Ծննդոց գրքի մեկնություն 8:7

Ա.Լոպուխին

7-12․ Եվ նա արձակեց մի ագռավ, որը թռչում էր այս ու այն կողմ, քանի դեռ երկրի վրայից ցամաքում էին ջրերը։ [7] Հետո նա արձակեց մի աղավնի՝ տեսնելու, թէ ջրերը քաշվե՞լ են երկրի երեսից։ Աղավնին իր ոտքը դնելու տեղ չգտնելով՝ վերադարձավ նրա մոտ՝ տապան, որովհետև ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը։ Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան և բերեց իր մոտ՝ տապան։ Նա սպասեց ևս յոթ օր ու տապանից դարձեալ արձակեց աղավնուն։ Աղավնին նրա մոտ վերադարձավ երեկոյան։ Նրա կտուցին ձիթենու մի շյուղ կար։ Նոյը դրանից հասկացավ, որ ջրերը քաշվել են երկրի վրայից։  Նոյն սպասեց ևս յոթ օր ու նորից արձակեց աղավնուն, որն այլևս նրա մոտ չվերադարձավ: (Սինոդական թարգ․)

   

   Ողջ այս բաժինը խոսում է այն միջոցառումների մասին, որոնց շնորհիվ Նոյը համոզվում էր ջրհեղեղի դադարեցման մասին: Քանի որ Նոյյան տապանը, ինչպես մենք տեսանք վերևում (Ծննդ. 6:16), չուներ կողային պատուհաններ ջրհեղեղի համապարփակ պատկերը գնահատելու համար, և լուսավորվում էր վերին հատվածում բացված միակ անցքով, ապա Նոյը, որպեսզի զններ երկրի վիճակը, դիմեց այդ միջոցին, բաց թողնելով սկզբում ագռավին, այնուհետև աղավնուն:

   նա արձակեց մի ագռավ, որը թռչում էր այս ու այն կողմ... Կամ, ինչպես եբրայական բնօրինակում է ասված, «դուրս եկավ, թռչելով հեռանում ու մոտենում էր»: Դրանով հասկացվում է, որ գիշատիչ ագռավը, ապրելով տապանից դուրս, թռչում էր մարդկանց ու կենդանիների դիակների մոտ և նորից նստում տապանի վերևում՝ նման կերպ ոչ մի տեղեկություն չտալով երկրի վիճակի մասին:

   Հետո նա արձակեց մի աղավնի... Նոյը թռչունի բաց թողնելու հաջորդ փորձը կատարեց յոթն օր անց (Ծննդ. 8:10): Այս անգամ նա բաց թողեց աղավնուն, ինչն ավելի էր համապատասխանում նպատակին, քանի որ աղավնին սնվում է սերմնահատիկներով և խուսափում խոնավությունից:

   Աղավնին իր ոտքը դնելու տեղ չգտնելով՝ վերադարձավ... Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան և բերեց իր մոտ՝ տապան... Փաստի պատկերավոր նկարագրություն, ինչից Նոյը համոզվում էր, որ երկիրը դեռ պիտանի չէ ոչ միայն մարդկանց այլ նույնիսկ թռչունների բնակության համար:

   Նա սպասեց ևս յօթը օր ու տապանից դարձյալ արձակեց աղավնուն... Այս հաճախ կրկնվող յոթնօրյա շրջանը կարող է ապացույցը լինել այն իրողության, որ ժամանակի շաբաթական հաշվարկը դեռևս այն ժամանակաշրջանում լավ հայտնի է եղել:

   Աղավնին նրա մոտ վերադարձավ երեկոյան... Սա իրական վկայություն էր, որ երկիրն արդեն փոքր-ինչ ցամաքել է, քանի որ հնարավորություն էր ստեղծվել մինչև արևի մայր մտնելը մի ամբողջ օր անցկացնել երկրի վրա:

     Նրա կտուցին ձիթենու մի շյուղ կար... Լավագույն ապացույցն այն բանի, որ երկրի վրա արդեն սկսվել էր նոր կյանքի զարթոնքը: Բացի սրանից, ձիթենու ծառը, որից արտադրվում է ձիթայուղ և որը Սուրբ Գրքում ուրախության ու խաղաղության խորհրդանիշն է, Նոյին անդորր էր պատճառում, քանի որ մատնացույց էր անում աստվածային պատժի ավարտի մասին:

    Նոյն սպասեց ևս յոթ օր ու նորից արձակեց աղավնուն... Այս անգամ աղավնին այլևս չվերադարձավ, որը ապացուցում էր թե երկրի վրա մարդը նույնպես կարող է ազատորեն ապրել:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նա արձակեց մի ագռաւ, որը գնաց, բայց չվերադարձաւ, մինչեւ որ ջուրը ցամաքէր երկրի վրայից:
(Արարատ թարգ․) Եվ արձակեց ագռավին: Սա դուրս եկավ և թռչում ու ետ էր գալիս մինչև երկրի վրայից ջրերի ցամաքելը:
(Գրաբար) Եւ արձակեաց զագռաւն, և ել. և անդրէն ո՛չ դարձաւ մինչև ցամաքել ջրոյն յերկրէ։