Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։37

Ա. Լոպուխին

«Քանի որ նրանք շնություն գործեցին, և արյուն կա նրանց ձեռքերին, և իրենց կուռքերի հետ շնություն գործեցին, և իրենց որդիներին էլ, որոնց ծնել էին Ինձ համար, կրակի միջով անցկացրին, որպեսզի իրենց համար կերակուր լինեն»։ [37] (Սինոդական թարգ․)
   

    «Շնություն գործեցին» - հաջորդիվ բացատրվում է, որ նրանք շնություն են գործել «կուռքերի հետ» (ծառայելով նրանց):

   «Արյուն կա նրանց ձեռքերին» - դարձյալ հետագայում է բացատրվում, թե ինչ արյան մասին է այստեղ խոսքը․ ակնարկվում է սեփական «որդիներին» որպես զոհաբերություն կուռքերին մատուցելը։

   «Որոնց ծնել էին Ինձ համար» - 16:20-րդ համարում ուղղակիորեն ասվում է՝ «ծնել էիր»: Սա մի հրաշագեղ հետհայացք է դեպի ժողովրդի հետ Աստծո ուխտը, որի շնորհիվ բոլոր մարմնավոր երեխաներն արդեն իսկ իրենց ծնվելու պահից (այստեղից էլ առաջացել է թլփատության խորհուրդը) դառնում էին Աստծո զավակները: Այդպիսով էլ ավելի մեծ հանցանք էր դառնում այդ զավակներին որպես զոհաբերություն կուռքերին մատուցելը։

   «Կրակի միջով անցկացրին» - 16:20-րդ համար հմմտ․ Երեմ․ 7։31-րդ համար։
--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) Նրանք շնացան, եւ արիւն կայ նրանց ձեռքերին: Նրանք իրենց մտքում էլ էին շնանում: Իրենց ծնած զաւակներին բոցի միջով էին անցկացնում:
(Արարատ թարգ․) Քանի որ նրանք շնություն են արել, և արյուն կա նրանց ձեռքերին, շնացել են իրենց կուռքերով և իրենց որդիներին էլ, որոնց ինձ համար էին ծնել, կրակի միջով անցկացրին, որ նրանց համար կերակուր լինեն։
(Գրաբար) Զի շնացան՝ և արի՛ւն է ‘ի ձեռս նոցա և ‘ի խորհուրդս նոցա. շնային՝ և զորդիս իւրեանց զոր ինձ ծնան՝ ածէին զբոցով: