Ա. Լոպուխին
«Եթովպիան և Լիբիան ու Լիդիան, ամբողջ խառնամբոխ ժողովուրդը, և Քուբը և ուխտի երկրի որդիները նրանց հետ սրից պիտի ընկնեն»։ [5] (Սինոդական թարգ․)
Թվարկվում են այն երկրները, որոնցից Եգիպտոսը վարձկան զորքեր է ձեռք բերել։ Հենց այդ վարձկան զորքերն էլ կազմում էին եգիպտական բանակի հիմնական ուժը, և Օֆրան, որը 300 հազար վարձկաններ ուներ, նրանց նկատմամբ ունեցած իր համակրանքով առաջացնում էր հպատակների դժգոհությունը (Հեր. II, 161)։
«Եթովպիան» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «պարսիկները և կրետացիները»՝ հավանաբար հիմնվելով 27:10-րդ համարի վրա, և քանի որ Եթովպիան արդեն իսկ հիշատակվել էր նախորդ համարում։ Երկրորդ անվանումը պետք է որ լինի հետագայում գործածվում «Իմ ուխտը» արտահայտության կրկնությունը. «բերիտ» - «ուխտ», «կերիտ» – «Կրետե»:
«Լիբիան ու Լիդիան» - տե՛ս 27։10-րդ համարի բացատրությունը։
«Ամբողջ խառնամբոխ ժողովուրդը» - այստեղ խոսքը տարբեր փոքր ցեղերի մասին է, որոնք գուցե և բնակվում էին սիրիա-արաբական անապատում (Ելք 12:38) կամ Փոքր Ասիայի ոչ մեծ տարածաշրջաններում։ Համաձայն Հերոդոտոսի վկայության (II, 161)՝ Օֆրայի բանակում եղել են հոնիացիներ, կարիացիներ և ուրիշներ։ Եբրայեցերենում՝ «էրեվ» - «խառնված», որ իր գրության ձևով նույնական է «արավ» - «Արաբիա» բառին, ուստի և այստեղ կարող ենք տարընթերցել նաև «ամբողջ Արաբիան»․․․
«Ուխտի երկրի որդիները» - ըստ Հերոնիմոս Երանելու և Թեոդորետոսի՝ խոսքը Հուդայի մասին է։ Այդպես էլ պետք է լինի նաև Յոթանասնից թարգմանության մեջ՝ «և Իմ ուխտի որդիները»: Դժվար թե այստեղ խոսքը «Եգիպտոսի հետ դաշնակից մի երկրի» մասին լինի (քանի որ եթե այդպես լիներ, ապա ինչո՞ւ չի նշվում այդ մասին): Թերևս սա ընդհանուր մատնանշում է վերը թվարկված երկրներին՝ «դաշնակիցներին»:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Պարսիկները, կրետացիները, լիւդիացիներն ու լիբէացիները, բոլոր խառնիճաղանջ ամբոխները, նաեւ նրանք, որ այնտեղ իմ ուխտի զաւակներից են, - սրով են կոտորուելու»:
(Արարատ թարգ․) Եթովպացիները, փութացիները, ղուդացիները, ամբողջ խառնածին ժողովուրդը, քուբացիները և դաշնակից երկրի որդիները նրա հետ սրից պիտի ընկնեն"»։
(Գրաբար) Պարսիկք, և Կրետացիք, և Լիդացիք, և Լիբէացիք, և ամենայն խառնաղանճքն. և յորդւոց ուխտին իմոյ 'ի նմա սրո՛վ կոտորեսցին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: