Եզեկիելի մարգարեության մեկնություն 12։6

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

«Նրանց աչքերի առաջ բեռն ուսիդ վրա դիր, մթության մեջ տար այն. երեսդ ծածկիր, որ գետինը չտեսնես, որովհետև Ես քեզ նշան կարգեցի Իսրայելի տան համար»։[6] (Սինոդական թարգ․)
   

   «Բեռն ուսիդ վրա դիր» - սլավոներենում՝ «կվերցնեն ուսերի վրա», այսինքն՝ մարգարեին ուսերի վրա կառնեին։ Սակայն սլավոնական տարընթերցումը կասկածելի է (ինչո՞ւ պետք է ուսերի վրա տանեին մարգարեին) և, հավանաբար, այն պատճառով է նման կարծիք առաջացել, քանի որ իրերը տանից դուրս են բերվել ցերեկով, բայց այստեղ խոսքն այդ իրերի՝ հետագայում մեկ այլ տեղ տեղափոխման, և ոչ թե մեկ ուրիշ բանի մասին է։

   «Մթության մեջ» - Եբրայեցերեն բառը («ալաթա»), որն այս դրվագից զատ օգտագործվում է միայն Ծննդ․ 15:17-րդ համարում, նշանակում է «թանձր, գիշերային խավար»․․․

   «Տար այն» - այսինքն՝ տանից որոշակի հեռավորության վրա տար։

   «Երեսդ ծածկիր» - կա՛մ ամոթից, կա՛մ չճանաչվելու համար, կա՛մ էլ որպես Սեդեկիայի կուրության նշան (հմմտ․ 12-րդ համար)։

   «Իսրայելի տան համար» - այսինքն՝ նկատի ունի ամենաուղիղ իմաստով հենց մարգարեին ազգակից գաղթականներին, որոնք կարող էին ականատես լինել այդ ամենին, և այնուհետև նաև՝ ողջ Իսրայելին, որին մի ժամանակ հայտնի էին եղել մարգարեի այսպիսի ճշգրիտ և ճշմարիտ կանխատեսումները:

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Կուզէկուզ կը գնաս ու գաղտագողի դուրս կ՚ելնես. գլխիդ շոր կը գցես, որ շուրջդ չտեսնես: Քեզ խորհրդանշան դարձրի Իսրայէլի տան համար»:
(Արարատ թարգ․) Նրանց աչքի առաջ ուսիդ պիտի բարձես և դուրս բերես մթնած ժամանակ. երեսդ պիտի ծածկես, որ երկիրը չտեսնես, որովհետև քեզ նշան կարգեցի Իսրայելի տան համար»։
(Գրաբար) առաջի նոցա. կորակո՛ր գնասցես՝ գաղտագողի՛ ելանիցես. ձորձ զգլխով պատիցես, և մի՛ տեսանիցես զերկիրն. զի նշանա՛կ ետու զքեզ տանն Իսրայէլի: