Ա. Լոպուխին
«Եվ չափեց տաճարի պատը՝ վեց կանգուն, և կողային սենյակների լայնությունը՝ տաճարի շուրջբոլորը, չորս կանգուն էր»։ [5] (Սինոդական թարգ․)
Տաճարային կառույցին կցված շինությունները։ Տաճարի պատի հաստությունը, ա՛յն պատի, որի չափման մեթոդի մասին հրեշտակը ոչինչ չէր ասել (հրեշտակը դեռևս տաճարից դուրս չէր եկել), հավասար էր 6 կանգունի։ Այդպիսի հաստությունը համահունչ էր հնագույն ճարտարապետության ոգուն, որի համար խիստ բնորոշ էր հսկայական շինությունների կառուցումը: Այս հաստությունն անուղղակիորեն մատնանշվում էր դեռևս 1-ին համարում՝ մուտքի մոտ գտնվող սյուների լայնությունը հիշատակելու «քողի» ներքո: Նմանօրինակ տպավորիչ հաստությունը, որն Աստծո ամենասուրբ բնակության այդ վայրն աշխարհիկ ախտերից միանգամայն մեկուսացնելու խորհրդանիշն ուներ, դարձյալ մեծացավ և այս դեպքում մի հսկայական՝ 10 թվի վերածվեց (դա հավասար էր շենքի ամբողջ լայնության կեսին)՝ պատին կից գտնվող և 4 կանգուն լայնություն ունեցող կողային սենյակներով։
«Կողային սենյակներ» - եբրայեցերենում՝ «ցէլա», ինչպես որ կոչվում էին Սողոմոնի տաճարում գտնվող նույնանման սենյակները (Գ Թագ․ 6։5,8 հմմտ․ հեթանոսական տաճարների հայտնի «сеllae»-ները)։ Այստեղ «կողային» բառն ունի «եզրային» իմաստը, ինչից ելնելով էլ՝ Յոթանասնից թարգմանության մեջ առկա է «pleura» ձևը, սլավոներենում՝ «կողմ», Վուլգաթայում՝ «latus»։ Իսկապես որ, այդ սենյակներն ասես տաճարի եզրային անկյունները լինեին։ Այսպիսով, այս սենյակները հանդիսանում էին տաճարային սենյակների երրորդ տեսակը՝ Եզեկ․ 40:7-րդ համարի «տաիմ»-ի և Եզեկ․ 40:44-րդ համարի «լիշկոտի» հետ մեկտեղ (բացատրությունը տե՛ս այնտեղ): Սողոմոնի տաճարում այս կից կառույցները 5 կանգուն լայնություն ունեին, ավելի ճիշտ՝ այս լայնությունն ունեին ստորին հարկի սենյակները, միջին հարկի սենյակները 6 կանգուն էին, իսկ վերին հարկի սենյակները՝ 7 կանգուն՝ արտաքին և ներքին պատերի հաստության մեջ ներառվելով (Գ Թագ. 6:6):
«Շուրջբոլորը» - այս բառը եբրայեցերենում կիրառված է երեք անգամ (3 պատերի համար առանձնաբար). երկու անգամ անընդմեջ՝ այստեղ, իսկ երրորդ անգամը՝ «տաճար» բառից հետո։ Յոթանասնից թարգմանության մեջ կիրառված է միայն մեկ անգամ:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նա չափեց տաճարի պատը. վեց կանգուն էր, տան կողքի տարածութիւնը, շուրջբոլորը՝ չորս կանգուն,
(Արարատ թարգ․) Չափեց տաճարի պատը՝ վեց կանգուն, և կողմնակի սենյակների լայնությունը չորս կանգուն էր տաճարի շուրջբոլորը։
(Գրաբար) Եւ չափեաց զորմ տաճարին 'ի վեց կանգնոյ. և զլայնութիւն կողման տանն, 'ի չորից կանգնոց շուրջ շրջանակաւ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: