Ա. Լոպուխին
«Եվ վերցրիր քո որդիներին ու քո դուստրերին, որոնց դու ծնել էիր Ինձ համար, ու նրանց զոհաբերեցիր, որպեսզի ուտեն նրանց. մի՞թե քեզ համար քիչ էր պոռնկություն անելը»։ [20] (Սինոդական թարգ․)
Մարգարեն Իսրայելի անօրենության գագաթնակետը համարում է մարդկանց որպես զոհաբերություն մատուցելը. Իսրայելը կուռքերին որպես նվեր մատուցում է ոչ միայն հոգի չունեցող առարկաներ, որոնց համար հրեաները պարտական են Աստծուն, այլ նաև զոհաբերում է Աստծո կենդանի զավակներին, այսինքն՝ երիտասարդ սերնդին (մարդկանց որպես զոհաբերություն մատուցելու համար ընտրվում էին երիտասարդները, որոնք լեցուն էին կյանքով և ուժով, և այդ իսկ պատճառով էլ կարծվում էի, որ նրանք ավելի հաճելի կերակուր կլինեին աստվածների համար), որին կարելի էր և անհրաժեշտ էր դաստիարակել Աստծո և Նրա ծառայության համար: Մարդկային զոհաբերությունները հրեաների մեջ լայն տարածում գտան (Ես 57:5) Աքազի ժամանակներից սկած (Դ Թագ․ 16:3), և հետևաբար, ասորեստանցիների հետ հետզհետե սերտացող հաղորդակցության ժամանակներից սկսած էլ այդ զոհաբերություններն ավելի մեծ թափ առան․ ի մասնավորի խոսքի Մանասեի թագավորության ժամանակաշրջանի մասին է (Դ Թագ․ 21:6): Այդ զոհաբերություններն Իսրայել են ներթափանցել քանանացիների միջոցով, սակայն դրանք կիրառություն են ունեցել նաև մովաբացիների (Դ Թագ. 3:27) և ասորիների կողմից (Դ Թագ. 17:31)։ Այդ զոհաբերությունները գլխավորաբար իրականացվել են ի պատիվ Մոլոքի, սակայն այնպիսի տեղիները, ինչպիսին են Միքիա 6։6-րդ, Երեմիա 7։31-րդ և վերջինիս հետ համեմատությամբ՝ 20:26-րդ համարները, կարծես թե վկայում են այն մասին, որ, հակառակ Մովսեսի օրենքի մեջ առկա հստակ արգելքի, նմանատիպ զոհաբերություններ մատուցվել են նաև Յահվեին։
«Որպեսզի ուտեն նրանց» - բավականին սահմռկեցուցիչ արտահայտություն է:
«Մի՞թե քեզ համար քիչ էր պոռնկություն անելը» - նույնիսկ Իսրայելի բոլոր պղծություններից հետո էլ մարդկանց որպես զոհաբերություն մատուցելն այնպիսի մի այլասերվածություն էր, որն Իսրայելից սպասելի չէր։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Եւ դրանից յետոյ, - ասում է Ամենակալ Տէրը, - վերցրիր տղաներիդ ու դուստրերիդ, որոնց դու ինձ համար էիր ծնել, սպանեցիր ու զոհ մատուցեցիր:
(Արարատ թարգ․) «Եվ որդիներիդ ու դուստրերիդ վերցրիր, որոնց ինձ համար էիր ծնել, ու նրանց զոհեցիր լափվելու համար. մի՞թե քիչ է քո պոռնկությունը,
(Գրաբար) առեր զուստերսն քո և զդստերս զոր ինձ ծնար՝ զոհեցեր նոցա 'ի սատակումն։ Իբրև զփոքր ինչ համարեցար զպոռնկութիւնն.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: