հաշտվի´ր»: Ու չնայած, առաջին հայացքից, խոսքը վիրավորողին է ուղղված, բայց, ըստ էության, ամեն ինչ վերաբերում է հենց վիրավորվածին: «Եթե դու, - ասում է Քրիստոս, - նրա հետ հաշտվես սիրուց մղված, ապա Ես էլ ողորմած կլինեմ քո հանդեպ, և դու կարող ես քո զոհաբերությունը մատուցել լիակատար վստահությամբ: Իսկ եթե բարկությունը դեռ վառվում է քո մեջ, ապա նկատի ունեցիր, որ Ես Ինքս սիրով համաձայն եմ, որ դու ժամանակավորապես դադարեցնես զոհաբերությունդ` միայն թե այն պայմանով, որ դուք բարեկամանաք իրար հետ»:
Թող սա մեղմացնի քո բարկությունը: Ընդ որում, Հիսուս չասաց՝ «հաշտվի´ր, երբ դու խորապես վիրավորված ես», այլ՝ «արա´ դա նույնիսկ այն ժամանակ, երբ վիրավորանքն աննշան է` «եթե եղբայրդ ինչ-որ բան ունի քո դեմ»: Ու նաև չասաց` «երբ դու արդարացիորեն կամ անարդար կերպով ես բարկանում», այլ պարզապես՝ «եթե եղբայրդ ինչ-որ բան ունի քո դեմ», այսինքն՝ նույնիսկ եթե քո բարկությունը արդարացի է, միևնույն է, չպետք է թշնամություն ունենալ: Այդպես Ինքը` Քրիստոս էլ, չնայած այն հանգամանքին, որ մեր հանդեպ Իր բարկությունը լիովին արդարացի էր, Իրեն զոհաբերեց մեզ համար՝ մեր մեղքերն Իր վրա վերցնելով:
Այդ պատճառով էլ նաև Պողոսը, մեկ այլ ձևով հաշտության կոչ անելով մեզ, ասաց. «Արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի» (Եփես. 4:26): Ինչպես Քրիստոս է մեզ հորդորում է հաշտվել՝ նշելով զոհաբերության մատուցման պատեհ ժամանակը, այնպես էլ Պողոսը մեզ հորդորում է նույնը՝ նշելով օրվա ժամանակը: Նա սարսափում է գիշերից` վախենալով, որ միայնության մեջ բարկությունից տանջվող մարդուն զայրույթն էլ առավել կվնասի` բորբոքելով նրա վերքերը:
Օրվա ընթացքում շատ բաներ մեզ կարող են շեղել և հեռացնել բարկությունից, բայց գիշերը, երբ մարդը մնում է մենակ և խորասուզվում է իր մտքերի մեջ, զայրույթի ալիքներն ավելի ուժգին են փոթորկվում, և փոթորիկը ավելի մեծ կատաղությամբ է մոլեգնում: Դա կանխելու համար է Պողոսը ցանկանում, որ մենք հաշտված դիմավորենք գիշերը, որպեսզի սատանան չօգտվի մեր մենությունից և էլ ավելի չբոցավառի բարկության վառարանը:
Նմանապես, Քրիստոս չի հանդուրժում նույնիսկ ամենափոքր ձգձգումը, որպեսզի զոհաբերությունը մատուցելուց հետո ընծայողն ավելի անտարբեր չդառնա և չսկսի հաշտությունն օր օրի հետաձգել: Հիսուս գիտեր, որ այս կիրքը հարկավոր է հանգցնել հնարավորինս արագ: Ինչպես իմաստուն բժիշկը առաջարկում է ոչ միայն հիվանդությունից պաշտպանող, այլև այն բուժող դեղամիջոցներ, այդպես էլ վարվում է նաև Քրիստոս: Դիմացինին «անմիտ» անվանելու արգելքը թշնամությունից պաշտպանող դեղամիջոց է, իսկ մերձավորի հետ հաշտվելու հրամանը ծառայում է որպես թշնամությունից հետո առաջացող հիվանդությունները վերացնող միջոց: Տե´ս, թե որքան խստությամբ է Քրիստոս հանձնարարում կատարել երկուսն էլ: Այնտեղ սպառնում է գեհենով, իսկ այստեղ, նախքան հաշտություն կնքելը, չի ցանկանում ընդունել նույնիսկ ընծայաբերությունը և դրանով ցույց է տալիս, թե որքան մեծ է Իր բարկությունը թշնամացողների հանդեպ: Այսպես Հիսուս արմատախիլ է անում և´ արմատը, և´ պտուղը: Նախ ասում է՝ «Մի, բարկացիր», ապա՝ «մի´ արտասանիր վիրավորական խոսքեր», քանի որ մեկը մյուսով է ուժգնանում. թշնամությունից առաջանում է հայհոյանք, հայհոյանքից՝ թշնամություն: Այդ պատճառով էլ Քրիստոս նախ արմատախիլ է անում արմատը, ապա՝ պտուղը, և թույլ չի տալիս, որ չարիքը ծագի, իսկ եթե այն արդեն աճում է և վնասակար պտուղ է տալիս, այն ամբողջությամբ կրակի է մատնում:
Դարձյալ, Քրիստոս չասաց՝ «պատրաստի´ր, մատուցի´ր զոհաբերություն», այլ՝ «հաշտվի´ր», և ապա` «մատուցի´ր»: Հիսուս ասում է` «թո´ղ այն, թո´ղ որ այն մնա, որպեսզի այն մատուցելու անհրաժեշտությունը ստիպի քեզ ակամա գնալ հաշտվելու նրա հետ, ով արդարացիորեն բարկացած է քեզ վրա»: Տե՛ս նաև, թե Քրիստոս ինչպես է հորդորում գնալ մեզ վիրավորողի մոտ, երբ ասում է. «Ներե՛ք ձեր պարտապաններին, որպեսզի ձեր Հայրը, որ Երկնքում է, ների ձեզ ձեր մեղքերը» (հմմտ. Մարկ. 11:25): Հիսուս փոքր պարգև չի սահմանում, այլ այնպիսի´ն, որը մեծապես գերազանցում է ակնկալվող արարքի կարևորությանը:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
23-24. Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի,քո ընծան թո՛ղ սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր:
Եթե պատարագդ 1 մատուցես զոհասեղանին և այդտեղ հիշես, որ եղբայրդ քո հանդեպ խեթ 2 ունի, պատարագդ զոհասե ղանի առաջ թող, նախ գնա հաշտվի՛ր եղբորդ հետ և ապա՛ եկ ու պատարագդ մատուցիր:
Այս խոսքով հայտնում է Իր բարերարության մեծությունը. որովհետև Իրեն [մատուցվող] պաշտամունքը խափանել է տալիս ընկերոջ հանդեպ սիրո պատճառով՝ իմանալով, որ եղբոր հետ հաշտվելը Աստծուն [մատուցված] զոհ է:
Բայց ինչո՞ւ է զոհասեղանից հետ ուղարկում: Որովհետև սա սատանայի խորամանկ հնարքներից է, որ [մարդկանց] դրդում է միմյանց հետ գժտվելու և ապա նախքան զոհի [մատուցումը] նրանց միտքը պաշարում ընդարմական մոռացմամբ, որպեսզի չհաշտվեն, իսկ զոհի [մատուցման] ժամանակ հիշել տալիս, որպեսզի խղճախայթությամբ մատուցեն: Ուստի ծածկագետ Աստված, Ով գիտի [սատանայի] մեքենայությունները, զոհասեղանից հետ ուղարկելով՝ այդ երեք չարիքները 3 խափանում է:
Նաև՝ զոհասեղանի հիշատակմամբ երկյուղ է ներշնչում՝ սովորեցնելու համար, որ նախ պետք էր հաշտվել, իսկ այժմ, որ թշնամությունը պահում ես, զոհասեղանը չի ընդունի պատարագը: Ուստի [գժտվածն այս երկյուղից] հարկադրվա՛ծ կգա համաձայնության ու հաշտության՝ երկու պատճառով. նախ՝ որովհետև [Աստված] սերը նախընտրում է պատարագից, և երկրորդ՝ անհնար է, որ [Աստված] չհավանի [պատարագը], երբ [այն մատուցողը] հաշտվում է. որովհետև երբ հաշտվում է եղբոր հետ, Աստված էլ նրա հետ է հաշտվում, ուստիև ասում. «Գնա նախ հաշտվի՛ր և ապա՛ պատարագը մատուցիր»:
Խեթի մասին [Տերը] չի ավելացնում, թե այն արդյոք իրավացի [պատճառով] է, թե անհիմն, այլ ինչ պատճառով էլ որ լինի: Եվ չի ասում, թե դո՛ւ [խեթ] ունես [եղբոր] հանդեպ, այլ թե նա՛՝ քո, ինչպես որ Տերն էլ խաչի սեղանի վրա Իր մարմնի պատարագը մատուցելուց առաջ հաշտվեց հրեա խեթացող ազգի հետ՝ ասելով. «Հա՛յր, ների՛ր նրանց մեղքը, քանի որ չգիտեն՝ ինչ են անում» (Ղուկ. 23:34), և ապա՛ Իրեն զոհ մատուցեց Հորը՝ իբրև անուշահոտություն:
Ոմանք համարում են, թե այս խոսքը միայն քահանաների համար է ասվել, ովքեր [սուրբ] Սեղանի սպասավորներ են, սակայն ճիշտն այն է, որ [այն վերաբերում] է բոլորին, որովհետև պատարագը ոչ միայն ողջակեզն է, ինչպես Հին [ուխտում], կամ մեր Տիրոջ մարմնի և արյան ընծայումը Նոր [ուխտում], այլև աղոթքն է՝ ըստ այսմ. «Օրհնության պատարագը փառավորում է [Ինձ]» (Սաղմ. 49:23), «Ձեռքերիս բարձրացումը՝ երեկոյի պատարագ» (Սաղմ. 140:2), Պողոսն էլ [ասում է]. «Ձեր մարմինը պատրաստեք իբրև կենդանի պատարագ.., որը ձեր բանական սպասավորությունն է» (Հռոմ. 12:1): [Այս խոսքը վերաբերում է նաև աղոթքին], որպեսզի [մարդը] նաև համարձակվի ասել. «Ների՛ր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք ներեցինք մեր հանդեպ մեղանչածներին»: Իսկ այս պատարագի զոհասեղանը սիրտն է, որի մեջ է պետք մտնել ու աղոթել՝ ըստ Տիրոջ խոսքի (Մատթ. 6:6):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: