Եզեկիելի մարգարեության մեկնություն 21։27

Ա. Լոպուխին

«Տակնուվրա, տակնուվրա, տակնուվրա պիտի անեմ, և նա չպիտի լինի, մինչև որ չգա Նա, Ում նա պատկանում է, և Ես կտամ Նրան»։[27] (Սինոդական թարգ․)
   
    «Տակնուվրա» - արտահայտությունն այստեղ երեք անգամ կիրառվում է այն նույն պատճառով, ինչ պատճառով էր կիրառվում էր 7:5-րդ համարում: Խոսքը վերաբերում է Սեդեկիային և նրա թագավորությանը: Եբրայեցերենում «աբբա» բառը, որ ծագում է «աբա» արմատից, Ողբի 3:9-րդ և Եսայու 24:1-ին համարներում նշանակում է «ոչնչացնել», հետևաբար այստեղ պետք է լինի՝ «ոչնչացում»: Յոթանասնից թարգմանությունը և Վուլգաթան այս բառը տարընթերցում են որպես «ավոն»՝ «մեղք» իմաստով, ինչից էլ հետևելով՝ սլավոներենում ստացվում է այսպես. «Անիրավությունը (երեք անգամ գործածվում է այս բառը) պիտի դնեմ նրա վրա»: Այդ անիրավությանը հաջորդող արհավիրքներն Իսրայելին պիտի պատուհասվի միայն Նաբուգոդոնոսորի հաղթանակից հետո։

   «Եվ նա (ամենայն հավանականությամբ՝ Սեդեկիայի թագը, հետևաբար նաև Հուդայի թագավորությունը) չպիտի լինի» - եբրայեցերենում այս արտահայտությունը դրված է անցյալ ժամանակով, որը պետք է հասկանալ մարգարեական անցյալ ժամանակի իմաստով: Սլավոներենում՝ «և դա այդպես չի լինի», ինչը պետք է որ ունենա այն նույն իմաստը, որն ուներ նախորդ համարի նմանատիպ արտահայտությունը: Սակայն սլավոներենն այստեղ չի համաձայնում հունարենի հետ. «Վա՜յ Հուդայի թագավորությանը. այն այդպես էլ կործանման մեջ պիտի մնա, մինչև որ...

   «Մինչև որ չգա Նա, Ում պատկանում է նա (թագը)» - սա Եզեկիելի մարգարեության մեջ առկա հազվագյուտ ուղղակիորեն մեսիական մարգարեություններից մեկն է (մինչև այժմ այդպիսի մարգարեություն հանդիպել էր միայն 17:22-24-րդ համարներում): Այստեղ պարզորոշ հետհայացք կա դեպի Ծննդոց 49:10-րդ, ինչպես նաև 19:10-11-րդ համարները: Մարգարեն ակնկալում է, որ միայն Մեսիան առաջին անգամ կվերականգնի այդժամ ավերածության ենթարկված թագավորությունը: Այդպես են մտածում նաև հրեաները. «Ուրիմը և Թումիմն ու Դավթի տնից սերող թագավորը դադարել են գոյություն ունենալ այս կործանման հետևանքով, և նրանց վերականգնումը կարելի է ակնկալել միայն մահացածների հարությամբ՝ ա՛յն ժամանակ, երբ կհայտնվի Մեսիան՝ Դավթի որդին» (Sota, ed. Wagenseil, p. 1669)։

   «Եվ Ես կտամ Նրան» - այստեղ մենք ականատես ենք լինում Մեսիայի՝ Աստծո հետ ունեցած ավելի սերտ հարաբերությունների շեշտադրությանը՝ առ ի համեմատություն Եսայու մարգարեության, մի հանգամանք, որը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է Աստծո բոլոր գործողությունների առնչությամբ Եզեկիելի որդեգրած դիրքորոշմանը:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Եւ հիմա ես անիրաւութիւնը միւս անիրաւութիւնների վրայ եմ բարդելու: Այդ այդպէս չի մնալու, մինչեւ որ գայ նա, ում վայել է, եւ ես տալու եմ նրա ձեռքը»»
(Արարատ թարգ․) Տակնուվրա, տակնուվրա, տակնուվրա պիտի անեմ նրան. սա չպիտի լինի, մինչև որ նա, ում պատկանում է իրավունքը, գա. նրան եմ տալու այն։
(Գրաբար) արդ՝ անիրաւութիւն յանիրաւութեանց վերայ եդից զնա. և այդ՝ ո՛չ այդպէս եղիցի, մինչև եկեսցէ որում անկն է, և տա՛ց ‘ի ձեռս նորա: Առ որդիսն Ամովնայ։