Ա. Լոպուխին
«Տերը դուրս է գալու զորավոր մարդու նման, որպես պատերազմի մարդ նախանձ է հարուցելու, բարձրաձայն գոչելու է ու պատերազմական աղաղակ է բարձրացնելու, և Իրեն հզոր է ցույց տալու Իր թշնամիների նկատմամբ։ [13] (Սինոդական թարգ․)
13-17-րդ համարներում նկարագրվում է Աստվածային բարկության ու Նրա՝ թշնամիների դեմ վճռական հաշվեհարդարի կենդանի ու բնութագրական պատկերը: Այս խոսքի ընդհանուր նպատակը, այսինքն՝ մոտալուտ աղետների համատեքստում Իսրայելին մխիթարելն ու ոգեշնչելը, կարող էր, միգուցե, որոշակիորեն տուժել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նախորդիվ խոսվում էր Տիրոջ հեզ ու խոնարհ Ծառայի կերպարի մասին: Եվ ահա, ցույց տալու համար, որ Իր յուրայինների նկատմամբ «հեզությունը» չի ոչնչացնում օտարների հանդեպ «պատերազմական» տրամադրվածությունը, Տերը կրկին հանդես է գալիս որպես «պատերազմի մարդ»՝ ահեղ՝ Իր թշնամիների, ու հուսալի՝ Իր ընկերների համար:
«Տերը դուրս է գալու զորավոր մարդու նման, որպես պատերազմի մարդ… պատերազմական աղաղակ է բարձրացնելու․․․» - Իր թշնամիների հանդեպ Աստծո մղած մենամարտի այս ամբողջ պատկերը կարծես թե ուղղակիորեն վերցված է բնությունից ու մեզ է փոխանցում այն ժամանակվա պատերազմական սովորությունների ու բարքերի «գրեթե» լուսանկարչական պատկերը (համեմատության եզրեր կարելի է գտնել Խալդիական արարչագործության մեջ Տիամաթ աստվածուհու դեմ Մարդուկ աստծո մենամարտի նկարագրության հետ): Նմանատիպ ահարկու-պատերազմական պատկերները, որոնցում Տերը գալիս է հաշվեհարդար տեսնելու Իր թշնամիների նկատմամբ, բազմիցս հանդիպում են Եսայի մարգարեի գրքում (Ես․ 28:21, 30:30, 52:10, 59:16, 63:1 և այլ հատվածներ): Բարձրյալի նմանատիպ գործողությունները պետք է ոգեշնչեին Իսրայելին ու սարսափեցնեին նրա թշնամիներին (առաջին հերթին՝ Բաբելոնին): Իսկ ինչ վերաբերում է նորկտակարանյան Իսրայելին, ապա այնտեղ այս պատկերներն ընկալվում են որպես Քրիստոսի ու Բելիարի միջև մղվող հոգևոր-բարոյական պայքարի տարատեսակ դրվագներ (Հովհ. 16:33, Գործք. 10:38, Հայտն. 20:10):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Զօրութիւնների Տէր Աստուածը պիտի գայ ու պատերազմ մղի, նախանձ պիտի յարուցի եւ բարձրաձայն պիտի գոչի իր թշնամիների վրայ:
(Արարատ թարգ․) Տերը դուրս է գալու զորավոր մարդու նման, պատերազմիկի պես նա գրգռելու է իր նախանձախնդրությունը, բարձրագոչ աղաղակելու է, ինքն իրեն իր թշնամիների նկատմամբ հզոր է ցույց տալու։
(Գրաբար) Տէր Աստուած զաւրութեանց եկեսցէ, եւ հարցէ զպատերազմ. յարուսցէ զնախանձ, եւ գոչեսցէ ի վերայ թշնամեաց իւրոց զաւրութեամբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: