Եզեկիելի մարգարեության մեկնություն 32։21

Ա. Լոպուխին

«Անդրաշխարհում նրա մասին և նրա դաշնակիցների մասին խոսելու են հերոսներից առաջինները. նրանք ընկել ու պառկել են այնտեղ՝ անթլփատների մեջ, սրով սպանվածների մեջ»։ [21] (Սինոդական թարգ․)
   

    «Անդրաշխարհում» - եբրայեցերենում՝ «շեոլ», Յոթանասնից թարգմանության մեջ՝ ավելի արտահայտիչ՝ «անդնդի խորքերում»․․․

   «Նրա դաշնակիցների մասին» - եբրայեցերենում այն նույն բառն է, որը 30:8-րդ համարում թարգմանվում է «աջակիցներ» (տե՛ս այնտեղ): Յոթանասնից թարգմանության մեջ այն բացակայում է:

   «Առաջինները» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 31։1-ին համարի բացատրությունը։

   «Հերոսներից» - եբրայեցերենում՝ «գիբբորիմ», հունարենում՝ «giganteV», սլավոներենում՝ «հսկաներ», որ հիշատակվում են դեռևս Ծննդ. գրքի 6։4-րդ և Թվ. գրքի 13:33-րդ համարում։ Այս հսկաները, որոնք նաև դժոխքի՝ շեոլի բնակիչներն էին, ծիծաղում են փարավոնի վրա, քանի որ նա մահացել է որպես անթլփատ, սրով խոցված մեկը և, հետևաբար, զրկված է եղել հուղարկավորումից (28։10-րդ համարի բացատրությունը), մինչդեռ նրանք՝ այդ հերոսները, համաձայն 27-րդ համարի, կարող էին պարծենալ իրենց պատվավոր զինվորական հուղարկավորությամբ՝ զենքերով, գլխի տակ դրված սրերով հանդերձ։ Դրանից էլ հետևում է, որ այդ հերոսները շեոլում զբաղեցնում են, այսպես ասած, լավագույն, ամենավերին «հարկաբաժինը», որն անհասանելի էր անթլփատների, սպանվածների և չհուղարկավորվածների համար, որոնց թվում ներառված էին նաև փարավոնը և նրա բանակը։ Չնայած որ այս հսկաները բարոյական տեսանկյունից 27-րդ համարում բնութագրվում են ոչ բոլորովին դրական նրբերանգներով, այն հատկանիշներով, որոնք հիշեցնում են Ծննդոցի հսկաներին, որոնց հետ, ինչպես նաև Սուրբ Գրքում բազմիցս հիշատակված Պաղեստինի բնիկների հետ նրանք պետք է որ նույնական լինեն, սակայն թվում է, թե նրանք շեոլի, այսպես ասած, լավագույն բնակիչներն էին, որոնցից ավելի ստորին դիրքերում փարավոնի հետ միասին գտնվել են նաև այն բոլոր ժողովուրդները, որոնք վերջերս են դժոխք և որոնք, համաձայն 22-30-րդ համարների, թվով 7-ն են (Ասորեստան, Էլամ և այլն)։ Այս հսկաները, հավանաբար, ավելի լավ տեղ են զբաղեցրել իրենց հատուկ վաղեմի պարզության, քաջարի անմիջականության և ոչ այլասերվածության համար: Այս հատվածը, ինչպես և գլխի այս ամբողջ բաժինը, կարևոր է այն մանրամասնությունների համար, որոնք հաղորդվում են շեոլի ներսում առկա «հարկաբաժինների» վերաբերյալ, ինչի մասին գաղափար են տալիս հինկտակարանյան պատկերացումները:

   «Նրանք ընկել ու պառկել են այնտեղ՝ անթլփատների մեջ, սրով սպանվածների մեջ» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 28։10-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Այնտեղ են Ասուրը եւ նրա ողջ ամբոխը, բոլորն էլ սպանուածներ:
(Արարատ թարգ․) Այնտեղ են Ասորեստանը և նրա ամբողջ բազմությունը, նրանց գերեզմանները նրա շուրջը. ամենքը սպանված՝ սրով ընկածներ են,
(Գրաբար) Ա՛նդ Ասուր և ամենայն ժողովուրդք նորա՝ ամենեքին վիրաւորք. ա՛նդ: