Ա. Լոպուխին
«Ասա՛ Իսրայելի տանը. «Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Ես անարգանքի պիտի մատնեմ Իմ սրբարանը՝ ձեր զորության հենարանը, ձեր աչքերի ցանկությունը և ձեր հոգու ուրախությունը, իսկ ձեր որդիներն ու ձեր դուստրերը, որոնց դուք թողել եք, սրից պիտի ընկնեն»։ [21] (Սինոդական թարգ․)
Այն, ինչ նշանակություն որ ուներ կինը Եզեկիելի համար, այդ նույն նշանակությունն ուներ տաճարը՝ հրեաների համար։ Գործածված մակդիրներն այնքան էլ արտահայտիչ չեն, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Իսրայելը ոտքի ելավ և ընկավ տաճարի հետ միասին (Սմենդ): Ավելին, այս հպարտ ու քնքուշ մակդիրներն արտահայտում են հենց մարգարեի վերաբերմունքը տաճարի նկատմամբ (հմմտ․ 7:22, Երեմ․ 7։4, Միք․ 3։11 և այլ տեղիներ):
«Ձեր հոգու ուրախությունը» - եբրայեցերեն «հապաքս լեգոմենոն» (ասել է թե՝ եզակի կիրառություն ունեցող) «մախմալ» բառը Յոթանասնից թարգմանությունը տարընթերցել է որպես «մահմադ»: Հուդայի թագավորության անկման ժամանակ Իսրայելի բազմաթիվ կորուստներից մարգարեն մատնանշում է միայն երկու ամենաթանկ և նույնքան թանկագին արժեքներ՝ տաճարը և երեխաները: Ընդ որում, հին հրեայի համար կրոնն ու ազգությունը (որի պահպանումը վերապահված էր սերունդներին) նույն արժեքն ունեին։ Շատ հնարավոր է, որ Եզեկիելի գերության ընկերներն իրենց երեխաներին իրենց հետ չէին տարել Բաբելոն՝ նրանց համար ավելի լավ ապագա հուսալով և նրանց ապահովագրելով վերաբնակեցման վտանգներից ու զրկանքներից։ Հավանաբար գերության մատնվել էին միայն այն երեխաները, որոնց ստիպողաբար էին այդ քայլին մղել։ Եթե այդպես է, ապա 19-րդ գլխում ըստ իրենց ճակատագրերի որդիների՝ հայրերից բաժանումը Եզեկիելի համար պատմական հիմնավորվածություն ուներ։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) «Ասա՛ Իսրայէլի տանը. այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես աւերելու եմ իմ սրբարանը՝ ձեր զօրութեան պարծանքը, ձեր աչքին ցանկալի եղածը, նաեւ այն, որին խնայում են ձեր հոգիները: Ձեզանից մնացած տղաներն ու աղջիկները սրով են ընկնելու:
(Արարատ թարգ․) Ասա՛ Իսրայելի տանը. "Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես պիտի պղծեմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքը, ձեր աչքերի ցանկությունը և ձեր հոգու փափագը, իսկ ձեր թողած որդիներն ու դուստրերը սրից պիտի ընկնեն։
(Գրաբար) Ասա՛ ցտունդ Իսրայէլի. Այսպէս ասէ Տէր Տէր. Ահաւադիկ ես պղծեցից զսրբութիւնս իմ, զհպարտութիւն զօրութեան ձերոյ, զցանկալիս աչաց ձերոց, և յորս խնայենն անձինք ձեր. ուստերքն ձեր և դստերք ձեր որ ‘ի ձէնջ մնացեալ են՝ ‘ի սո՛ւր անկցին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: